Հանրագիտարանային Նյութեր — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Հանրագիտարանային Նյութեր

Հայ ընթերցողը վաղուց է զգում մայրենի լեզվով հանրագիտարանի կարիքը։ Ընդհանուր սկզբունքով կազմված գիտելիքների համապարփակ հավաքածուն անհրաժեշտ է ամենից առաջ որպես գիտական տեղեկատու։ Հանրագիտարանը միաժամանակ մատչելի շարադրված գիտելիքների հարուստ շտեմարան է, որից կարելի է օգտվել ցանկացած ժամանակ։ Սակայն, չնայած հայերեն տեղեկատու գրականության, մասնավորապես բառարանագրության բազմադարյան ավանդույթներին, ազգային հանրագիտարան ստեղծելու անցյալի բոլոր փորձերն ապարդյուն են եղել։ Եվ ահա, առաջին անգամ ընթերցողին է մատուցվում հայերեն հանրագիտարան, որ պատրաստվել է մեր գիտական մտավորականության ջանքերով։
Հայկական սովետական հանրագիտարանը (ՀՍՀ) լույս է ընծայվում Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի և Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Մինիստրների սովետի որոշմամբ։ ՀՍՀ ստեղծումը հնարավոր դարձավ սովետական իշխանության պայմաններում հայ ժողովրդի սոցիալական, ազգային ու պետական վերածննդի, տնտեսության ու մշակույթի համակողմանի զարգացման շնորհիվ։
ՀՍՀ պատրաստումը իրականացնում է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիան (ԳԱ), իսկ հրատարակությունը՝ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի պոլիգրաֆիայի, հրատարակչությունների և գրքի վաճառքի պետական կոմիտեն։ Հոդվածների կազմմանը և մասնագիտական քննարկմանը անմիջականորեն մասնակցում են ԳԱ գիտահետազոտական ինստիտուտները։ Որպես հայ իրականության մեջ ստեղծվող նման տիպի առաջին հրատարակություն, ՀՍՀ աննախադեպ իրադարձություն է մեր ժողովրդի հոգևոր կյանքում։ Ի տարբերություն ճյուղային հանրագիտարանների, որոնք նկատի ունեն ընթերցողների համեմատաբար նեղ շրջանների մասնագիտական հետաքրքրությունները և պարունակում են սոսկ տվյալ գիտությանը վերաբերող տեղեկություններ, ՀՍՀ իր բնույթով համապարփակ է, ընդգրկում է բոլոր գիտությունները՝ արտացոլելով մարդկային մտքի զարգացման արդի մակարդակը։
ՀՍՀ գաղափարական հիմքը մարքսիստական-լենինյան ուսմունքն է։ Լուսաբանելով հասարակական և բնական գիտությունների հարցերը՝ ՀՍՀ ղեկավարվում է գիտության նվաճումները աշխարհի հեղափոխական վերափոխմանը, աշխատավոր զանգվածների կոմունիստական դաստիարակությանը, նրանց գիտակրթական մակարդակի հետագա բարձրացմանը ի սպաս դնելու վերաբերյալ Սովետական Միության կոմունիստական կուսակցության ցուցումներով։
ՀՍՀ հենվում է ազգային մշակույթի ու գիտության անցյալի ժառանգության և ժամանակակից նվաճումների վրա, օգտագործում համաշխարհային, հատկապես ռուս և սովետական հանրագիտական մտքի հաջողությունները։
Հայերեն գիտական տեղեկատու գրականությունն սկզբնավորվել է տակավին V դարում, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայերեն գրերը։ Այդ և հետագա դարերում հայ գիտնականներն ստեղծել են ոչ քիչ թվով երկեր՝ ընդհանրացնելով տարբեր դարաշրջանների գիտական նվաճումները։ Ըստ էության հանրագիտական բնույթ ունեն Մովսես Խորենացու (V դ.). Անանիա Շիրակացու (VII դ.). Մովսես Կաղանկատվացու (VII դ.), Գրիգոր Մագիստրոսի (XI դ.), Մխիթար Հերացու (XII դ.), Ստեփանոս Օրբելյանի (XIII դ.), Վարդան Արևելցու (XIII դ. ), Գրիգոր Տաթևացու (XIV դ.), Ամիրդովլաթ Ամասիացու (XV դ. ) և անցյալի մեր ուրիշ ականավոր գործիչների երկերը, որոնք, տվյալ ժամանակի համաշխարհային մշակույթի մակարդակը արտացոլելով հանդերձ, պարունակում են գիտական ու պատմաաշխարհագրական հարուստ, այսօր էլ մեծ արժեք ներկայացնող տվյալներ։
Բացառիկ նշանակություն ունեն, անշուշտ, հանրագիտական բառարանները։ Դրանցից առաջինը Արսեն Դպիր Կոստանդնուպոլսեցու «Գիրք Սահմանաց յոգնադիմի իրողութեանց»–ն է, որ լույս է տեսել Կ. Պոլսում, դեռևս 1749-ին։ XIX—XX դարերի հանրագիտական հրատարակություններից են Մկրտիչ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն Սրբոց» (հ. 1—12, Վնտ., 1810—15), Մատթեոս Մաղաք-Թեոփիլյանցի «Կենսագրութիւն երեւելի արանց» (Վնտ., 1839), Մինաս Բժշկյանի «Համառօտ նկարագիր վարուց երեւելի արանց» (Վնտ., 1850), Նշան Ճփվանյանի «Առձեռն բառարան պատմական, աշխարհագրական և դիցաբանական յատուկ անուանց հաւելեալ հայկական յատուկ անուանք» (Կ. Պոլիս, 1879), Կարապետ Աքրըյանի «Պատկերազարդ Նոր Կաղանդչեք համառօտ կենսագրութիւն երեւելի արանց» (Վնտ., 1891), Սուքիաս էփրիկյանի «Բնաշխարհիկ բառարան» (հ. 1—2, Վնտ., 1902–1907), Հայկ Տեր-Աստվածատրյանի «Բառարան հայ կենսագրությանդ» (Թ., 1904), Համբարձում Առաքելյանի «Հանրագիտական բառարան» (Թ., 1915), Մկրտիչ Պոտուրյանի «Հայ հանրագիտակ» (Բուխարեստ 1938) և այլ աշխատություններ։ կարևոր տեղեկություններ են պարունակում հայերեն տարեգրքերը, մասնավորապես՝ Թեոդիկի «Ամենուն տարեցույցը»։
Հայ բառարանագրության պատմության մեջ միանգամայն ուրույն տեղ ունի Մխիթար Սեբաստացու նախաձեռնությամբ ստեղծված «Բառգիրք Հայկազեան լեզուի» (հ. 1—2, Վնտ., 1749—69), որով ըստ էության դրվեց հայ բառարանագիտության հիմքը և կանխորոշվեց պատմական նոր հանգամանքներում հայերեն գիտական տերմինաբանության զարգացման ընթացքը։ Հայերենի գիտական տերմինաբանության մշակմանն իրենց բառարաններով մեծապես նպաստել են Ղևոնդ Ալիշանը, Նորայր Բյուզանդացին, Հարություն Դաղբաշյանը և ուրիշներ։
Հայոց լեզվի, ազգային բառարանագիտության, գիտական տերմինաբանության զարգացման նոր փուլ սկսվեց սովետական իշխանության տարիներին։ Մի կողմից ազգային պետականության վերականգնման շնորհիվ հայերենի պետական լեզու դառնալը, մյուս կողմից մշակույթի, գիտության ու տեխնիկայի աննախընթաց զարգացումը խթանեցին հայոց լեզվի բառարանային ֆոնդի հարստացումը։ Անհետաձգելի գործ դարձավ հայ ժողովրդի անցյալի լեզվագրական Ժառանգության մանրազնին քննությունն ու լեզվային նոր նյութի ընդհանրացումը և բառարանային դասակարգումը։ Վիթխարի այդ գործը հաջողությամբ պսակվեց Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի, Ստեփան Մալխասյանցի, ոչ հեռավոր անցյալի և ժամանակակից ուրիշ ականավոր լեզվաբան-բառարանագիրների համառ ջանքերի շնորհիվ և իր մարմնավորումը գտավ Սովետական Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում հրատարակված բառարաններում։ Երկլեզու բառարանների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բառարանները։ Միաժամանակ լույս են տեսել գիտության ու տեխնիկայի առանձին բնագավառներին վերաբերող տերմինաբանական երկլեզու, եռալեզու և այլ բառարաններ, որոնք ես մեծ ներդրում են ազգային մշակույթի մեջ։
1932—1936 թթ. կատարվել է հայերեն հանրագիտարան ստեղծելու փորձ, որը, սակայն, արդյունք չի տվել։
Երեսուն տարվա ընդմիջումից հետո նորից ծավալվեց հայերեն հանրագիտարան ստեղծելու աշխատանքը։
Ստեղծագործորեն կիրառելով հայ մշակույթի ավանդույթները, հենվելով նրա հարուստ փորձի ու կուտակած նյութի վրա, օգտվելով նրա նվաճումներից՝ ՀՍՀ բացում է հայերեն գիտատեղեկատու գրականության նոր, առավել բովանդակալից էջ, հայ իրականության մեջ դնում ժամանակակից հանրագիտական բազմաբնույթ հրատարակությունների հիմքը։ Որպես ազգային հանրագիտարան այն ավելի հանգամանորեն է լուսաբանում հայ ժողովրդի պատմական անցյալը, Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության ստեղծման ու զարգացման պատմությունը, նրա տնտեսության, գիտության ու մշակույթի նվաճումները։ Ընթերցողը հանրագիտարանում կգտնի հայ ժողովրդի հասարակական կյանքի և քաղաքական մտքի պատմության կարևոր իրադարձություններին, դեպքերին ու դեմքերին, Հայաստանի պատմական աշխարհագրությանը, տեղանուններին վերաբերող հարուստ տվյալներ, որոնք մեծ մասամբ առաջին անգամ են տեղ գտնում հանրագիտական գրականության մեջ։ Սակայն հայագիտական նյութը չի սահմանափակվում դրանով։ Ընդհանուր բնույթի հոդվածները նույնպես հաճախ պարունակում են հայ ժողովրդի պատմության ու մշակույթի այս կամ այն հարցին առնչվող հետաքրքրական տվյալներ։ Այսպես, «Աբիխ» հոդվածում հատկապես ընդգծվում է գերմանացի ականավոր երկրաբանի գիտական գործունեությունը՝ կապված Հայաստանի երկրաբանական ուսումնասիրության հետ, «Ագրոնոմիա» հոդվածում ցույց է տրվում, որ պատմական Հայաստանը եղել է կուլտուրական բույսերի մշակման բնօրրաններից, «Ամերիկայի Միացյալ Նահանգներ» հոդվածն ունի «Հայերը ԱՄՆ-ում» ենթագլուխ, որտեղ տրվում է ամերիկահայ գաղութի պատմությունը են։
ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻՑ == Հանրագիտարանում հոդվածները («բառերը») զետեղված են այբբենական կարգով։ Առանձին հոդվածներ (օրինակ՝ պետությունների, միութենական և ինքնավար հանրապետությունների, Հայկական ՍՍՀ շրջանների մասին) կազմված են ենթավերնագրեր ունեցող մի քանի մասերից։
Հոդվածների անվանումները տրվում են գերազանցապես եզակի թվով, օրինակ՝ «Ագարակ», «Ազգ», «Նիզակ», «Ծով» են։ Եթե ընթերցողը հոդվածի անվանումը չի գտնում եզակի թվով, ապա համապատասխան բառը (տերմինը) պետք է փնտրի հոգնակի թվով։ Օրինակ, ընդունված գիտական տերմինաբանության համաձայն, հանրագիտարանում այսպես են տրված «Աստղակույտեր», «Գիսաստղեր» (աստղագիտական), «Հանդիսապարեր» (երաժշտական), «Եղջերուներ», «Խաչածաղկավորներ» (կենսաբանական), «Թթուներ», «Հիմքեր» (քիմիական) և այլ հոդվածներ։
Հոդվածների շատ անվանումներ կազմված են գոյականից և ածականից։ Այդպիսի դեպքերում անհրաժեշտ տերմինը հարկավոր է փնտրել կամ ածականով (օրինակ, «Հանրակրթական դպրոց», «Ազգային եկամուտ», «Քաղաքացիական օրենսգիրք»), կամ գոյականով (օրինակ, «Վարկ պետական», «Ազգագրություն երաժշտական», «Մանրադիտակ էլեկտրոնային»)։ Եթե հոդվածի անվանումը կազմված է երկու կամ մի քանի բառերից, ապա առաջին մասում սովորաբար տրվում է այն բառը, որն այդ անվանման մեջ գլխավորն է իմաստային տեսակետից։ Այդ դեպքում կատարվում է շրջադասություն (բառերի տեղափոխություն)։ Օրինակ, հանրագիտարանում տրված են հոդվածներ. «Ակադեմիա գիտությունների Հայկական ՍՍՀ» և ոչ թե՝ «Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա», «Մասնագիտացում արտադրական ձեռնարկության» և ոչ թե՝ «Արտադրական ձեռնարկության մասնագիտացում», «Ինքնարժեք կոլտնտեսային արտադրանքի» և ոչ թե՝ «Կոլտնտեսային արտադրանքի ինքնարժեք»։
Եթե հոդվածի անվանումից (որ շարված է թավ տառերով) հետո, ստորակետների կամ փակագծերի մեջ, ցրիվ շարվածքով տրվում է ուրիշ բառ կամ մի քանի բառեր, ապա նշանակում Է, որ առաջին՝ հիմնական տերմինի կամ անվանման հետ մեկտեղ գոյություն ունի նույնպես գործածական կամ առաջինի հոմանիշ հանդիսացող մեկ կամ մի քանի անվանում, օրինակ, ԱԶԴՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՕՐԵՆՔ (Նյուտոնի երրորդ օրենք)։
Հոդվածի անվանման մեջ մտնող փոխառյալ տերմինների համար կարճ տեղեկանք է տրվում բառի ստուգաբանության (ծագումնաբանության) մասին։ Առանձին դեպքերում ստուգաբանվում են նաև տեղանունները։ Դա հիմնականում վերաբերում է քաղաքների, գյուղերի, ծովերի, գետերի և այլ անվանումներին, որոնք պատմական արժեք ունեն։ Երբ միմյանց հաջորդում են հոդվածներ, որոնց անվանումը («բառը») նույն ծագումն ունի, ապա ստուգաբանությունը տրվում է հոդվածներից միայն մեկում; գերազանցապես առաջին հոդվածում։
Օտարազգի գործիչների, աշխարհագրական անունների, պարբերականների, մոնոպոլիաների, բանկերի և այլնի մասին հոդվածների անվանումներից հետո փակագծերում տրվում է համապատասխան անվանման բնագրի (օտար լեզվով) գրությունը։ Այդ կանոնը տարածվում է օտար այն անվանումների վրա, որոնք բնագրում ունեն լատինատառ կամ հունատառ գրություն։ Մնացած դեպքերում, այդ թվում նաև ՍՍՀՄ ժողովուրդների լեզուներով, անվանումները տրվում են միայն հայկական գրությամբ։
Ա, հայերեն այբուբենի առաջին տառը։ Անունն է այբ։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը իր հորինած այբուբենի բոլոր տառերի հետ միասին, տառակերտման սեփական սկզբունքով։ Կազմվել է երեք հաստ ուղղաձիգ՝ երկար և դրա աջ կողմում հավասար հեռավորության վրա գտնվող կարճ և լայն տարրերից՝ II, ուր երկարը ստորին ծայրից՝ հորիզոնական, իսկ կարճը երկու ուղղաձիգ նուրբերով միացել է լայնին՝ Ա։ Գրի զարգացման հետ որոշ փոփոխություններ են կրել լայնը (թեքվել է դեպի աջ, երբեմն երկարել)՝ Ա, և ուղղաձիգ նուրբերը (ներսինը իջել է կարճի վերին մասից, դրսինը երբեմն ձուլվել է կարճին)՝ 14։ Ունի գրչագիր, երկաթագիր, բոլորգիր, շղագիր և նոտրգիր տառատեսակները՝ իրենց տարբեր ձևերով, որոնց մեջ պահպանվել են նրա բուն գծագրական յուրահատկությունները (տես նկ.)։
Գրչագիր Ա ունի քառանկյունի ձև, որի զուգահեռ ուղղահայաց գծերը միացել են իրար ուղիղ նուրբերով՝ Ա, գրվել է ուղղահայաց և դեպի աջ թեքված Ա, մեծ, միջակ և մանր չափերով։ Երկաթագիր կամ գլխագիր Ա ստեղծվել է գրչագրի հենքից, երբ երկար ու լայն գծերը իրար են միացել ոչ թե ուղիղ, այլ կիսակոր նուրբով՝ Ա, գրվում է ուղղաձիգ և շատ քիչ՝ դեպի աջ թեքված, մեծ և միջակ չափերով։
Բոլորգիր կամ բոլորակ գիր Ա մարմնածիր է, առաջ է եկել գրչագրից և կազմվել է երեք հավասար, ուղղաձիգ գծերից, որոնք գրվել են կողք–կողքի և տողի վրա ստորին ծայրերից իրար միացել երկու նուրբերով՝ ա, գրվել է ուղղաձիգ ա, և թեք՝ ա, մեծ, միջակ, մանր և մանրագույն չափերով։ Միջնադարում գործածվել է մի գծով, որը կոչվել է «միագիծ այբ»՝ |։
Շղագիրը կամ շեղագիր Ա առաջացել է բոլորգրից՝ ա։ 10-րդ դ. հանդիպում է ա ձևով։ 19-րդ դ. մինչև այժմ օգտագործվում է նոր շղագիր ա։
Նոտրգիր Ա ստեղծվել է շղագրից և ունեցել է — ձևը։
Ա–ի տառատեսակներից կազմվել են բազմաթիվ փակագրություններ և համառոտագրություններ :
Ա (միջազգային տառադարձությամբ՝ a) նշանագրում է հայերեն ա ետնալեզվային միջին բարձրացման ձայնավորը։ Հայերենում հնդեվրոպական նախալեզվի a, լինի այն կարճ (ǎ), թե երկար (ā), բառասկզբում և բառամիջում մնում է ա (*ago >> ածեմ, *ang – > անկ–իւն, *ang՜hu – > անձու–կ, *sal – > աղ, *duāro – > երկար), բառավերջում ընկնում է [(H)ovipā > հովի–ւ]։ Ա լծորդել է ե (երախայ – երեխայ), է (աժան – էժան), ը(անկողին – ընկողին), ո (առոգանել – ոռոգանել), օ (աճառ – օճառ) ձայնավորներին։ Գրաբարում ա այլ հնչյունների հետ կազմել է երկբարբառներ՝ աւ (աւր > օր), եա(լեառն > լեռ), այ (եղբայր > եղբայր), ուա (Նուարդ > Նվարդ), և եռաբարբառներ՝ եաւ (սեաւ > սև), եայ (գործունեայ>գործունյա), որոնք ժամանակակից հայերենում վերածվել են պարզ ձայնավորների կամ երկհնչյունների։ Բարբառներում ա տվել է ɯ̃ (գամ > գ՚ɯ̃մ), է (ուրագ > ուրէք), օ (մարդ > մօրդ), ու (ածան > ածուն) ևն, երբեմն սղվել է (ագանիլ > հաքնել)։
Հայերեն Ա հնչյունը արտասանելիս բերանը բացվում է չափավոր, շրթունքները, ծնոտները և լեզուն ընդունում են ազատ դիրք, լեզուն փռված է բերանի հատակին այնպես, որ եզրերով հպվում է ստորին ատամնաշարին, իսկ ետևի մասը, թեթևակիորեն բարձրանալով, երկու կողմից հպվում է կարծր քիմքի ու կատիկի միջասահմանին։
Ժամանակակից գրական հայերենում ա հնչյունափոխության չի ենթարկվում, սակայն որոշ բառերում սղվում է (կոճակ – կոճկել, ամառ – ամռան, քաղաք – քաղքենի)։ Ծառայում է որպես հոդակապ բարդ և ածանցավոր բառերի մեջ (գրատախտակ, հուշագիր, բարձրագույն, ամենագեղ ևն)։ Ա տառը ի սկզբանե օգտագործվել է թվային և թվային կարգի արժեքներով։ Իբրև թվանշան նշանակել է 1, իսկ բյուրի նշանով ɯ̃=10000։ Թվային կարգի արժեքով նշանակում է առաջին (Ա հատոր – առաջին հատոր, գլուխ Ա – գլուխ առաջին)։
Գրկ. Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, հատոր Ա, Վնտ, 1836:։ Հարությունյան Ի., Հայոց գիրը, Թիֆլիս, 1892։: Տաշյան Հ., Ակնարկ մը հայ հնագրության վրա, Վիեննա, 1898։: Ղաֆադարյան Կ., հայկական գրի սկզբնական տեսակները, Երևան, 1939: Աբրահամյան Ա., Հայկական պալեոգրաֆիա, Երևան, 1948: Աճառյան Հ., Հայոց գրերը, Երևան, 1968: Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972, էջ 277–330։

ԱԱԼՏՈ (Aalto) Ալվար Հուգո Հենրիկ (1898թ. փետրվարի 3-ին, Կուորտանե — 1976թ. մայիսի 11-ին, Հելսինկի ), ֆինն ճարտարապետ, դիզայներ։ Ֆինլանդիայի ակադեմիայի անդամ (1955թ.)։ Հյուսիսային Եվրոպայի Մոդերնիզմի հայրն է համարվում, ժամանակակից դիզայնի դպրոցի հիմնադիրներից մեկն է: Իր կնոջ՝ ճարտարապետ Այնո Մարսիո Աալտոյի (1894–1949թթ.) գործակցությամբ աշխատել է Ֆինլանդիայում, Շվեդիայում, ԱՄՆ–ում և այլ երկրներում։ Զբաղվել է նաև քաղաքաշինությամբ։ Վաղ շրջանի կառույցների խիստ երկրաչափական ձևերից Աալտոն հանգեց ազգային ավանդույթների, ֆունկցիոնալիզմի և օրգանական ճարտարապետության սկզբունքների ինքնատիպ զուգորդմանը, ծավալա–տարածական ազատ ու ճկուն հորինվածքին, որը հմտորեն մերել է բնական միջավայրի հետ։ Ա. մեծ տեղ է հատկացրել փայտի կիրառմանը։

Վ․ Աալտոնեն։ «Խաղաղություն» հուշարձանը Լախտիում։ Գրանիտ։ 1950թ. – 1952թթ.։
ԱԱԼՏՈՆԵՆ (Aaltonen) Վյայնյո Վալդեմար (1894թ. մարտի 8, Մարտտիլա–1966թ. մայիսի 30, Հելսինկի), ֆինն քանդակագործ։ Ֆինլանդիայի ակադեմիայի անդամ (1948թ.), ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1958թ.–ից)։ Գլխավոր գործերից են՝ Հելակոսկիի (1919թ., 1946–1950թթ.), Վեստերհոլմի (1925թ.), Յա․ Սիբելիուսի (1935թ.) դիմաքանդակները, Ա․ Կիվիի (1932–1934թթ., Հելսինկի), «Կոոպերացիայի պատվին» (1950թ., Տամպերե), «Բարեկամություն» (1952թ., Տուրկու և Գյոտեբորգ) հուշարձանները, «Վազորդ Պ․ Նուրմին» (1925թ.), «Ֆիննուհի» (1929թ.), «Մարյատտա» (1934թ.), «Դժգույն աղջիկը» (1950թ.) արձանները։ Զբաղվել է նաև գեղանկարչությամբ, բեմանկարչությամբ, մեդալագործությամբ։

ԱԱՐԵ (Aare), գետ Շվեյցարիայում, Հռենոսի ձախ վտակը։ Երկ․ 295 կմ է, ավազանը՝ 17,8 հազ․ կմ2։ Սկիզբ է առնում Բեռնյան Ալպերի սառցադաշտերից։ Վերին հոսանքում, գահավիժելով 46 մ բարձրությունից, առաջացնում է Հանդեկ ջրվեժը։ Անցնում է Բրիենց և Թուն լճերով։ Թուն քաղաքից սկսած՝ նավարկելի է։ Աարեի ափին է Բեռն քաղաքը։

ԱԲԱԴԱՆ, քաղաք Իրանի հարավ–արևմուտքում, Խուզիստանում։ 270,7 հազ․ բնակիչ (1967թ.)։ Օվկիանոսային նավերի համար մատչելի նավահանգիստ է Շատ–Էլ–Արաբգետի ափին, Պարսից ծոցից 50 կմ հյուսիս։ Նավթամշակման խոշոր կենտրոն է (տարեկան ավելի քան 30 մլն․ տ), Աբադան–Թեհրան նավթամուղի սկզբնակետը։ Արտահանում է նավթամթերքներ և հում նավթ։ Ունի օդանավակայան։
Աբադանի հայ համայնքը գոյություն ունի 1909թ.–ից, երբ Անգլո–իրանական նավթային ընկերությունում ծառայության անցան Թեհրանում և Թավրիզում բնակվող մի խումբ հայեր։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նրանց միացան Արևմտյան Հայաստանից, մասնավորապես՝ Վանից գաղթած նոր խմբեր։ Համայնքն աճել է նաև հետագայում․ 1923թ.–ին ուներ 400 մարդ, 1928թ.–ին՝ 610, իսկ 1938թ.–ին՝ մոտ 2 հազ․ մարդ։ Աբադանի հայերի թիվը 1969թ.–ին հասնում էր 5 հազ․։ Նրանք հիմնականում զբաղված են նավթարդյունաբերության, ինչպես նաև առևտրի մեջ։ Համայնքն ունի վարժարան, եկեղեցի, մարզական ակումբ, «Գուսան» երգչախումբ։

ԱԲԱԵՎ Վասիլի Իվանովիչ (1899թ. դեկտեմբերի 22 (1900թ.–ի հունվարի 3) Թբիլիսյան գուբերնիայի Կոբի գյուղ, ներկայումս՝ Վրաստան — 2001թ. մարտի 12, Մոսկվա), օս սովետական լեզվաբան, օսագետ և իրանագետ։ Զբաղվել է օսական բարբառագիտության, ազգագրության, բանահյուսության, օսերենի հնչյունաբանության, իմաստաբանության, պատմական բառագիտության հարցերի ուսումնասիրությամբ։ Աբաևի «Օսերենը և բանահյուսությունը» (1949թ.) նվիրված է օսերի ծագմանը, մշակութային անցյալին, նրանց լեզվի կրած ազդեցություններին, հիմնական բարբառների (իրոնյան և դիգորյան) տարբերություններին։ Նրա գլխավոր աշխատություններից մեկն է «Օսերենի պատմա–ստուգաբանական բառարան»-ի հինգ հատորյակը (1958-1990թթ.): Հատոր 1-ում (1958թ.) Աբաևը տվել է օսերենի բառերի ստուգաբանությունն ու պատմությունը շուրջ 190 լեզուների նյութի հիման վրա, բացահայտել նրա, իբրև հնդեվրոպական լեզվի, կապերն ու առնչություններն այլ լեզուների, այդ թվում և հայերենի հետ։ 1962թ.ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում: 1966թ. Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Թագավորական ասիական ընկերության իրական անդամ: ՌՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, Վրաստանի ՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1981թ.): Արժանացել է ՍՍՀՄ Պետական մրցանակի (1981թ.): Թաղված է Վլադիկովկասի Օսեթական եկեղեցու դամբարանում:
Երկ․ Абаев В.И. Осетинский язык и фольклор. т 1 М.–Л., 1949․ Գրակ.https://ru.wikipedia.org/wiki/Абаев,_Василий_Иванович

ԱԲԱԶԻՆԿԱ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, Մացեստա գետի ձախ ափին, շրջկենտրոնից 37 կմ հյուսիս–արևմուտք։ 426 բնակիչ (1968թ.), հայեր, ռուսներ։ Միավորված է Վերխնյայա Մացեստայի սովետական տնտեսության հետ (թեյի, ծխախոտի մշակություն, այգեգործություն)։ Հայերը եկել են 1947թ.–ին, Ադլերի շրջանի գյուղերից և Աբխազական ԻՍՍՀ–ից։

ԱԲԱԶՆԵՐ, ազգություն։ Ընդհ․ թիվը՝ շուրջ 35 հազ․ (1970թ.)․ ՍՍՀՄ–ում՝ 25 հազ․ (Կարաչայ–Չերքեզական ԻՄ–ում, Կաբարդա–Բալկարական ԻՍՍՀ–ում, Ադըղեական ԻՄ–ում, Կիսլովոդսկի շրջանում), Թուրքիայում՝ 10 հազ․։ Աբազների նախնիները բնակվել են Սև ծովի կովկասյան ափերին։ Հյուսիսային Կովկասի նախալեռնային շրջաններում Ա. հայտնի են XIV դարից։ Լեզուն՝ աբազերենը, պատկանում է իբերո–կովկասյան լեզվաընտանիքի աբխազա–ադըղեական խմբին։ Հավատացյալ աբազները մահմեդական են։

ԱԲԱԶՈՎ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում, շրջկենտրոնից 23 կմ հարավ։ 140 բնակիչ (1968թ.)։ Միավորված է Բելորեչենսկի բանջարաբուծական սովետական տնտեսության հետ։ Ունի ակումբ, կինո։ Հիմնելեն Համշենից գաղթած հայերը 1919թ.–ին։

ԱԲԱԹԽԵՎ, Խաշուտ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալցխայի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հարավ–արևմուտք։ 537 բնակիչ (1968թ.), հայեր։ Սովետական տնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի տարրական դպրոց։ Աբաթխևը հիմնադրել են Էրզրումից գաղթած հայերը 1830թ.–ին։

ԱԲԱԿ, Աբակա (հուն․ άβάχιον–տախտակ), 1․ հաշվիչ տախտակ Հին Հունաստանում և Հռոմում, ապա Արևմտյան Եվրոպայում՝ մինչև 18-րդ դ․։ Իր նշանակությունը կորցրեց համրիչի երևան գալուց հետո։ 2․ Ճարտարապետական դասական օրդերներում՝ սյունագլխի կամ խոյակի վերնասալը։ Դորիական, հոնիական և տոսկանական օրդերներում աբակ քառակուսի է, իսկ կորնթական և բարդ օրդերներում կողմերը փոքր–ինչ ներս են ընկած, անկյունները՝ կտրված։ Հայկական ճարտարապետության մեջ աբակ անվանում են թակաղակը։ 3․ Թվային նշումներով գծագիր՝ նոմոգրամ (տես Նոմոգրաֆիա)։

ԱԲԱԿԱՆ, գետ ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասում, Ենիսեյի ձախ վտակը։ Երկարությունը 514 կմ է, ավազանը՝ 32․000 կմ2։ Վերին հոսանքում լեռնային է։ Ստորին հոսանքում՝ Մինուսինսկի գոգավորությունում օգտագործվում է ոռոգման համար։ Լաստարկելի է։ Աբակի ափին է Աբական քաղաքը։

ԱԲԱԿԱՆ (մինչև 1931թ.՝ գյուղ Ուստ–Աբականսկոյե), 1934թ–ից Կրասնոյարսկի շրջկենտրոն, քաղաք նույնանուն գետի ափին, ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասի Խակասական ԻՄ վարչական կենտրոնը։ 1990-թ.-ից Խակասական ԻՍՍՀ մայրաքաղաք, 1991թ.-ից Խակասական ՍՍՀ մայրաքաղաք, 1992թ.-ից Խակասիայի հանրապետության մայրաքաղաք: Մակերեսը՝ 112,38 կմ2, 101 հազ․ բնակիչ (1972թ.), 166 հազ 200 բնակիչ (2005թ.)։
Երկաթուղային հանգույց է, գետային նավահանգիստ, օդանավակայան։ Կան անտառանյութի, գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ, մսի կոմբինատ, կաթի գործարան, կահույքի ու տրիկոտաժի ֆաբրիկաներ, ՋԷԿ և այլն։ Աբականը խակասների ազգային մշակույթի կենտրոնն է, ունի մանկավարժական ինստ․, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան, խակասական լեզվի, գրականության և պատմության ԳՀԻ, պոլիտեխնիկում, գյուղատնտեսական տեխնիկում, բժշկ․, մանկ. և երաժշտ․ ուսումնարաններ, հեռուստակենտրոն։
ԱԲԱԿԱՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Աբական և Տոմ գետերի ջրբաժան լեռնաշղթան։ Ձգվում է Արևմտյան Սիբիրի հարավ–արևելքում՝ Տոմի ակունքներից մինչև Տելեցկոյե լիճը։ Երկարությունը մոտ 300 կմ է, միջին բարձրությունը 1400–1700 մ, առավելագույնը՝ 1984 մ։ Կազմված է մետամորֆային ապարներից, որոնք հատված են գրանիտների, դիորիտներիև այլ ինտրուզիաներով։ Լանջերին՝ մինչև 1700 մ բարձրության վրա փշատերև անտառներ են, ավելի բարձր մասերում՝ լեռնային տունդրա և քարացրոններով ծածկված գոլեցներ։

Թ․ Աբակելիա։ Շոթա Ռուսթավելու «Վագրենավոր» պոեմի պատկերազարդումներից։ 1936–37։
ԱԲԱԿԵԼԻԱ Թամար Գրիգորիի (1905–1953), վրացի քանդակագործ և նկարիչ։ ՎՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1942)։ ՍՄԿԿ անդամ 1941–ից։ Ծնվել է օգոստոսի 19 (սեպտ․ 1)–ին, հոնիում (այժմ՝ Ծուլուկիձե)։ Ա–ի հատկանշական գործերից են՝ Մարքսիզմ–լենինիգմի ինստ–ի վրացական ֆիլիալի շենքի բարձրաքանդակները (1936–37, Թբիլիսի), «Վրեժ կլուծենք» խմբաքանդակը (1944), Լեսյա Ուկրաինկայի հուշարձանը (1952, Սուրամ), Ռուսթավելու «Վագրենավոր»–ի (1936–37) և Փշավելայի երկերի (1947) պատկերազարդումները։ Մի շարք կինոնկարների («Արսեն», «Գեորգի Սահակաձե» ևն) և թատերական ներկայացումների ձևավորումների հեղինակ է։ Պատկերազարդել է «Սասունցի Դավիթ»–ի վրացերեն հրատարակությունը (1939), ձևավորել «Խատիջե» ներկայացումը Երևանի Սունդուկյանի անվ․ թատրոնում։ 1955–ին Երևանում կազմակերպվել է Ա–ի ստեղծագործությունների ետմահու ցուցահանդես։ Մահացել է մայիսի 14–ին, Թբիլիսիում։

ԱԲԱՂԱ (ծն․ թ․ անհտ․ – 1282), Հուլավյանների մոնղոլական պետության իշխան 1265–ից։ Հաջորդեց հորը՝ Հուլաուին։ Ա–ի օրոք շարունակվեցին պատերազմները Ոսկե հորդայի, Չաղատայան ուլուսի և Եգիպտոսի սուլթանության հետ։ Ա․ հպատակ հայերի և վրացիների հանդեպ ցուցաբերում էր համեմատաբար հանդուրժողական վերաբերմունք՝ նրանց ռազմական ուժերը օգտագործելով իր մղած կռիվներում։ Ա–ի արքունիքում հեղինակություն էին վայելում հայ իշխաններ Սադուն Արծրունին, որը կարգվեց Արևելյան Վրաստանի աթաբեկ, Պռոշ Խաղբակյանը, Տարսայիճ Օրբելյանը և ուրիշներ։ Ա․ 1277–ին դաժանորեն պատժեց Փոքր Ասիայի թուրքերին և, ըստ Հեթում պատմիչի, իր դաշնակից Լևոն Գ թագավորին առաջարկեց Իկոնիայի սելջուկյան սուլթանության երկրները միացնել Կիլիկիային՝ իր տերության արևմտյան սահմանները հայոց ուժերով ապահովելու նպատակով։ Սակայն Լևոն Գ խոհեմաբար հրաժարվեց այդ պարզևից՝ պատճառաբանելով, որ ինքը բավարար ուժեր չունի այդպիսի մեծ տերությունը պաշտպանելու շրջապատող թշնամիներից։ 1281–ի հոկտեմբերի վերջին Ասորիքի Համաթ և Հոմս քաղաքների մոտ տեղի ունեցավ ճակատամարտ Ա–ի և Եգիպտոսի սուլթանության բանակների միջև։ Ա–ի կողմում կռվում էին հայ–վրացական զորքեր։ Ճակատամարտն ավարտվեց Ա–ի պարտությամբ։ Ա․ մահացել է ապրիլի 1–ին, Համադանում։
Լ․ Բաբայան

ԱԲԱՂԱ, բերդաքաղաք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի գավառում, Վանա լճից հյուսիս–արևելք։ Ուներ 4 ամուր բերդ։ XX դ․ սկզբին Ա–ի 3000 բնակչից 1000–ը հայ էր, մնացածը՝ թուրք և քուրդ։ Բերդաքաղաքում կար եկեղեցի և հայկ․ ուսումնարան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական ցեղասպաններն ավերեցին և ամայացրին Ա–ի հայկական թաղերը։

ԱԲԱՂԱՅԻ ԴԱՇՏ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Վանա լճից հյուսիս–արեվելք, Բերկրի գետի ավազանում։ Տարած․ 1800 կմ2 է։ Բարձր․ 1800–2000 մ։ Հիմքում շրջակա լեռներից արտավիժած լավաներն են՝ ծածկված ալյուվիալ–մանրահողային բերուկներով։ Օգտակար հանածոներից են՝ բազալտը, տուֆը, կրաքարը, տորֆը։ Ձմեռը խստաշունչ է, երկարատև ու ձյունառատ (հունվ․ միջին ջերմաստիճանը՝ –10°C, –14°C), ամառը՝ զով (օգոստ․ 14°C, 17°C)։ Տարեկան տեղումները՝ 500–700 մմ։ Լանդշաֆտը մարգագետնա–տափաստանային է։ Հիմնականում անասնապահական շրջան է։ Մշակում են հացահատիկ։ Ա․ դ․ XIII դ․ մոնղոլ իշխան Աբաղայի բանակատեղին էր․ ենթադրվում է, որ դաշտը կոչվել է նրաա նունով։ Մինչև XVII դ․ այդտեղ եղել է հայկական խիտ բնակչություն (մոտ 300 գյուղ)։ Այժմ Ա․ դ–ում բնակվում են խաշնարած քրդեր։
Ա․ Ասլանյան

Հ․ Ա․ Աբաղյանց։
ԱԲԱՂՅԱՆՑ Հայկ Ավագի (1902–1964), հայ սովետական ջերմատեխնիկ, տեխ․ գիտ․ դ–ր (1951), պրոֆ․ (1952)։ Ծնվել է նոյեմբերի 22–ին, Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի ռազմածովային բարձրագույն ինժեներական ուսումնարանը (1928)։ 1931–50–ին վարել է նույն ուսումնարանի ջերմատեխնիկայի տեսական հիմունքների, ապա՝ նավաշոգեկաթսաների, իսկ 1960–ից Լենինգրադի նավաշինական ինստ–ի միջուկային էներգետիկայի ամբիոնները։ 1952–54–ին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական, 1956–64–ին՝ Լենինգրադի նավաշինական ինստ–ներում։ Ա․ ուսումնասիրել է հնոցային պրոցեսները նավակաթսաներում և մշակել ռոտացիոն բոցամուղների տեսությունն ու հաշվարկի մեթոդիկան։ Հետազոտել է ջերմափոխանցման պրոցեսները նավային և միջուկային շոգեգեներատորներում, միջուկային ռեակտորներում, մշակել դրանց տեսությանն ու հաշվարկին վերաբերող հարցեր։ Մահացել է ապրիլի 20–ին, Լենինգրադում։
Երկ․ Технологические каналы и сборки с трубчатыми тепловыделяющими элементами, Л., 1962; Работа ядерных парапроизводящих установок на переменных режимах, Л. 1963
Լ․ Ղուլոյան

ԱԲԱՄԵԼԻՔ Դավիթ Սիմեոնի (1774–1833), ռուսական իշխան, ծագումով հայ, գենմայոր (1818)։ Մասնակցել է Նապոլեոն I դեմ 1805–07–ի և 1812–ի պատերազմներին, պարգևատրվել Ս․ Աննայի I աստիճանի ադամանդակուռ շքանշանով։ Ա․ մոտ էր ժամանակի ռուսական առաջադեմ գործիչներին։

ԱԲԱՄԵԼԻՔ–ԼԱԶԱՐԵՎ (Աբամելիք–Լազարյան) Սիմեոն Սիմեոնի (1857–1916), հնագետ, երկրաբան։ Ռուսական իշխան, ազգությամբ հայ։ Ծնվել է Մոսկվայում։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմա–բանասիրական ֆակուլտետը։ 1882–ին մասնակցել է Պալմիրայի պեղումներին և հայտնաբերել «Պալմիրյան տարիֆ» կոչված երկլեզվյան (արամեերեն և հունարեն) նշանավոր արձանագրությունը, որը գիտության մեջ մտավ որպես սեմական վիմագրության ամենախոշոր հուշարձանը։ Պեղումների արդյունքներն ամփոփված են նրա «Պալմիրա» (1884) գրքում։ Մերձավոր Արևելքում իր երկրորդ ուղևորության ժամանակ (1895) Ա–Լ․ Պաղեստինի անդրհորդանանյան մասում ուսումնասիրել է հունա–հռոմեական հուշարձանների ավերակները Ջերաշում։ Հետազոտել է նաև ծծմբի հանքավայրեր Կովկասում և Սիցիլիայում։ Եղել է Լազարյան ճեմարանի խնամակալ և պատվավոր հոգաբարձու, ռուսական աշխարհագրական ընկերության անդամ։ Քաղ․ հայացքներով միապետական էր։ Խոշոր կալվածատեր էր և արդյունաբերող (ուներ երկաթամշակման գործարաններ Ուրալում)։ Նրա «Վիլլա Աբամելիք» դղյակը Հռոմում այժմ սովետական սեփականություն է։ Մահացել է Կիսլովոդսկում, թաղվել է Պետրոգրադում։
Երկ․ Джераш, СПБ, 1897; Вопрос о недрах и развитие горной промышленности с 1808 по 1908гг., СПБ, 1910.
Վ․ Դիլոյան

ԱԲԱՄԵԼԻՔ–ԼԱԶԱՐԵՎԱ (Լազարյան) Աննա Դավթի (ամուսնական ազգանունը՝ Բարատինսկայա, 1814–1889), ռուսական թարգմանչուհի, ազգությամբ հայ, Դ․ Ս․ Աբամելիքի․ դուստրը։ Ծնվել է Պետերբուրգում, ապրել Կազանում, որտեղ նահանգապետ էր ամուսինը՝ բանաստեղծԵ. Բարատինսկու եղբայր Իրակլին: Տիրապետել է անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին։ Այդ լեզուներով թարգմանել և Եվրոպայում հրաաարակել է Ա. Պուշկինի, Մ. Լերմոնաովի, Ֆ. Տյուտչևի, Ա. Կ. Տոլստոյի և Ն. Նեկրասովի ստեղծագործությունները։ Եվրոպական գրողներից ռուսերենի է թարգմանել Հայնեի, Շիլլերի, Մուրի առանձին գործերը։ Մտերիմ էր Ա. Պուշկինի հետ և ծանոթ նրա շրջապատին։ Մահացել է Պետերբուրգում։

ԱԲԱՄԵԼԻՔՆԵՐ, հայկական ծագումով իշխանական տոհմ Վրաստանում և Ռուսաստանում (XVII–XX դդ.)։ Ազգակցական կապերի մեջ մտնելով Լազարյանների հետ՝ 1870–ական թվականներից կոչվեցին Աբամելիք–Լազարյաններ (Աբամելիք–Լազարևներ)։

Աբայ Կունանբաև։
ԱԲԱՅ ԿՈՒՆԱՆԲԱԵՎ (1845–1904), ղազախ լուսավորիչ–բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիրը։ Ծնվել է հուլիսի 29(օգոստոսի 10)–ին, Չինգիզի լեռներում (այժմ՝ Սեմիպալատինսկի մարզ, գյուղ Կարաուլ), խոշոր ֆեոդալ Կունանբայ Ուսկենբաևի ընտանիքում։ Սովորել է Սեմիպալատինսկի մեդրեսեում (1858–59), հաճախել տեղի ռուսական դպրոցը։ Ինքնուրույն սովորել է արաբերեն, պարսկերեն, ուզբեկերեն, ուսումնասիրել Արևելքի մեծ բանաստեղծների և գիտնականների գործերը։ Սեմիպալատինսկում ծանոթացել է ռուս հեղափոխական աքսորյալների հետ, նրանց ազդեցությամբ ուսումնասիրել ռուս գրականությունը։
Ա. Կ. գրական գործունեությունն սկսել է 35–ամյա հասակից։ Բանաստեղծի կոչումը տեսել է հայրենիքին և ժողովրդին ծառայելու մեջ։ «Քուլեմբային» (1888), «Վերջապես գավառական դարձա…» (1889) և «Կառավարիչն իշխանավորով է ուրախ» (1889) երգիծական գործերով ընդվզել է բռնության դեմ։ Ղազախական աուլների կյանքը պատկերել է «Գարուն» (1890), «Ամառ» (1886), «Աշուն» (1889), «Ձմեռ» (1888) բանաստեղծությունների շարքում։ Գրել է պատմա–բանահյուսական թեմաներով պոեմներ՝ «Մասղութ» (1887), «Ասք Ազիմի մասին» (1889)։ «Խրատներ» աշխատության մեջ քննարկել է պատմության, փիլիսոփայության, մշակույթի, մանկավարժության, գրականագիտության, լեզվաբանության և այլ հարցեր։ Ա. Կ. միաժամանակ տաղանդավոր երգահան էր։ Նրա երգերն այժմ էլ երգվում են Ղազախստանում։ Մահացել է հունիսի 23(հուլիսի 6)–ին, Կարաուլ գյուղում։ Ա–ի կերպարը գեղարվեստորեն մարմնավորել է Մ. Աուեզովը «Աբայ» վեպում (հայերեն հրտ. 1952)։

ԱԲԱՆԱ, Ապանա, գյուղ Փոքր Հայքում, Շապին–Գարահիսար քաղաքից 20 կմ հարավ–արևելք, լեռնային վայրում։ Գյուղն ուներ Ս. Պողոս–Պետրոս եկեղեցի և վարժարան։ Միջին դարերում եղել է ամրոց և ճանապարհային կայան։ Ա–ով է անցել Սեբաստիա–Կարին առևտրական տարանցիկ ճանապարհը։

ԱԲԱՇԵԼԻ (իսկական ազգանունը՝ Չոչիա) Ալեքսանդրե Վիսարիոնի (1884–1954), վրացի սովետական բանաստեղծ։ Ծնվել է օգոստոսի 15(27)–ին, Քութայիսի նահանգի Սաճոճիո գյուղում։ 1905–07–ի հեղափոխությանը մասնակցելու համար աքսորվել է։ Վերադարձել է 1908–ին։ Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ է սիմվոլիզմը («Արևի ծիծաղը», 1913)։ Վրաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո երգել է սոցիալիստական շինարարության առօրյան («Թբիլիսյան գիշեր», 1926, «Հոկտեմբերի որոտը», 1937), արտացոլել Հայրենական մեծ պատերազմի դրվագները։ Վերջին բանաստեղծություններում («Խաղաղության աղավնին», «Չենք ուզում պատերազմ») անդրադարձել է խաղաղության թեմային։ Մահացել է սեպտ. 29–ին, Թբիլիսիում։
Երկ. Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., 1961, էջ 381–84։ თხზულებათა კრებული ორ ტომად, თბ., 1958–60; რჩეული, თბ., 1967.

ԱԲԱՇԵՎՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, ուշ բրոնզի դարաշրջանի (մ. թ. ա. երկրորդ հազարամյակի 2–րդ կես) ցեղերի մշակույթ Միջին Պովոլժիեում և Հարավային Մերձուրալում։ Ա. մ–ի դամբարանաբլուրներն աոաջին անգամ պեղվել են 1925–ին, Աբաշևո գյուղի (Չուվաշական ԻՍՍՀ) մոտ։ Հայտնաբերվել են երկրաչափ. զարդանախշերով կավամաններ, պղնձե և արծաթե զարդեր, զանազան գործիքներ, որոնք զարգացած որսորդության, ձկնորսության և անասնապահության ակնառու վկայություններն են։ Ա. մ–ի բնակավայրեր պահպանվել են միայն Մերձուրալում։

Գ․ Գ․ Աբաշիձե։
ԱԲԱՇԻՁԵ Գրիգոլ Գրիգորի ի (ծն. 1914), վրացի սովետական բանաստեղծ։ Ծնվել է հուլիսի 19(օգոստոսի 1)–ին, Վրաստանի Ճիաթուրա քաղաքում։ ՍՄԿԿ անդամ 1944–ից։ Վրաստանի սովետական գրողների միության վարչության առաջին քարտուղար 1967–ից։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակել է 1938–ին։ Պատկերել է սովետական մարդկանց մարտական սխրագործությունները («Թշնամիներ», 1941, «Տանկերի մենամարտ», 1941, «Անպարտելի Կովկաս», 1943)։ «Հարավային սահմանի վրա» (1949) և «Լենինը Սամգորիում» (1950) բանաստեղծությունների շարքերում (ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1951) գովերգել է ժողովուրդների բարեկամությունը, հայրենասիրությունը։ «Լեգենդ առաջին թբիլիսցիների մասին» (1959) պոեմը նվիրված է վրաց մայրաքաղաքի հիմնադրման պատմությանը։ Արձակ գործերից հայտնի է «Լաշարելա» (1957) պատմավեպը։
Երկ. Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., 1961, էջ 508–600։ რჩეული, თბ., 1960; თხზულებნი სამ ტომად, ტ. 1, თბ., 1970.

Ի․ Վ․ Աբաշիձե։
ԱԲԱՇԻՁԵ Իրակլի Վիսարիոնի (ծն. 1909), վրացի սովետական բանաստեղծ և գրականագետ։ ՎՍՍՀ ԳԱ ակադ. (1960)։ ՍՄԿԿ անդամ 1939–ից։ Ծնվել է նոյեմբերի 10(23)–ին, Քութայիսի նահանգի Խոնի գյուղում։ Վրաստանի գրողների միության վարչության նախագահ (1953–67)։ Վրացական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագիր։ Տպագրվել է 1928–ից։ «Նոր բանաստեղծություններ» (1938) ժողովածուն, «Ծաղկում է Գուրիան», «Որսորդների գիշերը», «Հնձի երգը» (1950–1951) բանաստեղծությունների շարքերը տոգորված են հայրենասիրությամբ, աշխարհը վերափոխող մարդու հույզերով։ Ա–ի գրականագիտական քննադատական աշխատություններում արծարծվում են վրաց ժամանակակից գրականության զարգացման խնդիրները։ «Պաղեստին, Պաղեստին. Ռուսթավելու հետքերով» շարքի համար արժանացել է Ռուսթավելու անվ. մրցանակի (1966)։ «Գանգեսի ափին» բանաստեղծությունների ժողովածուի և հնդկ. թեմաներով ստեղծած այլ երկերի համար արժանացել է Ջ. Ներուի անվ. մրցանակի 1970–71–ի դափնեկրի կոչման։ Պարգևատրվել է Լենինի 2 և 3 այլ շքանշաններով։ ՍԱՀՄ IV–VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
Երկ. Բանաստեղծություններ, Ե., 1958։ Պաղեստին, Պաղեստին. Ռուսթավելու հետքերով, Ե., 1966։ პალესტინა, პალესტინა!…რუსთაველის ნაკვალევზე, თბ., 1963; რჩეული, თბ., 1969.

Վ․ Ա․ Աբաշիձե։
ԱԲԱՇԻՁԵ Վասիլի (Վասո) Ալեքսիի (1854–1926), վրացի դերասան։ ՎՍՍՀ ժող. արտիստ (1922)։ Ծնվել է նոյեմբերի 22(դեկտ. 4)–ին, Դուշեթում։ Վրացական դերասանական արվեստի ռեալիստական դպրոցի հիմնադիրներից։ Կերտել է սոցիալական սրությամբ, ազգային կոլորիտով բնութագրային, կատակերգական և վոդևիլային կերպարներ. Կարապետ (Գ. Էրիսթավիի «Ժլատ»), Գեուրք, Մկրտում (Անտոնովի «Արևի խավարումը Վրաստանում»), Ավետիք (Ցագարելու «Այլ են հիմա ժամանակները»), Զիմզիմով (Սունդուկյանի «Պեպո»), Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր») ևն։ Գրել և թարգմանել է պիեսներ, հիմնադրել (1885) և խմբագրել է «Թեատրի» վրացերեն առաջին թատերական ամսագիրը։ Ա. հայ–վրացական թատերական կապերի ջատագովն էր, Գ. Սունդուկյանի, Շիրվանզադեի, Հ. Աբելյանի մտերիմը։ Տիրապետել է հայերենին (կինը՝ Մարիամ Սափարովա–Արաշիձեն, և հոր մայրը հայ էին), խաղացել հայկական ներկայացումներում (Թիֆլիսի հայկական թատրոնի 35–ամյակին, 1893-ի, հունվ. 28-ին, «Դալալ Ղաղո» վոդևիլում՝ հայերեն)։ Հ. Աբելյանի հետ ստորագրել է հայ–վրացական միացյալ թատերական շենք կառուցելու կոչը, 1908-ին ընտրվել է «Հայոց դրամատիկական ընկերության» պատվավոր անդամ։ Ա–ի անունով է կոչվում Թբիլիսիի երաժշտական կոմեդիայի վրացական թատրոնը։ Մահացել է հոկտ. 9-ին, Թբիլիսիում։
Գրկ. ցծյշծՅձ ձ–ւ Յ^1^ օւ6., 1954; 95 6 ց Ք5 ւո Ժ 3 «շ., Յ^™ Յոե $06.։ Ս^օոձօ, օ»ծ., 1958.

ԱԲԱՍ (ծն. թ. անհտ.- 596), Աղվանից կաթողիկոս 552-ից։ Առանձնանալով հայկական եկեղեցուց՝ Պարտավում հիմնադրեց Աղվանից եպիսկոպոսապետությանը։ Կրում էր «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը։ X դ. վրաց մատենագիր Արսեն Սափառելին Ա–ին հիշատակում է իբրև «Կաթողիկոս Հերեթի» (Աղվանքի)։ Սակայն Ա. ճանաչում էր հայ եկեղեցու առաջնությունը (Աղվանքի կաթողիկոսներին ձեռնադրում էին Հայոց կաթողիկոսները)։ Ըստ «Գիրք թղթոցի», Ա–ին ենթակա էին Աղվանքի 8 եպիսկոպոսական թեմեր։ Հավատարիմ հայ առաքելական եկեղեցուն, Ա. պայքարում էր քաղկեդոնական դավանանքի դեմ՝ վայելելով Բյուզանդիայի հակառակորդ Սասանյան արքունիքի հովանավորությունը։

ԱԲԱՍ Բագրատունի (ծն. թ. անհտ.- 953), Հայոց թագավոր 928-ից, Սմբատ Ա-ի որդին։ Նախքան թագավորելը՝ սպարապետ, նստում էր Կարսում։ Եղբոր՝ Աշոտ Բ Երկաթի մահից հետո գահ բարձրացավ որպես «Շահնշահ Հայոց և Վրաց» (վրաց Բագրատունիները ճանաչում էին նրա գերիշխանությունը)։ Կարսը հռչակեց թագավորանիստ, կառուցեց եկեղեցի՝ կանգուն ցայսօր։ Ա. վարում էր կենտրոնաձիգ քաղաքականություն։ 948-ին կաթողիկոսական աթոռը Աղթամարից փոխադրեց Արգինա, երկիրը մասամբ ազատեց արաբ հողատերերից, զսպեց աբխազական թագավորների ոտնձգությունները Հայաստանի և Քարթլիի (Արևելյան Վրաստան) թագավորության նկատմամբ։ Ա–ի օրոք հայկական զորքերը շարունակում էին լեռնականների ներխուժումներից պաշտպանել Ալանաց դուռը։ Ա. զբաղվել է երկրի վերաշինությամբ։
Գրկ. Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885։ Еремян С. Т., Присоединение северо-западных областей Армении к Византии в XI веке, ԼՀԳ, №3, 1971։

ԱԲԱՍ Բագրատունի (ծն. թ. անհտ․ -1029), Կարսի թագավոր 984-ից։ Հայոց ԱբասԲագրատունի թագավորի թոռը։ Հաջորդեց հորը՝ Մուշեղ Ա-ին՝ ժառանգելով քայքայված և անկազմակերպ Կարսի թագավորությունը: Բարեկարգեց երկիրը, վերացրեց «գողությունն ու ավազակությունը»։ Արաբների և բյուզանդացիների դեմ պայքարելիս գործակցել է հայ և վրաց գահակալներին։ Ա–ի բանակը հայ–վրացական ուժերի հետ մասնակցեց Ծումբի ճակատամարտին (998)՝ հաղթելով Ատրպատականի ամիրա Մամլանի զորքերին։ Ասողիկի բնութագրմամբ Ա. «փառահեղ մարդ էր՝ լի հանճարով և իմաստուն»։
Գրկ. Ստեիանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885։

ԱԲԱՍ Բագրատունի (ծն. և մահ. թթ. անհտ.), Հայոց սպարապետ (860-892), Սմբատ Բագրատունի Աբլաբասի կրտսեր որդին, եղբայրը Աշոտ Ա Բագրատունի թագավորի, որից ընդունեց զորքի սպարապետությունը։ Ա. Բ. հաստատվեց Կարսում, հիմնեց ապարանք և զորակայան։ Հայտնի է կենտրոնախույս ուժերի դեմ մղած պայքարով։ Արաքսի ձորում (այժմյան Կաղզվանի մոտ) 40 հազարանոց զորաբանակով ջախջախեց Արշարունիք խուժած Կայսիկ ցեղի առաջնորդ Ջահհաֆին, կանխեց Աշոտ Ա-ի դեմ Հայաստանի ոստիկան Ահմադի և Պարտավի ամիրայի դավադրությունը։ 890-ին ապստամբեց Հայաստանի նոր թագավոր Սմբատ Ա-ի դեմ, հաջողություն չունեցավ և շարունակեց վարել սպարապետությունը։
Գրկ. Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ԱՊԲ, 1885։

ԱԲԱՍ Ա (ծն. թ. անհտ.-1145), Լոռու թագավոր մոտ 1090-ից։ Կյուրիկե Ա-ի որդին և հաջորդը։ Իշխում էր եղբոր՝ Դավթի հետ միասին։ Ա–ի օրոք ուժեղացան սելջուկների ասպատակությունները։ Նրանք 1111-13-ին վերջնականապես նվաճեցին Լոռու թագավորությունը: Ա. ապաստանեց Ուտիքի Տավուշ բերդում, ուր հիմնեց իր իշխանությունը։ Սելջուկները մշտական սպառնալիքի տակ էին պահում նաև Տավուշի իշխանությունը. 1145-ին այն գրավեց Գանձակի Չոլի ամիրան։ Ա. անցավ եղբոր մոտ՝ Մածնաբերդ։ 1139-ին օժանդակել է Աղվանից Գրիգոր կաթողիկոսի ձեռնադրմանը։

ԱԲԱՍԱԲԱԴ, տես Աստապատ:

ԱԲԱՍ–ԳՅՈԼ, գյուղ Սուրմալուի գավառում, համանուն լճակի մոտ։ 1906-ին ուներ 670 բնակիչ, մեծամասնությունը՝ հայեր։ Բնակչությունն զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ոռոգման նպատակներով օգտագործում էին Աբաս–գյոլ լճակի ջուրը։ Գյուղն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ 1918-20-ի կոտորածներից Ա–գ–ի բնակչության փրկված մասն ապաստանեց Սովետական Հայաստանում։

ԱԲԱՍԹՈՒՄԱՆ, քաղաքատիպ ավան Վրացական ՍՍՀ Ադիգենի շրջանում։ Լեռնակլիմայական առողջարան Մեսխեթի լշ. հվ. լանջին, Օձխե գետի կիրճում, բարձր. 1300 մ. 5 հզ. բն. (1969), վրացիներ, հայեր։ Հեռավորությունը Ախալցխա երկաթուղային կայարանից 28 կմ է։ Շրջակա լեռները ծածկված են փշատերև անտառներով։ Ունի տաք ջրեր (40°C-48°C)։ Առողջարանում բուժում են թոքերի տուբերկուլոզի ակտիվ ձևերը և դրան ուղեկցող հիվանդություններ (հոդերի, ծայրամասային նյարդային համակարգության, կանացի)։ Առողջարանը գործում է ամբողջ տարին։

Աբասթումանի աստղաֆիզիկական դիտարանը։
ԱԲԱՍԹՈՒՄԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, Վրացական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի աստղաֆիզիկական դիտարան Աբասթուման ավանի մոտ, Կանոբիլի լեռան վրա, բարձրությունը 1650 մ։ Հիմնադրվել է 1932-ին։ Ա. ա–ում հետազոտվում են լույսի միջաստղային կլանմանը, փոփոխական աստղերին, Արեգակի ծառայությանը և Երկրի մթնոլորտին վերաբերող հարցեր, դասակարգվել են մոտ 35 հզ. աստղերի սպեկտրներ։ Խոշորագույն գործիքը Մաքսուտովի տիպի 70 սմ–անոց աստղադիտակն է, իր տեսակի մեջ ամենամեծը աշխարհում։

ԱԲԱՍԻ, պարսկական արծաթյա դրամ։ Շրջանառության մեջ է մտել XVII դարում, Աբբաս I Մեծի օրոք։ Ռուս, ռուբլու արժեքով հավասար էր 5,3 կոպեկի։ Պարսկական տիրապետության ժամանակ, ինչպես նաև վրաց թագավորների իշխանության վերջին շրջանում կտրվում էր նաև Անդրկովկասում։ Վրաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, մինչև 1827-ը, Թիֆլիսում շարունակում էին Ա. կտրել։ Ա. հավասար էր չորս շահիի։ Անդրկովկասը Ռուսաստանին միանալուց հետո պարսկական և վրացական դրամները վերացվեցին, սակայն, տեղացիներն սկսեցին Ա. անվանել ռուսական 20 կոպեկանոց դրամը։

ԱԲԱՐԱ, ամրոց Փոքր Հայքում, Տևրիկ քաղաքից ոչ հեռու, բարձրադիր ու դժվարամատույց վայրում։ IX դ. Ա. պավլիկյանների ամրոցներից էր։ XI դարից հիշատակվում է որպես քաղաք։ 1021-80-ին մտնում էր Սեբաստիայի Արծրունիների իշխանության մեջ։ Ենթադրվում է, որ ավերվել է մոնղոլական տիրապետության ժամանակ (XIII–XIV դդ.)։

ԱԲԱՐԱՆ, գետ ՀՍՍՀ–ում։ Տես Քասաղ:

ԱԲԱՐՅԱՆ Ալեքսանդր Ավագի (1897-1967), հայ սովետ, ռեժիսոր։ ՎՍՍՀ ևՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1943, 1964)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ծնվել է դեկտ. 16(28)–ին, Դերբենտում։ Բեմական գործունեությունն սկսել է Աստրախանում, աշխատել Կիսլովոդսկի (1921-26), Բաքվի (1926-27), Թբիլիսիի (1927-36) հայկական թատրոններում որպես դերասան։ 1937-44-ին եղել է Թբիլիսիի Ս. Շահումյանի անվ. հայկական դրամատիկական
թատրոնի գլխավոր ռեժիսորը (1954-ից՝ ռեժիսոր), 1947–53-ին՝ Լենինականի պետթատրոնի գլխավոր ռեժիսորը։ Լավագույն բեմադրություններից են՝ Սլավինի «Ինտերվենցիա» (1934), Ջանանի «Շահնամե» (1936), Գորկու «Թշնամիները» (1938, 1950), Սունդուկյանի «Քանդած օջախ» (1938, 1947), Մետերլինկի «Մոննա Վաննա» (1943), Ա. Օստրովսկու«Տաղանդներ և երկրպագուներ» (1951)։ Մահացել է հունվ. 25-ին, Լենինականում, թաղվել Թբիլիսիում։
Գրկ. Հարությունյան Ս. Ս., Ալեքսանդր Աբարյան, Ե., 1969։

ԱԲԲԱ (արամ. abba — հայր), 1. կաթոլիկ հոգևորականներին շնորհվող կոչում։ 2. Աբբայության տնօրեն, աբբահայր, վանահայր։

ԱԲԲԱՅՈՒԹՅՈՒՆ, կաթոլիկական վանք աբբայի կամ աբբայուհու տնօրինության ներքո՝ ենթակա տվյալ թեմի եպիսկոպոսին կամ անմիջապես Հռոմի Պապին։ Ա–ները միջին դարերում Եվրոպայի տնտեսական ու քաղաքական կյանքում մեծ ազդեցություն ունեցող հարուստ վանքեր էին, բայց XVIII դարից կորցրին իրենց նշանակությունը, թեև նրանց մի մասը շարունակում է գոյություն ունենալ։

ԱԲԲԱՍ Խոջա Ահմադ (ծն. 1914), հնդիկ կինոռեժիսոր, սցենարիստ, գրող։ Ծնվել է հունիսի 7-ին։ Գրական գործունեությունն սկսել է 1935-ից։ Գրում է անգլերեն և ուրդու լեզվով։ Բեմադրել է «Ուղեվոր» (1953, ՍՍՀՄ էկրաններում՝ «Գանգա»), «Մուննա» (1954), «Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ» (1958, ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների հետ), «11 հազար աղջիկ» (1963) և այլ կինոնկարներ։ Գրել է «Թափառաշրջիկ» (1951), «Պարոն 420» (1955) և այլ ֆիլմերի սցենարներ, «Հեղափոխություն» (1954), «Չորս սիրտ, չորս ճանապարհ» (1959) վեպերը ևն։ Ա. խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ է (1958)։

ԱԲԲԱՍ I Մեծ (Շահ–Աբբաս, 1571-1629), Իրանի Սեֆևյան հարստության շահ 1587-ից։ Հոր՝ շահ Խուդաբենդեի օրոք՝ խորասանի փոխարքա։ Մինչև Ա. I Սեֆևյանների քաղաքական հենարանը Ատրպատականն էր։ Երկիրը տնտեսական քայքայվածությունից դուրս բերելու և իշխանությունը կենտրոնացնելու նպատակով Ա. կողմնորոշվեց դեպի պարսիկները։ Արտոնություններ տվեց հայ հոգևորականությանն ու վաճառականությանը, կառավարման մեջ ներգրավեց իրանական ավագանուն։ Թուլացրեց քոչվոր ղզլբաշական և այլ թուրքական ցեղերի ռազմական ազնվականության քաղաքական դերը, ավելի ուշ, 1598-ին մայրաքաղաքը Ղազվինից տեղափոխեց Սպահան։ Երկրի ներքին կյանքում կատարեց բարեփոխումներ, հումքի (մետաքս) մշակումը խրախուսելու նպատակով բացեց պետ. արհեստանոցներ, հովանավորեց Եվրոպայի հետ առևտուրը՝ ներգրավելով հայ առևտրականներին, մետաքսի արտահանությունը դարձրեց պետ. մենաշնորհ, կառուցեց իջևանատներ, ճանապարհներ, կամուրջներ, ոռոգման ջրանցքներ։ Դիվանագիտական կապեր հաստատեց Անգլիայի, Ռուսաստանի, Ավստրիայի, Իսպանիայի, Հոլանդիայի հետ։ Պարսկաստանի արմ. և հս. երկրամասերը ետ նվաճելու համար պատերազմ մղեց Թուրքիայի և Բուխարայի դեմ, գրավեց Լորիստանը, Գիլանը, Մազանդարանը և Խորասանը։ Իր իշխանությանը ենթարկեց Աֆղանստանի մեծ մասը։ 1601-13-ին թուրքերից վերագրավեց Ատրպատականը, Հայաստանի և Վրաստանի մի մասը, Շիրվանը։ 1623-ին գրավեց Բաղդադը, Մոսուլը, շիա աղանդի հետևորդների սրբավայր Քերբելան և Նաջաֆը։ Անգլ. Արևելա–հնդկական ընկերության օժանդակությամբ պորտուգալացիներին դուրս մղեց Պարսից ծոցի շրջանից, Եվրոպայի հետ առևտրի ճանապարհը Թուրքիայից Իրան փոխադրելու դիտավորությամբ Պարսից ծոցի ափին կառուցեց Բենդեր–Աբբաս նավահանգիստը (1623)։ Ա–ի իշխանության վերջին տարիներին Աեֆևյանների տիրապետությունը տարածվեց Տիգրիսից Հնդկաստան։ Ա. մեծ արհավիրքներ բերեց հայերին։ Օգտագործելով նրանց դժգոհությունը թուրք․ տիրապետությունից՝ Ա. նպատակ ուներ հեշտացնել 1590-ին թուրքերի նվաճած անդրկովկասյան տերիտորիաների ետգրավումը և հայերի ու վրացիների գաղթեցումը Պարսկաստան։ Արցախի մի խումբ վաճառականներ ու մելիքներ, ինչպես նաև մի քանի գյուղերի բնակիչներ Ա–ի թագավորության առաջին տարում գաղթեցին Սպահան։ Նույն միջոցին դիմեցին նաև Ատրպատականի թուրքահպատակ մահմեդական կալվածատերերից ոմանք և Էջմիածնի Գավիթ ու Սելքիսեթ կաթողիկոսները։ 1603-ին Ա. օսմանցիներից գրավեց Թավրիզը, Նախիջևանն ու Երևանը և գրաված վայրերի հայ բնակչությանը գաղթեցրեց Իրան։ 1604-ի աշնանը թուրքերը պարսկ. բանակին ստիպեցին նահանջել։ Ա. հրամայեց իր ճանապարհի վրա գտնվող շրջանների ամբողջ բնակչությանը (մոտ 300 հզ.)՝ Շիրակից մինչև Գողթն, բռնի գաղթեցնել Իրան։ Նրանց մեծ մասը զոհվեց ճանապարհին։ Այդ բռնագաղթը հայ ժողովրդի մեծագույն աղետներից էր։ Հայաստանի շրջանների բնակչությունը նոսրացավ, օտար տարրերի բնակեցման հնարավորությունները մեծացան, երկիրը երկար ժամանակ զրկվեց պաշտպանունակությունից (տես նաև Իրան, Հայերն Իրանում բաժինը)։
Գրկ. Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, 3 տպգ., Վաղ–պատ, 1896։Ավգոստինոս Բաշեցի’, Պատմութիւն թագաւորացն հայոց որ ի Սիս, մաս 2. Ճանապարհոր–դութիւն յԵվրոպա, ՍՊԲ, 1884։ Տեր–Հովհանյան Հ․, Պատմություն Նոր Ջուղայու, հ. 1-2, Ն. Ջուղա, 1880-81։ Գորոյանց Ն., Պարսկաստանի հայերը, Թեհրան, 1968։ Иванов М. С., Очерки истории Ирана, М., 1952
Տ. Հակոբյան

ԱԲԲԱՍ II (Շահ–Աբբաս II, ծն. թ. անհտ.-1666), Իրանի Սեֆևյան հարստության շահ 1642-ից։ Աբբաս I Մեծի թոռը։ Հայկական աղբյուրներն Ա–ին հիշատակում են որպես խաղաղասեր, հայոց եկեղեցուն, Նոր Ջուղայի հայերին հովանավորող գահակալի։ Ա–ի հայանպաստ գործունեությունը թելադրվում էր Եվրոպայի և Ռուսաստանի հետ Իրանի առևտրական մերձեցման և Թուրքիայի դեմ Ռուսաստանի, Իրանի և Լեհաստանի միջև քաղաքական դաշինք ստեղծելու գործում հայերի ցուցաբերած գործուն աջակցությամբ։
Գրկ. Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, Վաղ–պատ, 1870։ Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, Ե., 1938։

ԱԲԲԱՍ–ՄԻՐԶԱ (1789 -1833), Իրանի պետական և ռազմական գործիչ, Ատրպատականի նահանգապետ, Ֆաթհ–Ալի–Շահ Կաջարի որդին։ Գլխավորել է Իրանի ներքին ու արտաքին քաղաքականությունը՝ ձգտելով ստեղծել կենտրոնացված ուժեղ միապետություն։ Ֆրանսիայի ու Անգլիայի աջակցությամբ երկարատև պայքար է մղել Ռուսաստանի դեմ Անդրկովկասի համար։ Անգլ. և ֆրանս. հրահանգիչների միջոցով փորձել է պարսկական բանակը վերակառուցել եվրոպական ձևով։ Ռուս–պարսկական (1804 -13, 1826 -28) և թուրք–պարսկական (1821 -23) պատերազմների ժամանակ Ա–Ս. պարսկական բանակի գլխավոր հրամանատարն էր։ Անդրկովկասի ժողովուրդների Ռուսաստանի հետ միավորվելու ձգտումները ճնշելու և նրանց բռնությամբ պարսկ. տիրապետության տակ պահելու Ա–Ս–ի բոլոր փորձերը ձախողվեցին, և Գյուլիստանի (1813) ու Թուրքմենչայի (1828) պայմանագրերով Իրանը հրաժարվեց երկրամասի նկատմամբ իր հավակնություններից։ Մահացել է Խորասանում։

ԱԲԲԱՍՅԱՆՆԵՐ, արաբական խալիֆաների հարստություն։ Կոչվել է Մուհամմեդ մարգարեի հորեղբայր Աբբասի անունով։ Ա. իշխանության տիրացան Աբա–Մուսլիմիապստամբության շնորհիվ։ Հարստության հիմնադիրն էր Աբու–լ–Աբբաս Սաֆ–ֆահը (750-754)։ Հաջորդները՝ Մանսուր (754-775), Մահդի (775-785), Հադի (785-786), Հարուն ալ–Ռաշիդ (786-809), Ամին (809-813), Մամուն (813-833), Մութասիմ (833-842), Ուասիք (842-847), Մութավաքիլ (847 -861), Մունթասիր (861-862), Մուսթաին (862-866), Մութազզ (866-869), Մուհթադի (869 -870), Մութամիդ (870-892), Մութադիդ (892-902), Մուքթաֆի (902-908), Մուքթադիր (90 -932), Կահիր (932 -934), Ռադի (934-940), Մութթակի (940-944), Մուսթաքֆի (944-946), Մութի (946 -974), Թաի (974-991), Կադիր (991-1031), Կաիմ (1031-75), Մուքթաֆի (1075-94), Մուսթազհիր (1094 -1118), Մուսթարշիդ (1118-35), Ռաշիդ (1135-36), Մուքթաֆի (1136-60), Մուսթանջիդ (1160-70), Մուսթադի (1170-80), Նասիր (1180-1225), Զահիր (1225-26), Մուսթանսիր (1226-1242), Մուսթասիմ (1242-58)։
Ա–ի խալիֆայությունը (հայտնի է նաև Բաղդադի խալիֆայություն անվամբ) սկզբում տարածվում էր Ատլանտյան օվկիանոսից մինչև Հնդկաստան՝ ընդգրկելով Ասիայի արաբական երկրները, Իրանը (մինչև IX դ. սկիզբը), Առաջավոր Ասիայի մեծ մասը, Անդրկովկասը, Միջին Ասիայի հարավային մասը, Եգիպտոսը, Հյուսիսային Աֆրիկան (մինչև IX դ.)։ VIII դ. երկրորդ կեսին Օմայանների իշխանությունը զգալիորեն թուլացել էր նվաճված ժողովուրդների ըմբոստության և ներքին երկպառակությունների պատճառով։ Հենվելով պարսիկ ֆեոդալական
վերնախավի և շիա աղանդի հետևորդների վրա՝ Ա. 750–ին տապալեցին Օմայաններին։ Նոր ավագանին ավելի նվիրված էր ձևանում մահմեդականության գաղափարներին՝ ընդգծելով ազգակցությանը Մուհամմեդ մարգարեի հետ։ Մահմեդական կրոնում իրանական թարմ հոսանքը նպաստեց նրա տարածմանը և խալիֆաների, որպես կրոնապետերի, իշխանության ամրապնդմանը։ Պարսիկ կրթված դասը մշակեց մահմեդական աստվածաբանության և իրավաբանության սկզբունքները և առաջնակարգ տեղ գրավեց քաղաքական, ռազմ․ ասպարեզներում։ Մայրաքաղաքը Դամասկոսից փոխադրվեց 762–ին հիմնադրված Բաղդադ քաղաքը։ Խալիֆաները մարմնավորում էին և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանությունը։ Ա–ի խալիֆայությունը բազմալեզու, ֆեոդալական բռնապետություն էր։ Արտադրության հիմն․ ճյուղերն էին հողագործությունը և անասնապահությունը։ Գյուղացիները հողահարկ՝ խարաջ էին վճարում, ոչ մահմեդականները՝ նաև գլխահարկ՝ ջիզիե։ Արհեստներն ու առևտուրը նպաստեցին քաղաքների զարգացմանը (Բաղդադ, Բասրա, Դամասկոս, Կահիրե, Բուխարա)։ Զարգացավ արաբ․ մշակույթը։ Մամուն խալիֆայի օրոք (813 – 833) հին պարսկերենից, հունարենից և ասորերենից արաբերեն թարգմանվեցին բազմաթիվ աշխատություններ, ստեղծվեցին գրադարաններ, զարգացավ մաթեմատիկան, աստղաբաշխությունը, ճարտարապետությունը ևն։
Կուլ գնալով փարթամ ու շվայտ կյանքին, մեկուսանալով պալատներում՝ խալիֆաներն ի վերջո դադարեցին զորքի առաջնորդ և պետության ղեկավար լինելուց՝ երկրի հոգսը թողնելով օտարազգի ամիրաներին։ Մութասիմ խալիֆան (833 – 842), ահաբեկված ծանր հարկերի տակ կքած հպատակների ընդվզումներից և չվստահելով արաբ․ ցեղային աշխարհազորին, իր թիկնապահ զորքը համալրեց թուրք ստրուկներով։ Երկրով մեկ ծավալվեց աղանդավորական շարժումը։ Աշխատավորների հակաֆեոդալական պայքարը և ժողովուրդների ազատագր. շարժումը խարխլեցին խալիֆայության հիմքերը, իշխանությունը կորցրեց հեղինակությունը, խալիֆաները խաղալիք դարձան թուրք թիկնապահ գնդի ու ամիրաների ձեռքին։ Խալիֆայությունը տեղը զիջեց պետության տարբեր մասերում առաջացած ինքնուրույն իշխանություններին։ Դեռևս խալիֆայության կազմավորման սկզբում նրանից անջատվեց Օմայանների մի ճյուղը (756 – 1031)՝ հիմնելով Իսպանիայում Կորդովայի խալիֆայությունը։ Այնուհետև անջատվեցին Իդրիսյանները (788 – 985)՝ Մարոկկոյում, Աղլաբյանները (800 – 909)՝ Ալժիրում ու Թունիսում և Թահիրյանները (821 – 873)՝ Խորասանում։ Մեծ դժվարությամբ ճնշվեց սևամորթ ստրուկների (զինջերի) 869 – 883–ի ապստամբությունը։ Եգիպտոսում անկախության հասան Թուլունյանները (868 – 905), Իրանում՝ Սաֆարյանները (867–908) և Սամանյանները (875–999), Արաբիայում՝ Կարմաթները։
Աբբասյանների խալիֆայությունը VIII–IX դդ․
Հայաստանը Ա–ի օրոք կառավա րում էին արաբ․ ոստիկանները, երբեմն էլ՝ արաբների կողմից նշանակվող հայ իշխանները։ Նրանց նստավայրը Դվինն էր։ Մոլեռանդ ոստիկանները հալածում էին հայերին։ Ըստ Մուհամմեդի պատվիրանի՝ բռնությամբ կարելի էր մահմեդականացնել միայն հեթանոսներին։ Քրիստոնյա և այլակրոն մյուս ժողովուրդները, սահմանված հարկերը վճարելով, կարող էին պահպանել իրենց հավատը։ Ոստիկանները գործադրում էին ամեն միջոց՝ բնակչությանը կողոպտելու համար։ Հայ ժողովուրդը համառորեն պայքարում էր հանուն իր լեզվի, մշակույթի և ազգային ինքնուրույնության։ 849–ին սասունցիներն ապստամբեցին, սպանեցին ոստիկանին և արաբներին վռնդեցին Սասունից։ Ապստամբությունը ճնշելու համար Հայաստան ուղարկվեց ծագումով թուրք, նախկինում ստրուկ Բուղա զորավարը։ Դաժանությամբ նա գերազանցեց նախորդներին։ Բուղայի զորքը թալանեց, ավերեց և կողոպտեց երկիրը։ Հայ իշխանների մի մասին բռնի ուղարկեց Բաղդադ։ Կենտր. իշխանության թուլացման շրջանում (IX դ. վերջին) Հայաստանում կազմավորվեց Բագրատուննիների թագավորությունը։ Ա. հարկադրված եղան 862–ին Աշոտ Բագրատունուն (տես Աշոտ Ա) Հայոց իշխանաց իշխանի տիտղոս շնորհել՝ ճանաչելով նրա գերիշխանությունը նաև Վրաստանում ու Աղվանքում։
886–ին Մութամիդ խալիֆան իշխանաց իշխան Աշոտին թագ ու թագավորական զգեստներ ուղարկեց։ Նոր պայմաններում Դվինի ոստիկանները ջանում էին չափավորել Բագրատունիների ինքնուրույն լինելու ձգտումները և կանխել նրանց մերձեցումը Բյուզանդիայի հետ։ Սմբատ Ա և Աշոտ Բ Երկաթ թագավորների հակա–արաբական դիրքավորումը ոստիկաններին նոր ասպատակությունների առիթ տվեց։ Բագրասաւնիներին ջլատելու, հայերին միմյանց դեմ լարելու համար արաբ․ ամիրաները Հայաստանի նահանգներում, նույնիսկ գավառներում, իրենց կողմնակից հայ իշխաններից ոմանց գահակալության իրավունք շնորհեցին։ Այսպես ստեղծվեցին Վասպուրականի և Սյունիքի թագավորությունէւերը։ IX դարի վերջերին արաբական տիրապետությունը Հայաստանում հետզհետե վերացավ, առանձին քաղաքներում միայն պահպանվեցին տեղական մահմեդական իշխանություններ։
945–ին, երբ բուվայհիները (բուիներ) գրավեցին Բաղդադը, Ա. փաստորեն կորցրին աշխարհիկ իշխանությունը բուն խալիֆայության ներսում, բայց պահպանեցին մահմեդականների կրոնապետի կոչումը և մնացին Բաղդադում նույնիսկ սելջուկների կողմից մայրաքաղաքը գրավելուց (1055) հետո։ Մոնղոլների ներխուժումից և Բաղդադի ավերումից (1258) հետո Աբբասյանները հարկադրված տեղափոխվեցին Կահիրե։ 1517–ին օսմանյան սուլթան Սելիմ I գրավեց Եգիպտոսը, յուրացրեց մահմեդականների կրոնապետի կոչումը, նստավայրը տեղափոխեց Կ. Պոլիս։
Գրկ. Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885։ Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ., 1912։ Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, Թ., 1917։ Ղևոնդ Մեծ, Պատմութիւն Հայոց, ՍՊԲ, 1887։ Ֆասմեր Ռ., Ժամանակագրություն արաբական ոստիկաններու, «ՀԱ», 1928, 29, 32 թթ.։ Беляев Е. А., Арабы, ислам и арабский халифат, М 1965.
Ա. Տեր–Ղևոնդյան

ԱԲԲԵ (Abbe) Էռնեստ (1840–1905), գերմանացի ֆիզիկոս, հաս. գործիչ։ Ծնվել է հունվարի 23–ին։ 1870–ից ֆիզիկայի պրոֆեսոր Ենայի համալսարանում, 1877–1890–ին՝ նույն քաղաքի աստղադիտարանի տնօրեն։ Մանրադիտակում պատկերների գոյացման տեսության հեղինակ։ Ա–ի տեսությունն այդ բնագավառի առաջին գիտական սպառիչ ամփոփումն է։ Ենայի համալսարանի մեխանիկ Կառլ Ցայսի առաջարկով Ա. մասնակցել է նրա օպտիկական արհեստանոցի ստեղծմանը։ Ա–ի շնորհիվ Ցայսի արհեստանոցը վերածվեց համաշխարհային հռչակ վայելող ձեռնարկության։ Ցայսի մահից հետո Առ․ դարձավ ձեռնարկության փաստացի տերը։ Սակայն, ելնելով իր սոցիալ–քաղ. համոզմունքներից, հրաժարվեց սեփականատիրոջ իրավունքից, ձեռնարկության համար մշակեց հատուկ կանոնադրություն, ըստ որի, ձեռնարկության վարչությունը պետք է կազմվեր կառավարության, Ենայի համալսարանի և բանվորների ներկայացուցիչներից։ 1900–ին այնտեղ սահմանվեց ութժամյա բանվորական օր։ Գործարանի եկամտի որոշ մասը հատկացվում էր Ենայի համալսարանի թոշակառուների ֆոնդին և լուսավորական նպատակների։ Ա. ազատամիտ–բարենորոգիչ էր, «լիբերալ ժողովրդական կուսակցության» անդամ։ Մահացել է հունվ. 14–ին։

ԱԲԳԱՐ (Աբգարոս, Աբգարիոս, Աբգարես), Օսրոյենեի թագավորության բոլոր գահակալների անունը։ Առավել նշանավոր է Աբգար IX թագավորը (179–214), որն առաջինն ընդունեց քրիստոնեությունը (207–ին)։ Ա. IX դարձի ավանդական պատմությունը, որի գրառումը վերագրվում է նրա քարտուղար Լաբուբնային, երկրորդ անգամ խմբագրվել և ճոխացվել է IV դ. վերջին։ Ա. IX Քրիստոսի ժամանակակիցը դարձնելու և իրենց եկեղեցու հեղինակությունը բարձրացնելու միտումով ասորի պատմիչներն աբգարյան ավանդությունը կապեցին Ա. V (I դ.) անվան հետ և III դ. եղելությունները փոխադրեցին I դ.։ Հայոց թագավոր, Սանատրուկ Բ 91–ին արշավել է Եդեսիայի Ա. VI թագավորի (71–91) դեմ և գրավել նրա գահը՝ ստանալով նաև «Եդեսիոյ թագավոր» տիտղոսը (հավանաբար կրելով նաև Ա. անունը)։ Դա հիմք է հանդիսացել Ա–ին Հայոց թագավոր համարելու և պնդելու, թե իբր նա նամակագրություն է ունեցել Քրիստոսի հետ։ Նույնի հիման վրա ստեղծվել է այն ավանդությունը, թե իբր մ. թ. I դ. քրիստոնեությունը տարածվել է Հայաստանում։

Աբգար Թոխաթեցի
ԱԲԳԱՐ ԹՈԽԱԹԵՑԻ (Սաֆար Աբգար, Աբգար Եվդոկացի, Աբգար դպիր, ծն. թ. անհտ. – մոտ 1572), հայ տպագրիչ, հասարակական–քաղաքական գործիչ, ծածկագրերի մասնագետ։ Ծնվել է Թոխաթում (Եվդոկիա), հայրը՝ Ամիրբեկ, մայրը՝ Եվա։ Ժամանակակիցներին ներկայացել է իբրև հայոց թագավորների շառավիղ։ 1562–ին Էջմիածնի Միքայել Սեբաստացի կաթողիկոսը, որ այդ ժամանակ ապաստանել էր հայրենի Սեբաստիայում, Աբգարի գլխավորությամբ պատգամավորություն ուղարկեց Հռոմ՝ Հայաստանի ազատագրության և դավանաբանական հարցերով։ Այդ առաքելությունը շոշափելի արդյունք չտվեց, բայց Աբգարի Իտալիայում գտնվելը կարևոր նշանակություն ունեցավ հայ տպագրության զարգացման համար։ Հռոմի Պիոս IV պապից և Վենետիկի Հերոնիմոս Դոժից հայերեն գրքեր տպագրելու իրավունք ստանալով՝ Ա. Թ. 1565–ին վենետիկում տպագրեց «Խառնայ փնթուր տումարի» օրացույցը (մեկ էջի վրա) և Սաղմոսարան (վերջինս մինչև 1880–ական թվականները սխալմամբ համարվել է հայերեն առաջին տպագիր գիրքը, իսկ Ա. Թ. առաջին հայ տպագրիչը)։ Այնուհետև տեղափոխվեց Կ. Պոլիս, որտեղ հիմնեց տպարան։ Այստեղ տպագրեց ևս 6 գիրք. 1567–ին՝ «Փոքր քերականութիւն», 1568–ին՝ «Պարզատումար», «ժամագիրք» և «Պատարագամատոյց» (միասին), «Տօնացոյց», «Տաղարան», 1569–ին՝ «Մաշտոց»։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ա. Թ. տպագրությունն սկսել է ձեռքի տակ ունենալով հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի գրքերը։ Պահպանվել է հայերի դավանանքի և ազգային սովորությունների մասին Պիոս IV պապի առաջարկով Աբգարի հեղինակած մի գրությունը (լատիներեն թարգմանությամբ)։
Գրկ. Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786։ Լեո, Հայկական տպագրության, հ. 1, Թ., 1904։ Զարդարյան Վ., Հիշատակարան (1512 – 1933), հ. 5, Կահիրե, 1939։ Լևոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958։ Անասյան Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959։
Ռ. Իշխանյան

ԱԲԳԱՐԻՈՍՆԵՐ (Աբգարյաններ), արաբացած հայ գերդաստան։
1․ Հակոբ եպիսկոպոս Լյուստրացի (արաբ, հնչմամբ՝ Յաղուբ Էփքարիոս, 1781–1845), գերդաստանի նահապետը, 1823–ին Երուսաղեմում կարգաթող լինելուց հետո ընդունել է բողոքականություն, գաղթել Լիբանան, հաստատվել Սայդայում, ապա Բեյրութում, դարձել մեծահարուստ։ Նրա անունով Բեյրութի պարսպի դռներից մեկը կոչվել է «Բաբ Ցաղուբ»։ Ունեցել է չորս զավակ, որոնցից առավել հայտնի են Աբգարիոս Իսքենդերը և Աբգարիոս Ցուհաննան։ Մահացել է Բեյրութում։
2. Աբգարիոս Իսքենդեր (1826–1885), բանաստեղծ, գրականագետ, պատմաբան։ Ծնվել է Բեյրութում (Լիբանան), սովորել տեղում, հետո՝ Անգլիայում, կարճատև պաշտոնավարել է Եգիպտոսի Իբրահիմ փաշայի պալատում, ապա նվիրվել գիտական և գրական գործունեության: Գրել է խոհական–փիլիսոփայական բանաստեղծություններ, պատմա–գրական աշխատություններ։ Գլուխգործոցը «Շահրիար առյուծակերպ անհաղթ արքայի պատմության մասին մտքերի բուրմունք» (1880) դյուցազներգությունն է։ Արաբ ժողովրդի պատմությանը և գրականությանն են նվիրված «Արաբների պատմության ասպարեզում ցանկությունների լրումը» (1852), «Ցանկությունների ճոխացված լրումը» (1867), «Արաբ քերթողների դասակարգման գրական ծաղկաստան» (1858) և «Հոգու ըղձանքը Անթար Աբսի քերթվածներում» (1864) աշխատությունները։ Գրական–պատմական որոշակի հետաքրքրություն են ներկայացնում «Խըդիվ Իբրահիմի արժանիքներն ու սխրանքները» (1883) ներբողը և Լիբանանի 1860–ի արյունալի դեպքերը պատկերող «Արտասովոր անցուդարձեր Լեռնային Լիբանանի կյանքում» երկը (1869, հայեոեն հրտ., «Սարսափներու գիրքը», 1935)։ Ունի նաև քնարական բանաստեղծությունների ժողովածու՝ «Հոգու զբոսանք գեղեցկազարդ էջերում» (1883)։ Մահացել է Բեյրութում։
3. Աբգարիոս Ցուհաննա (Հովհաննես, այլ հնչմամբ՝ Ջան, 1832–1886), տնտեսագետ, բանաստեղծ, լեզվաբան։ Ծնվել է Բեյրութում։ Եղել է Բեյրութի անգլ. հյուպատոսության թարգմանիչ։ Հիմնել է ժամանակին ամբողջ Արևելքում հայտնի դրամատուն։ Արաբերեն գրել է բարոյա–խրատական պատմվածքներ և նովելներ, գիրք համաշխարհային պատմության մասին, կազմել անգլերեն–արաբերեն