Երեխայի ծնունդը անասանելի երջանկություն է պարգևում ոչ միայն նրա ծնողներին, այլև բոլոր նրանց, ովքեր սպասում էին այդ օրվան անհամբերությամբ ու անհանգստությամբ: Եվ ահա, լույս աշխարհ է գալիս փոքրիկը, սակայն համընդհանուր երջանկության փոխարեն երբեմն երիտասարդ մոր մոտ սկսվում է ապատիա, լարվածություն և հոգնածություն, որն էլ դժվար է խոստովանել ոչ միայն մտերիմներին, այլև ինքն իրեն:
Ողջ աշխարհում կանանց 15%-ը տառապում է հետծննդյան դեպրեսիայից: Ահա, թե ինչպես են նրանք նկարագրում իրենց վիճակը.
— Դժբախտության զգացում
— Մշտական հոգնածություն, ուժասպառություն, քնի խանգարումներ
— Ախորժակի բացակայություն կամ ակնհայտ շատակերություն
— Սեռական հարաբերություններ ունենալու ցանկության կորուստ
— Վատ մայր լինելու, ամեն ինչ սխալ անելու զգացողություն
— Երբեմն նորածնի հետ մենակ մնալու վախի և խուճապի զգացողություն
Հաճախ հետծննդյան դեպրեսիան ի հայտ է գալիս ոչ միանգամից, այլ ծննդաբերությունից 3-4 շաբաթ, իսկ ոմանց մոտ` կես տարի հետո:
Ինչո՞ւ է առաջանում հետծննդյան դեպրեսիան
Հստակ պատճառը դեռ բացահայտված չէ, սակայն որոշ չափով այն կապված է ծննդաբերությունից հետո կնոջ օրգանիզմում կատարվող հորմոնալ վերակազմավորման հետ: Իհարկե գոյություն ունեն դրա առաջացմանը նպաստող նաև այլ գործոններ.
— Կինը նախկինում դեպրեսիա է ապրել
— Նա ունի ամուսնու (զուգընկերոջ) հետ կապված լուրջ խնդիրներ
— Երեխան ծնվել է թերհաս, հիվանդ
— Նա վերջերս կորցրել է մտերիմ մարդու
-Կնոջ դժվարին մանկության տպավորությունները չեն ջնջվում նրա հիշողությունից
Ինչո՞ւ է հետծննդյան դեպրեսիան հազվադեպ բացահայտվում
Դա կապված է այս հարցով համապատասխան մասնագետի հազվադեպ օգնության դիմելու հետ: Անգամ եթե երիտասարդ մայրն իր մեջ նկատում է դեպրեսիայի նախանշաններ, սեփական չիմացությունից ելնելով՝ նա հաճախ իր այդ վիճակը շփոթում է հետծննդյան պսիխոզի հետ, որն արդեն բուժում է ոչ թե հոգեբանը, այլ հոգեբույժը՝ հակադեպրեսանտներ նշանակելով, և քանի որ կերակրող մորն արգելված են դեղահաբերը, նա իր համար այս հարցն ամբողջովին փակված է համարում` երկար ամիսներ տանջվելով հոգեկան ծանր ապրումներից:
Հոգեբանական օգնությանը կանայք հաճախ չեն հավատում՝ գտնելով որ սեփական խնդիրները կարող են և պետք է քննարկեն միայն ընկերուհիների կամ հարազատների հետ:
Ինչպե՞ս է ազդում հետծննդյան դեպրեսիան երեխայի զարգացման վրա
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ հետծննդյան դեպրեսիվ վիճակում գտնվող մոր համար դժվար է իր փոքրիկի հետ կապվածություն հաստատել և տալ նրան անվտանգության և պաշտպանվածության զգացողություն: Այդ վիճակում գտնվող կինը հաճախ ինքնամփոփ է դառնում, իրեն զգում է հոգնած և դժբախտ, երեխայի հետ շփումից հաճույք չի ստանում: Հետևաբար աշխարհը մոր միջոցով ընկալող երեխան էլ անվտանգություն չի զգում: Այդ դեպքում նորածնի մոտ առաջանում է վարքագծի իրար հակասող 2 դրսևորում`
- «Անհանգիստ» — նման նորածինները մշտապես դժգոհ են, շատ են լացում, վատ են քնում և ուտում, լարված են, շատ զգայուն, հաճախ են հիվանդանում: Մայրը գրեթե չի կարողանում անգամ մեկ րոպեով բացակայել, քանի որ նրան անընդհատ հետապնդում է մանկական ճիչը:
- «Հանգիստ» — անտարբերության աստիճանի հասնող չափազանց հանգիստ, նորածիններն են: Նրանց հայացքը հաճախ սփռված է տարածության մեջ, լուռ են, ոչ պահանջկոտ, իրենց հասակակիցներից ավելի պակաս հետաքրքրասեր են:
