Հոգեսոմատիկա — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Հոգեսոմատիկա

Հոգեմարմնական /հոգեսոմատիկ/  բժշկությունը /հոգեսոմատիկա/ կլինիկական հոգեբանության ուղղություններից մեկն է, որը զբաղվում է մարմնական հիվանդությունների առաջացման ու զարգացման վրա հոգեկան գործոնների ազդեցությունների հետազոտությամբ։

Հետաքրքիր է Ֆլենդերս Դանբարի (1902 – 1959) մոտեցումը, որ բացահայտում է անձնային գծերի և մի քանի հոգեսոմատիկ հիվանդությունների միջև կապը։

Ստորև ներկայացվում են առավել հայտնի հոգեսոմատիկ խանգարումները և անձնավորության տիպերը, որոնք կապված են միմյանց հետ։ Սկզբում տրվում են հիվանդության կամ հիվանդությունների անվանումները, ապա անձի տիպը։

1․ Սրտի իշեմիկ հիվանդություններ և սրտամկանի ինֆարկտ

Ակտիվ, պոռթկուն, մրցակցության և ինքնիրացման ձգտող, շատ ժամանակ է հատկացնում աշխատանքին, անհամբեր է, համառ է նպատակին հասնելու ճանապարհին, վայելում է հեղինակություն։

2․ Հիպերտոնիկ հիվանդություններ

Զսպվածություն և կարգապահություն, ներքին ապրումները բառերով և շարժումներով չդրսևորելու կարողություն, ցանկացած կոնֆլիկտից խուսափելու, հարաբերությունների հստակեցման ձգտում։

3․ Ոչ տոպիկական բրոնխային հեղձուկ

Մեղմություն, խնամակալության տակ լինելու, մայրական սիրո պահանջ, կախվածություն առաջնորդից, կամակորություն՝ զուգակցված թույլ և կախյալ երևալու վախի հետ։

4․ Խոցային հիվանդություններ

Ներքին լարվածություն, իրավիճակին և իր սեփական իդեալին չհամապատասխանելու ներքին ինքնազգացման պատճառով՝ գրգռվածություն, կյանքից հաճույք ստանալու անկարողություն, կախվածություն և նեղացկոտություն։

Հաստ աղիքի խոցային բորբոքում

Մաքրասիրություն, կարգապահության ձգտում, բծախնդրություն, ամաչկոտություն, ինտելեկտուալ գործունեության հակվածություն։

6․ Խրոնիկական պոլիարտրիտ (հոդաբորբ)

Համբերատարություն, անպահանջկոտություն, ջանասիրություն, բարեհոգություն, հոգատարություն շրջապատի նկատմամբ, մարդկանց իզուր անհանգստացնելու ցանկության բացակայություն։

7․ Միգրեն

Բծախնդրություն, զգացմունքների բարձր վերահսկողություն, պատվասիրություն, իշխելու ձգտում։

8․ Մաշկային հիվանդություններ, քոր

Ֆիզիկական քնքշանքի և խնամքի պահանջ, մենակության զգացում, մազոխիստական (ինքնակեղեքման) հակումներ։

Դասական է համարվում այսպես կոչված «սրտասնույց» հիվանդի նկարագրությունը, որը նշանակել են իբրև անձի Ա տիպ (Ռոզենման Ռ․, Ֆրիդման Մ․, 1959)։ Այդ մարդիկ սովորաբար առանձնանում են ակտիվությամբ, կարիերայում առաջընթացի ձգտմամբ․ նրանք կողմնորոշված են դեպի աշխատանքը, հաճախ շտապում են, լինում են անհամբեր, ջղագրգիռ, ճկունությունից զուրկ, սակայն միաժամանակ արտակարգ կերպով օժտված են պատասխանատվության զգացումով, պատրաստ են կյանքի անմիջական հաճույքները զոհել հանուն հեռավոր նպատակի նվաճման։ Նրանք նույնպես համակված են  ամեն ինչ լավագույն կերպով և մյուսներից արագ կատարելու ձգտմամբ՝ պարբերաբար հաղթահարելով հոգնածության զգացումը։ գործնականում նրանք երբեք թույլ չեն տալիս իրենց թուլանալ և մշտապես լարված են, աշխատանքնային օրը հաշվում են րոպեներով։ Իշեմիան կարող է առաջանալ մարդու կողմից չվերահսկվող իրադրության ի հայտ գալու դեպքում, որի վերահսկողությունը և ինքնատիրապետումը նա կորցրել է։ Ընկնելով այդպիսի իրադրության մեջ՝ մարդը սկզբում սկսւոմ է եռանդուն կերպով ջանքեր գործադրել իրադրության վրա իր հսկողությունը վերականգնելու համար, մինչդեռ կոնֆլիկտը լուծելու  անկարողությունը նսեմացնում է նրան իր իսկ աչքում։ Սակայն եթե այդ ակտիվությունը, նույնիսկ՝ գերակտիվությունը, չեն հանգեցնում անհապաղ հաջողության, և գործողությունների անարդյունավետությունը անհատի համար դառնում է ակնհայտ, նրա ռեակցիան լինում է անձնատուր լինելը․ նա հիվանդանում է։

Անձի Բ տիպը, ընդհակառակը, բնութագրվում է հանգստությամբ, ընկերասիրությամբ, լայն հետաքրքրություններով, որևէ բան անպայման արագ չանելու ցանկությամբ, իր հետաքրքրությունների և շրջապատում գտնվողների պահանջմունքների միջև հավասարակշռություն գտնելու կարողությամբ։ Այս բնավորությամբ մարդիկ առանձնանում են սթրեսի նկատմամբ բարձր կայունությամբ, լավ մարմնական առողջությամբ և երկարակեցությամբ։

Անձի Գ տիպին բնորոշ են պասիվությունը, ինքնախարազանման հակումը, վատատեսությունը, անձնուրացությունը, ուրիշներին՝ հատկապես առավել կատարյալ մարդկանց  ծառայելուն իր կյանքը նվիրելու ձգտումը, իր զգացմունքները և պահանջմունքները արտահայտելու անկարողությունը։  Բ տիպը կապում են չարորակ նորագոյացությունների բարձր ռիսկի հետ։

Վերջին տարիներին հոգեսոմատիկայում նշանակություն է ստացել նաև «ալեքսիտիմիա» տերմինը․ այն բառացի նշանակում է «զգացմունքների համար՝ ոչ մի խոսք»։ Ալեքսիտիմիայի մոդելը հոգեսոմատիկ հիվանդությունների զարգացումը  կապում է այնպիսի անձնային գծերի հետ, ինչպիսին են․

  • երևակայության յուրահատուկ սահմանափակություն։ Այդպիսի մարդու խոսքը աղքատ է, կապված է սոսկ տվյալ պահի հետ, հոգնեցնում է զրուցակցին և թողնում է հիմարության տպավորություն․
  • բնորոշ անկարողություն՝ արտահայտել տանջող զգացմունքները, իր ներքին պրոբլեմներն ու զգացողությունները․ հաճախ խոսքի փոխարեն անցնում է շարժումների լեզվի, հղում անում ազգականների խոսքին․
  • մեծ ցանկություն՝ ուրիշ մարդկանց հետ շփումների մեջ մտնելու և հարաբերությունները պահպանելու համար, սակայն հարաբերությունները չեն ստացվում՝ զգացմունքները արտահայտել չկարողանալու, ինչպես նաև ուրիշներինը չհասկանալու պատճառով․
  • «առանցքային մարդու» գոյություն հոգեսոմատիկ հիվանդի կյանքում, որ շնորհիվ ինքը գոյություն ունի։ «Առանցքային մարդու» կորուստը հաճախ հանդես է գալիս որպես բացասական հրահրող գործոն հիվանդության սկզբում կամ վիճակի վատթարացման ժամանակ։

Հոգեսոմատիկ և սոմատոհոգեկան հարաբերակցությունը։ Հոգեսոմատիկ խանգարումները սոմատիկ հիվանդություններ են, որոնց առաջացման, դրսևորման և հետագա ընթացքում, այլ գործոնների թվում,  էական դեր են խաղում  հոգեբանական և հոգեբանա-սոցիալական գործոնները։

Հոգեսոմատիկ խանգարումների տեսակները։

Պ․ Ի․ Սիդորովը և Ա․ Վ․ Պարնյակովը (2000) առանձնացնում են հոգեսոմատիկ խանգարումների չորս մեծ խմբեր։

Ա․ Փոխարկվող ախտանշաններ․  նյարդային խանգարում է, որը դրսևորվում է հուզական-աֆեկտիվ և մարմնական-վեգետատիվ ախտանշանաբանության մեջ որպես հոգեբանական կոնֆլիկտի խորհրդանշական արտահայտություն։ Լարվածությունը ստեղծվում է որոշակի իրավիճակների  կամ օբյեկտների առկայությամբ, որոնցից մարդը ջանում է ազատվել, ինչը դրսևորվում է վեգետատիվ ռեակցիաների համալիրով։ Տեղի է ունենում զգացմունքների փոխարկում «մարմնի խորհրդանշական լեզվի», օրինակ՝ պսիխոգեն (հոգեծին) կուրություն կամ խլություն, փսխում, հիստերիկ անդամալուծություն։ Փոխարկվող ախտանշանները հետադարձ-վերականգնելի են և հայտնվում են միայն այնպիսի իրադրություններում, որոնք մարդու համար նշանակալից են։

Բ․ Ֆունկցիոնալ սինդրոմներ (օրգանական նևրոզներ)․  պսիխովեգետատիվ դիսֆունկցիաներ են (ֆունկցիաների խանգարումներ), որոնք ձեռք են բերել պայմանական-ռեֆլեքսային բնույթ, այսինքն՝ մեկ անգամից ավելի կրկնվող փոխարկվող սիմպտոմներն ամրացել են և հանդես են գալիս որպես այս կամ այն օրգանի կամ օրգան-համակարգի նևրոզի տեսքով, սակայն՝ արդեն տարբեր հոգետրավմատիկ գործոնների, օրգանիզմի ցանկացած գերլարվածության վրա։ Նրանք նույնպես կարող են առաջանալ ինքնաբերաբար՝ ըստ իդեատոր մեխանիզմի (պացիենտները մտածում են իրենց մոտ այդ խանգարումների հնարավոր լինելու մասին, սկսում են դրա համար տագնապել, ինչն էլ արհեստականորեն առաջացնում է տվյալ իրադրությունը)։ Այդ ֆունկցիոնալ սինդրոմները հիշեցնում են սոմատիկ հիվանդություններ, սակայն այս դեպքում օրգանական փոփոխությունները բացակայում են։ Կլինիկայում գոյություն ունեն բազմաթիվ կրկնակի առաջացող և հաճախ կերպափոխված սոմատիկ սիմպտոմներ, որոնք սովորաբար տևում են երկար տարիներ։ Հաճախ ներկայացվում են այսպիսի ախտորոշումներ՝ «սրտի նևրոզ», «պսիխոգեն հևոց», «նյարդային փսխում», «նեյրոցիրկուլյատորային դիստոնիա»։ Սրանք սամոտոֆորմ խանգարումներ են։

Գ․ Պսիխոսոմատոզներ (պսիխոսոմատիկ հիվանդություններ)․ օրգանական և հոգեսոմատիկ հիվանդություններ են, որոնց առաջացման և զարգացման մեջ էական դեր է խաղում հոգեբանական գործոնը։ Սկզբնական շրջանում կլինիկական պրակտիկայում հոգեսոմատիկ խանգարումների տակ հասկանում էին օրգանիզմի համակարգային և օրգանների ֆունկցիաների այնպիսի խանգարումներ, որոնց առաջացման և հետագա ընթացքի վրա հիմնական դերակատարությունը պատկանում էր անբարենպաստ հոգեսոմատիկ գործոնների ազդեցությանը՝ սթրեսներին, տարբեր տեսակի կոնֆլիկտներին, ճգնաժամային իրավիճակներին և այլն։ Ժամանակակից մեկնաբանությամբ «հոգեսոմատիկ խանգարումներ» տերմինը նշանակալից կերպով ընդլայնվել է և դուրս է եկել «դասական հոգեսոմատոզների» շրջանակից։ Եթե նախկինում հոգեսոմատիկ հիվանդությունների շարքին էին դասում հիվանդաբանական (նոզոլոգիկ) 7 միավոր՝ զարկերակային ճնշում, տիրեօտոքսիկոզ, նեյրոդերմատիտ, բրոնխիալ հեղձուկ (ասթմա), ռևմատոիդ հոդաբորբի մի քանի ձևեր, խոցային ոչ սպեցիֆիկ կոլիտ (հաստ աղու բորբոքում) և խոցային հիվանդություն, ապա ներկայումս հոգեսոմատիկ հիվանդությունների ցանկը նշանակալիորեն ընդլայնվել է ի հաշիվ այդ ցանկում սիրտ-անոթային համակարգի,  մեծ թվով մաշկային և ուռուցքածին հիվանդությունների, միգրենի և այլ։ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում ներկայումս տիպիկ հոգեսոմատիկ հիվանդությունների թվում են դասում անորեքսիան (նիհարելու մոլուցք), բուլիմիան (շատակերության անկառավարելի մոլուցք), պսիխոգեն ճարպակալման մի քանի ձևեր, շաքարային դիաբետը, սրտի սպազմը, նյարդային ործկումը, փորկապությունը, սեռական անկարությունը (իմպոտենցիա),  աղիքային խանգարումները, քաղցկեղ և այլ։

Առանձնացնում են նաև հոգեսոմատիկ դիսֆունկցիաներ՝ կարճաժամկետ և դարձելի խանգարումներին վերաբերող, որոնք սերտորեն կապված են մարդու հոգեկան կացության հետ․

  • պսիխոգեն ցավեր (գլխի, մկանների, սրտի),
  • սրտի ռիթմի ֆունկցիոնալ խանգարումներ (սրտի բաբախի հաճախություն (տախիկարդիա), էքստրասիստոլներ), վաղանցուկ ճնշում, հանկարծական թույլ ճնշումային վիճակ,
  • աղե-ստամոքսային խանգարումներ (ախորժակի խանգարումներ, փսխում, փորկապություն, փորլուծություն, ծանրություն որովայնում),
  • դիզուրիաներ /միզելու խանգարումներ/ /էնուրեզ՝ գիշերային ակամամիզություն),
  • սեքսուալ դիսֆունկցիաներ, դիսմենորիա, կլիմաքսային սինդրոմ:

Հոգեսոմատիկ խանգարումների առկայությունը կարելի է որոշել հետևյալ ցուցիչների շնորհիվ․

Պացիենտի բողոքները չեն համապատասխանում նրա մարմնական վիճակի վերաբերյալ ստացված  օբյեկտիվ տվյալներին։

Անսովոր և մարմնական վիճակին ոչ հատուկ հիվանդագին զգացողություններ։

Էմոցիոնալ խանգարումների  սիմպտոմների առկայություն (տագնապ, վախ, վիրավորվելու հակում, դյուրագրգռություն, լալկանություն, անտարբերություն)։

Շրջապատող մարդկանց հետ հարաբերությունների խախտումներ և կոնֆլիկտներ նրանց հետ։

Իր սոցիալական կարգավիճակի վերաբերյալ պացիենտի անհանգստություն։

Պսիխոտրոպիկ թերապիայի արդյունավետություն։

 

Comments