ՀԱՅՏՆԻ Է, ՈՐ ՈՐՈՇ ԿԱՆԱՆՑ ԳԼԽԱՎՈՐ ՏԱՂԱՆԴՆ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԼԻՆԵԼՆ Է: ՄՅՈՒՍՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ՈՐԱԿԸ ԽԵԼՔՆ Է: ԲԱՅՑ ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՈՐ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆ ԱՊՐՈՒՄ ՈՒ ԱՇԽԱՏՈՒՄ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ԽԵԼՔՆ ՈՒ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼ՝ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ԻՐԵՆՑ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԻՆՏԵԼԵԿՏԸ:
Ի՞նչ է դա
EQ-ն մարդկանց հետ շփվելու, սեփական էմոցիաները գիտակցելու ու ուրիշների զգացմունքները հասկանալու ունակության ցուցանիշն է:
Եթե IQ-ն արտացոլում է մեր ուղեղի ձախ կիսագնդի ընդունակությունները, որոնք պատասխանատու են տրամաբանության ու արդյունավետ մտածողության համար, ապա EQ-ն արտացոլում է աջ կիսագնդի ենթագիտակցական մտածողությունն ու զգացմունքայնությունը:
Նախկինում համարվում էր, որ հենց բարծր IQ-ն է որոշում կյանքում ունեցած հիշողությունները: Սակայն այսօր արևմուտքում այն կարծիքին են, որ IQ-ն աշխատանք է տալիս, իսկ EQ-ն` կարիերա: Առաջինի բարձր մակարդակն օգնում է լավ սովորել դպրոցում, ինստիտուտ ընդունվել և նույնիսկ աշխատանքի տեղավորվել: Իսկ ահա կարիերայի սանդուղքով վերև բարձրանալու և ընդհանրապես մարդկանց հետ շփումներում հաջողություն ունենալու համար պետք են այլ տեսակի որակներ` համբերություն, հստակ մտածողություն, լավատեսություն…
Հոգեբաններն առանձնացնում են էմոցիոնալ ինտելեկտի չորս բաղադրիչ մասեր.
Ինքնագիտակցում
Սեփական զգացմունքների գիտակցումն ամենակարևոր բաղադրիչն է։ Սեփական էմոցիաները հասկանալն օգնում է դրանք վերահսկել։ Կարևոր է լսել ինքդ քեզ և հասկանալ՝ ինչ ես զգում իրականում, կարողանալ տարբերել քո ապրումների երանգները, դրանց զարգացումն ու փոփոխությունները: Այստեղ գլխավորը պարզելն է՝ ինչու ես դու զգում հատկապես այդ զգացմունքը:
Ինքնահսկում Սեփական էմոցիաները ղեկավարելը նշանակում է ոչ թե ճնշել դրանք, այլ ձեզ ծառայեցնել: Այսինքն՝ կարողանալ կարգավորել՝ որ պահին ինչ աստիճանով և ինչ ձևով դուրս թողնել զայրույթը կամ ուրախությունը։ Իհարկե, նախ և առաջ ինքնահսկումը ենթադրում է բացասական զգացմունքների վերահսկում:
էմպատիա Սա ուրիշին ցավակցելու ունակությունն է: Ուրիշների զգացմունքները հասկացող մարդը կարողանում է իրեն դնել այդ մարդու փոխարեն, լսել նրան, հաշվի առնել այլ մարդկանց ապրումները: Նա հասկանում է ուրիշի տեսակետը, որքան էլ այն տարբեր լինի իր մտածողությունից
Հարմարվողականություն Սա ենթադրում է լավատեսություն, կոնֆլիկտներից խուսափելու ունակություն, կոլեկտիվի հետ արագ ադապտացում: Այս որակն ունեցող մարդը շատ արդյունավետ կարողանում է շփվել մարդկանց հետ, զրույց ծավալել, համոզել:
Բարձրացրու քո EQ
էմոցիոնալ ինտելեկտը մեծապես կախված է բնավորությունից ու խառն- վածքից, բայց հստակ մեծություն չէ և կենսափորձի հետ մեկտեղ աճում է ու զարգանում: Իսկ եթե օգտագործես այս միջոցներից գոնե մի քանիսը, անպայման կնպաստես քո EQ-ի բարձրացմանը։
1.Լսիր քեզ: Պատահում է այնպես, որ նյարդային վիճակի ետևում կանգնած է վիրավորանքը, չարության ետևում վախի կամ մեղավորության զգացումը: Հետևիր քո զգացումներին` ինչ ես զգում իրականում: Դասական օրինակ` աղջիկն իր խանդով արդեն ձանձրացրել է սիրելի տղային: Բայց իրականում խանդի ետևում թաքնվում է մենակ մնալու վախն ու անինքնավստահությունը։ Գլխավորն ինքդ քեզ հետ անկեղծ լինելն է, իսկ դրա համար է ինչ պետք է ավելի շատ հարցեր տաս քեզ ու ավելի շատ ժամանակ հատկացնես ինքդ քեզ:
- Ասա. «Ես զգում եմ, որ…»: Ասելով «Ես զգում եմ… »` դու գնահատում ես քո վերաբերմունքը և ոչ թե իրավիճակն ու մարդկանց: Այսինքն` ոչ թե «այդ մարդը վատն է», այլ «Ինչ վատ եմ զգում նրա կողքին»: Քո զգացմունքների պատասխա- նատվությունը մի դիր ուրիշ մարդու ուսերին : Մի վախեցիր քո զգացմունքների մասին խոսելուց, սովորիր նկարագրել դրանք, դա ուժի և էմոցիոնալ հասունության նշան է․
- Որոշիր քո նպատակներն ու ցանկությունները: Սա ինքնագիտակցման կարևոր մասերից է: Պատահում է երկար ժամանակ գնում ես դեպի որևէ նպատակ և երբ վերջապես հասնում ես, բավարարվելու ու երջանկության զգացում ունենալու փոխարեն հիասթափություն ես ապրում: Հոգեբաններն ասում են, որ դրա պատճառն այն է, որ գիտակցական նպատակն իրականում հակասության մեջ է գտնվում քո ենթագիտակցական արժեքների հետ: Բայց ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք ճիշտ նպատակի ենք ձգտում։ Դրանում կօգնի այս միջոցը. վերցրու թուղթ ու գրիչ եւ գրե- լով պատասխանիր այս երկու հարցին, «Ի՞նչ եմ ես ուզում իրականում» և «Ինչպիսի՞ն եմ ինձ տեսնում 5, 10, 20 տարի հետո»: Պետք է գրել գլխում առաջին ծագած միտքը, արագ ու ենթագիտակցաբար` թույլ չտալով, որ գիտակցությունը խառնվի այդ ամենին: Այս հարցերը հաճախ տուր ինքդ քեզ, և դա կօգնի գտնել սեփական կյանքի իմաստը:
- Եղիր վստահ ու անկախ: Վստահ ինքդ քեզ վրա և անկախ շրջապատի կարծիքից: Ամեն ինչ թեթև ընդունիր: Եթե որևէ անգլիացու դու հասարկության մեջ հարց ես տալիս, և բոլորը միասին ծիծաղում են, դա չի նշանակում, որ այդուհետ քեզ տեսնելիս մշտապես կհիշեն, որ անգլերեն վատ գիտես: Հատկապես եթե այդ պահին ինքդ էլ ծիծաղես քեզ վրա: Չէ որ միայն մենք ենք տանջվում այն մտքից, թե ինչ են մտածում ուրիշները մեր մասին, իսկ այդ ուրիշները նույն պահին մտածում են, թե մենք նրանց մասին ինչ ենք մտածում: Ինչ-որ փակ շրջան է ստացվում:
- Բացասականից վերցրու միայն դրականը։ Կան մարդիկ, որոնք բարկանալու դեպքում սկսում են բնակարանը հավաքել, իրենց կարգի բերել։ Դա շատ հաջողված մոտեցում է: Բացի այդ, բացասական էմոցիաները լավ են նաև նրանով, որ կառուցողական անալիզի պատճառ են դառնում` ի՞նչ անել, որ նման բան չկրկնվի: Բարձր EQ-ով մարդը նա չէ, ով դեպրեսիայի մեջ չի ընկնում, այլ նա, ով գիտի` ինչպես հաղթահարել այն:
- Քեզ ուրիշի տեղում դիր։ Անկեղծորեն ուշադիր եղիր այլ մարդկանց հանդեպ: Մտածիր քո գործողությունների հետևանքների մասին:
- Ակտիվորեն… լսիր։ Լսելն ավելի դժվար է, քան խոսելը: Իսկ ակտիվորեն լռելը իսկական արվեստ է։ Ակտիվ լսողը հարցեր է տալիս, հավանության ձայներ արձակում, համապատասխան Ժեստեր անում և իր ողջ տեսքով ցույց տալիս, որ տարված է զրույցով: Իսկ պասիվ լսողն, ընդհակառակը, անմասն է զրույցից, ցրված է և նստած է ձանձրացող տեսքով։ Գուշակիր, թե ում հետ ավելի հաճելի կլինի շփվելը:
- Մի՛ գնահատիր։ Դա շատ դժվար է, բայց ամեն դեպքում սովորիր չգնահատել մարդկանց։ Ինչպես նաև չքննադատել, չմեղադրել, քարոզներ չկարդալ, խորհուրդներ չտալ (մինչև չխնդրեն)… Դու երբևէ հանդիպե՞լ ես այդպիսի հիանալի մարդու: Եթե ոչ, ապա գոնե՝ ինքդ՝ փորձիր այդպիսին դառնալ: