+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՍՆՆԴԱՌՈՒԹՅԱՆ ԷԹԻԿԱՆ

Հնադարում սննդառությունը ուղեկցվում էր ծիսակատարություններով։ Մինչև էլ Աֆրիկայում կան վայրենի ցեղեր, որոնք չեն ամաչում մերկ ման գալուց, բայց ամաչում են, երբ որևէ մեկը նրանց տեսնում է ուտելիս։

Պյութագորասի դպրոցը հազարամյակների միջով մինչև մեր օրերն է հասցրել չափավոր սնուցման հոգևոր հիմնադրույթները։ Ինքը՝ Պյութագորասը, սնվել է մրգերով՝ բոլորին զարմացնելով իր ֆիզիկական մեծ ուժով։ Օլիմպիական մրցումներում 40-ամյա Պյութագորասը հաղթանակներ էր տանում կռփամարտում։ Նա առաջինն է բարբարոս Եվրոպա բերել գիտելիքներ՝ մարդու բուսական սննդին վերաբերող պահանջմունքների մասին։

Հնդկական «Մահաբհարատա» էպոսում բուսական սննունդը գերակշռում է, այն համարվում է հոգևոր կյանքի նախապայման։ Իսկ կրքոտ, ագրեսիվ մարդիկ սնվել են սուր, ճարպոտ սննդով ու մսով։ Հին Հռոմում նույնպես դարերով պահպանվել է չափավոր սնման հոգեբանությունը։ Օրական սնվում էին 1-2 անգամ՝ հիմնականում հասարակ ժողովուրդը, իսկ ազնվականները ճոխության և զեխության մեջ էին ապրում՝ այլասերվելով և հոգեբանությամբ, և ֆիզիկապես։

Հին Չինաստանը միշտ էլ աչքի է ընկել չափավորությամբ ու բուսական սննդի նախասիրություններով, այդ ամենն արտահայտվել է նաև նրանց բժշկության մեթոդներում։ Սուրբ գրքերը միաբերան կողմ են քչակերությանը, ծոմապահությանը՝ քրիստոնյաների մոտ տարվա մեջ պասի 200 օրեր կան։

Ուտելուց առաջ «Հայր մեր» ասելը օրենք էր, իսկ հիմա՞։ Հնդկական հոգևոր ուսմունքներում մինչև այժմ էլ ուտելը ծես է՝ ադեպտը (աշակերտը, ուսանողը) պատկերացնում է, որ ինքը ընդամենը պատյան է, ինքը Արարչին հրավիրում է անցնել իր մարմին և ճաշակել սնունդը, ու այն զգայական հաճույքները, որոնք ինքն զգում է, դրանք նվիրաբերում է Աստծուն։ Համարվում է, որ այսպիսի սննդառության ժամանակ եթե անգամ սնունդը թունավոր է, չքանում է թունավոր հատկությունը։ Ժամանակակից մարդկային գիտակցությունը մոլորությունների մեջ է. շատ և կուշտ ուտելը բարեկեցություն է համարվում, սննդի արդյունաբերությունը մեզ մատակարարում է ավելի ու ավելի զտված, «մաքրված» (դրանով իսկ վնասակար դարձած) սննդային կոմպոնենտների ամենահակասական սննդային խառնուրդներ, որոնք, սակայն, զգայական հաճույքներ են առաջացնում։

Իսկ բնությունը սիրում է պարզություն, համեստություն և այդպես էլ ստեղծել է մարդու օրգանիզմը՝ ամենաբարդ սննդային խառնուրդն էլ պետք է օրգանիզմում տարաբաժանվի պարզ տարրերի, նոր միայն յուրացվի։ Բայց շատ դեպքում օրգանիզմն ինքն անգամ չի կարողանում գլուխ հանել սննդային արդյունաբերության հրամցրած մթերքներից։ Իսկ դա վերջանում է սննդային թունավորմամբ (որը հաճախ չենք էլ զգում), աղերի կուտակմամբ, ճարպակալմամբ, քարերի առաջացմամբ, վաղաժամ ծերացմամբ:

Առողջ ապրելակերպը պետք է արմատավորվի կյանքում, միայն դա ետ կմղի հիվանդությունն ու վաղաժամ ծերությունը։ Հիպոկրատն ասում էր, որ սնունդն ինքը պետք է դեղ հանդիսանա, այլ ոչ թե պետք է ուտել այնպիսի բան, որ

հիվանդանաս, հետո բուժվես դեղերով։

Ժողովրդական իմաստությունն ասում է. «Եթե սովորություն ցանես, բնավորություն կհնձես, բնավորություն ցանես՝ ճակատագիր կհնձես»։

Ուրեմն սկսենք վատ սովորություններն արմատախիլ անելուց և անցեք առաջ՝ արմատավորեք լավ, առողջ սովորություններ։

Առողջ ապրելակերպ է ձեզ համար այն պաշտպանիչ վահանը, որը կփակի հիվանդությունների մուտքը ձեր օրգանիզմ, կտա ուժ, եռանդ, գեղեցկություն, երկարակեցություն, հոգեկան անդորր, և այդ ամենի հիմքի վրա՝ երջանկության զգացում։ Առողջ ապրելակերպը վերացական հասկացողություն չէ, այն կարող ենք կոնկրետացնել, որպեսզի միշտ աչքի առաջ ունենաք գործողությունների ծրագիր.

 

  1. Առողջ, ճիշտ սննդառություն
  2. Ֆիզիկական ծանրաբեռնվածություն
  3. Հանգիստ, դրական հոգե-բարոյական մթնոլորտ։   Աշխարհում ոչինչ հեշտությամբ չի տրվում։ Աշխատանք շատ ունեք կատարելու։ Այս գրքում քայլ առ քայլ ձեզ կսովորեցնենք առողջ ապրելակերպի իմաստությունը, որը հարյուրամյակի խորքից է գալիս և թող այդ իմաստությունը շղթայական ռեակցիայով տարածվի մեր շրջապատում։ Ձեր փորձը, հաջողությունները (որոնք անպայման կլինեն) կիսեք ձեր շրջապատի հետ, որպեսզի առողջանա կյանքը, մարդիկ, ազգը, մարդկությունը։ Բումերանգի օրենքով ձեր տված բարիքը անպայման մի օր ետ կվերադառնա ձեզ։

                            

Comments