Ինչու՞ է առաջանում ինտերնետային կախվածություն
Չափազանց տարվածությունը ինտերնետով բազմաթիվ մարդկանց ստիպում է օր օրի ավելի շատ ժամանակ անցկացնել ցանցում: Հոգեբանները տարակարծության մեջ են` արդյոք կարելի է խոսել ևս մեկ կախվածության տեսակի մասին: «Ինտերնետային կախվածության» թեման ակտիվ քննարկումների փուլում է այսօր: Այն հաճախ բնորոշվում է որպես հիվանդություն կամ ախտանշան (Internet Addiction Disorder կամ IAD):
Ահա 10 նախանշան, որոնք վկայում են ձեր կախվածության մասին` ինտերնետից.
- Դուք արթնանում եք գիշերվա ժամը 3-ին պետքարան գնալու համար, սակայն մինչև նորից պառկելը ստուգում եք Ձեր էլեկտրոնային փոստը:
- Դուք դաջվածք եք անում նման բովանդակությանբ. «Այս մարմինն ավելի լավ կնայվի Netscape Navigator ծրագրով»:
- Դուք Ձեր երեխաներին անվանակոչում եք Eudora, Mozilla и Dotcom /Գուցե Դուք ժպտում եք, բայց նման դեպքեր գրանցվել են/:
- Անջատելով մոդեմը` զգում եք վախեցնող դատարկության զգացում, կարծես Ձեզ լքել է սիրած էակը:
- Թռիչքի կամ ուղևորության դեպքում ժամանակի մեծ մասն անցկացնում եք նոթբուքը ծնկներին:
- Եթե անգամ Ձեր ներկայիս աշխատանքն այդքան էլ չեք սիրում, շարունակում եք մնալ աշխատավայրում, քանի որ այնտեղ ինտերնետից անվճար օգտվելու հնարավորություն կա:
- Դուք ծիծաղում եք դանդաղագործ ինտերնետից օգտվող մարդկանց վրա:
- Դուք սկսում եք սմայլիկներ օգտագործել սովորական նամակներ գրելիս:
- Վերջին անձնավորությունն, ում հետ ծանոթացել եք, եղել է JPEG ձևաչափով:
- Ձեր համակարգիչը փչացել է: Դուք ինտերնետ չեք մտել երկու ժամ: Սկսում եք նյարդայնանալ և ոչ մի կերպ չեք կարողանում կենտրոնանալ մեկ այլ գործի վրա:
Ինչու՞ է առաջանում ինտերնետային կախվածություն
Հիմնական գործոնները, որոնք մղում են չափազանց տարվածության ինտերնետով, հետևյալն են.
Շփումների պակաս իրական կյանքում. Ինտերնետից կախված մարդկանց մեծամասնությունը ՙնստում է՚ ցանցում շփման համար, քանի որ շփումներն այնտեղ, իրենց կարծիքով, ունեն առավելություն իրական շփումների համեմատ:
Պաշտպանվածության զգացումը ցանցում. ըստ հարցումների` ինտերնետից կախված մարդկանց գրավում են ցանցի այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են թաքնված մնալը, հասանելիությունը, անվտանգությունը և շփման դյուրին լինելը:
Իրականությունից հեռանալու հնարավորությունը. կարելի է վստահաբար նշել, որ այսօր ինտերնետը դարձել է միջոցներից մեկը ստեղծելու սեփական “օդային ամրոցը”, որտեղ չկան ուղղակի կապեր գոյություն ունեցող աշխարհի հետ, չկան անմիջական շփումներ իրական անձանց հետ:
«Տեղեկատվական վամպիրիզմ“. Քանի որ ինտերնետը ապահովում է անսահմանափակ քանակությամբ տեղեկատվություն, այն կարող է մարդու մեջ առաջացնել “տեղեկատվական վամպիրիզ”, այսինքն` նա աշխատում է կլանել որքան հնարավոր է շատ տեղեկատվություն:
Ուրախալի է այնուամենայնիվ, որ ներկա դրությամբ ինտերնետ կախվածությունը չի համարվում հիվանդություն: Գոյություն չունի երևույթի հոգեբանական կամ հոգեբուժական ախտորոշումը: Ի տարբերություն ալկոհոլի կամ թմրանյութերի չարաշահման արդյունքում առաջացած կախվածությունից` ինտերնետ-կախվածությունը նվազագույն չափով է վնասում մարդու առողջությանը, չի քայքայում ուղեղը և բավականաչափ անվտանգ է: Չնայած դեռ հոգեբաններն ու հոգեբույժները չեն եկել ընդհանուր եզրակացության` գոյություն ունի կախվածություն ինտերնետից, թե ոչ , հոգեբան Ջ. Սուլերը նշում է. «Եթե Ձեր իրական կյանքը առանձնացված է վիրտուալ տիրույթում ունեցած կյանքից, ուրեմն Դուք ունեք հիմնախնդիր: Ավելի ճիշտ է այն տարբերակը, երբ այդ երկուսը միավորված են և կազմում են մեկ ամբողջի մաս“:
Ինչպե՞ս արդյունավետ տնօրինել ժամանակը
Անկախ նրանից օժտված ես դու, տաղանդավոր, թե պարզապես ունես մեծ կամ փոքր ձիրք, առանց աշխատանքի, ջանասիրության չես կարող: Պահանջվում է և ջանք, և կազմակերպվածություն: Եթե այս ամենի հետ նաև տաղանդավոր ես, ապա կհայտնվես գագաթում: Եթե գտնում ես, որ ծույլ ես, ոչ այնքան աշխատասեր, ապա պիտի սովորես պլանավորել ժամանակդ: Խնդիրը պարզ է. պետք է շատ բան անել քիչ ժամանակում և լրացուցիչ ժամանակ ազատել նոր կարևոր ու հետաքրքիր գործերի համար:
Մեզնից շատերը հաջող ծրագրում են իրենց համար առավել կարևոր կամ կրկնվող անելիքները. պլանավորում են սնունդը, այցելությունները խանութ, աշխատանքի և ուսման ժամանակը, հանգիստը և այլն: Պետք է ասել, որ հրաշալի ձև գոյություն ունի խնայելու հսկայական ժամանակ. սկսիր վերահսկել այն ժամանակը, երբ խոսում ես հեռախոսով, հնարավոր նվազագույնին հասցրու շփումը այցելուների հետ աշխատավայրում, ծանոթներիդ հետէ փողոցում, ճիշտ դասավորիր ազատ ժամանակդ:
Առաջին հերթին պետք է կազմել ամենօրյա անելիքների ու դրված նպատակների շարքը: Եթե ուզում եք, գրեք դա թղթի վրա: Ապա որոշեք դրանցից ամեն մեկի առաջնայնությունը` որն է դրանցից առավել կարևոր և որը կարող է սպասել: Տվեք ձեզ հարց` ինչ առավել պարզ գործեր դուք կարող էիք անել միանգամից` մի քանի պարտականություններից ազատվելով և ուղղեք բոլոր ուժերը երկարաժամկետ, հեռավոր և կարևոր նպատակները իրագործելու ուղղությամբ: Դրանք, բնականաբար, ձեզնից ավելի մեծ կենտրոնացում կպահանջեն: Ամեն մի բարդ կամ ծավալուն գործ կարելի է դարձնել հեշտ, թե բաժանես այն փոքր մասերի ու հերթով կատարես դրանք:
Եթե զգում եք, որ չեք կարող հաղթահարել բոլոր այն պարտականությունները, որոնք ինքներդ եք ձեր վրա վերցրել, կամ ուրիշներն են ձեր ուսերին գցել, դադարեցրե‘ք ձեր անվերջ վազքը, շունչ առեք ու մի քանի հարց ուղղեք.
Չափից դուրս շատ գործ չեք ստանձնել արդյոք: Գուցե պետք է հանել մեկ կամ մի քանի կետերը ձեր պարտականությունների երկար ցուցակից, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենաք հանգստի ու լիցքաթափման համար: Միգուցե Դուք չեք կարողանում մերժել համառ խնդրանքները: Կամ չափից ավելի գործ եք հետաձգում հետոյին, իսկ հետո չեք կարողանում ամեն ինչ անել միանգամից:
Ըստ էության այդ խնդրից խուսափելը բավականին հեշտ է. եթե սովորություն դարձնեք սկսել աշխատանքը անմիջապես, երբ այն ծագում է, Ձեզ համար հստակեցնել այն կատարելու ամենակարճ ժամանակը և ձգտել ոչ մի հանգամանքում չհետաձգել կատարելու ժամկետը:
Հնարավոր է` դուք պերֆեկցիոնիստ եք: Պերֆեկցիոնիստին հատուկ է վերցնել իր վրա չափազանց շատ պարտավորություններ ու հոգսեր` կատարյալ ծնող, ամուսին, ծառայող կամ քաղաքացի լինելու համար: Այդպիսի մարդիկ հաճախ գործում են ոչ արդյունավետ. նրանք հսկայական ժամանակ են ծախսում սեփական աշխատանքը անվերջ կատարելագործելու վրա, թեև լիովին բավարարող արդյունքը հնարավոր է ձեռք բերել ավելի քիչ ժամանակ ու եռանդ ծախսելով: Եթե ձեզ հատուկ է պերֆեկցիոնիզմը, սովորեք նվազեցնել ձեր պահանջները սեփական անձի նկատմամբ, օգտվեք խելամիտ բավարարության կանոնով:
Հաջողության հասած մարդիկ կազմակերպում են իրենց ժամանակը մանրուքներով հանդերձ ամբողջ շաբաթվա համար, իսկ լուրջ գործերը` ամբողջ տարվա կտրվածքով: Ժամանակը պլանավորելու սովորությունը ձեռք բերելու վրա նախնական շրջանում ժամանակ ու ջանքեր թափելով շուտով Դուք հաճելիորեն կզարմանաք նրա վրա, թե որքանով է աճում ձեր աշխատանքի արդյունավետությունը: Վերլուծելով անցած շաբաթը և համեմատելով այն կազմած ցուցակի հետ` կարող եք պարզել` երբ և ինչ ձևով եք ծախսել ձեր ժամանակը հենց այնպես: Իմանալով դա` բավականին հեշտ է կամային հատկություններ դրսևորելով խուսափել հետագա թերացումներից: Ձեր ռեժիմը կազմելիս` չմոռանաք ցուցակում տեղ հատկացնել հանգստին ու ժամանցին: Մի մտածեք, որ այդ ժամանակը կորած է: Մեր օրգանիզմը կարիք ունի հանգստի, զվարճանքի ու հաճույքի. դրա շնորհիվ մենք աշխատում ենք ավելի արդյունավետ և մեր աշխատանքով ինքներս մեզ ավելի մեծ վայելք պատճառում:
Ինչպե՞ս ձեռք բերել հոգեկան հավասարակշռություն
Դուք ցանկանում եք հասնել հոգեկան հավասարակշռության, հաղթահարել ներքին հակասությունները, հարթել միջանձնային հարաբերությունները… Իհարկե, ցանկանում եք: Բոլորն են դա ուզում… Հաշտվել ինքդ քեզ և շրջապատի հետ, հոգեկան հանգստություն ունենալ:
Այդ ժամանակ և միմիայն այդ ժամանակ կնահանջեն տարատեսակ հիվանդություններն ու մեծ ու փոքր տհաճությունները:
Ահա խորհուրդների մի շարք, որոնք առաջարկում են հոգեբանները:
- Տալով` ստանում ես
Երբ ձեզ մոտ ծանր շրջան է, և թվում է, թե ամենքն ու ամեն ինչ ձեր դեմ են, մի փորձեք փնտրել մեկին` ուսին լաց լինելու համար: Ընդհակառակը, ուշադիր նայեք շուրջբոլորը և տեսեք, թե ձեր մտերիմներից ու ընկերներից ով է հենց այդ նույն ժամանակ ավելի ծանր վիճակում, քան դուք եք: Ինչ-որ միջոց գտեք նրան օգնելու համար: Կենտրոնացե’ք դրա վրա, և ձեր հոգածությունն այդ մարդու հանդեպ կվերադառնա ձեզ: Նվիրելով նրան ձեր անկեղծ հոգածությունն ու սերը` ձեռք կբերեք հանգիստ և հոգեկան հավասարակշռություն:
- Մի‘ պահանջեք և կարողացեք ներել
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչքան հաճախ ենք մեզ համար ինչ-որ բաներ պահանջում դիմացիններից: Այո’, դա տեղի է ունենում օրվա մեջ բազմաթիվ անգամ: Դուք ուշ զարթնեցիք, որովհետև զարթուցիչը չզնգաց… Ախ, այդ անիծյալ զարթուցիչը… Ջուրը նորից չի գալիս` նորից ինչ-որ տեղ վթար է… Շտապեցիք կանգառ, իսկ ձեզ տանող երթուղայինը շարժվեց հենց մոտենալու պահին… Աշխատավայրում նորից խնդիրներ են. ինչ-որ մեկն իր գործը չի արել, ինչ-որ մեկը ձեզնից շտապ ինչ-որ բան է պահանջում, դուք էլ ձեր հերթին` նույնը ուրիշից … Եվ այսպես շարունակ…
Հոգեկան հավասարակշռությունը կգա միայն այն ժամանակ, երբ կսովորեք ներել և կդադարեք ամեն ինչ կապել շրջապատող մարդկանց ու հանգամանքների հետ:
«Իսկ ինչու՞ ես պետք է ներեմ նրանց նմաններին, ինչպիսիք են…»,- կհարցնեք դուք: Լավ, այդ դեպքում պատասխանեք` դուք հանգստությու՞ն եք ուզում ձեր մտքի համար, թե՞ կոնֆլիկտ: Եթե առաջինը, ապա մի կո’ղմ գցեք ձեր մշտական պահանջները, իսկ եթե երկրորդը, նետվեք «հարձակման», և կյանքը ձեզ նորից կներքաշի վեճերի ու կռիվների ամենօրյա շրջապտույտի մեջ, կգցի անկումային տրամադրության և հիվանդությունների հերթական փոսը, որից աստիճանաբար ավելի դժվար կլինի դուրս գալը:
- Կյանքը նեղսրտելու առիթ չէ
Քանի որ մարդիկ հիմնականում համոզված մատերիալիստներ են, ապա մտածում են, որ հենց շրջապատող կյանքի գործոններն են որոշում իրենց ինքնազգացողությունը: Եթե այդ գործոններն անբարենպաստ են, ապա մեզ վատ ենք զգում: Եթե քիչ թե շատ նորմալ են, նորմալ է նաև մեր հոգեկան վիճակը:
Համաձայնեք, գրեթե բոլորիս ուղեղում իշխում է այս մտայնությունը… Իսկ եթե այն գլխիվայր շրջենք, կարող ենք պնդել, որ արտաքին աշխարհն արձանագրվում է մեր ներքին տրամադրվածության միջոցով: Մեր բանականությունը մի յուրահատուկ տեսախցիկ է, որը ճերմակ կտավի վրա «արտատպում է» մեր մտքերը: Եվ եթե դրանք այսօր սև են, ապա պատկերն էլ կտավի վրա այդպիսին կլինի: Իսկ եթե մեր հոգին խաղաղ է, ապա կյանքն էլ գունեղ կլինի ու լի ներդաշնակ հնչյուններով: Ձեր հոգեկան հավասարակշռությունը կախված է միմիայն ձեզնից: Ավելի ուժեղ եղեք հանգամանքներից: Վերցրեք միայն դրականը, և բացասականին տեղ չի մնա:
- Կյանքին այլ տեսանկյունից նայեք
Գրեթե բոլորս «թրծված ենք» կյանքի այն փորձով, որ գներն աստիճանաբար ավելի են բարձրանալու, որ կառավարությունը չի մտածում մեր մասին, աշխատավարձերը նույնն են մնալու և այսպես շարունակ… Կարծես մնում է մի բան` մաղձոտել ու չարանալ:
Նմանատիպ մշտառկա մտքերի արդյունքում, որոնք փոխանցում ենք շրջապատին և որոնցով ինքներս ենք սնվում, վերածվում ենք ամենասովորական ռոբոտների կամ զոմբիների:
Դադար տվեք: Հրաժարվեք այդ մտքերից, ինչպեսև ցանկացած բացասական կենսական փորձից: Ազատվեք: Միայն դուք եք պատասխանատու ձեր մտքերի բովանդակության համար և ուրիշ ոչ ոք:
- Դուք զոհ չեք
Մեզնից շատերն իրենց զգում են դարան քշված գազանի պես: Այդ դարանը ենթադրում է անբարենպաստ հանգամանքների ամբողջ շարք և լի է շրջապատողների ագրեսիայով: Փորձեք հենց այսօր դադարել ձեզ զգալ շրջակա աշխարհի զոհը:
Ձեզ կանչել են շեֆի մոտ: «Ի՞նչ է եղել տեսնես,- մտածում եք դուք միջանցքով դեպի աշխատասենյակ գնալիս,- նորից երևի կսկսի զայրանալ ուշանալու համար: Ամեն օր մի պատրվակով խոսում է: Ինչ է ուզում ինձնից: Ինչի է ուզում հասնել: Որ ամեն ինչ թողնեմ, այլ տե՞ղ գնամ… Իսկ ես հենց այդպես էլ կանեմ: Ամեն ինչ գրողի ծոցը կթողնեմ ու կգնամ: Ինձ նման մասնագետները փողոցում թափված չեն: Թող գրողի ծոցը կորչի…»:
Այդպես մտածում եք դուք` ակամա սեղմելով բռունցքները, այտոսկրերը և ամեն ինչ, ինչ հնարավոր է սեղմել: Կարմրած դեմքով և վառվող աչքերով վճռականորեն մտնում եք ղեկավարի աշխատասենյակ… Իսկ նա… միգուցե կանչել է ձեզ ֆինանսական խրախուսման համար: Քիչ հավանական է… Կամ պաշտոնի բարձրացման համար, իսկ ինչու ոչ: Միգուցե ցանկանում է խորհրդակցել ինչ-որ նախագծի շուրջ: Չէ որ դուք ձեզ բարձրակարգ մասնագետ եք համարում, իսկ ինչու չպետք է խորհրդակցեր այդ դեպքում: Իսկ դուք մի քանի րոպե շարունակ, նախքան շեֆի մոտ մտնելը, իսկ գուցեև ամբողջ կես ժամ, հարձակվում էիք ինքներդ ձեզ վրա` թեկուզև շեֆի անունից: Միթե դա ձեզ պետք է:
- Մի‘ մեղադրեք
Այո, ջանքեր թափեք և հենց այսօր ոչինչ և ոչ մեկի մի մեղադրեք: Վերահսկեք ձեզ: Եթե պոռթկաք որևէ հարցում, փորձեք վաղվանից: Պետք է ամբողջ օրն ապրել առանց մեղադրելու: Նույնիսկ` առանց ներքին մեղադրանքների, այո, հենց` առանց ներքին, լուռ մեղադրանքների:
- Կա միայն ներկան
Մարդը հասարակական էակ է, ուստի հաճախ հիշում է անցյալի տհաճ դեպքերը… Հիշում է և «տարածում» իր այդ բացասական մտքերը ապագայի վրա` գալով այն անմխիթար եզրահանգման, որ ապագայում ամեն ինչ լինելու է նույնքան վատ, եթե ոչ ավելի…
Կա’նգ առեք: Օրինակ` հենց հիմա ինչ եք անում: Նստած կարդում եք այս տեքստը: Այս պահին ձեզ հետ ոչինչ չի պատահում: Միգուցե մի փոքր ծարավ եք: Ուրեմն` ջուր խմեք: Եվ շարունակեք կարդալ: Ձեզ համար թեյ կամ սուրճ դրեք և ուրախացեք հենց հիմա ձեզ «ուղեկցող” ներկայով: Բացասական անցյալ չի եղել, իսկ վատ ապագա դեռ չկա: Ձեր «կողքին» հիմա միայն «նորմալ» ներկան է և` վերջ: Ամեն ինչ այնքան վատ չէ, վստահ եղեք: Համապատասխան տրամադրվածության դեպքում կազատվեք անցյալի ազդեցությունից:
- Դուք պատասխանատու եք ամբողջ աշխարհի համար
Սա այն իմաստով, որ կրում ենք պատասխանատվություն: Եվ եթե տեսնում ենք բացասականը, ապա արտացոլում ենք նույնը: Փորձենք այլևս չլինել չարի ու բացասականի «հաղորդիչ»… Միայն դրականի:
Մեր նպատակը մտքի հանգստությունն ու հոգեկան հավասարակշռությունն է: