Բռնությունը որպես տրավմա — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Բռնությունը որպես տրավմա

«Հոգեկան տրավմա» հասկացությունն առաջին անգամ մասնագիտական գրականության մեջ ներկայացվել է  XIXդ. վերջում: Ըստ սահմանման՝ տրավման անհատական է: Եվ հավաքական պատահարների կամ աղետների դեպքում հաճախ հակված ենք մտածելու, որ գործ ունենք բազմաթիվ անհատական տրավմաների համակցման հետ, որ յուրաքանչյուր անձ տրավմա հարուցող իրադրությունը վերապրում է անհատական ձևով: Բայց այնուամենայնիվ, այդ պայմաններում բոլոր վերապրողները կամ զոհերն ապրում են որոշ առումով ընդհանուր արտաքին բովանդակություններ՝ դիակների սարսափելի տեսարաններ, վիրավորվածներ, ավերածություններ և այլն, այսինքն` հանդիպում են սովորական խաղաղ գոյության և առկա մղձավանջային իրականության սուր հակադրմանը: Կարևոր է նաև իր սեփական կամ դիմացինի հոգեկան տառապանքի հետ առճակատվելը, ինչպես նաև իրավիճակի ծայրահեղ լրջության գիտակցումը: Այս իրավիճակում անձն ավելի սուր է գիտակցում իր պատկանելությունը հանրությանը: Սովորական պայմաններում անձը, ապրելով հասարակության մեջ, ունի երկակի  «ես»՝ էգոցենտրիկ «ես», որ հարաբերվում է մեր անհատական նկարագրին, և հավաքական, համայնքային  «ես», որը այս կամ այն խմբին, համայնքին պատկանելու չտարբերակված, մթին զգացողությունն է: Հավաքական պատահարի կամ աղետի մեջ, որքան էլ ուժեղ լինի վերապրողի անձնական տառապանքը, ակտիվանում է համայնքային «եսը»: Տրավման պատասխան է ոչ այնքան իրադարձությանը, որքան իրադարձությանը տրվող իմաստին։

Բռնությունը կարելի է սահմանել որպես որևէ մեկի նկատմամբ հարկադրանքի կիրառում։ Առավել տարածված է բռնությունների դասակարգումը ըստ բռնի գործողությունների բնույթի։ Այն ներառում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական և տնտեսական բռնությունները։ Որպես բռնության հատուկ տեսակ հաճախ առանձնացվում է ընտանեկան բռնությունը։ Վերջինս ներառում է ֆիզիկական, հոգեկան, հուզական կամ սեռական վիրավորանքները։

Այստեղ կարելի է խոսել այնբռնությունների մասին, որոնք բերում են հաճախակի և երբեմն ծանր հոգեբանական տրավմաների: Այս պարագայում մասնագետի համար կարևոր են դառնում մի քանի ասպեկտներ՝.

  1. Հոգետրավմայի ծանրությունը, այն կապված է կորուստի նշանակության հետ:
  2. Միանգամյա կամ կրկնվող հոգետրավմա (կրկնվող հոգետրավմաները ավելի ծանր են ապրվում քան մեկ անգամ առաջացող տրավման):
  3. Հանկարծակի կամ սպասվող հոգետրավմա (հանկարծակի առաջացող հոգետրավման ավելի երկար է ապրվում):
  4. Ապրումների ինտենսիվություն (որքան որ վառ է ապրումը, այդքան լավ է սպասվող արդյունքը, իհարկե կորուստի միևնույն նշանակության դեպքում):
  5. Հոգետրավմայի ապրման տևողությունը (որքան շուտ է «մարդը ապաքինվել»):

Երեխայի նկատմամբ ցուցաբերվող բռնությունն ու չարաշահումը համընդհանուր երևույթներ են: Դրանք տեղի են ունենում բոլոր հասարակարգերում և բոլոր երկրներում, և ներառում են երեխայի իրավունքների ոտնահարում ենթադրող վերաբերմունքի բոլոր ձևերը: 

Բռնության վերաբերյալ համաշխարհային զեկույցում երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքը սահմանվում է որպես ֆիզիկական, հուզական, սեռական չարաշահման, վատ վերաբերմունքի, անտեսման և շահագործման բոլոր ձևերն ընդգրկող հասկցություն, որի հետևանքով վնաս է հասցվում երեխայի առողջությանը, գոյությանը, զարգացմանը կամ արժանապատվությանը` ուժի, վստահության, պատասխանատվության հարաբերությունների համատեքստում: /Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 1999 և 2002թթ./: 

Բռնության հետևանքները բազմազան են: Լինում են թեթև վնասվածքներ, տարբեր աստիճանի տրավմաներ, ներքին օրգանների հիվանդություններ, հոգեկան շեղումներ, մինչև անգամ ծանր հոգեկան հիվանդություններ: Բռնության հետևանքները չափազանց ծանր են ու խորը: Վերացնել այդ հետևանքները դժվար է, առավել նպատակահարմար է, ինչպես ցանկացած խնդրի պարագայում, կանխարգելումը: Բռնությունները երեխաների վրա տարբեր բնույթի շեղումներ են առաջացնում: Կախված երեխայի տարիքից` շեղումները լինում են տարբեր:

Երեխայի նկատմամբ բռնության երևույթի պատճառները բազմազան են` պայմանավորված ծնողի և երեխայի, ընտանիքի և հասարակության ժողովրդագրական ու մշակութային առանձնահատկությոններով: Պետք է նկատի ունենալ, որ երեխաների նկատմամբ բռնությունը և չարաշահումը հաճախ քողարկվում են /տարիքից ելնելով երեխան չի կարողանում հայտնել կատարվածի մասին, վախենում է բռնություն գործադրողի սպառնալիքներից և այլն/:

Տարբերակում են բռնության հետևյալ տեսակները.

  • Ֆիզիկական բռնություն,
  • Հոգեբանական բռնություն,
  • Սեռական բռնություն,
  • Անտեսում:

Ֆիզիկական բռնությունը երեխայի նկատմամբ նպատակաուղղված ֆիզիկական վնաս հասցնելն է` երեխային ձեռքով հարվածելը /խփել, ապտակել/, ոտքով կամ որևէ իրով, գործիքով տարբեր աստիճանի վնասվածքների, այտուցների, կտրվածքների պատճառումը, թափահարելը, շպրտելը և այլն:

Հոգեբանական բռնությունը երեխայի հոգեկան վիճակի կամ վարքի ձևավորման վրա բացասական ազդեցության գործադրումն է, որը դրսևորվում է վիրավորանքների, քննադատության, նվաստացման, սպառնալու, վախեցնելու, ծաղրելու, մերժումների, զրկանքների, մեկուսացման և այլ ձևերով:

Սեռական բռնությունը երեխայի հանդեպ սեռական գործողության իրականացումն է: Առանձնացնում են երեխայի նկատմամբ սեռական բռնության երկու տեսակ` ներընտանեկան և արտաընտանեկան: Ի տարբերություն ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, որոնք հաճախ դասվում են քաղաքացիական զանցանքների շարքին` սեռական բռնությունը միանշանակ քրեական հանցանք է:

Անտեսումը երեխայի կենսական պահանջների բավարարման և վերահսկման անհրաժեշտ աստիճանը չապահովելն է, այսինքն, երբ երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը երեխային չի տրամադրում բավարար ֆիզիկական և հոգեբանական խնամք:

Բռնությունը երեխաների համար կարող է ճակատագրական լինել և ավերիչ ազդեցություն ունենալ: Այսպիսով, կարող ենք փաստել, որ անհրաժեշտ է ակտիվ և միասնական գործողություններ իրականացնել երեխաների   հանդեպ բռնութան կանխարգելման ուղղությամբ, քանի որ երեխաները հանդիսանում են մեր ապագան կերտողները, և մենք պարտավոր ենք ապահովել նրանց առողջ և ճիշտ զարգացման համար անհհրաժեշտ պայմաններ: Պետությունը պետք է հստակեցնի իր օրենքները, հասարակությունը ցուցաբերի անհանդուրժողականություն, իսկ ՀԿ-ները հոգեբանական, իրավաբանական խորհրդատվությամբ և բարոյական աջակությամբ օգնեն ընտանիքներին` ձերբազատվելու ընտանեկան բռնությունների արատավոր ու վնասակար երևույթից: 

Ընտանեկան բռնություն, նաև օգտագործվում է տնային բռնություն կամ  կենցաղային բռնություն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մեկ զուգընկերոջ կողմից մյուսի նկատմամբ կրկնվող բռնություն։ Հիմնականում մտերիմ զուգընկերների միջև միակողմանի բռնությունը որակավորվում է որպես տնային կամ ընտանեկան բռնություն, երբ զուգընկերները գտնվում են երկարաժամկետ հարաբերությունների մեջ, որոնց օրինակներ են օրինական կամ քաղաքացիական ամուսնությունը, երկարատև սիրային հարաբերությունները, ընտանեկան կամ ազգակցական կապը և այլն։ Տնային բռնությունը կարող է հանդես գալ տարբեր ձևերով, որոնցից են ֆիզիկական բռնությունը (հարվածում, կծում, ծեծ, հրում, իրերի նետում, սանձում), սեռական բռնաբարումը, հետապնդումը, հուզային ճնշումը (գոռոց, հայհոյանքներ, սպառնում), պասիվ ճնշումը (անտարբերություն, արհամարհում) և տնտեսական զրկումը։

Բռնի պահվածքը կարող է զուգորդվել հարբեցողությամբ[1] և հոգեկան խանգարումներով[2], որոնք բարդացնում են ընտանեկան բռնության կասեցումը։

Տնային բռնության մասին իրազեկությունը, հասարակական ընկալումը, իրավական սահմանումը և քրեական պատժելիությունը տարբերվում են երկրից երկիր, ինպես նաև տարբեր ժամանակաշրջաններում։ Գրեթե բոլոր արևմտյան երկրներում տնական բռնությունը քրեականացված է, ի տարբերություն զարգացող երկրների, որոնցից շատերում այս տիպի բռնությունը չի պատժվում օրենքով, որոշ եկրներում էլ համարվում է ընդունված կարգ ընտանիքներում։

Գենդրեային բռնությունը կարող է ունենալ ֆիզիկական, մտավոր, հանրային և տնտեսական հետևանքներ ինչպես անհատի, այնպես էլ ողջ հասարակության համար։ Գենդրեային բռնությունը կարող է խոչընդոտել կայուն զարգացմանն ուղղված անգամ ամենաեռանդուն ջանքերը և խաթարել ժողովրդավարական արժեքների վրա հիմնված առողջ, բարգավաճ հասարակությունների կայացումը, այն դեպքում, երբ նման հասարակությունները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների, այդ թվում նաև կանանց իրավունքների, հարգման ու պաշտպանության վրա։ Մարմնական վնասվածքները, մահը, սեռական և վերարտադրողական առողջության խնդիրները (Սեռավարակներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, անցանկալի հղիություններ, հղիության ստիպողական ընդհատումներ, վիժումներ, նորածնի ցածր քաշ և պտղի ներարգանդային մահ), ռիսկային վարքագիծը (բազմաթիվ զուգընկերներ, չպաշտպանված սեռական հարաբերություն, թմրանյութերի օգտագործում), հոգեկան առողջության խնդիրները (ընկճախտ, հետտրավմատիկ սթրեսային շեղումներ, անքնություն), ֆիզիկական առողջության խնդիրները (գլխացավ, ողնաշարային, որովայնի ցավեր, սահմանափակ շարժունություն և այլն): Գենդրեային բռնության հետևանքներից մի քանիսն են միայն։ Մեկուսացումը, անաշխատունակությունը, եկամուտների կորուստը, սեփական անձի ու երեխաների խնամքն իրականացնելու սահմանափակ ունակությունը ԳԲ-ի հանրային և տնտեսական հետևանքների շարքից են։

Հոգեբանական բռնություն, օգտագործվում է նաև հուզային բռնություն կամ հոգեկան բռնություն, բռնության տեսակ, որը բնութագրվում է մեկ անձի կողմից մյուսին այնպիսի պահվածքին ենթարկումը, որը կարող է բերել հոգեբանական ցնցման, և կարող է արտահայտվել զոհի անհանգստությամբխրոնիկական դեպրեսիայովհետտրավմատիկ ստրեսային խանգարմամբ և այլն։Այսպիսի բռնությունը հաճախ բնորոշ է իշխանության անհավասարակշռության իրավիճակներին, ինչպիսիք են օրինակ բռնի հարաբերությունները, սպառնումը և հետապնդումը՝ նաև աշխատատեղում և երեխաների բռնությունը Հոգեբանական տեսանկյունից՝  բռնության կիրառումը պայմանավորված է բռնություն կիրառողի   ինքնակառավարման բացակայությամբ, մարդկանց չվստահելու, կյանքից դժգոհ լինելու հակումներով:

Կարծիք կար, որ բռնությունը պայմանավորված է ծնողի հոգեբանական վիճակով, սակայն ամեն ինչ թաքնված է սոցիալական դաշտում, և ծնող-երեխա փոխհարաբերության խաթարման արդյունքում  առաջանում է ագրեսիվ, բացասական վերաբերմունքի դրսևորում երեխայի նկատմամբ:
Ենթարկվելով ֆիզիկական բռնության՝ երեխան ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես է ընկճվում: Այդ ամենն ազդում է նրա հոգեկան աշխարհի վրա:

Յուրաքանչյուր վեճ, կոնֆլիկտ, ծնողի բացասական վերաբերմունք բացասական է ազդում երեխայի մտավոր, ինտելեկտուալ զարգացման վրա, բարդույթավորում՝ դարձնելով նրան չափազանց զգայուն, խոցելի,ձևավորելով  ցածր ինքնագնահատական:
Յուրաքանչյուր ծնող պետք է իմանա՝ ինչպես դաստիարակել երեխային, որպեսզի երեխայի մոտ «հոգու մաh»  տեղի չունենա:  

Comments