Հետագայում, պահվածքի այս կամ այն ռազմավարությամբ երեխաները կարող են մեծ դժվարություններ ունենալ մանկապարտեզին հարմարվելու առումով (շատ են լացում կամ իրենց վատ են պահում), իրենց համար դժվար է ներգրավվել հասարակության մեջ, կարող են ունենալ անհիմն վախեր, շփման հաստատման բարդություններ, ինչպես նաև այլ վարքագծային խնդիրներ:
Բուժվո՞ւմ է արդյոք հետծննդյան դեպրեսիան
Իհարկե այո՛: Շատ կանայք այդ վիճակից դուրս են գալիս ինքնուրույն, չնայած երբեմն դա կարող է տևել մեկ կամ երկու տարի: Այդ պատճառով, որքան մայրը շուտ դիմի համապատասխան մասնագետի օգնությանը, այնքան շուտ իրեն ավելի լավ կզգա:
Ի՞նչն է օգնում հաղթահարել հետծննդյան դեպրեսիան
Երիտասարդ մայիրիկին շատ կարևոր է գիտակցել այն փաստը, որ ինքը դեպրեսիա է ապրում: Նա չպետք է մտածի, թե խելագարվում է կամ «վատ մայր» է, և միայն այդ դեպքում նա կկարողանա իր վիճակը քննարկել համապատասխան մասնագետների հետ:
Հետծննդյան դեպրեսիայի մեջ գտնվող կնոջը շատ օգտակար է սեփական ապրումների մասին նման վիճակում հայտնված այլ մայրիկների հետ կիսվելը:
Երիտասարդ մայրիկներ, մի՛ դադարեք շփվել, խոսե՛ք այն մասին, թե ինչն է ձեզ մտահոգում և տանջում: Համացանցում այս թեմայով կայքերի մեծ ընտրանի կա, և բազում մայրիկներ դրանք շատ օգտակար են համարում: Փորձեք ձեր շրջապատում գտնել երախտապարտ ունկնդրի. գուցե դա լինի ձեր մայրը, քույրը կամ ընկերուհին: Սակայն դա, իհարկե, չի բացառում մասնագիտական օգնությունը:
Հետծննդյան դեպրեսիան երեխայի զարգացման վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում հատկապես նորածին ժամանակ: Կյանքի հենց առաջին ամիսների ընթացքում է երեխան առավել զգայուն մոր կարգավորիչ վարքագծի խախտման հանդեպ, որն ի հայտ է գալիս վերջինիս դեպրեսիայի արդյունքում: Այդ իսկ պատճառով էլ պարզապես անհրաժեշտ են մոր և երեխայի միջև դրական հարաբերությունների զարգացմանն ուղղված հատուկ ծրագրերի ստեղծումն ու իրականացումը: Երիտասարդ մայրը պետք է ունենա հաճախ հանգստանալու հնարավորություն: Երեխայի խնամքից բացի, կան նաև հաճույք պատճառող այլ բաներ: Հոգեհարազատ զբաղմունքին տրամադրած օրական մեկ-երկու ժամը (սպորտ, ասեղնագործություն, զբոսանք առանց երեխայի, շոփինգ, ֆիլմեր, գրքեր) շատ դրական կարող են ազդել դեպրեսիայի մեջ գտնվող կնոջ հոգեվիճակի վրա:
Ի՞նչ անել երիտասարդ հայրիկին
Որպեսզի ամուսնու հետ հարաբերությունները փակուղի չմտնեն, պետք է դրանց մասին բացեիբաց խոսել: Տղամարդկանց համար շատ կարևոր է զգալ, որ իրենց կարիքն ունեն: Եթե երիտասարդ հայրը ոչինչ չգիտի հետծննդյան դեպրեսիայի մասին, ապա նրան դժվար է հասկանալ կնոջ հոգեվիճակը. այդ դեպքում նա իրեն ոչ պետքական և մերժված է զգում: Շատ ամուսիններ սկսում են մտածել, թե իրենց հիմնական խնդիրը ընտանիքին ֆինանսապես ապահովելն է և իրենց ամբողջովին հեռու են պահում ընտանեկան այլ հարցերով զբաղվելուց` չմասնակցելով երեխաների դաստիարակությանը: Մշտապես դժգոհ կինը երիտասարդ հոր մեջ նախ առաջացնում է մեղքի զգացում, այնուհետև` զայրույթ: Նա փորձում է անել այն ամենն, ինչ կարող է, սակայն չի ստանում երախտագիտություն ու աջակցություն, իսկ եթե նրան ուղարկում են մեկ ուրիշ սենյակ, վերջինիս վիճակն ավելի է վատթարանում: Արդյունքում՝ մտքեր չհաջողված ընտանեկան կյանքի վերաբերյալ և մխիթարանքի որոնում: Քիչ չեն երեխայի ծնունդից հետո հենց առաջին տարում պառակտված ընտանիքների թիվը, ինչի հիմնական պատճառներից մեկն էլ հենց չհաղթահարված հետծննդյան դեպրեսիան է և դրա հետևանքները: