+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Գույնի Հոգեբանություն

Հիմնական գույների կրճատ հոգեբանական բնութագիր Կարմիր — պատկանում է տաք գույների շարքին, այն ասոցացվում է սիրո և զայրույթի հետ, կարմիր գույնը նաև մեծ դեր է խաղում ուշադրության կենտրոնացման մեջ, դրա համար օրացույցում կարևորագույն իրադարձություննրը նշված են կարմիր գույնով, այն համարձակ գույն է, օգնում է ակտիվացնել մարմինը: Կարմիրի շատությունը բարձրացնում է էներգիայի մակարդակը: Սա ոգեշնչող գույն է, որը բարձրացնում է արյան ճնշումը, արագացնում շնչառությունը, սրտի զարկերն ու հաճախականությունը: Թույլ է տալիս զգալ ավելի ինքնավստահ և պաշտպանում է վախերից: Համարվում է կրքոտ գույն, թույլ է տալիս զգալ տաքություն, հարմարավետություն, բայց երբեմն էլ առաջացնում է տագնապ և ագրեսիա:
Կապույտ — մեղմացնում է հիվանդություններն ու ցավը: Այս գույնը առաջ է բերում մտքի և զգացմունքների հանգստություն և պարզություն: Սակայն երբեմն կարող է առաջացնել նաև տխրություն և անտարբերություն: Խորհրդանշում է ներդաշնակությունը կյանքում, սակայն կապույտի էլեկտրիկ երանգը գրգռող և էներգետիկ գույն է համարվում: Մուգ կապույտը բնութագրում է հեղինակություն, գործնականություն, իմաստություն , ինքնաիրականցում, նպաստում է միջանձնային շփմանը, այն ավելի համարձակ գույն է, իսկ բաց կապույտը մելամաղձոտություն է առաջացնում, համարվում է սառը գույն, առաջացնում է ներքին մտքեր, մտորումներ և նաև մտքի փայլատակումներ:
Սև — խորհրդանշում է հեղինակություն և ուժ, սևը կլանում է գունային սպեկտրի բոլոր լույսերը, այն առաջացնում է բավականին ուժեղ զգացմունքներ: Այն ասոցացվում է չարի, դժբախտության և վտանգի հետ, բնութագրում է անհավատարիմ բնավորությունը: Առաջացնում է դեպրեսիա, ճնշվածություն, դատարկություն: Դրական բնութագրերից է համարվում ուժերի կամային կենտրոնացումը, կանխատեսման հնարավորությունը: Այս գույնը հետաքրքրություն է առաջացնում իր հանդեպ, ձգում է դեպի իրեն, բայց միևնույն ժամանակ նաև վախեցնում:
Կանաչ – այն խորհրդանշում է բնությունը և բուսական աշխարհը: Մուգ կանաչ երանգները ի հայտ են բերում կայունություն, հավերժություն և ամրություն, իսկ բաց երանգները բարօրություն, լավատեսություն և գարնանային տրամադրություն: Կանաչը առաջացնում է հանգստություն, թարմություն, կարգավորում է տաքի և սառի հաշվեկշիռը: Ասոցացվում է երջանկության, ուրախության, առողջության հետ: Սակայն կանաչի մեկ այլ երանգ (ճահճային կանաչ) ի հայտ է բերում բացասական հույզեր և ասոցացվում է նախանձի հետ: Կանաչը մեզ տալիս է մտավոր և ֆիզիկական հանգստություն, օգնում է հաղթահարել դեպրեսիաները, նևրոզներն ու զայրույթը: Վերականգնում է ուժերը և առաջ բերում ինքնակառավարման ու ներքին ներդաշնակության զգացում:Դեղին — գրգռում է նյարդերը, այն համարվում է տաք և ուրախություն պարգևող գույն , որը բոլոր գույների մեջ ամենահոգնացնողն է աչքերի համար: Դրա համար վառ դեղինին երկար նայելը կարող է գրգռել նյարդերն ու աչքերը, իսկ ծայրահեղ դեպքերում կարող է նաև կուրացնել: Առաջացնում է լավատեսություն և էներգիա, ակտիվացնում է ստեղծագործական միտքը: Դեղինը կարգավորում է մտքի աշխատանքը, ակտիվացնում է հիշողությունը և մղում է շփման: Այն հաճախ ընկալվում է որպես հյուրընկալության և առատաձեռնության գույն, այն ասցոցացվում է նաև նորության հետ: Իսկ նրա ավելի մուգ երանգը` ոսկեգույնը, փայլուն ապագայի խորհրդանիշն է, բնութագրում է լավատեսություն:
Վարդագույն – վարդագույնը կյանքի գույնն է: Խորհրդանշում է ընկերասիրություն, կանացիություն, հասունություն, ասոցացվում է սիրո և ռոմանիտիկայի հետ: Հանգստացնում է, ստեղծում է հարմարավետության զգացում: Սպորտային խմբերը երբեմն հակառակորդ խմբի դուռը վարդագույն են ներկում, որպեսզի նրանց պահեն պասիվ և ճնշեն նրանց ակտիվությունն ու էներգիան: Մուգ վարդագույնը ունի նույն կարմիրի ազդեցությունը և թողնում է գրգռող ազդեցություն, արագացնում է սրտի աշխատանքը, բարձրացնում արյան ճնշումը, խրախուսում ինքնավստահություն և ակտիվություն: Վարդագույնը նաև բնորոշում է թեթևամտություն և ցուցամոլություն:
Մանուշակագուն — այն թագավորության և հարստության խորհրդանիշն է, ներկայացնում է իմաստություն ու հոգևոր արժեքներ: Մանուշակագույնը հաճախ չի պատահում բնության մեջ, դրա համար էլ համարվում է արհեստական և յուրօրինակ գույն: Այն ամբիվալենտ գույն է, կարող է և´ ձգել դեպի իրեն, և´ վանել: Դրա համար մանուշակագույնի ընտրությունը պահանջում է ավելի նուրբ մոտեցում: Այն կարող է առաջացնել անհանգստություն և տագնապի զգացում: Սակայն քանի որ մանուշակագույնը համարվում է թագավորական և խորհրդավոր գույն, այն նախընտրում են վառ անհատականություն ունեցող և ստեղծագործ անձինք: Համարվում է դեռահաս աղջիկների ամենասիրելի գույնը: Այս գույնը բարձրացնում է տրամադրությունը, հանգստացնում նյարդերը և միտքը, բարձրացնում ստեղծագործականության աստիճանը և առաջ բերում հոգևոր զգացողություններ:
Սպիտակ — սպիտակը խորհրդանշում է անմեղություն, մաքրություն և չեզոքություն: Այն նաև խորհրդանշում է անկայունություն: Ստեղծում է հանգստություն և վստահություն: Սպիտակը օգնում է մաքրել մտքերը, հաղթահարել դժվարություններն ու խոչընդոտները, արթնացնում է մտքերի և գործողությունների հստակեցում, ստեղծում է պարզության և թարմության զգացում:Շագանակագույն – բնական գույն է, հողի գույնը, որը առաջացնում է վստահություն, ուժ, կայուն միտք, սակայն երբեմն էլ` տխրություն, մեկուսացում, հիասթափություն և դեպրեսիա: Այն զուգակցվում է տաքության, հարմարավետության, պաշտպանվածության հետ: Ունի կայունացնող և կարգավորող ազդեցություն: Այն մարդիկ, ովքեր ընտրում են այս գույնը, ֆիզիկական հանգստի կարիք ունեն: Խորհրդանշում է հավատարմություն: Օգնում է հաղթահարել և թուլացնել տագնապներն ու անհանգստությունը: Ովքեր մերժում են այս գույնը չեն մտահոգվում իրենց առողջությամբ, ուզում են ստեղծել իրենց անհատականությունը: Նրանց անհրաժեշտ է ծայրահեղություն և ուշադրություն:
Նարնջագույն — սա դեղինի և կարմիրի խառնուրդն է, բարձրացնում է էներգիայի մակարդակը և թարմացնում շնչառությունը: Առաջ է բերում հուզականություն, տաքություն, ոգեշնչվածություն: Այն կարգավորում է ակտիվությունը, մղում սոցիալականցման, նաև կարգավորում է ախորժակը: Խորհրդանշում է ազատություն, համբերատարություն: Միշտ բարձր է պահում դիմադրողականությունը, այս գույնը կապված է ինքնահաստատման ձգտման հետ: Նարնջագույնը տաք գույն է, որը բարձրացնում է տրամադրությունը, ցույց է տալիս կյանքի լավ և ուրախ կողմերը: Հոգեդիագնոստիկայի մեջ նարնջագույնը նախընտրողները համարվում են հիպերտիմ տիպի անձինք (հիանալի օժտված մարդիկ, բարի և միշտ լավ տրամադրության մեջ, սակայն երբեմն անկայուն են իրենց հետաքրքրություններում, միշտ զվարճանքների կարիք են զգում): Հոգեթերապիայի մեջ այս գույնը ամրապնդում է կամքը, բարելավում ներքին սեկրեցիայի գեղձերի աշխատանքը և նյութափոխանակման գործընթացը, նպաստում է ախորժակի բարելավմանը և ի հայտ բերում էյֆորիայի զգացում:Ցանկացած գույն մարդկանց մեջ հուզական ազդեցություն է թողնում և ասոցացվում է որոշակի կերպարների հետ: Ինչպես է մեր հագ ու կապն ընկալվում շրջապատի կողմից: Առաջարկում ենք ձեզ դիտել գույներն ըստ դասակարգման և ազդեցության:Ջերմ դեղին – խթանող, զվարճալի, սթափեցնող, ապրեցնող ( խորհրդանշական նշանակությունը` արև, շնորհակալություն )Սառը դեղին – սրտխառնոց, գարշանք, մոլորություն ( խանդ, նախանձ, դավաճանություն )Նարնջագույն – լավ, քաջալերում, ակտիվացում ( արև, ուրախություն, հարստություն, իշխանություն, շքեղություն, տոնական )Կարմրանարնջագույն – հետաքրքրություն ( սեր, հպարտություն, իշխանություն, պայքար, զայրույթ, կիրք, վտանգ )Կարմիր – փոփոխություն ( արժանապատվություն, իշխանություն, շքեղություն, ծերություն )Մանուշակագույն – կամքի զրկում, բերում է տխրություն ( ազնվականություն, վեհություն, համեստություն, խոնարհություն )Մուգ կապույտ, բաց կապույտ – հանգստացնում է, պատրանքներ ստեղծում, հեռացնում իրականությունից ( ազատություն, խաղաղություն, դրախտ, հանգստություն )Կապույտ – պասիվ, մխիթարող, ուշադրության կենտրոնում ( դավանանք, հավատք, հավատարմություն, պտղաբերություն )Կանաչ – հանգստություն ( խաղաղություն, երիտասարդություն, հույս, անվտանգություն )Դեղնականաչագույն – թարմեցնող, հեշտացնող, սթափեցնող ( լավատեսություն, հույս, նոր ծնունդ )Ճերմակ – թողնում է անտարբեր ( մաքրություն, կուսություն, հավերժություն )Սև – մարող ( մահ, սուգ, արձագանք )Գորշ – կամքից զրկված, տխրություն է բերում ( գունատություն, աղքատություն)Դարչնակարմրագույն – հուսալիություն, կայունություն ( տուն )
Գույները շատ մեծ ազդեցություն են թողնում մեր կյանքի վրա:Դեռևս հնագույն ժամանակներից գույներն օգտագործում էին մարդկանց բուժելու նպատակով: Օրինակ` չինացի բժիշկները լյարդի բուժման համար օգտագործում էին դեղին գույնը: Ավիցեննան իր հայտնի աշխատություններից մեկում գրում էր, որ արյունահոսող մարդկանց խորհուրդ չի տրվում նայել կարմիր գույնին, այլ պետք է նայել կապույտին, որը կօգնի դադարեցնել արյունահոսությունը: Ավիցեննան իր պրակտիկայում օգտագործում էր տարբեր գույների քսուքներ և հեղուկներ: Այն, թե գույները ինչպիսի ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա, լավ ծանոթ են նաև հոգեբաններին ու հոգեթերապևտներին: Հոգեբույժները դեռևս վաղուց էին օգտագործում գույները մարդկանց հոգեկան հիվանդությունների բուժման նպատակով: Գույների ազդեցությունը օրգանիզմի վրա իսկապես շատ մեծ է: Այսպես` Լոնդոնում մի կամուրջ կար, որը ներկված էր սև գույնով: Պարզվեց` ամենից շատ ինքնասպանությունները տեղի էին ունենում հենց այդ կամուրջից: Հոգեբանները խորհուրդ տվեցին այն ներկել կանաչ գույն, որից հետո ինքնասպանությունների թիվը զգալիորեն նվազեց:
Գունաթերապիան օգնում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան խնդիրների կարգավորման հարցում: Միևնույն գույնը կարող է տարբեր ազդեցություններ թողնել մարդու օրգանիզմի ու հոգեվիճակի վրա, ուստի գույն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր նրբությունները, ընդհուպ մինչև տարիքը և սեռը: Գունաթերապիան արդյունավետ է հատկապես այն դեպքում, երբ այն համատեղում են բուժման այլ մեթոդների հետ: Առանձին այն չի կարող լիովին վերացնել խնդիրները: Գույների որոշ տեսակներ գրգռիչ ազդեցություն են թողնում, որոշ տեսակներ էլ`հանգստացնող: Այսպես օրինակ. կարմիրը կարող է ճնշումը բարձրացնել, կապույտը` նյարդերը հանգստացնել, իսկ դեղինն ու կանաչը` կարգավորել մարսողական համակարգը:
Գունաթերապիայի անցկացումը պետք է խիստ անհատական լինի, որպեսզի բերի առավելագույն արդյունավետություն: Այժմ տեսնենք, թե գույներից յուրաքանչյուրն ինչ ազդեցություն ունի մեր օրգանիզմի ու հոգեվիճակի վրա.
Կարմիր. խորապես ներթափանցում է մարդու օրգանիզմ: Կարմիր գույնից ստացված ջերմությունը զուտ հոգեբանական է, որի միջոցով էլ ազդում է ֆիզիոլոգիայի վրա: Կարմիր գույնի ճառագայթների ազդեցությամբ բարելավվում է արյան շրջանառությունն ու հյուսվածքների սնուցումը: Դրանց ներթափանցումն օրգանիզմ ուժեղացնում է մկանային լարվածությունը, բարձրացնում արյան ճնշումը, մաքրում շնչառությունը, խթանող ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա, սկզբում գրգռում է, այնուհետև` հոգնեցնում, բերում է նյարդային համակարգի գերլարվածության, իսկ տևական ազդեցության դեպքում` ուժազրկում, բերում ընդհանուր դեպրեսիայի: Կարմիր գույնի բացասական ազդեցությունը կապված է կենդանական բնազդների, եսասիրության, գոռոզության հետ: Նյարդային մարդկանց մոտ, հատկապես` երեխաների, կարմիր գույնն առաջացնում է ուժեղ զգայական ռեակցիաներ և գրգռվածություն:
Վարդագույն. սա բարության ու ռոմանտիկայի գույն է: Այն առանձնանում է բարձր զգայունակությամբ ու տրամադրում երազանքների իրականացմանը: Այս գույնը նաև ներդաշնակության, հոգեկան հավասարակշռության ու պաշտպանվածության գույն է: Վարդագույնը նպաստում է լարվածության թուլացմանն ու կպչուն մտքերից ձերբազատվելուն:
Բացասական առումով վարդագույնը նշանակում է ինֆանտիլիզմ, կույր հավատ, չափազանց զիջողականություն, իրադարձությունների ընթացքը սեփական կամքին ենթարկելու անկարողություն: Այնուամենայնիվ, այս գույնը վկայում է անսահման սիրո և ներդաշնակության մասին:
