ՊԱՏԺԵ՞Լ ԵՐԵԽԱՅԻՆ… — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՊԱՏԺԵ՞Լ ԵՐԵԽԱՅԻՆ…

Յուրաքանչյուր ծնող  ցանկանում է իր զավակին ճիշտ դաստիարակել։ Բայց այդ «ճիշտ»-ը տարբեր ընտանիքներում տարբեր կերպ է ընկալվում։ Կան ծնողներ, ովքեր կարծում են, թե որևէ բան արգելելը կամ որևէ հարցում մերժելը դաստիարակման ամենաճիշտ ձևն է, որպեսզի երեխան հասկանա՝ ինչ կարելի է,ինչ՝ ոչ։ Շատերը երեխային ամեն ինչ թույլ են տալիս՝ արդարանալով, որ երեխան պետք է ունենա և ստանա այն ամենն,ինչ ուզում է։

Եթե երեխային ամեն բան արգելել,ապա դա շատ խնդիրներ առաջ կբերի,օրինակ՝ նա հետագայում կմեկուսանա իրեն շրջապատող աշխարհից…

Սակայն ամենաթողությունը ևս ելք չէ։ Ի՞նչ անել։

-Ազատ դաստիարակություն բոլորովին չի նշանակում ամենաթողություն, այստեղ էլ կան սահմաններ. Դրանց պահպանումն էլ պետք է արվի գրագետ։ Եթե որևէ բան արգելում եք, ապա բացատրեք պատճառները. Արգելված պտուղը քաղցր է, բերեք ծանրակշիռ փաստարկներ, մի կարծեք,թե նա փոքր է ոչինչ չի հասկանում,մի՛ թերագնահատել նրան։

— Շատ հաճախ ականատես եմ եղել՝ ինչպես է խանութում երեխան մորն անհարմար իրավիճակի մեջ դրել՝ ոտքը գետնին խփելով պահանջել շոկոլադ կամ պաղպաղակ գնել։ Ինչպե՞ս խուսափել նման իրավիճակներից,չէ՞ որ հաճախ այդ 100-200 դրամն էլ մայրիկի մոտ չի լինում, և նա ստիպված է կարմրել,բղավել երեխայի վրա, ինչը չէր ցանկանա։

— Մայրն իր զավակին պետք է դաստիարակի այնպես,որ իր ասածը վերջինիս համար լինի անքննելի կանոն։ Հենց նման իրավիճակներից խուսափելու համար է պետք ո՛չ ամեն բան թույլ տալ նրան։

— Հաճախ, երբ բառերն այլևս չեն ազդում, մայրերը դիմում են ծեծի օգնությանը։Ի՞նչ կասեք այդ մասին։

— Ծեծը դաստիարակության մեջ չի կարող և չպետք է տեղ ունենա։ Հոգեբանական առումով ծեծը նշանակում է անձի տեսակի ոչնչացում. Երեխան կարող է ընկճվել,կորցնել հուզական կապը ծնողի նկատմամբ։ Հոգեբանական պատժամիջոցների ևս չի կարելի ոչ մի դեպքում դիմել ( ենթարկել սովի,մութ սենյակում միայնակ փակել…),քանզի դրանք կարող են անջնջելի հետք թողնել երեխայի հետագա կյանքում, ծնել զանազան ֆոբիաներ։

— Շատ ծնողներ անդադար կառավարում են իրենց զավակների կյանքը՝ սեփական կամքը թելադրելով (որտեղ սովորել, ինչ դառնալ, ում հետ կապել կյանքը…), և անվանում դա հոգատարություն։ Չե՞ք կարծում,որ նման արարքն անթույլատրելի է և կարող է ծանր հետևանքներ ունենալ։

— Եթե հաշվի առնենք, որ ծնողն ունի կյանքի ավելի մեծ փորձ և ավելի սթափ է դատում,քան 15-16ամյա դեռահասը, նա կարող է մի թեթև ուղղորդել իր զավակին նրա ապագայի հարցում,սակայն վերջինիս կյանքն ամբողջովին տնօրինելը կնշանակի նրա հույզերի, էմոցիաների, ձգտումների մերժում,արդյունքում նման «դաստիարակություն»ստացած երեխան կարող է կորցնել իր անհատականությունը, ցանկացած բան կարող է բերել նրա գործունեության կամ նախաձեռնման արգելակմանը։

Ինչ եզրահանգման ենք գալիս այս ամենից՝ դաստիարակության մեջ չպետք է տեղ գտնեն դաժանությունը,պատժամիջոցները( թե՛ ֆիզիկական,թե՛ հոգեբանական) և ծնողական էգոիզմը։ Ծնողը պետք է գիտակցի,որ իր զավակը բոլորովին այլ անձնավորություն է՝ իրեն բնորոշ հատկություններով և ցանկություններով,և չի կարելի նրա միջոցով ի կատար ածել սեփական չիրականացված երազանքները։

Comments