Հիպոխոնդրիկ համախտանիշ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Հիպոխոնդրիկ համախտանիշ

Հիպոխոնդրիկ համախտանիշը վիճակ է, որի դեպքում մարդը մշտապես անհանգստանում է, որ կարող է հիվանդանալ մեկ կամ մի քանի սոմատիկ հիվանդություններով, բողոքում է կամ էլ մտահոգվում է իր ֆիզիկական առողջությամբ, իր սովորական զգացողությունները ընկալում է որպես ոչ նորմալ և տհաճ, ունի կասկածներ, որ բացի հիմնական հիվանդությունից կա նաև այլ՝ լրացուցիչ հիվանդություն։ Ընդ որում մարդը կարող է համարել, որ գիտի, թե իրականում ինչ հիվանդությամբ է տառապում, բայց իր վստահության չափը, սովորաբար, ամեն անգամ փոփոխվում է, և նա ավելի հավանական է համարում մեկ մի հիվանդությունը, հաջորդ անգամ՝ մյուսը։ Հիվանդները, ամբողջովին կլանվելով իրենց առողջական վիճակով (թեև իրականում ոչ մի հիվանդություն չունեն), տագնապալից մտահոգության մեջ են, երկյուղում են, թե իրենք լուրջ հիվանդությամբ են տառապում կամ ծանր հիվանդություն է սպասվում։ Սովորաբար հիվանդները աշխատում են ապացուցել իրենց հիվանդությունը և անընդհատ դիմում են բժիշկների, խնդրում են հետազոտություններ։ 

Հիպոխոնդրիան մտնում է սոմատիկ տիպի հիվանդությունների մեջ, այսինքն, սա նշանակում է, որ առաջին հերթին այն դարձելի է, իսկ երկրորդը՝ հոգեսոմատիկ է, այսինքն զուգակցվում է ֆիզիոլոգիական մեխանիզմների փոփոխությամբ (հոգեկանի ազդեցությամբ կարող են նկատվել օրգանիզմի աշխատանքի խաթարումներ): Իսկ օրգանների ինքնավար ֆունկցիան կառավարվում է խնամքի եւ վախի միջոցով: 

Հիպոխոնդրիկ զգուշավորությունը ամենից հաճախ վերաբերվում է սրտին, աղեստամոքսային համակարգին, սեռական օրգաններին և գլխուղեղին։ Հիվանդները կարող են իրենց մոտ հայտնաբերել նաև տարբեր ուռուցքներ։ Այս խանգարման ախտորոշման համար անհրաժեշտ է 2-ից ոչ ավել լուրջ սոմատիկ հիվանդությունների (ոչ հոգեկան բնույթի) անկոտրուն վստահություն, որը պետք է դիտարկվի ամենաքիչը 6 ամիս։ Ընդ որում հիվանդության կամ հիվանդությունների առկայության վստահությունը պետք է առաջացնի մշտական տանջանք կամ էլ սոցիալական ոչ ադապտիվ վարք առօրյա կյանքում։

Հիպոխոնդրիայի զարգացման համար հաճախ հիմք են հանդիսանում անձի հետևյալ առանձնահատկությունները ՝ դեպրեսիվությունը կամ տագնապայնությունը և կասկածամտությունը։

Բուժման համար մեծամասամբ օգտագործում են հոգեթերապիա։ Դեղորքային բուժումը նախընտրելի չէ, քանի որ հիվանդի մոտ ավելի է շատանում այն համոզմունքը, որ ինքը ունի ֆիզիոլոգիական հիվանդություններ։ Ավելի շատ խորհուրդ է տրվում կիրառել կոգնիտիվ և կոգնիտիվ-վարքաբանական թերապիա։

Այն երևույթը, երբ մարդը ձգտում է ինքնուրույն ախտորոշել հիվանդությունը համացանցային կայքերում եղած հիվանդությունների ախտանշանների միջոցով, կոչվում է կիբերհոնդրիա։ Սրանով տառապող մարդիկ կոչվում են կիբերհոնդրիկներ։

Comments