Յուրաքանչյուր ազդակ, որը ներգործում է օրգանիզմի վրա, առաջացնում է օրգանիզմի մի շարք հարմարվողական ռեակցիաներ և կատարում է յուրահատուկ (դող ցրտի ժամանակ, քրտնարտադրության ուժեղացում շոգից) և ոչ յուրահատուկ (մակերիկամի աշխատանքի ակտիվացում և արյան մեջ կենսաբանորեն ակտիվ նյութերի հոսք) գործողություններ։ Այդպիսով՝ բոլոր ներգործող սթրեսորները կամ սթրեսածին գործոնները յուրահատուկ էֆեկտից բացի առաջ են բերում ոչ յուրահատուկ պահանջմունք՝ կատարել հարմարվողական ֆունկցիաներ և դրանով իսկ վերականգնել օրգանիզմի բնականոն վիճակը։ Այդ պատճառով ներկայումս «սթրես» հասկացությունն ընդունված է սահմանել որպես օրգանիզմի ոչ յուրահատուկ պատասխան իրեն ներկայացված ցանկացած պահանջի։
Սթրեսի ներգործության ժամանակ մարդու օրգանիզմում գտնվող բոլոր հարմարվողական մեխանիզմները Գ․ Սելյեն անվանել է «ընդհանուր հարմարվողական սինդրոմ (բարդույթ)»։
Գոյություն ունի այդ սինդրոմի զարգացման 3 փուլ՝ տագնապի փուլ, դիմադրողականության փուլ, հյուծման փուլ։
Սթրեսի ծագումն ու կենսունակությունը կախված է ոչ այնքան օբյեկտիվ, որքան սուբյեկտիվ գործոններից, իր իսկ՝ մարդու առանձնահատկություններից՝ իրավիճակի նրա գնահատականից, իր ուժերի և ընդունակությունների հակադրումից այն բանին, ինչ պահանջվում է նրանից։
Գ․ Սելյեի տեսության բնական շարունակությունը հանդիսանում է Ռ․ Լազարուսի էմոցիոնալ սթրեսի տեսությունը, որը տարբաժանում է սթրեսը երկու՝ համակարգային (ֆիզիոլոգիական) և հոգեկան (էմոցիոնալ) մասերի։
Էմոցիոնալ սթրեսը չի առաջանում, քանի դեռ իրավիճակը մարդու կողմից չի ընկալվում որպես վտանգավոր։ Իրավիճակի ընկալումը և գնահատումը որպես տագնապահարույց՝ սերտորեն կապված է մարդու ճանաչողական (կոգնիտիվ) գործընթացների, նրա անձնային առանձնահատկությունների (տագնապայնություն, էմոցիոնալ կայունություն և այլն), ինչպես նաև նախընթաց կենսափորձի հետ։ Այդ պատճառով էլ գոյություն չունեն այնպիսի գործոններ և իրավիճակներ, որոնք բոլոր մարդկանց մոտ միանմանորեն կառաջացնեին սթրեսներ։
Էմոցիոնալ սթրեսի պարտադիր հատկանիշ կամ այնպիսի ազդանշան, որը ցույց է տալիս մարդու ֆունկցիոնալ ռեզերվների անբավարարությունը՝ սպառնալիքները հեռացնելու համար, հանդիսանում է տագնապը։ Այն սահմանվում է որպես վտանգի կամ դրա սպասման զգացում, որը կապված է մարդու հրատապ պահանջմունքների՝ արդեն ծագած կամ հեռանկարում ծագելիք արգելակման հետ (ֆրուստրացիա) և ռեալիզացնում է էմոցիոնալ սթրեսի կարևորագույն ու անխախտ մեխանիզմը։
Տագնապի զգացումն առնչելը սպառնալիքի հետ, որն ունի որոշակի բովանդակություն, ընկալվում է որպես վախ։ Ամբողջության մեջ վերցրած՝ տագնապը և վախը հանդիսանում են հոգեկան հարմարման (ադապտացիայի) մեխանիզմների լարվածության ազդանշաններ, խթանիչներ, որոնք ակտիվացնում են հարմարման մեխանիզմները՝ որոնելու սթրեսածին իրավիճակներից դուրս գալու ելքեր։
Հոգեբանական սթրեսը կարելի է սահմանել որպես գիտակցության երևույթ, որը ծագում է անձին ներկայացվող պահանջների և դրանք լուծելու նրա ընդունակությունների համեմատության ժամանակ։ Հոգեբանական սթրեսի այդպիսի ըմբռնում առաջին անգամ ներմուծել է Ռ․ Լազարուսը։
Սթրեսն ունի իր բացասական և դրական կողմերը։ Սթրեսի գլխավոր օգտակար հատկությունը, անշուշտ, նրա բնական ֆունկցիան է՝ մարդուն հարմարեցնել նոր պայմաններին։ Մոտավորապես նույն կերպ՝ սթրեսի «օգտակար» հետևանքներին կարելի է վերաբերել սթրեսակայունության մակարդակի բարձրացումը, անձնային որակների զարգացումը և անձնային աճը։
Սթրեսի բացասական հետևանքներից են առաջադրված խնդիրների կատարման վատթարացումը, մտածողական ֆունկցիաների խախտումները, ուժասպառվելը, հոգեբանական ռեակցիաների դանդաղումը, այդ թվում՝ հետվնասվածքային սթրեսային խանգարումները, հոգեկան առողջության քայքայումը և հոգեբանական խնդիրները։ Սթրեսը համարվում է հոգեմարմնական հիվանդությունների զարգացման հիմնական մեղավորը։