+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Դեպրեսիա

Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են դեպրեսիա, ընկճախտ, ընկճվածություն, տխրություն, թախծոտություն բառերը, սակայն դեպրեսիան ավելին է, քան պարզապես նշված զգացումները: Դեպրեսիան հիվանդություն է:

 

Դեպրեսիայի վիճակը կարող է ի հայտ գալ հոգեկան ամենատարբեր հիվանդությունների ժամանակ` նևրոզներ, շիզոֆրենիա, մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ, ծերունական փսիխոզներ, էպիլեպսիա, ալկոհոլամոլություն, թմրամոլություն և այլն: Որպես հիվանդություն, հիվանդագին վիճակ, այն կարող է ծանր կամ թեթև ընթացք ունենալ: 

 

Դեպրեսիան հաճախ առաջանում է ուղեղում լավ տրամադրությանը նպաստող կենսաքիմիական որոշ նյութերի, օրինակ, էնդորֆինների պակասի պատճառով: Այն կարող է նաև ժառանգական ծագում ունենալ: Դեպրեսիա կարող են առաջացնել ալկոհոլի, թմրանյութերի չարաշահումը, ծանր, անբարենպաստ ելք ունեցող որոշ հիվանդությունների հետ կապված երկարատև հուսահատ վիճակը, որոշ դեղամիջոցների ազդեցությունը և այլն:

 

Դեպրեսիային բնորոշ են տրամադրության վատացումը, օրվա ընթացքում դրա փոփոխությունը, մտածելու ունակության և շարժումների դանդաղումը, ախորժակի բացակայությունը. ուտելիքը թվում է անհամ, անհոտ կամ տհաճ: Հիվանդները երբեմն հաշված օրերի ընթացքում արագորեն նիհարում են, հյուծվում և շուտ հոգնում, նվազում են սիրո զգացումը և սեռական հակումը: Տղամարդիկ գանգատվում են սեռական թուլությունից, կանայք` սեռական սառնությունից և դաշտանային ցիկլի խանգարումից: Նրանք դառնում են ալարկոտ, ծույլ, անտրամադիր, քունը խանգարվում է: Բնորոշ են փորլուծությունը կամ փորկապությունը, սրտխփոցը կամ սրտի ռիթմի խանգարումը: Թախիծը, տխրությունը, ճնշվածությունը անելանելի վիճակի, հոգեկան ՙցավի՚, կրծքավանդակում, սրտի շրջանում ճնշող ցավի զգացողություն են առաջացնում:

 

Հիվանդները նշում են, որ դարձել են անտարբեր իրենց և հարազատների, ինչպես նաև այն ամենի նկատմամբ, ինչը նախկինում հետաքրքրություն, հաճույք, բավականություն և ուրախություն էր պատճառում: Բնորոշ է արգելակված վիճակը, որի ժամանակ նրանք երբեմն կարող են ժամերով նստել կամ պառկել նույն տեղում և նույն դիրքով: Դեպրեսիայով տառապող հիվանդների դեմքը թախիծ և վիշտ է արտահայտում: Հարցերին պատասխանում են ցածրաձայն, դանդաղ, ուշացումով, հակիրճ և նշում, որ «մտածելը դժվարացել» Է, «մտքերը դանդաղ են գալիս» և այլն, դառնում են հոռետես, կասկածամիտ: Անցյալը գնահատում են որպես համատարած սխալներով ու թերացումներով լի մի ժամանակահատված: Ներկան տեսնում են սին, ունայն ու անիմաստ, ապագան` սև գույներով, անհեռանկարային և այլն: Նրանց համար կյանքը կորցնում է իր իմաստը և դառնում աննպատակ:

 

Դեպրեսիայի թեթև ընթացքի դեպքում երևույթները թույլ են արտահայտվում և ժամանակին ձեռնարկված բուժական միջոցառումների շնորհիվ հիվանդը դուրս է գալիս այդ վիճակից:

 

Տարեցների շրջանում հանդիպող դեպրեսիան երբեմն դժվար է տարբերել տարիքային թուլամտությունից, սակայն նրանց մոտ գերակշռում են տագնապն ու անհանգիստ վիճակը, նրանք ունենում են ՙինչ-որ վատ բանի՚ սպասման կամ կանխագուշակման զգացում, արտահայտում են ինքնամեղադրման և ինքնանվաստացման մտքեր այն մասին, թե ճիշտ չեն ապրել, ոչինչ չեն արել իրենց հարազատների համար, երեխաներին լավ չեն պահել, ճիշտ չեն դաստիարակել, ուստի և բարոյական իրավունք չունեն ապրելու այս հողագնդի վրա… Այս բոլորը շատերի մոտ ուղեկցվում է ինքնավնասման և ինքնասպանության վտանգավոր մտքերով ու գործողություններով, որոնք, ցավոք սրտի, երբեմն ողբերգական ավարտ են ունենում:

 

Այնպես որ, ձեր հարազատի տրամադրության չպատճառաբանված վատացման նշաններ նկատելու դեպքում երբեք ու երբեք մի ապավինեք բժշկական կրթություն չունեցող «հոգեբաններին» ու ինքնահռչակ բուժակներին, հեքիմներին ու վախ չափողներին,«սրբերին» ու գուշակներին: Անմիջապես, թեկուզև առանց հիվանդի մասնակցության, դիմեք հոգեթերապևտի կամ հոգեբույժի, որը հիվանդի հետ հոգեամոքիչ զրույց վարելուց հետո կնշանակի համապատասխան դեղորայքային բուժում և կորոշի բուժումը հիվանդանոցային կամ տնային պայմաններում անցկացնելու հարցը, այլապես կորցնելով թանկագին ժամանակը, հնարավոր է, որ անդառնալի, ճակատագրական ողբերգության ակամա մասնակիցը դառնաք:

Comments