Նարնջագույն. բնազդների, սեփական ուժերի հանդեպ ունեցած հավատի ու ճանաչողության գույն է: Իր ազդեցությամբ այն նման է կարմիրին, սակայն սա ագրեսիվ չէ և նյարդայնացնող ազդեցություն չունի: Նարնջագույնը ազատասիրության, արդարության, անկախության, մեծահոգության գույն է: Այն կարողանում է կյանքի իրավիճակները հարմարեցնել իրեն: Նարնջագույնի մեղմ երանգները օգնում են բարելավել մարդկանց հարաբերություններն ու կապեր գտնել նախկին իրադարձությունների ու ներկայիս խնդիրների միջև:
Նարնջագույնը դրական ազդեցություն է թողնում նաև օրգանիզմի վրա: Այն արդյունավետ է հատկապես մկանների, ջլերի, ոսկրերի, ռևմատիզմի, էպիլեպսիայի, անպտղության, հորմոնալ խանգարումների և այլ հիվանդությունների բուժման դեպքում:
Նարնջագույնի չընդունումը վկայում է անցյալում ունեցած կորուստների, վիրավորված սեփական արժանապատվության, անարդարության և որոշ իրադարձությունների ժխտման մասին:
Դեղին. այս գույնը սթափ բանականության, իմաստության, հետաքրքրասիրության, ռացիոնալության ու բարեկեցության գույն է: Այն մարդկանց դրականորեն է տրամադրում կյանքի հանդեպ և խնդիրները կարգավորում է ինտելեկտի միջոցով: Դեղինը օգնում է մարդկանց արագ կողմնորոշվել և հեշտությամբ հաղթահարել դժվարությունները:
Դեղին գույնը դրական ազդեցություն է թողնում նաև օրգանիզմի վրա. մաքրում և երիտասարդացնում է օրգանիզմը:
Կանաչ. ունիվերսալ բուժիչ գույն է, որն օգնում է ձերբազատվել ֆոբիաներից, վախերից, հոգնածությունից, անքնությունից և նյարդային լարվածությունից: Այն դրական է ազդում լյարդի, բարձր ճնշման և այլ հիվանդությունների բուժման դեպքում, խոչընդոտում է նորագոյացությունների զարգացմանը, ինչպես նաև օգնում է դադարեցնել արյունահոսությունը:
Կանաչի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքը վկայում է սեփական անձից դժգոհ լինելու, ինքնամեղադրանքների, կուտակված բացասական հույզերի մասին:
Երկնագույն. երկնագույնին ամենաբնորոշ բառերը հանգստություն ու խաղաղությունն են, անկեղծությունն ու հավատարմությունը, ճշմարտությունն ու հոգևորը: Երկնագույնը օգնում է հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակը, փիլիսոփայորեն տրամադրվել խնդիրների նկատմամբ և դրական կողմեր նկատել նույնիսկ ամենաբարդ իրավիճակների մեջ: Այս գույնը օգնում է ձերբազատվել սթրեսներից, հանգստանալ, այդ իսկ պատճառով էլ այն խորհուրդ է տրվում նյարդահոգեկան հիվանդությունների, ինչպես նաև ականջների, քթըմպանային խնդիրների, բորբոքային հիվանդությունների, ստամոքսի խոցի և գիշերամիզության բուժման դեպքում:
Կապույտ. կապույտ գույնը նախընտրողները հակված են ամեն ինչ վերլուծության ենթարկել, վերաիմաստավորել ու դասակարգել: Երբեմն նրանք հակված են ինքնախաբեության և կարող են չզիջող լինել:
Կապույտ գույնը արդյունավետ է գլխացավերի, անքնության, ինչպես նաև մաշկային հիվանդությունների, երիկամների և թոքերի հետ կապված խնդիրների բուժման դեպքում:
Մանուշակագույն. այս գույնը նախընտրում են ինքնավստահ, ինքնաճանաչողությանն ու ինքնակատարելագործմանը ձգտող մարդիկ: Չափից շատ այս գույնի օգտագործումը կարող է մելանխոլիկ տրամադրություն կամ դեպրեսիվ վիճակ առաջացնել: Մանուշակագույնը նվազեցնում է սրտի կծկումների հաճախականությունը, իսկ ճիշտ երանգի ընտրության դեպքում օգնում է մաշկային ցանկացած հիվանդությունների, իմունային համակարգի կարգավորման, գլխուղեղի ցնցումների, միգրենի և կենտրոնական համակարգի այլ հիվանդությունների բուժման դեպքում:
Շագանակագույն. կոնսերվատիվ գույն է, որն ունի հանգստացնող ազդեցություն: Շագանակագույնը նախընտրողները հանգիստ, հավասարակշռված մարդիկ են, որոնք գիտեն` ինչ են ուզում և ինչպես հասնել դրան: Նրանք ձգտում են կայունության: Շագանակագույնի մեծ քանակությունը կարող է տխրության զգացողություն առաջացնել:
Սպիտակ. մաքրության, հանգստության գույն է: Օգնում է հեշտությամբ կենտրոնանալ և դրականորել տրամադրվել: Շատ մասնագետներ այս գույնը համարում են ունիվերսալ դեղամիջոց բոլոր հիվանդությունների բուժման դեմ:
Արծաթագույն. սա լուսնի գույնն է, որը, ճանապարհ բացելով դեպի ենթագիտակցական, զարմանալիորեն ուժեղացնում է ինտուիցիան: Այն ակտիվացնում է երևակայությունն ու մարդուն դարձնում ավելի երազկոտ:
Արծաթագույնն ունի օրգանիզմը մաքրող և վերականգնող բացառիկ հատկություն:
Մոխրագույն. սա սպիտակի ու սևի խառնուրդն է: Այն իր մեջ է ներառում տրամաբանությունն ու հուզականությունը, ռացիոնալն ու իռացիոնալը: Այս գույնը նախընտրող մարդիկ հավասարակշռված են, համառ, նպատակասլաց և զգույշ: Նրանք ամեն կերպ փորձում են վերահսկել իրավիճակը: Երբեմն կարող են սառը մարդու տպավորություն թողնել, սակայն հոգու խորքում նրանք շատ զգայուն են, խոցելի ու անպաշտպան: Նախընտրելով մոխրագույնը` նրանք փորձում են մեկուսանալ, աչքի չընկնել, լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են: Մոխրագույնը հանգստացնում է նյարդային համակարգն ու առաջացնում ներքին պաշտպանվածության զգացում:
Սև. այս գույնը էլեգանտության ու խստության, սեքսուալության ու գաղտնիության համադրությունն է: Սևը նախընտրում են այն մարդիկ, ովքեր ունեն դեռևս իրենց համար շատ կարևոր չիրականացված ցանկություններ ու նպատակներ, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր ցանկանում են, բայց հանգամանքների բերումով դեռևս ի վիճակի չեն փոխել իրավիճակը: Այս մարդիկ հավելյալ էներգիայի կարիք ունեն իրենց նպատակներն իրագործելու համար: Նրանք ցանկանում են ձերբազատվել անցյալի հուշերից ու որոշ կարծրատիպերից:
Ոսկեգույն. լիդերի գույն է, ով կարողանում է հաղթահարել բոլոր խոչընդոտները, մարդկանց համախմբել իր շուրջ և նրանց ուղղություն ցույց տալ: Այս մարդիկ կարողանում են ճիշտ հասկանալ իրավիճակի նրբությունները, ինչն էլ նրանց թույլ է տալիս օբյեկտիվ որոշումներ կայացնել:
Մեղմ ոսկեգույնը հանգստացնող ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա, այդ իսկ պատճառով էլ այն հաճախ օգտագործվում է տարբեր դեպրեսիվ վիճակների և նևրոզների բուժման նպատակով: