Կարելի՞ է հստակ որոշել ծննդաբերության օրը
Ծննդաբերության օրը հետաքրքրում է բոլոր ապագա մայրերին: Նորմալ հղիությունը տևում է 40 շաբաթ կամ 280 օր (կամ էլ 10 մանկաբարձական ամիս. մեկ մանկաբարձական ամիսը 28 օր է): «Նորմալ» բառը, իհարկե, պայմանականորեն է ասված, որովհետև հնարավոր է, որ 2 շաբաթվա տարբերություն լինի: Դա պաթոլոգիա չի համարվում, այդ պատճառով էլ ծննդաբերության ամսաթիվը, որ սովորաբար հաշվում են հղի կանանց խորհրդատվության ժամանակ, ենթադրյալ է:
Ծննդաբերության օրը հնարավոր է որոշել մի քանի եղանակներով:
— Վերջին դաշտանի առաջին օր + 280 օր (կամ 40 շաբաթ) = ծննդաբերության օր (սխալի հավանականությունը 2 շաբաթ է, այդ իսկ պատճառով էլ սովորաբար ստացված թվից հանում են 14 օր):
— Վերջին դաշտանի առաջին օր + 7 օր — 3 ամիս = ծննդաբերության օր:
— Բեղմնավորման օր + 280 օր (կամ 40 շաբաթ)= ծննդաբերության օր (սա ավելի ստույգ է, անսխալ):
Ասում են՝ «Կեսարյանով ծնված» երեխաները… Սխալ կարծրատիպեր, որոնք տարածված են
Կեսարյան հատում՝ վիրահատություն, որի ընթացքում նորածինը մոր մարմնից առանձնանում է արգանդի վրա արված կտրվածքի միջոցով: Շատ հաճախ այսպիսի ծննդաբերությունները արհեստական են անվանում, քանի որ ծննդկանին բժիշկներն են վիրահատական միջամտությամբ օգնում լույս աշխարհ բերել երեխային:
Որոշ դեպքերում այս վիրահատությունը միակ ելքն է լինում մոր և երեխայի անվտանգության համար, սակայն լինում են և դեպքեր, երբ կինն ինքն է ցանկանում կեսարյան հատման միջոցով ծննդալուծվել՝ ծննդաբերական ցավերից խուսափելու համար: Վտանգավո՞ր է այն մանկիկի կյանքի և առողջության համար, կարծիքները տարբեր են, և զարմանալի չէ, որ արդեն վաղուց այս թեմայի շուրջ հասարակության մեջ տարբեր միֆեր են պտտվում: Ահա այդ միֆերից 5 ամենատարածվածները:
- Կեսարյանով ծնվածները՝ գերակտիվ երեխաներ
Հարկ է նշել, որ դա կարող է այդպես լինել, սակայն ոչ բոլոր դեպքերում: Ավելին՝ կեսարյան հատմամբ լույս աշխարհ եկած երեխաների մոտ ցրվածությունը կամ հակառակը՝ գերակտիվությունը ավելի հաճախ է լինում, քան բնական ճանապարհով ծնված երեխաների մոտ: Սակայն միշտ չէ, որ դա տեղի է ունենում: Նախ՝ այս խնդիրները կարող են և չլինել, և երկրորդ՝ եթե երեխան գերակտիվ է, ապա ճիշտ խնամքի ու բուժման արդյունքում այս խնդիրը կարելի է լուծել:
- Կեսարյանով ծնված երեխաներին պետք են զարգացնող հատուկ ծրագրեր
Մեծամասամբ այդպիսի երեխաները նորմալ են զարգանում: Իհարկե, հաշվի առնելով այն փաստը, որ նրանք ծնվել են վիրահատական ճանապարհով, բժիշկները պետք է ավելի աչալուրջ լինեն, և հենց դրա համար է, որ կեսարյանով ծնված երեխաների մեծ մասը նյարդաբանի մոտ պարտադիր հաշվառման է լինում, սակայն դա ընդամենը ապահովության համար է արվում: Որպես կանոն, եթե երեխան զարգացման մեջ հապաղում է, դրան նպաստում են մի քանի հանգամանքներ, և ոչ թե միայն նրա՝ կեսարյան հատումով ծնված լինելու փաստը:
- Կեսարյանով ծնված երեխաները հետ են մնում ֆիզիկական զարգացման մեջ
Այս դեպքում ֆիզիկական զարգացման հապաղման կարող է բերել մի քանի գործոն՝ երեխայի առաջին ճիչն է ուշանում, պտղաջրեր է կուլ տալիս, կեսարյան հատում կատարելու պատճառով կնոջ թմրաքնի /наркоз/ բացասական ազդեցությունը երեխայի նյարդային համակարգի վրա: Իրականում, այս ամենը դեռ չի նշանակում, որ երեխան հետ կմնա զարգացման մեջ: Կլինի դա, թե ոչ, կախված է նրանից, թե արդյոք պլանայի՞ն է եղել կեսարյան հատումը, թե՞ անհետաձգելի՝ օրգանիզմի համար միանգամայն անսպասելի պահին:
- Կեսարյանով ծնված երեխաները շատ են լացում
Բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ երեխան մեծ սթրես է տանում, ինչը խթանում է մի շարք հորմոնների ու նյարդա-ֆիզիկական պրոցեսների ակտիվացմանը: Այս ամենը երեխայի հոգեբանությունը դարձնում է ավելի ամուր ու ադապտացվող այն դեպքում, երբ կեսարյան հատումով ծնվածները նման սթրես չեն տանում և ըստ այդմ էլ՝ նրանց նյարդային համակարգը «ընկճված» կամ հակառակը՝ չբալանսավորված-ակտիվ է: Սա կարող է խնդիրներ առաջացնել, բայց կարող է և ոչ մի խնդիր չլինել:
- Վիրահատությունից հետո մայրիկի մոտ կարող է կաթ չառաջանալ
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կեսարյանով ծնված երեխաների մոտ գլխուղեղի աշխատանքը կարգավորվում է ծնվելուց 9-10 օր անց այն դեպքում, երբ բնական ճանապարհով ծնված երեխաների մոտ դա տեղի է ունենում հենց առաջին օրը: Կեսարյանից հետո ծննդկանների մոտ հաճախ խախտվում է կաթնարտադրության պրոցեսը, և կաթ իսկապես չի արտադրվում: Նաև հավանականություն կա, որ անգամ կաթի առկայության դեպքում երեխային կրծքով կերակրելն արգելվում է, որովհետև մորը հակաբիոտիկներ են նշանակված, որոնք հակացուցված են երեխային: Կրծքի կաթը հրաշալի սնունդ է երեխայի համար, և իսկապես հրաշալի է, երբ մայրը կարողանում է կերակրել իր բալիկին կրծքի կաթով:
Անկախ նրանից՝ կինը ծննդաբերում է բնական, թե կեսարյան ճանապարհով, ամենակարևորը պրոֆեսիոնալ ու փորձառու բժիշկ ունենալն է, և սեփական ու նաև նոր ծնված փոքրիկի կյանքի մասին հոգ տանելու կնոջ հոգեբանական ու տեսական պատրաստվածությունը: Առողջ ու անհոգ մանկություն բոլոր մանկիկներին:
Ապագա մայրիկի անկյուն. ինչ է պետք վերցնել՝ ծննդատուն գնալիս
Ծննդատուն գնալուց մի քանի օր առաջ արդեն ապագա մայրիկը սկսում է մտածել, թե իր հետ ի՞նչ տանի հիվանդանոց: Որպեսզի կարեւոր այդ պահին ոչինչ չմոռանաք, հարկավոր է անհրաժեշտ իրերի ցուցակ կազմել:
Շատ ծննդատներում կախում են իրերի ցուցակը, որոնք ծննդկանն իր հետ պարտադիր պետք է ունենա:
Անհրաժեշտ է իրերը տեղավորել առանձին տոպրակներում եւ մակագրել դրանք: Նաեւ չմոռանաք ապագա հայրիկին ասել, թե ինչը որտեղ է գտնվում:
Առաջին հերթին փաստաթղթերը պատրաստեք.
- Անալիզների արդյունքներով լրացված քարտը
- ՁԻԱՀ-ի անալիզը
- ԳՁՀ-ի (УЗИ) արդյունքները
- Անձնագիրը
- Ձեր բժշկի հեռախոսահամարը
- Ապահովագրությունը (առկայության դեպքում)
Ծննդատուն թույլատրվում է տանել.
- լվացվող հողաթափեր;
- բջջային հեռախոս;
- զարդերից՝ ամուսնական մատանի, խաչ, հերակալ;
- խմելու ջրով շիշ:
Ծննդատուն տանելու իրերի ցուցակ (նախապես կարող եք ճշտել այն հիվանդանոցում, որտեղ ծննդաբերելու եք).
- Լվացվող հողաթափեր, եւս մեկն էլ կարող եք վերցնել լոգարանի համար;
- Խալաթ սովորաբար տալիս են, ցանկության դեպքում կարող եք ձեզ հետ բերել: Սակայն որոշ ծննդատներում արգելված է տանից հագուստ բերել, այդ թվում՝ խալաթ;
- Հիգիենիկ պարագաներ. ատամի մածուկ եւ խոզանակ, շամպուն, սանր, 2 հատ մանկական օճառ՝ օճառամանով (մեկը ձեռքերի համար, մյուսը՝ երեխայի);
- որոշ ծննդատներում խնդրում են սեփական սպասքը բերել;
- մեկանգամյա օգտագործման խանձարուր (ծննդատանն այն չեն տրամադրում):
Պետք կգան նաեւ հետեւյալ իրերն ու պարագաները (դրանք ծննդաբերությունից անմիջապես հետո ձեր հիվանդասենյակ կբերեն).
- մեկանգամյա օգտագործման կիսավարտիքներ (շուրջ 6 հատ);
- շատ լավ ներծծող միջադիրներ (1 տուփից ոչ ավելի);
- կերակրելու համար 2 կրծկալ;
- մեկանգամյա օգտագործման ներդիրներ կրծկալի համար;
- հետծննդյան բանդաժ (եթե պատրաստվում եք այն օգտագործել);
- գլիցերինով մոմիկներ (ծննդաբերությունից հետո մի քանի օր կօգնեն զուգարան գնալ);
- վիտամիններ (որոնք ընդունել եք նաեւ հղիության ժամանակ);
- կաթնարտադրությունը բարձրացնելու համար՝ հոմեոպատիկ միջոցներ (օրինակ՝ «Մլեկոին»), արագ լուծվող թեյ կերակրող մայրերի համար;
- կոսմետիկ մկրատ եւ խարտոց (մկրատն անհրաժեշտ կլինի նորածնի կոտրված եղունգները կտրելու համար);
- եթե գործածում եք՝ հիգիենիկ թաց անձեռոցիկներ, բամբակե բարձիկներ եւ փայտիկներ, անձեռոցիկ;
- կրծքով կերակրելու համար պաշտպանիչ ներդիրներ;
- կրծքի կաթը կթող սարք;
- ծծակ;
- «Vitaon Baby» յուղ (կուրծքը մշակելու եւ երեխայի համար) կամ ծծակների համար վերքը լավացնող ցանկացած միջոց, օրինակ՝ Bepanthen կրեմ;
- կարող եք մանկական կոսմետիկ միջոցներ վերցնել, եթե փոքրիկ շշիկներով ունեք, օրինակ՝ հեղուկ տալկ կամ կրեմ;
- դեմքի կրեմ, հիգիենիկ շրթներկ;
- ֆոտոխցիկ;
- ամսագիր կամ գիրք, գրիչ եւ նոթատետր՝ գրառումների համար:
Եթե ծննդատանը մի քիչ ցուրտ է, ձեզ անհրաժեշտ կլինեն.
- գուլպաներ մայրիկի եւ երեխայի համար;
- երեխայի համար տրիկոտաժե գլխարկ (ծննդատանը տրվողները սովորաբար շատ մեծ չափսի են):
Ապագա մայրիկի անկյուն. Ինչպես է կինը հասկանում որ սկսվել է ծննդաբերության գործընթացը
Ինչպես է կինը հասկանում, որ սկսվել է ծննդաբերության գործընթացը:
Գոյություն ունեն ծննդաբերության մի քանի նախանշաններ՝
արյունոտ արտադրություն
լորձոտ խցանի անջատում, լորձոտ խտացումներ’ արյան մասնիկներով: Հղիության ողջ ընթացքում արգանդի վզիկը ամուր փակված է լորձային խցանով: Եթե արգանդի վզիկը սկսվում է փոփոխվել’ լայնանալ’ պատրաստվելով ծննդաբերությանը, խցանը դուրս է ընկնում
ակամա փորլուծություն’ կնոջ օրգանիզմը սկսում է պատրաստվել ծննդաբերությանը’ ձերբազատվելով ՙավելորդություններից՚
ցավեր կոնքերում
պտղաջրերի հոսք’ հեշտոցից սկսում է հոսել թափանցիկ հեղուկ’ երբեմն թանձրացումներով և արնանման արտադրությամբ
կծկումների-երկունքի սկսում:
Կծկվանքների սկիզբը պարտադիր չէ, որ ցավոտ լինի: Ծննդաբերության սկզբում դրանք կարող են դրսևորվել իբրև ծանր զգացողություններ որովայնի ներքևում: Սակայն հղիության ընթացքում կանանց մոտ լինում են նաև կեղծ կծկվանքներ: Ինչպես հասկանալ դրանք կեղծ, թե իրական կծկվանքներն են:
Իսկական կծկվանքները ծննդաբերության սկզբում կրկնվում են ճիշտ, ժամանկային հավասարաչափ ընդմիջումներով: Աստիճանաբար ընդմիջումները կրճատվում են, իսկ ցավերը ավելի սուր են դառնում:
Ծննդաբերության գործընթացը բաժանվում է 3 փուլի
1. Բացում կամ էլ կծկվանքների փուլ
2. Երկունքի կամ ել պտղի վտարման
3. Ընկերքի ծնունդը
Առաջին փուլ
Բացում կամ էլ կծկվանքների փուլը’ վերընշված երեքից ամենաերկարատևն է: Ծննդաբերության առաջին փուլը բաղկացած է 2 ենթափուլից’ պասիվ և ակտիվ: Պասիվ փուլի ընթացքում կծկվանքները հազվադեպ են և թույլ: Եթե ջրերը չեն գնացել, դուք հանգիստ կարող եք մնալ տանը և զբաղվել տնային գործերով: Եթե ջրերը գնացել են, անհրաժեշտ է անհապաղ ծննդատուն գնալ: Ակտիվ փուլի ժամանակ կծկվանքները ցավոտ են դառնում, և նրանց միջև դադարները, որպես կանոն, 3-5 րոպե են տևում:
Արգանդի վզիկը սկսում է բացվել: Որպեսզի երեխան ծնվի, վզիկը պետք է բացվի շուրջ 10սմ, որպեսզի երեխայի գլուխը կարողանա անցնել:
Երկրորդ փուլ
Երկրորդ անգամ ծննդաբերող կանանց մոտ այս փուլն ավելի արագ է անցնում, քան առաջին անգամ ծննդաբերողների: Նրա տևողականությունը շատ գործոններից է կախված’ ծննդաբերական գործընթացի լարվածությունից, ճիգերի ուժգնությունից, պտղի և մոր կոնքի չափսերի համապատասխանությունից, փոքրիկի գլխի դիրքից կոնքի նկատմամբ: Այս փուլի կծկվանքները տարբերվում են նախորդներից. ակտիվորեն կրճատվում են կրծքավանդակի, որովայնի և արգանդի մկանները: Կծկվանքների ժամանակ հնարավոր է կկղելու ցանկություններ առաջանան, ինչի շնորհիվ էլ երեխան շարժվում է դեպի ՙելքը՚:
Բոլորովի էլ պարտադիր չէ երկունքի ցավերի ժամանակ պառկել, ավելի հարմար է կանգնել’ հենվելով պատին կամ էլ աթոռին, կամ էլ քայլել սենյակով: Ծննդաբերության երկրորդ փուլը ավարտվում է ծննդաբերական ուղուց երեխայի գլխի դուրս գալով, ապա շատ արագ ծնվում է երեխան ամբողջությամբ: Երեխային դնում են մոր փորին, և դուք ծանոթանում եք նրա հետ’ ծննդաբերությունից հետո
հանգստանալով: Ծնվելուց 10-15 րոպե հետո երեխային պետք է մոր կրծքին դնել. դա նպաստում է արգանդի կրճատմանը և կաթի արտադրմանը:
Երրորդ փուլ
Ծննդաբերության երրորդ փուլը’ ընկերքի ծնունդը, տևում է 5-30 րոպե: Այն ուղեկցվում է թեթև կծկվանքներով, որոնք տևում են մեկ րոպե կամ մի քիչ ավել: Երբ վերջապես ընկերքը դուրս է գալիս, բժիշկը հետազոտում է այն, որպեսզի համոզված լինի, որ այն ամբողջությամբ է դուրս եկել: Ապա ուսումնասիրում են կնոջը և հարկ եղած դեպքում կարեր են դնում:
Սրանից հետո ծննդաբերական գործընթացը ավարտվում է, և սկսվում է ձեր կյանքի նոր փուլը’ մայրությունը: