+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Անանուխ (мята)

Անանուխը (նանա) բազմամյա խոտաբույս է: Այս բույսի ցեղի «մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից, որին բուսաշխարհի աստվածուհին` Պերսեֆոնեն դարձրեց անանուխ` Աֆրոդիտեին նվիրելու համար:

 

Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ, որի քանակը ծաղիկներում կազմում է՝ 4-6, տերեւներում` 2,4-2,75, իսկ ցողուններում` մինչեւ 0,3 տոկոս: Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով թրման եղանակով: Իհարկե, բույսի հիմնական մասը ` 41-65 տոկոսը, երկրորդային սպիրտ-մենթոլ է: Այն պարունակում է այլ շատ օգտակար նյութեր եւս` պինեն, լիմոնեն, ցինեոլ եւ այլն:

 

Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքը, այլ նաեւ նրանից ստացվող եթերայուղերը: Անանուխն անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը, իսկ միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է մարդկանց ուղեղի աշխատանքը: Ավիցենան դեղաբույսն օգտագործել է գլխացավերի, մելամաղձի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, բերանի լորձաթաղանթի բորբոքումների դեպքերում: Մխիթար Հերացին բույսն օգտագործել է որպես ցավազրկող, թարմացնող միջոց սրտխառնոցի, փսխման ու լուծերի դեպքում (ինչն այժմ եւս մեծ տարածում ունի): Ամիրդովլաթը նշում է, որ անանուխը կամ նանան օգնում է գլխացավին, բերանից վանում է սխտորի, սոխի հոտը, տաքացնում է ստամոքսը, կտրում է ործկալը, բուժում մաշկի դեղնությունը, սպանում է ճիճուներին, կարգավորում է մարսողության խանգարման երեւույթները, դադարեցնում է արյունահոսությունը, օգնում շան կծածին, կարիճի եւ մեղվի խայթածին:

 

Բույսը ցրտադիմացկուն է, խոնավասեր ու պահանջկոտ լույսի նկատմամբ, իսկ շոգ եղանակին, պետք է ասել, դրա աճը խիստ դանդաղում է: Ծաղկում է հիմնականում հուլիս-օգոստոս ամիսներին: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի տերեւները: Հումքը հավաքում են ծաղկման սեզոնին, մի քանի ժամ թողնում արեւի տակ, հետո լրիվ չորացնում քամոտ վայրում, այսինքն՝ համեմատաբար հով տեղում: Մշակված հումքը պոլիէթիլենե տոպրակի մեջ պահելը ճիշտ չէ: Պետք է պահել կտորի տոպրակի կամ փայտի արկղիկի մեջ:

 

Բույսի կաթիլներն ու եփուկը լոգանքի ձեւով օգտագործում են երեխաների ռախիտի, գեղձախտի, աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումների ժամանակ: Տարբեր ազգերի ժողովրդական բժշկության մեջ ընդունված է այն կարծիքը, որ անանուխն ավելացնում է կերակրող մոր կաթը: Տերեւների թրջոցն օգտագործում են ռեւմատիկ հոդացավերի ժամանակ:

 

Անանուխի թուրմ պատրաստելու համար վերցնում են 2 ճաշի գդալ մանրացրած անանուխի տերեւներ ու վրան լցնում 1 բաժակ եռջուր` թողնելով մնա 30 րոպե: Հետո կարելի է քամել ու գոլ վիճակում դանդաղ կումերով խմել` օրվա ընթացքում: Այս թուրմը կարելի է օգտագործել կոկորդը եւ բերանի խոռոչը ողողելու, ինչպես նաեւ՝ մաշկի քորը հանգստացնելու նպատակով:

 

Եփուկը պատրաստելու համար վերցնում են 50 գ հումք եւ եռացնում 1 դույլ ջրում 15 րոպե, որից հետո օգտագործում լոգանքների կամ հոգնայի նպատակով: Այն շատ լավ օգնում է նյարդային լարված պահերին: Անանուխի ծաղկից ստացվում է շատ համեղ մեղր:

 

Տերեւների փոշուց մի պտղունց կարելի է լցնել լեզվի վրա եւ վրայից գոլ ջուր խմել: Այս միջոցը շատ լավ օգնում է աղեստամոքսային տրակտի ցավերին ու բերանի վատ հոտին:

 

Անանուխը լայնորեն կիրառվում է նաեւ սննդի մեջ: Այն ավելացնում են կարկանդակին, աղցանին, պանրին, բանջարեղենով եւ մսով պատրաստված ճաշատեսակներին: Անանուխի հյութը կարտոֆիլի հյութի հետ մեկտեղ հիանալի միջոց է ստամոքսի բարձր թթվայնության հետեւանքով առաջացած այրոցի դեմ: Իսկ ահա անանուխի սպիրտային լուծույթի 20 կաթիլը եթե լուծեք 1 բաժակ սառը ջրի մեջ ու խմեք առավոտյան, լավ կթեթեւանաք նախորդ օրվա գինարբուքից հետո:

 

Նանայով համեմում են շատ ըմպելիքներ եւ սննդատեսակներ: Այն լայն կիրառում ունի նաեւ կոսմետոլոգիայում:

Comments