Մանկական անկեղծություն — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Մանկական անկեղծություն

Սովորաբար ծնողներն ուզում են,որ իրենց երեխան անկեղծ ու անմեղ լինի,բայց երբեմն ստիպված են կարմրել սեփական երեխայի անկեղծության պատճառով։

Ինչ մտքում է, այն էլ լեզվի վրա է

Ի՞նչ է մանկական անկեղծությունը։ Իրականում այն ուղղակիորեն պայմանավորված է երեխայի հոգեկան զարգացման առանձնահատկություններով։ Ինքնավերահսկողությունը, որ մեծահասակին հնարավորություն է տալիս խոսելուց առաջ մտածելու,երեխայի մեջ զարգանում է 7-8 տարեկանում միայն։ Բայց նույնիսկ այս տարիքում դեռևս վերջնականապես զարգացած չէ ինքնավերահսկողությունը։ Նախադպրոցական տարիքում դեռևս այն զարգացած չէ։ Ստացվում է,որ նրա շուրջը տեղի ունեցող ամեն ինչ անվերահսկելի է։ Եթե որևէ բան զվարճալի է թվացել երեխային,ապա նա ծիծաղում է ամբողջ ուժով,որևէ բան անհանգստացրել է՝ անմիջապես լաց է լինում, իրեն վիրավորված մարդուն՝ լինի հասակակից թե մեծահասակ, պատասխանում կամ հարվածում է։ Բայց անկեղծության ամենաակնառու դրսևորումները երեխայի շուրջը տեղի ունեցող իրադարձությունների մեկնաբանություններն են։

Երեխաների անմեղ մեկնաբանությունները հաճախ զավեշտի են վերածվում,բայց հաճախ էլ նույն այդ անմեղության պատճառով ծնողները ստիպված են լինում կարմրել։ Երեխան կարող է առանց մտածելու վիրավորել անծանոթ անձնավորությանը («Մայրիկ,ինչո՞ւ է այս մորաքույրն այսքան սարսափելի»),կարող է բոլորին հայտնի դարձնել ընտանեկան գաղտնիքը («Հայրիկ,ինչո՞ւ տատիկին ասացիր,որ փող չունես,բայց քեզ համար ծխախոտ գնեցիր»)։

Ինչպե՞ս պետք է վերաբերվեն ծնողները

Բավական դժվար է երեխային հասկացնել,թե ինչու չպետք է խոսել այն մասին,ինչ տեսնում կամ հասկանում է.չէ՞ որ նա կանխամտածված չի վիրավորում դիմացինին,պարզապես ասում է այն,ինչ մտածում է։ Բարկանալ կամ մեղադրել անմեղության համար,այնքան էլ խելամիտ քայլ չէ։ Եթե երեխայի մեջ դեռևս ինքնավերահսկողությունը զարգացած չէ, պատժելով ոչնչի չես հասնի,ընդամենը երեխան այլևս չի հավատա իր զգացմունքներին,ինչը բացասական ազդեցություն կունենա նրա զարգացման վրա։ Այնուամենայնիվ,վարքին արձագանքել կարելի է և պետք է։ Երեխային հասարակության ընտելացնելը դաստիարակչական խնդիր է։ Փոքրիկը պետք է հասկանա,որ նա ամեն մի զգացմունքի ու մտքի իրավունք ունի,բայց ոչ միշտ ու ամենուր կարող է դրանք արտահայտել։

Բացատրեք երեխային,թե ինչպես պետք է իրեն դրսևորի հասարակական վայրերում. «հիվանդանոցում չի կարելի բարձր գոռալ ու ծիծաղել»,«այլ մարդկանց մասին խոսելն ընդունված չէ»,«պետք է շնորհակալություն հայտնել մարդուն,եթե նա որևէ լավ բան է արել քեզ համար» և այլն։ Միաժամանակ հետևեք,որ տանը,ընտանիքի անդամների ներկայությամբ երեխան անկեղծ լինելու հնարավորություն ունենա,դուք էլ պատրաստ եղեք նրա հետ քննարկելու ամենաանսպասելի անկեղծ թեմաներ։ Այլ մարդկանց մասին վատ բաներ ասելով՝ երեխաները հաճախ չեն հասկանում,թե ինչով են նեղացրել մարդուն,ուստի այդ իրավիճակները ևս պետք է քննարկել։ Չէ՞ որ երեխայի համար «նայիր՝ ինչ չաղ կին է» արտահայտությունը պարզապես փաստի արձանագրում է, որը բացասական տարր չի պարունակում։ Անպայման բացատրեք երեխային,թե ո՛ր բառերը կարող են վիրավորական հնչել և ինչու։

Հոգեբանի մեկնաբանությունը

. Սովորեցրեք երեխային շշուկով խոսել,քանի որ նա ի ծնե սովոր չէ դրան։ Պայմանավորվեք հասարակական վայրերում միմյանց հետ միայն այդպես խոսել։

. Հետևողականություն դրսևորեք։ Եթե օտարների ներկայությամբ երեխային նկատողություն եք անում անտեղի միջամտության համար, իսկ հետո հարազատների

ներկայությամբ ծիծաղելով պատմում եք,թե ինչ է արել,ապա նա այլևս չի հասկանում՝ ինչպես պետք է ապրել,ինչպես վարվել։

. Հիշեք՝ երեխաները չեն կարողանում գաղտնիք պահել, ուրեմն անիմաստ է նրանց խնդրել, որ ոչ ոքի չասեն տանը տեղի ունեցածը։ Պարզապես փորձեք նրա ներկայությամբ այլ մարդկանց հետ չքննարկել մյուսներին,այն էլ՝ բացասական կողմերն ընդգծելով։ Հակառակ դեպքում չի բացառվում,որ շատ վատ իրավիճակում հայտնվել։

. Հիշեք՝ երեխայի անկեղծությունը երեխայի զարգացման, սեփական անձը ճանաչելու,աշխարհի և ինքն իր հետ ծանոթանալու միակ ճանապարհն է։

Comments