Դեղաբույսեր — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Դեղաբույսեր

Դեղաբույսեր

Հավաքած դեղաբույսերը սովորաբար չորացնում են հատուկ չորանոցներում կամ ստվերում՝ բացառությամբ մի քանիսի, որոնց թարմ հումքից ստանում են եթերայուղեր և հյութեր: Չորացրած դեղաբույսերն օգտագործում են թուրմեր, եփուկներ պատրաստելու համար, քիմիադեղագործական արդյունաբերության մեջ՝ հիմնականում մաքուր ներգործող նյութեր ստանալու համար:Դեղաբույսերը մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար օգտագործվող բույսերի խումբ են: Համաշխարհային բուսական աշխարհի մոտ 21000 տեսակ օգտագործվում է բուժիչ նպատակներով: ՀՀ-ում բուժիչ հատկություններով օժտված է մոտ 1500 բուսատեսակ (օգտագործվող դեղապատրաստուկների մոտ 40%-ն ունի բուսական ծագում): Դեղաբույսերի բուժիչ հատկությունները պայմանավորված են դրանցում պարունակվող քիմիական տարբեր բաղադրության նյութերով՝ ալկալոիդներով, գլիկոզիդներով, սապոնիններով, եթերայուղերով, ֆլավոնիդներով, աղաղանյութերով, վիտամիններով, որոնք ֆիզիոլոգիական ներգործություն են ունենում մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների վրա: 

Դեղաբույսերից ստացված և քիմիաբուժական պատրաստուկներին ներկայացվող պահանջները՝ արդյունավետությունն ու անվտանգությունը, նույնն են: Չի կարելի միմյանց հակադրել դեղաբույսերը և սինթետիկ դեղամիջոցները կամ բնական հումքից ստացված միացությունները: Հմուտ օգտագործման դեպքում բոլոր դեղամիջոցները լրացնում են միմյանց:

ՀՀ-ում առավել տարածված դեղաբույսերից են.

ազնվամորի (անտառամորի, մոռենի). վայրի կիսաթուփ է, աճում է  անտառների բացատներում, ձորեզրերին: Մշակվում է պարտեզներում, պուրակներում: Բուժիչ նպատակով օգտագործում են պտուղները, մասամբ՝ տերևներն ու ծաղիկները: Ունի քրտնաբեր, ջերմիջեցնող, կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություններ:

Անանուխ (դաղձ). բազմամյա, կոճղարմատավոր վայրի կամ մշակովի խոտաբույս է: Աճում է ամենուրեք: Տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղ, կարոտին, մենթոլ և այլն: Մենթոլն ունի անոթալայնիչ, հանգստացնող և տեղային ցավամոքիչ ներգործություն: Մտնում է վալիդոլի, Զելենինի կաթիլների և այլ պատրաստուկների բաղադրության մեջ: Տերևների թուրմն օգտագործվում է մարսողության կանոնավորման, լնդերի բորբոքման, սրտխառնոցի և այլ դեպքերում:

Անթառամ. բազմամյա խոտաբույս է: Աճում է տափաստանային գոտիներում, ավազային հողերում, սարալանջերում: Թուրմը և եփուկն ունեն լեղամուղ, հակամանրէային հատկություններ:

Առյուծագի. բազմամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք, նաև մշակվում է: Բուժման նպատակով օգտագործում են տերևները և ընձյուղների գագաթները: Պատրաստուկներն ունեն կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող, սրտի աշխատանքը կարգավորող, զարկերակային ճնշումն իջեցնող և քնաբեր հատկություններ:

Արյունխմիկ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է խոնավ մարգագետիններում, գետափերին, անտառների բացատներում: Բուժիչ նշանակություն ունեն արմատներն ու կոճղարմատները, որոնցից ստացվող պատրաստուկները տտիպ են և օժտված են հակաբորբոքային և արյունահոսությունը դադարեցնող հատկություններով:

Բռնչի սովորական. վայրի թուփ է, աճում է ջրամբարների ափերին, թփերի մացառուտներում, անտառներում: Բուժիչ հատկություն ունեն կեղևը և պտուղները: Կեղևից ստացվող պատրաստուկներն ունեն արյունահոսությունը դադարեցնող ազդեցություն: Պտուղները պարունակում են  C վիտամին ու կիրառվում են ստամոքսի խոցի դեպքում և որպես միզամուղ միջոց:

Դժնիկ լուծողական (բեկտենի). թուփ է կամ փոքր ծառ, աճում է բաց տարածություններում, լեռնային կիրճերում: Պտուղների թուրմն ու եփուկն օգտագործվում են քրոնիկական փորկապությունների ժամանակ:

Եզան լեզու մեծ. բազմամյա խոտաբույս է, տարածված մոլախոտ է: Աճում է ամենուրեք: Թարմ տերևների հյութն ունի մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և խորխաբեր հատկություններ, օգտագործվում է հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների, խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ թարմ տերևները եռացող ջրում լվանալուց հետո կապում են վերքերին, և այն մաքրում է թարախը:

Եղեսպակ դեղատու. մշակովի բույս է: Տերևները հավաքում են ծաղկումից անմիջապես հետո, որոնցից ստացված պատրաստուկներն օգտագործվում են որպես հակաբորբոքային, ախտահանող միջոց բերանի խոռոչի և վերին շնչուղիների լորձաթաղանթի հիվանդությունների ժամանակ: Թարմ տերևներն ունեն մանրէասպան հատկություն:

Եղերդակ (ճարճատուկ). երկամյա կամ միամյա խոտաբույս է: Բոլոր օրգանները պարունակում են կաթնահյութ: Անջրդի հովիտներում, անտառեզրերին, ճամփեզրերին և առուների եզրերին աճում է եղերդակի 2 տեսակ: Արմատների թուրմն ունի ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, իսկ տերևների թուրմը՝ հակամանրէային ազդեցություն:

Եղինջ երկտուն. բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիներում, առավելապես ստվերոտ և խոնավ անտառներում, թփուտներում: Տերևներից ստացվող պատրաստուկներն ունեն արյունահոսությունը դադարեցնող, արյան մակարդելիությունը խթանող, հարթ մկանների տոնուսը բարձրացնող, նյութափոխանակությունը կարգավորող հատկություններ:

Երիցուկ դեղատնային. միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Աճում է դաշտերում, մարգագետիններում, նաև մշակվում է: Ծաղկազամբյուղների թուրմն ու եփուկը, որպես հակաբորբոքային, քրտնաբեր, վարակազերծող միջոց, օգտագործվում են լուծի դեպքում, կոկորդի և լնդերի բորբոքումների, բերանաբորբի ժամանակ:

Լոշտակ սպիտակ (մարդախոտ). բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիների գետահովիտներում, անտառի բացատներում, աղբուտներում: Բուժիչ նպատակով հիմնականում օգտագործվում են արմատները, որոնց եփուկն ունի ցավամոքիչ, արյունահոսությունը դադարեցնող, միզամուղ, լուծողական հատկություններ:

Լորենի սրտաձև կամ մանրատերեվ. տերևաթափ ծառ է: Աճում է սաղարթավոր անտառներում՝ բոխու, կաղնու, հաճարի ծառերի հետ: Օգտագործում են ամբողջական ծաղկաբույլերը, որոնց տաք թուրմը կիրառվում է որպես քրտնաբեր միջոց մրսածության ժամանակ, իսկ եփուկը՝ մանրէասպան հատկության շնորհիվ՝ բերանի և կոկորդի ողողումների համար:

Խավրծիլ. մշակովի բույս է: Արմատներից ստացվող պատրաստուկների մեծ չափաքանակներն ունեն լուծողական, փոքրը՝ ախորժակը գրգռող հատկություն:

Խատուտիկ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիների այգիներում, դաշտերում, մարգագետիններում, ցանքերում: Եփուկը և ջրաթուրմն օգտագործում են որպես ախորժաբեր, լեղամուղ, մարսողությունը կարգավորող միջոց:

Կատվախոտ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է Իջևանի, Սևանի, Վայքի, Մեղրու, Վանաձորի անտառային բացատներում, ալպյան մարգագետիններում: Արմատի թուրմն ու մզվածքն ունեն սիրտանոթային համակարգի աշխատանքը կարգավորող, նյարդերը հանգստացնող, մարսողությունը լավացնող ներգործություն:

Կյանքի արմատ (ժենշեն). վայրի և մշակովի բույս է: Արմատներից ստացվող փոշին, թուրմը և պատրաստուկները կիրառվում են արյան թերճնշման, որոշ նյարդային հիվանդությունների, գերհոգնածության ժամանակ՝ որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց:

Հազարատերեվուկ սովորական. բազմամյա խոտաբույս է: Աճում է Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերի մարգագետիններում ու թփուտներում: Պատրաստուկները բարձրացնում են արյան մակարդելիությունը, լավացնում ախորժակը, կարգավորում մարսողությունը, ունեն հակաբորբոքային և հակամանրէային հատկություններ:

Հալվե ծառանման. վայրի և մշակովի բույս է: Աճեցվում է սենյակային պայմաններում: Տերևների հյութը պարունակում է բազմաթիվ ֆերմենտներ, վիտամիններ և կիրառվում է թարախային վերքերի, այրվածքների, մաշկի որոշ բորբոքային հիվանդությունների ժամանակ: Հյութն օգտագործվում է նաև քրոնիկական փորկապության, իսկ տերևների մզվածքը՝ խոցային հիվանդության և աչքի հիվանդությունների ժամանակ:

Մանանեխ. վայրի խոտաբույս է:  Աճում է դաշտերում, մարգերում, ճանապարհների մոտ: Սերմերը պարունակում են գլիկոզիդներ և օգտագործվում են մանանեխի փոշի ու եթերայուղ ստանալու համար:

Մանանեխի ծեփուկները և լոգանքները խորհուրդ են տրվում վերին շնչուղիների հիվանդությունների ու մրսածության ժամանակ:

Մասրենի. վայրի և մշակովի բույս է: Աճում է ամենուրեք՝ անտառների բացատներում, գետահովիտներում, լեռնալանջերին: Պտուղները հարուստ են վիտամիններով: Պտուղների եփուկն օգտագործվում է որպես վիտամինային և մարսողությունը լավացնող, իսկ պատրաստուկները՝ լյարդի, լեղապարկի և միզաքարային հիվանդությունների ժամանակ՝ որպես հակաբորբոքային, ինչպես նաև արյունաստեղծ համակարգը խթանող միջոց:

Սրոհունդ սովորական (արևքուրիկ). բազմամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք՝ մարգագետիններում, գետահովիտներում, անտառային բացատներում: Եփուկը և սպիրտային թուրմն ունեն կապող, հակամանրէային, հակաբորբոքային, հակաճիճվային, ինչպես նաև հյուսվածքների վերականգնումը խթանող հատկություններ: Տերևներից և ցողունից ստանում են իմանին և նովոիմանին պատրաստուկները, որոնք կիրառվում են վերքերի, այրվածքների, կրծքագեղձի բորբոքումների բուժման համար:

Տատրակ սովորական. բազմամյա խոտաբույս է: Աճում է Սևանի ավազանի,

Տավուշի, Վայքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում՝ գետափերին, խոնավ ձորերում, կավահողերում: Տերևների և ծաղիկների թուրմն ունի խորխաբեր ու քրտնաբեր հատկություններ և օգտագործվում է հազի, բրոնխային հեղձուկի, թոքաբորբի և այլ հիվանդությունների ժամանակ:

Տերեփուկ կապույտ. միամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք՝ անմշակ հողերում, թփուտներում: Բուժիչ նշանակություն ունեն ծաղիկները, որոնց թուրմն օգտագործվում է որպես միզամուղ, լեղամուղ, քրտնամուղ, հակաբորբոքային միջոց, ինչպես նաև թրջոցների ձևով՝ աչքի լորձաթաղանթի բորբոքման, արցունքահոսության ժամանակ:

Տուղտ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է գետափերին, ձորեզրերին, այգիներում, խոնավ մարգագետիններում: Տարածված է նաև հայկական տուղտը, որը հանդիպում է Արմավիրի, Տավուշի, Արարատի, Սյունիքի մարզերում: Չորացրած արմատներից ստացվող փոշին և թուրմն ունեն խորխաբեր ու հակաբորբոքային հատկություններ, օգտագործվում են շնչուղիների, միզուղիների, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ժամանակ:

Օճառախոտ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է Արարատի, Տավուշի, Գուգարքի, Սյունիքի մարզերի ցանքերում, խոտհարքներում, անտառի բացատներում, ճամփեզրերին: Բուժիչ հատկություն ունեն արմատները, որոնք օժտված են լեղամուղ, ջերմիջեցնող, ցավերը հանգստացնող ազդեցությամբ և օգտագործվում են լյարդի ու երիկամների հիվանդությունների, պոդագրայի, հազի, քթի և ըմպանի ախտահարումների ժամանակ:

Օշինդր դառը. բազմամյա խոտաբույս է: Աճում է ՀՀ բոլոր գոտիների ցանքերում, այգիներում, ճամփեզրերին. հիմնականում մոլախոտ է: Վերգետնյա մասերը պարունակում են եթերայուղ, գլիկոզիդներ, աղաղանյութեր, օրգանական թթուներ: Բուժիչ նշանակություն ունեն տերևները և ծաղկազամբյուղները, որոնցից ստացվող թուրմը, մզվածքը և պատրաստուկները կարգավորում են մարսողությունը, լավացնում ախորժակը: Օգտագործվում են լյարդի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ: 

 

Բույսերի արմատներ

Գազարը, ճակնդեղը և այլ արմատապտուղներ օգտագործվում են սննդի, իսկ կատվախոտի, կյանքի արմատի (ժենշեն) արմատները՝ բժշկության մեջ:Արմատը բարձրակարգ բույսերի վեգետատիվ հիմնական օրգաններից մեկն է, որը նախ բույսն ամրացնում է հողին, ապա հողից կլանում է բույսի աճի համար անհրաժեշտ ջուրը, հանքային և օրգանական նյութերը: Որոշ բույսերի արմատները պահեստային նյութերի կուտակման տեղ են (արմատապտուղներ) կամ վեգետատիվ բազմացման օրգան (արմատածիլային բույսեր): Արմատը չի առաջացնում և իր վրա չի կրում տերևներ, սակայն ինքը կարող է առաջանալ բույսի բոլոր վեգետատիվ օրգանների՝ ցողունի, տերևների վրա: Արմատը սովորաբար լինում է գլանաձև կամ թելաձև, բայց կարող է ձևափոխվել և կատարել շնչառական ֆունկցիա: Արմատի ծայրը ծածկված է ծայրապատյանով, որը բջիջները պահպանում է մեխանիկական վնասվածքներից: Ջրի և այլ նյութերի կլանումը կատարվում է արմատամազիկներով, որոնք բույսի արմատային համակարգի մակերևույթը մեծացնում են մոտ 20 անգամ: Արմատը զարգանում է սերմի սաղմնային արմատիկից և ուղղաձիգ աճում ներքև: Նրա վրա առաջանում են կողմնային ճյուղավորումներ: Շատ բույսեր ունեն նաև հավելյալ արմատներ, որոնք առաջանում են ոչ թե գլխավոր կամ կողմնային արմատից, այլ ցողունից ու տերևներից: Բույսի բոլոր արմատները միասին վերցրած կազմում են նրա արմատային համակարգը: Սաղմնային արմատն աճելով դառնում է «գլխավոր» և տարբերվում է մնացածներից. այն առաջացնում է առանցքային արմատային համակարգ: Վերջինս բնորոշ է մերկասերմերին և երկշաքիլավորներին: Հավելյալ արմատների գերակշռման դեպքում առաջանում է փնջաձև արմատային համակարգ, որը բնորոշ է միաշաքիլավորներին: Միամյա բույսերի արմատները հողի մեջ թափանցում են մինչև 2 մ, ծառերինը՝ 12 մ: Որոշ բույսերի արմատներում սինթեզվում են յուրահատուկ նյութեր, օրինակ՝ ծխախոտի արմատներում առաջանում է նիկոտին, կոկսագզի արմատներում՝ կաուչուկ, գազարի արմատներում՝ շաքար և կարոտին: Վերջինս մարդու կամ կենդանու օրգանիզմում վերածվում է A վիտամինի:

Մակաբույծ բույսերը, միջատների թրթուրները, վնասատու մանրէները արմատի թշնամիներն են: Արմատն ունի նաև «օգնականներ»: Հողափոր անձրևաորդերը հաճախ են նրա համար ճանապարհ բացում: Կան նաև անտեսանելի «բարեկամներ». օրինակ՝ ընդավոր բույսերի արմատների վրա բնակվող ազոտ կապող պալարաբակտերիաների շնորհիվ ընդավորներն ազոտ են ստանում ոչ միայն հողից, ինչպես մյուս բույսերը, այլև օդից:

Գյուղատնտեսական բույսերը մշակելիս հարկավոր է փխրեցնել և պարարտացնել հողը, որպեսզի արմատները լավ «աշխատեն», և առատ բերք ստացվի:

 

Ֆեյխոա — Фейхоа — Feijoa

Feijoa sellovioana- մրտենիների ընտանիքին պատկանող մինչեւ 3 մ բարձրության հասնող մշտադալար թուփ է, հայրենիքը Հարավային Ամերիկայի Արեւելյան ափի լեռնային շրջաններն են՝ Բրազիլիայի եւ Արգենտինայի սահմանագծով։ Տեղաբնակներն անհիշելի ժամանակներից օգտագործել են այդ բույսի ճյուղերը, տերեւները եւ պտուղները։ Պտուղների համը հիշեցնում է ազնվամորու եւ անանասի խառնուրդ, որի պատճառով այն անվանում են՝ ակկա կամ «անանասի խոտ»։ Առաջին անգամ բույսը նկարագրել է բրազիլացի անվանի գիտնական Ժոաո դա Սիլվա Ֆեյխոն։ Գերմանացի գիտնական Օտտո Բերգն անվանել է «անանասի խոտը» ֆեյխոա, ի պատիվ բրազիլացի բուսաբանի։ 

Վայրի ձեւով աճող ֆեյխոայի խիտ մացառուտները հանդիպում են նաեւ Ուրուգվայում եւ Պարագվայում։ Այս շրջանների համար ֆեյխոան էնդեմիկ բույս է, որը դիմացկուն է երաշտի եւ կիզիչ արեւի նկատմամբ, դիմանում է մինչեւ -120C ցրտերին։ Ծաղկման շրջանում բույսը գրավում է բազմաթիվ միջատների ուշադրությունը, լցնելով օդը քաղցրաբույր հոտով։ Օվկիանոսից փչող յոդով հագեցած զեփյուռը տարածում է այդ բուրմունքը։ Ըստ հին ավանդազրույցի՝ Սիրո Աստվածուհին գայթակղում է Միրտին։ Այդ ժամանակներից մինչ մեր օրերը, այն վայրերում, որտեղ մրտենազգիները էնդեմիկ են, պահպանվել է մի գեղեցիկ սովորույթ՝ ֆեյխոայի փոքրիկ ճյուղերը ամրացնում են սպիտակ ժապավենին եւ զարդարում հարսանեկան հանդեսները։ Իսկ հարսնացուները զարդարում են դրանցով իրենց մազերը։ 

Ֆեյխոայի ծաղկաթերթերը բաց վարդագույն են, ծաղիկների վրա նստած են երկար առէջքների փնջերը։ Տերեւները օվալաձեւ են, փայլուն, մուգ կանաչավուն, աճում են հակադիր զույգերով, ունեն եթերային յուղ պարունակող փոքրիկ պահեստանոցներ։ Բավականին խոշոր գեղեցիկ ծաղիկները մեծ քանակությամբ շաքարներ են պարունակում, դրանցից պատրաստում են բուրումնավետ ըմպելիքներ եւ օծանելիք։ Ֆեյխոան միատուն բույս է։ Փոշոտումը կատարվում է խաչաձեւ։ Բազմանում է սերմերի միջոցով, որոնց քանակությունը պտղի մեջ սովորաբար լինում է 50 հատ։ Հեշտությամբ աճում է տնային պայմաններում։

Ֆեյխոայի հայրենիքում դրա թարմ եւ չորացրած տերեւներն օգտագործվում են ճարպոտ մսեղենի ապխտման համար նաեւ որպես համեմունք՝ տապակած թռչնամսի հետ։ Ֆեյխոայի ճյուղերը գցում են կրակի մեջ, որի վրա խորովում են թռչնամիս կամ գառ։ 

Եվրոպացիներին այս բույսը հայտնի է 19-րդ դարից։ 20-րդ դարասկզբին սկսել է մշակվել ԱՄՆ-ի Ֆլորիդա եւ Կալիֆոռնիա նահանգներում, Միջերկրական, Սեւ, Կասպից ծովերի մերձարեւադարձային գոտիներում, Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, այլ վայրերում։

Ֆեյխոայի պտղի հիմնական հարստությունը յոդն է եւ վիտամինները՝ C, B, P։ Բազմասերմ պտուղը պարունակում է 81 % ջուր, 2,5-3,5% օրգանական թթուներ, մինչեւ 10% շաքարանյութեր, 1,5% պեկտիններ, եթերային յուղ։

Ֆեյխոան դիետիկ պտուղ է, որի մեջ պարունակվող սպիտակուցներն ու ճարպերը հեշտ են յուրացվում օրգանիզմի կողմից։ Այս պտղի կեղեւն ուտելի է, օգտակար, քանի որ պարունակում է կատեխիններ եւ լեյկոանտոցիաններ, կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք կանխարգելում են օնկոլոգիական հիվանդությունները, քանի որ ուժեղ հակաօքսիդանտներ են։ Ֆեյխոայի մաքրած պտղի կեղեւը չպետք է նետել, կարելի է չորացնել եւ պատրաստել թեյ կամ օգտագործել որպես համեմունք։ Ֆեյխոան անհնարին է տեղափոխել հասած վիճակում, այդ պատճառով այն քաղում են մինչեւ հասունանալը։

 

Տնային պայմաններում անհրաժեշտ է պահել հով եւ օդափոխվող տեղում։ Երկար պահպանելու համար պտուղները խառնում են շաքարի կամ մեղրի հետ հավասար քանակությամբ։ Շաքարակալած ֆեյխոան չի կորցնում իր օգտակար հատկությունները։

 

Ֆեյխոան, ինչպես նաեւ կիվիի, ավոկադոյի, տանձի եւ այլ կանաչ պտուղների կեղեւի շերտը պարունակում է կալցիում, լյուտեին եւ ինդոլ, որը նպաստում է տեսողության լավացմանը, ոսկորների եւ ատամների ամրացմանը։ Պարունակում է նաեւ քլորոֆիլ, որն ունի թարմացնող եւ մաքրող հատկություն։ Ֆեյխոան ունի հանգստացնող հատկություն, դրական է ազդում սրտի աշխատանքի վրա, իջեցնում է ճնշումը, լավացնում թոքերի աշխատանքը, ազատում է սթրեսից, հանգստացնում է գլխացավը։ 

— Ֆեյխոայի մեջ գտնվող յոդի միացությունները հեշտությամբ են յուրացվում մարդու օրգանիզմի կողմից։ Յոդի օրական չափաբաժինը (150 մգ) բավարարելու համար բավական է ուտել օրը 150 գրամ պտուղ՝ այն բաժանելով 3 հավասար մասի։ 

— Գիտական եւ ժողովրդական բժշկության մեջ ֆեյխոան կիրառում են հիպոտերիոզի դեպքում։ 

— Ֆեյխոան խորհուրդ է տրվում նաեւ հիպո եւ ավիտամինոզ C-ի դեպքում, նաեւ աղեստամոքսային բորբոքային հիվանդությունների, գաստրիտի եւ պիելոնեֆրիտի դեպքում։

— Աթերոսկլերոզի դեպքում նախաճաշից եւ քնելուց առաջ պետք է ուտել 50-ական գրամ ֆեյխոա։ 

— Ֆեյխոան անփոխարինելի միրգ է ալերգիայով հիվանդների համար՝ հատկապես երեխաների։ 

— Անեմիայի դեպքում խմել հավասար քանակություններով ֆեյխոայի, մեղրի, նռան հյութի խառնուրդը. զգալիորեն կբարձրանա օրգանիզմի դիմադրողականությունը։ 

— Կրունկների ճաքերի դեպքում՝ կես բաժակ ֆեյխոայի շիլային խառնել մեկական ճաշի գդալ խնձորի հյութ եւ կամֆորայի յուղ, քսել ոտնաթաթերին։ Պահել 15-20 րոպե, լվանալ տաք ջրով։ 

— Ճաքած շուրթերի դեպքում՝ 1 ճաշի գդալ ֆեյխոայի պտղամիսը խառնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղի հետ, քսել շուրթերին։ Մաքրել 30 րոպեից թղթե անձեռոցիկով։

 

Ինչպե՞ս աճեցնել ֆեյխոա տնային պայմաններում

Ընտրել ֆեյխոայի խոշոր պտուղներ եւ պահել հասունացման համար տաք տեղում, մինչեւ սկսի նեխելու պահը, որից հետո դատարկել միջնամասը սերմերի հետ միասին (միջին չափով՝ 50 հատ)։ Բարակ քամիչով լվանալ։ Վերցնել տորֆը ավազի հետ, լցնել արկղի մեջ, ցանել միջի սերմերը, հավասարեցնել քանոնով, վրայից ծածկել հաստ թղթե անձեռոցիկով (կամ զուգարանի թղթով), սերմերը բողբոջելու համար ցրված լույսի կարիք ունեն։ Վրայի անձեռոցիկը թույլ չի տալիս չորանալ կամ մասամբ լույս է անցնում միջով։ Բարձր +200 ջերմաստիճանի դեպքում սերմերը սկսում են ծիլեր արձակել։ Այդ ժամանակ արդեն ծիլերին պետք է հարմարեցնել արեւի լույսին։ Ֆեյխոան աճում է շատ արագ, 4-5 տերեւիկների հայտնվելու դեպքում սածիլել պլաստմասսե բաժակիկների մեջ։ Հետագայում այդ բաժակիկների հողե գնդով դրանք տեղադրել ավելի մեծ ծաղկամանի մեջ։ Արդեն երրորդ տարին դուք կարող եք ուրախանալ հրաշալի ծաղկած բույսերով։ Ծաղիկները նրբաճաշակ են, մեծ մասը թափվում են, իսկ որն էլ որ չի թափվում, ապա տալիս է բավարար քանակությամբ պտուղներ, որից կարելի է պատրաստել հյութեր, լիկյորներ, ջեմ, գինի, հում մուրաբա… Այս յուրահատուկ պտղաբույսն ուրախացնում է բոլորին իր գեղեցկությամբ, մթնոլորտի մաքրմամբ եւ իր աստվածային պտուղներով, որոնք պարգեւում են ուրախություն եւ առողջություն։

 

Հեղինակ. Ջուլիետա Սահակյան 

 

Օշինդր դառը — Полынь горькая — Artemisia absinthium L. 

 

Հայկական տարանունները — ափսինդ, բարձմանեակ, բարձնակ, բարձվենյակ, բացմենակ, նգածաղիկ

 

Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, 50-120 սմ բարձրության, ճյուղավոր ցողուններով, ծլարմատավոր, բազմամյա խոտաբույս է: Ունի արմատամերձ եռակի և ցողունային կրկնակի ճեղքված, հերթադիր, կոթունավոր, երկարավուն տերևներ: Ցողունները և տերևները գորշ արծաթավուն են և ծածկված են մանր մազմզուկներով: Ծաղկաբույլերը գնդաձև զամբյուղներ են, բաղկացած խողովակաձև, մանր, առանց բաժակների, շուրջ 85 դեղին ծաղիկներից, սերմիկները հակաձվաձև են, մանր, 1 կգ-ի մեջ` մոտ 10 մլն: Բույսը ծաղկում է հուլիս-օգոստոս, պտուղները հասունանում` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Բազմանում է սերմերով և արմատամերձ բողբոջներով: Ամբողջ բույսն ունի սուր եթերայուղային հոտ և չափազանց դառը համ` շնորհիվ աբսինթին և անաբսինթին գլիկոզիդների. բույսի դառնությոնը զգացվում է անգամ 1/10000 նոսրացումից: Օշինդրը համարվում է երկրագնդի ֆլորայի ամենադառը բույսերից մեկը:

 

Դեղաբույսը ցրտադիմացկուն է, չորակայուն, լուսասեր, պտղակալում է կանոնավոր: Գրականության մեջ նկարագրված 200 տեսակներից Կովկասում աճում են 28-ը, իսկ Հայաստանում` 15-ը, որոնցից միայն մի քանիսն ունեն բուժական նշանակություն: Մեր հանրապետությունում որպես մոլախոտ օշինդրը հանդիպում է բոլոր գոտիներում: Խառը բուսուտների ձևով աճում է շենքերի մոտ, ճամփեզրերին, աղբուտներում, խամահողերում, ցանքերում, ձորալանջերին, թփուտներում, այգիներում` հաճախ բարձրանալով ծովի մակերևույթից 1400-2500 մ բարձրության վրա:

 

Ցեղի «Արտեմիզիա» անվանումը հունարեն «արտեմես» բառից է, որը նշանակում է «առողջ»: Ոմանք այդ անունը կապում են Մավզոլ թագավորի կնոջ` Արտեմիզիայի անվան հետ, որն իբր, ըստ Պլինիոսի, բուժվել է այս բույսով: Ուրիշներն այդ անունը կապում են հունական աստված Արտեմիսի հետ: «Աբսինթիում» հունարեն նշանակում է «տհաճ»` ելնելով բույսի տհաճ դառնությունից:

 

Քիմիական բաղադրությունը: Բույսի մեջ հայտնաբերվել են 0,5-2% կապտականաչավուն եթերայուղ, դաբաղանյութեր, ֆլավոնոիդ արտեմետին, կվեբրախիտ, լիգնաններ, ֆիտոնցիդներ, սաթաթթու, խնձորաթթու, քացախաթթու, պալմիտինաթթու, իզովալերիանաթթու, կալիումական աղեր, սպիտներ, օսլա, խեժ, խամազուլեն, վիտամիններից` K, B6, C, կարոտին, արմատներում` ինուլին: Եթերայուղը միատարր չէ, այն իր հերթին պարունակում է տույիլ սպիրտ, ածխաջրածիններից` տույոն, պինեն, կադինեն, ֆելանդրեն, բիզաբոլեն և այլն, սեսկվիտերպենային լակտոններ (դառնահամ աբսինթին և անաբսինթին), այդ թվում նաև մոնոցիկլիկ կետոլակտոններ և ազուլինոգեն, սեսկվիտերպենային գվայյանոլիդներ:

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և ծաղկակիր գլխամասերը: Տերևները մթերում են մինչև բույսի ծաղկելը, իսկ ծաղկաբույլերը` մինչև ծաղիկների բացվելը: Հումքը չորացնում են թիթեղյա ծածկով տանիքում, փռված կամ կախված վիճակում: Չոր հումքը պահում են պարկերի մեջ, 3 տարի ժամկետով: Այն կազմում է նախնականի 24-25%-ը:

 

Դեղաբույսն ունի բուժական կիրառման վաղնջական պատմություն: Դեռևս Պլինիոսն այն օգտագործել է խպիպի դեպքում և նշել, որ եթե ոտքերին կապեն օշինդր, ապա վերանում է հոգնածությունը: Լոնիցերուսը առաջարկել է ուտելիքին ավելացնել օշինդր, որպեսզի ուժեղանա ստամոքսը, լավանա մարսողությունը և թույներն ու լեղին դուրս գան օրգանիզմից: Ավիցեննան դեղաբույսը համարել է լեղամուղ, միզամուղ, հակաջերմային, դաշտանը կանոնավորող և ստամոքսի գործունեությունն ուժեղացնող միջոց: Օշինդրը` գինու հետ խառնված, նա առաջարկել է ուղիղ աղու ճաքվածքի և թութքի, իսկ բրնձի և մեղրի հետ` ճիճվակրության, սնկային թունավորումների, աչքի և ականջի հիվանդությունների և որոշ ուռուցքների ժամանակ: Մեծ գիտնականը նշել է նաև, որ եթե բույսը խառնվի թանաքին, վերջինս ամուր կլինի և թղթից պոկ չի գա, իսկ շորի մեջ դնելուց` այն վանում է ցեցին:

 

Մ. Հերացին դեղաբույսն` առանձին կամ խառնուրդների ձևով, նշանակել է լյարդի և փայծաղի խցանումների, ստամոքսի ուռուցքի, ջրգողության, հեպատիտների, գլխացավերի, աչքի և ոսկրերի հիվանդությունների, մալարիայի, ձգձգվող ջերմերի և այտուցների ժամանակ: Բժշկապետն օշինդրը համարել է ստամոքսը կազդուրող և տոնուսավորող միջոց: Ամիրդովլաթը, բացի վերոհիշյալ դեպքերից, դեղաբույսը տարբեր ձևերով ու եղանակներով օգտագործել է կլոր և տափակ որդերի, լեղաքարերի, մաշկային խոցերի, ասթմայի, ստամոքսացավերի, ստամոքսի խոցի, բքնածության, կարիճի կծածի, արճիճով թունավորման դեպքերում: Ըստ բժշկապետի, դեղաբույսը` մեղրի հետ տալով, օգնում է դեղնուկին և կաթվածահարին, ականջի ցավին, չի թողնում որ մարդ շուտ հարբի ալկոհոլային խմիչքներից, լավացնում է լսողությունը, բացում միզակապությունը, դաշտանը, ամոքում թութքը, լավացնում երեսի գույնը: Ամիրդովլաթի մեջբերումներով, Մատային օշինդրն օգտագործել է ատամների ոսկրափուտի, Սահակը` նողկանքի և դաշտանի ետպահումների, Արճիճանիսը` ստամոքսասրտային ցավային վիճակի, Մասրճուեն` փսխման և վիժումների, Ըռուֆոսը` մաստիտների, Էհանան` բորբոքական ջերմերի ժամանակ և այլն:

 

Ղ. Ալիշանի մեջբերումով, հայկական հին բժշկարաններում նշվում է, որ օշինդրի ծաղիկները` եփուկի ձևով, օգնում են արյունալուծին, ջարդվածքներին, հետանցքի շրջանի ցավերին, դժվարամիզությանը, թունավորումներին, գազանահարին, կարիճահարին: Ծխելուց` տան միջից փախցնում է սողուններին, նշի յուղով կաթեցնելով ականջի մեջ` կտրում է վերջինիս ցավը: Իսկ հայկական այլ աղբյուրներում նշվում է նաև, որ դեղաբույսն օրգանիզմից հանում է մաղձը, մաքրում ստամոքսը, օգնում այտուցներին և բարձր ջերմությանը, լյարդի և երիկամների հիվանդություններին, ռևմատիզմին, քոսին, քորին, միգրենին, ականջի թարախային բորբոքումներին, մեղրի և գինու հետ կիրառելուց` առաջացնում է քուն:

 

Ռուսիայում բարձր են գնահատել օշինդրի հյութը` որպես վերքամոքող և «արյունը մաքրող» միջոց: Այստեղ դեղաբույսի եփուկը կիրառվել է ընդմիջվող կաղության, դեղնուկի, ջրգողության, ճիճվակրության, անքնության, լյարդի, միզապարկի և փայծաղի հիվանդությունների ժամանակ: Միջին Ասիայի ժողովուրդները բույսի ծաղկաթուրմն օգտագործում են խոցային կոլիտների, լուծերի, թութքի, մալարիայի, բերանի վատ հոտի, ատոնիկ փորկապության, աղեփքանքի, ճարպակալման, ընկնավորության, գարշահոտ հարբուխի ժամանակ և այլն: Հնդկական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է ընդմիջվող կաղության և ճիճվակրության ժամանակ, ինչպես նաև որպես ընդհանուր տոնուսավորող միջոց: Բուլղարիայում դեղաբույսն օգտագործում են ինչպես գերթթվային, այնպես էլ թերթթվային գաստրիտների, գեղձախտի, թոքային պալարախտի, ընկնավորության, լեղուղիների հիվանդությունների, անկանոն դաշտանի, սպիտակաթորանքի, անեմիաների, անքնության և բերանի վատ հոտի, Գերմանիայում` ստամոքսաաղիքային տրակտի սուր և քրոնիկական ախտահարումների ժամանակ: Ֆրանսիայում, ուր օշինդրն անվանում են «առողջության խոտ», օգտագործում են որպես ճիճվամուղ, հակասպաստիկ և խուխամուղ միջոց, ինչպես նաև անեմիաների և նևրասթենիայի ժամանակ: Ճիճվակրության դեպքում դեղաբույսն ընդունում են ինչպես ըմպելու, այնպես էլ հոգնայի ձևով` խառնելով սխտորահյութի հետ: Սալերնյան կոդեքսի տվյալներով, օշինդրը մայրն է բոլոր խոտաբույսերի: Եփուկի ձևով, նշված է կոդեքսում, դեղաբույսը բացում է դաշտանը, վերացնում փորկապությունը և բքնածությունը, միզամուղ է, ընդունակ է դուրս բերելու միզաքարերը: Գինու հետ ընդունելիս` օգնում է դեղնուկին, ափիոնով թունավորվածին, ամրապնդում ստամոքսը: Դեղաբույսն ունի նաև հագուստը ցեցից պաշտպանելու հատկություններ:

 

Այլ ազգերի ժողովրդական բժշկության մեջ բույսի թարմ հյութն օգտագործում են վերքերը վարակազերծելու, արյունահոսությունը դադարեցնելու և դրանց հետագա բուժման համար: Թարմ, տրորված տերևները օգտագործում են արտաքին ձևով` սալաջարդերի, հոդախախտումների և ջլերի պրկման ժամանակ` որպես հուսալի ցավազրկող միջոց: Ներքին ընդունման ձևով դեղաբույսն օգտագործվել է որպես ախտահանիչ միջոց խոլերայի, իսկ այլ դեղաբույսերի հետ` ալկոհոլիզմի ժամանակ:

 

Օշինդրը օֆիցինալ է աշխարհի 24 երկրներում, այդ թվում նաև մեզ մոտ: Փորձնական տվյալները ցույց են տվել, որ դեղաբույսի պատրաստուկները, գրգռելով բերանի խոռոչի համզգաց նյարդերի ռեցեպտները, ռեֆլեկտոր կերպով ուժեղացնում են ստամոքսաաղիքային տրակտի գործունեությունը: Այս հարցում առաջնային դեր է խաղում աբսինթինը, որը, մասնավորապես, ընդունակ է դրդելու լեղարտադրությունը, ենթաստամոքսային գեղձի և ստամոքսի հյութազատությունը: Այն միաժամանակ ընդունակ է կանոնավորելու արյան ճնշումը, իսկ բարձր դոզաներ տալուց` սկզբում գրգռում, ապա ընկճում է կենտրոնական նյարդային համակարգը (Ա.Դ. Տուրովա): Բույսի եթերայուղի դրդիչ հատկությունն ուղեղի վրա, հիշեցնում է կամֆորան: Խամազուլենը ակտիվացնում է ռետիկուլա-էնդոթելային համակարգը և ֆագոցիտոզը, միաժամանակ ցուցաբերելով հակաբորբոքիչ ներգործություն: Այն կլինիկայում կիրառվում է բրոնխիալ ասթմայի, ռևմատիզմի, էկզեմայի և ռենտգենային ճառագայթումից առաջացած այրվածքների ժամանակ: Գիտական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է թերսեկրետոր բնույթի քրոնիկական գաստրիտների դեպքում` ախորժակը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև ծանր հիվանդություններից հետո օրգանիզմի ուժերը վերականգնելու համար: Դեղաբույսն օժտված է ուժեղ ֆիտոնցիդային ակտիվությամբ: Պետք է հիշել, որ օշինդրի պատրաստուկները 1 ամսից ավելի չպետք է օգտագործել, քանի որ առաջ են բերում նյարդային գրգռվածություն, իսկ հղիության ընթացքում բացարձակապես հակացուցված են: Հոմեոպաթիայում դեղաբույսն օգտագործվում է հիպոացիդ բնույթի գաստրիտների, լեղուղիների հիվանդությունների և հարբուխի ժամանակ, իսկ անասնաբուժության մեջ` ախորժակը գրգռելու և մարսողությունը լավացնելու նպատակով:

 

Մենք դեղաբույսը թուրմի ձևով օգտագործել ենք քրոնիկական թերսեկրետոր, թերթթու գաստրիտների ժամանակ: Մեզ հաջողվել է վերահաստատել դեղաբույսի դրդիչ ներգործությունը ստամոսահյութի ժամային լարվածության, աղաթթվի դեբիտ-ժամի և հյութի պրոտեոլիտիկ ակտիվության վրա: Մենք նախկին աշխատանքներով պարզել ենք, որ այս բնույթի գաստրիտով հիվանդների 10%-ի մոտ առաջանում են գաստրոգեն բնույթի երկաթ-դեֆիցիտային անեմիա: Օշինդրի ներգործության շնորհիվ ոչ միայն կարգավորվել են ստամքսի վերոհիշյալ կարևոր ֆունկցիաները, այլև հիվանդների արյան պատկերը, մասնավորապես էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակները: Այս հարցում, անշուշտ, կարևոր դեր են խաղացել գաստրոմուկոպրոտեինները, որոնց քանակը, բուժման շնորհիվ, նորմալանում է:

 

Կիրառման եղանակներըՋրաթուրմ պատրաստելւ համար չոր հումքից 1-2 թեյի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1 օրվա ընթացքում` 3-4 անգամ, կամ` 1 թեյի գդալ հումքը 20 րոպե թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում մեղրով, 1/4 բաժակ, օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Եփուկ պատրաստելու համար 10 գ հումքը 200 մլ ջրում եփում են 15 րոպե, ապա հովացնում ու քամում, ըմպում 1-2 թեյի գդալ` վերոհիշյալ ձևով: Հոգնայի նպատակով օգտագործելիս այս եփուկի 2 բաժակին ավելացնում են 1 պճեղ ծեծած սխտոր:

 

Ոգեթուրմ պատրաստելու համար հումքը` 1/5 հարաբերությամբ խառնելով 70° սպիրտի հետ, թողնում են թրմելու 6-7 օր, այնուհետև քամում ու ընդունում 15-20-ական կաթիլ` օրական 2-3 անգամ: Սերմերի յուղն օգտագործելու համար 1 մաս տրորված հումքը խառնում են 4 մաս ձիթապտղի յուղի հետ, թրմում 8 ժամ, ապա քամում ու ընդունում 1-2 կաթիլ` շաքարի վրա: Փոշին ընդունում են մի պտղուց (0,2-0,5 գ), օրական 3 անգամ: Թարմ հյութից քսուք պատրաստելու համար 1 մաս հումքին ավելացնում են 3 մաս վազելին և 1 մաս լանոլին, լավ խառնում և օգտագործում վերքեր բուժելու նպատակով: Ջրիկ մզվածքը բաց է թողնվում դեղատներում: Այն ընդունում են 1/2 թեյի գդալ` օրական 3 անգամ: Կլոր որդերի դեպքում վերցնում են 2-3 գ օշինդրի տերևափոշի, 2 գ մատուտակի արմատափոշի և 0,5 գ անիսոնի սերմնափոշի: Այս բոլորը տեղավորում են սև շլորաչրի մեջ և կուլ տալիս քաղցած ժամանակ, այսպես 5 օր շարունակ (ֆրանսիական եղանակ):

 

Լեղուղիների խիթերի ժամանակ Մ.Ա. Նոսալն առաջարկում է հավասարաչափ վերցնել օշինդր, եղեսպակ և գիհու պտուղներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե թրմել 1 բաժակ եռման ջրում, ըմպել միանվագ` օրական 3 անգամ:

 

Ալկոհոլիզմի դեպքում առաջարկվում է վերցնել 1 մաս օշինդր և 4 մաս ուրց: Այս խառնուրդից 15 գ 15 րոպե եռացնել 200 մլ եռման ջրում, ապա ըմպել 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ, 2-3 ամիս տևողությամբ:

 

Աղեփքանքի և լուծի հակման դեպքում վերցնում են 10-ական գրամ օշինդր և մատնունի, 20-ական գրամ հազարտերևուկ և ձիաձետ: Այս խառնուրդից 2 թեյի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում միանվագ` օրական 2 անգամ: Խոլեցիստիտների և խոլանգիտների ժամանակ հավասարաչափ վերցնում են օշինդր, ծորենու և գիհու պտուղներ, կեչու տերևներ և հազարտերևուկ: Այս խառնուրդից 1 թեյի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում միանվագ` առավոտյան և երեկոյան ժամերին: Լեղամուղ № 3 թեյի մեջ մտնում են 2-ական մաս օշինդր, հազարտերևուկ, սամիթի և անանուխի սերմեր, 3 մաս անթառամ: Այս խառնուրդից 2 թեյի գդալ 8 ժամ թրմում են 2 բաժակ սառը ջրում և ըմպում կումերով, մեկ օրում:

 

Ախորժակաբեր № 1 թեյի մեջ հավասարաչափ մտնում են օշինդր և հազարտերևուկ, № 2-ի մեջ` օշինդր, խնկեղեգ, ջրառվույտի կոճղարմատ և քեմոնի սերմ, № 3-ի մեջ` 2-ական մաս օշինդր և հազարտերևուկ, 1 մաս խատուտիկի արմատ, № 4-ի մեջ` 7-ական մաս օշինդր և ջրառվույտի տերև, 6 մաս ոսկեհազարուկ և վերջապես № 5-ի մեջ` հավասարաչափ օշինդր և ջրառվույտ: Այս բոլոր թեյերն օգտագործվում են նույն նպատակի համար և նույն եղանակով. այսպես, 1 ճաշի գդալ հումքը 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ըմպում 1-ական ճաշի գդալ, 10-15 րոպե ուտելուց առաջ:

 

Այլ օգտակար հատկանիշները: Օշինդրն օգտագործվում է որպես համեմունք որոշ ճաշատեսակների, իսկ եթերայուղը` սպիրտային խմիչքների արտադրության մեջ: Ընտանի կենդանիներն ուտում են սակավ, իսկ սիլոսի ձևով` բավական լավ: Այս դեպքում կաթն ունենում է օշինդրի համ ու հոտ: Բույսը լավ ուտում են ճագարները, կտորեղենը ներկում է կանաչի տարբեր երանգներով:

 

Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

 

 

     

 

Ալոճենի արնակարմիր — Боярышник кроваво-красный — Crataegus sanguinea Pall.

 

 

Ռուսական անվանումները՝ боярышник кроваво-красный, боярка, глодь, барыня.
Բելառուսականը՝ баярышнік крывава-чырвоны:
Ուկրաինականը՝ глiд колючий, глiдколюх:

Ալոճենին վարդազգիների ընտանիքին (Rosaceae) պատկանող հազվադեպ արնակարմիր թուփ է, ունենում է մինչև 5 մետր  բարձրություն, հազվադեպ` 10-12 մետր: Երիտասարդ ճյուղերը փայլուն, ծիրանագույն-դարչնագույն են, ունեն մինչև 4 սմ երկարությամբ հաստ, ուղիղ փշեր։ Հազվադեպ են տնկում: Տերևները երկու կողմից փափուկ են, տերևակից, կարճ կոթուններով, սեփաձև հիմքով, չմշակված ծայրով, ամռանը մուգ կանաչ են, աշնանը՝ նարնջագույն-կարմիր: Ծաղիկները փոքր են, սպիտակ կամ թեթև վարդագույն թերթիկներով` խմբված խիտ վահանիկանման ծաղկաբույլերում, 4-5 սմ տրամագծով: Պտուղը արնակարմիր  կամ նարնջագույն, վարդագույն, դեղին կամ սև գնդաձև հատապտուղ է՝ 8-10 մմ տրամագծով, արլագույն միջուկով և 3-4 կորիզներով (երբեմն 5), որոնք պարունակում են մեկական սերմ: Ծաղկում է մայիս-հունիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին: Բույսը ծաղկում է  լիուլի, ծաղկաթափվում է բավականաչափ արագ, երբեմն 2-3 օրվա մեջ, հատկապես տաք եղանակի դեպքում: Սկսում է պտուղ տալ 10-15 տարեկան հասակում: Կյանքի տևողությունը մինչև 400 տարի է: Բազմանում է սերմերով, արմատի ընձյուղներով, պատվաստներով: Ալոճենին տարածված է ԱՊՀ եվրոպական հատվածում, Արևմտյան Սիբիրում և Ղազախստանում: Արնակարմիր ալոճենին եվրոպա-սիբիրյան տարածվածության ունի: Նրա տարածականությունը արևմուտքից արևելք գերազանցում է 5000 կմ-ը: Աճում է նոսր անտառներում (սաղարթավոր, սոճու, խառը), գետերի ափերին, անտառամատույցներում, դաշտավայրերում:

Ալոճենու ծակծկող փշերի առկայության շնորհիվ հնուց հավատալիք է գոյություն ունեցել, որ այն ունակ է մարդուն հիվանդություն բերող չար ուժերից պաշտպանելու: Այդ պատճառով հին հույները դռներից կախում էին ալոճենու ճյուղեր՝ պաշտպանելու տան մուտքը ցանկացած անմաքրությունից: Հին կելտերի մոտ ալոճենին ձմռան և խավարի ծառ է, Մոլդովայում համարում են չարության մարմնացում, որ ոտքերի վրա բոլոր ուռուցքների և թարախապալարների պատճառը պարտադիր ալոճենին է:

Ալոճենու վերաբերյալ առաջին տեղեկությունները տրված են հին հույն փիլիսոփա Ֆեոֆրաստի (մ.թ.ա 372-287թթ.) գրքում: Ավելի ուշ՝ մեր թվարկության առաջին դարում, այս բույսի վերաբերյալ տեղեկություններ հանդիպել են Դիոսկորիդի աշխատանքներում, որը խորհուրդ էր տալիս ալոճենու պտուղները ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, ճարպակալման, արյունահոսությունների և երիկամների ֆունկցիայի խանգարման, հատկապես միզաքարային հիվանդության դեպքում: Եվրոպական գիտական բժշկության մեջ ալոճենին հայտնվել է XIX դարում: Որոշ բժիշկներ կարծում էին, որ այն համարվում է այդ ժամանակաշրջանի արժեքավոր բացահայտում, քանի որ այն համարում էին  արդյունավետ, երբ մնացած սրտային միջոցները չէին օգնում։

Հումքի հավաքումն ու չորացումը

Որպես դեղի հումք ծառայում են ալոճենու ծաղիկներն ու պտուղները: Ծաղիկները հավաքում են ծաղկելու սկզբում, երբ նրանց մի մասը դեռ չի բացվել՝ կտրելով վահանիկանման ծաղկաբույլերն ու առանձին ծաղիկները: Պետք չէ ամբարելու համար ոչ բացված ծաղիկներով ծաղկաբույլեր հավաքել. նման հումքը շատ դանդաղ է չորանում  և հաճախ շագանակագույն է դառնում: Հավաքել պետք է ցողի չորանալուց հետո, չոր եղանակին: Դրանք չորացնում են ոչ ուշ, քան հավաքելուց 1-2 ժամ անց չորանոցներում 40°С պայմաններում, դարակների վրա, ծածկերի տակ, կամ լավ օդափոխվող տարածքներում՝ փռելով բարակ շերտով և պարբերաբար շրջելով: Ծաղիկների պիտանելիության ժամկետը 2 տարի է: Հումքն ունի թույլ, յուրատեսակ հոտ, դառնավուն համ:

Ալոճենու պտուղներն ամբարում են հասնելու շրջանում սեպտեմբերի վերջից մինչև ցրտերի վրա հասնելը: Հասուն պտուղները հավաքում են արկղերի կամ զամբյուղների մեջ՝ պոկելով կամ առանձին պտուղները, կամ վահանների հետ: Դրանք չորացնում են արևի տակ կամ չորանոցում՝ 70°С պայմաններում: Բնական չորացման դեպքում փռում են 4-5 կգ ալոճ 1 մետրի վրա: Պտուղների պիտանելության ժամկետը մինչև 8 տարի է: Չորացված հումքը երբեմն ունի սպիտակավուն տեսք (բյուրեղացված շաքար): Հումքի համը դառն է կամ թեթևակի թթու-քաղցր, ունի թույլ հոտ:

Բժշկական պրակտիկայում թույլատրվում է նաև փշոտ ալոճենու (Crataegus oxyacantha L) ծաղիկների և պտուղների օգտագործումը: Այն առանձնանում է ընձյուղների վրա  երկար փշերի (մինչև 25 սմ) առկայությամբ, 3-5 ոչ խոր թիակաձև եզերքով տերևներով: Պտուղները պարունակում են մեկական կորիզ: Բացակայում է թաղիքե խավը տերևների և ծաղկացողունների վրա: Բժշկության մեջ լայնորեն կիրառվում է նաև Grataegus pentagyna ալոճենին (пятипестичный), որը մյուս տեսակներից տարբերվում է սև պտուղներով՝ գորշակապույտ խավով և ավելի զարգացած  միջուկով:

Քիմիական կազմը

Բույսի ծաղիկներում հայտնաբերվել են ֆլավոնոիդներ (կվերցետին, կվերցիտրին, կարոտինոիդներ, ացետիլխոլին, խոլին, եթերային յուղ, олеаноловая, кофейная, урсоловая թթուներ, дубильные նյութեր:

Ծաղկաբույլերում պարունակվում է 7,69% մոխիր, մակրոէլեմենտներ (մգ/գ)՝ К — 32,10, Ca — 11,80, Mn — 3,40, Fe — 0,20; միկրոէլեմենտներ (КБН)՝ Мg — 0,28, Cu — 0,35, Zn — 0,35, Со — 0,18, Мо — 7,00, Cr — 0,01, Al — 0,12, Ва — 0,42, Se — 10,00, Ni — 0,34, Sr — 0,24, Pb — 0,07, I — 0,06. В — 77,20 մկգ/գ: Չեն հայտնաբերվել Cd, V, Li, Ag, Au, Br. Խտացնում է Mo, Se:

Ալոճենու պտուղներում հայտնաբերվել են ֆլավանոիդներ (կվերցետին, գիպերին, վիտեքսին), օրգանական թթուներ (կիտրոն, олеаноловая, урсоловая, кратегусовая, кофейная, хлорогеновая), կարոտինոիդներ, дубильные/աղաղանյութեր, ճարպայուղեր, պեկտիններ, եռտերպենային և ֆլավոնային գլիկոզիդներ, խոլին, շաքար, K, E վիտամիններ, ասկորբինաթթու: Պտուղներում պարունակվում է՝ մոխիր — 2,73%; մակրոէլեմենտներ (մգ/գ)՝ К — 13,10, Ca — 3,00, Mn — 1,00, Fe — 0,04; միկրոէլեմենտներ (КБН)՝ Мg — 0,04, Cu — 0,29, Zn — 0,07, Со — 0,37, Al — 0,03, Se — 11,80, Ni — 0,10, Sr — 0,06, Pb — 0,05, I — 0,06. В — 2,00 մկգ/գ: Չեն հայտնաբերվել Mo, Cd, Ba, V, Li, Ag, Au, Br:
Խտացնում է Se:

 

     

Դեղաբանական հատկություններ

Ալոճենու գալենային դեղամիջոցները գլխավորապես կարդիո-տոնուսային ազդեցություն են գործում: Սրտամկանի աշխատանքը բարելավելով՝ բույսի դեղամիջոցները կանխում են նրա վաղաժամ ուժասպառությունը: Բացի այդ նրանք վերացնում են սրտի ռիթմի խախտումները: Ալոճենու պտուղների և ծաղկաբույլերի թուրմերն ու մզվածքներն  ընտրողաբար ընդլայնում են սրտասնույց և գլխուղեղի անոթները, որը թույլ է տալիս բույսի դեղամիջոցները նպատակասլացորեն օգտագործել բարելավելու սրտամկանի և գլխուղեղի նեյրոնների թթվածնով մատակարարումը: Այդ ազդեցությունը կապված է բույսի մեջ եռտերպենային միացությունների և ֆլավանոիդների առկայության հետ: Ալոճենու ծաղիկներն ու պտուղներն իջեցնում են անոթների պատերի  և մազանոթների թափանցելիությունը, ընդ որում ծաղիկները պտուղներից ավելի ուժեղ են գործում: Ծաղիկների և պտուղների հյութը դրական է ազդում սրտի, զարկերակային ճնշման, կենտրոնական նյարդային համակարգի, միզասեռական օրգանների վրա: Կարգավորում է քունը, ընդհանուր վիճակը, նպաստում է ծանր հիվանդություններից հետո ապաքինմանը և արյան մեջ խոլեսթերինի մակարդակի իջեցմանը:

 

Կարդիովալենը (Cardivalenum) կոմպլեքս դեղամիջոց է, որի կազմի մեջ մտնում են լայնասաղարթ թարմ ձագախոտի հյութ, ադոնիզիդ, ալոճենու խիտ հյութահանուկ, կամֆորա, կատվախոտի թարմ ընդերացողունների թուրմ, նատրիում բրոմիդ, սպիրտ, քլորաբուտանոլհիդրատ: Կիրառվում է սրտի ռևմատիկ արատների,  սկլերոզի, I-IIA աստիճանի սրտանոթային անբավարարության, վեգետատիվ նևրոզի դեպքերում: Այն բուժիչ ազդեցություն ունի նաև նյարդային ծագման ստենոկարդիայի որոշ ձևերի դեպքում (երբ դեռևս արտահայտված չեն պսակաձև անոթների սկլերոտիկ փոփոխություններ): Դեղամիջոցն ընդունում են բժշկի ցուցումով, օրական 15-20 կաթիլ, 1-2 անգամ: 

 

     

Հակացուցումներ և հնարավոր կողմնակի ազդեցություններ

Ալոճենուց դեղամիջոցները պետք է ընդունել բուժող բժշկի ցուցումով և վերահսկողությամբ, քանի որ նրանց  չափաբաժնի գերազանցումը բացասական ազդեցություն է գործում:

Կիրառումն այլ ոլորտներում: Ալոճենու ամուր փայտն օգտագործում են խառատային ապրանքի պատրաստման համար: Բույսը հաճախ օգտագործում են կանաչ ցանկապատերի ստեղծման համար: Կեղևից ստանում են ներկ կտորները կարմիր գույնով ներկելու համար: Տերևների, կեղևի ու արմատների եփուկից գործվածքների համար ստանում են դեղին և դարչնագույն ներկեր: Պտուղները կիրառում են կիսելների և մուրաբաների պատրաստման համար, ինչպես նաև թեյի և սուրճի սուռոգատ: Ավելացնում են խմորի մեջ՝ հաճելի մրգային հոտ հաղորդելու համար: Անասնաբուժության մեջ ալոճենու թուրմն օգտագործվում է որպես կարդիոտոնիկ և արյան շրջանառությունը կարգավորող միջոց, կենդանիների աթերոսկլերոզի և կարդիոնևրոզների,  սրտային անբավարարության դեպքերում: Մեղուներին նեկտար և փոշի է տալիս:

Գյուղատնտեսության մշակության  տարրեր

Ալոճենին հասարակ, ցրտադիմացկուն բույս է: Լավ գոյատևում է անգամ թույլ մշակութային հիմքերի վրա, բայց զգայուն է գետնաջրերի և հալոցքների հանդեպ: Բազմացնում են սերմերով և ընձյուղներով: Սերմնացան կատարում են 2-3 սմ խորությամբ բազմացման տնկարաններում: Շարքերի միջև հեռավորությունը 15-20 սմ է: Երկու տարի անց սերմնաբույսերը տնկում են մշտական վայրում: Խնամքն այնպիսին է, ինչպես բոլոր դեկորատիվ  և պտղատու ծառերի համար: Ալոճենին առատ բերք տալիս է ոչ ամեն տարի, որը հիմնականում կապված է  ուշ գարնանային ցրտերին ծաղիկների ցրտահարվելու և վնասատուների կողմից պտուղների վնասվելու հետ:

 

 

 

 

Ակացիա սպիտակ – Акация белая — Acacia alba L., Robinia pseudoacacia L.

 

 

Հայկական անվանումները — կեղծ ակացիա, ախախիա

 

Դեղաբույսի նկարագրությունը

 

Սպիտակ ակացիան ծառ է, պատկանում է ընդավորների (Fabaceae) ընտանիքին , ունի 25-30 մ (միջինը` 12 մ) բարձրություն, սփռվող սաղարթ, հաստ, մուգ և խորը ակոսավոր կեղև։ Սպիտակ ակացիայի արմատային համակարգը շատ հզոր է։ Նրա արմատները խորանում են մինչև 20 մ և ավելի։ Տերևները կենտ փետրավոր են, կարճ կոթուններով, որոնք ճյուղերի ուղղությամբ փոխակերպվում են աճառանման կեղծ բունոցների։ և կազմված են 4-ից մինչև 8 զույգ էլիպսաձև, բաց կանաչ, փափուկ, ամբողջաեզր տերևիկներից։ Փշերը (ձևափոխված տերևներ) ամուր են, փայտաձև, շատ սուր ծայրով, մանգաղանման։ Ծաղիկները բազմաթիվ են, բուրումնավետ, սպիտակ, խոշոր, կախվող ողկույզներով։ Պտուղը` տափակ ունդ է, մինչև 10 սմ երկարության, մուգ գույնի սերմերով։

Սպիտակ ակացիան ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերին և ծառի վրա մնում են կախված ողջ ձմռան ընթացքում։ Այս ծառի կյանքի տևողությունը 50 տարի և ավելի է։ Աճում է ճանապարհների երկայնքով, այգիներում և պուրակներում։

 

Սպիտակ ակացիան թունավոր է` և´ սերմերը, և´ կեղևը, և´ արմատները։

Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է, որտեղ հանդիպում է հյուսիս-արևմտյան և հյուսիսային նահանգներում` Այովա, Մոնտանա և Օկլահոմա, Պենսիլվանիայից մինչև Դակոտա։ 1804 թ. առաջին անգամ այս բույսի սերմերը բերվել են Ռուսաստան, իսկ 1813 թ. հայտնվել են Ղրիմի Նիկիտինյան բուսաբանական այգում։

Հումքի հավաքումը և չորացումը

Դեղագործական հումք են սպիտակ ակացիայի ծաղիկները, որոնք հավաքում են ծաղկման սկզբին, կիսաբացված վիճակում։ Չորացնում են ստվերում` ծածկի տակ, լավ օդափոխվող տարածքում, կամ էլ չորանոցներում` 40-500C ջերմության պայմաններում։ Չորացվող հումքը պետք է ցրված լինի բարակ շերտով և հաճախ շրջվի։ Կեղևը և տերևները հավաքում են ամբողջ աճի (վեգետացիայի) շրջանում։

 

     

 

Քիմիական բաղադրությունը

Սպիտակ ակացիայի ծաղիկները և կեղևը պարունակում են ռոբինին։ Չորացրած ծաղկաթերթիկներում ռոբինինի քանակությունը կազմում է 3,6%։ Ռոբինինի ամենամեծ քանակությունը ծաղկման այն շրջանում է, երբ ծաղկակոնները ուռած են, բայց դեռ բացված չեն։ Ծաղիկների բացվելուց հետո ռոբինինի քանակությունը նվազում է մինչև 1-1,5%։ Ծաղիկների մեջ հայտնաբերված են նաև ակացին, բիկրոբին, բիկվերցիտին, եթերայուղ։ Եթերայուղը բաց դեղնավուն կիսահեղուկ զանգված է, որը ունի ակացիայի ծաղիկների հաճելի բուրմունք և պարունակում է անտրանիլաթթվի մեթիլային եթեր, ինդոլ, գելիոտրոպին, լինալոլ, տերպինոլ։

Բնափայտը պարունակում է ֆլավոնիդներ` ռոբինետին, դիհիդրոռոբինետին, ֆիզետին, ռոբտին, ռոբտեին, բուտեին, լիկվարտիգենին և այլն։ Տերևներում հայտնաբերված են գլիկոզիդներ` ինդիկան և սիրինգին, վիտամին A, ասկորբինաթթու (վիտամին C), ֆլավոնոիդներ (ակացետին և նրա գլիկոզիդ ակացիին, ապիգենին, կվերցետին, լյուտեոին) և դաբաղիչ նյութեր։

Ֆարմակոլոգիական հատկությունները

Ռոբինինի հիմքի վրա պատրաստված պատրաստուկների ֆարմակոլոգիական հատկություններն ուսումնասիրելիս` հայտնի դարձավ նրանց արտահայտված միզամուղ և հիպոազոտեմիկ (ազոտը իջեցնող) ազդեցությունը։

 

     

 

Կիրառումը բժշկությունում

Երիտասարդ ծառերի կեղևի եփուկը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է գաստրիտների սրացման և խոցային հիվանդության ժամանակ, իսկ սպիրտային թուրմը` Բուլղարիայում և Գերմանիայում, ստամոքսահյութի թթվայնության բարձրացման և ստամոքսի այլ հիվանդությունների դեպքում։ Նույնը կիրառվում է նաև հոմեոպաթիայում։ Տերևների, երիտասարդ ընձյուղների թուրմն օգտագործվում է գաստրիտների սրացման և ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցերի ժամանակ։ Ծաղիկների եփուկը ժողովրդական բժշկությունում արդյունավետ են համարում երիկամների և միզապարկի հիվանդությունների ժամանակ, թուրմը` ռևմատիզմի ժամանակ, արտաքին ձևով։

Սպիտակ ակացիայի ծաղիկներն օգտագործում են խառնուրդի ձևով` սովորական արջախաղողի տերևների, սովորական տարկավանի ծաղիկների, կապույտ տերեփուկի ծաղիկների, մատուտակի արմատների հետ, որպես միզամուղ հավաքածու։ Բուլղարիայում թուրմն օգտագործում են որպես խորխաբեր և ջերմիջեցնող միջոց։


Դեղաձևերը, օգտագործման մեթոդները և չափաբաժինները

Սպիտակ ակացիայի կեղևի եփուկը։ 1/2 ճաշի գդալ մանրացված հումքի վրա ավելացնում են 500 մլ ջուր, եռացնում 20 րոպե, քամում տաք վիճակում և եռացրած ջրով ծավալն ավելացնում մինչև նախկին մակարդակը (500 մլ)։ Օգտագործում են փոքրիկ բաժիններով` 2 օրվա ընթացքում։ Եթե եփուկի ընդունումն օրգանիզմը լավ է տանում, կարելի է խմել օրվա ընթացքում, ցանկալի է գոլ վիճակում։

Ակացիայի ծաղիկների եփուկը։ 1 ճաշի գդալ թարմ կամ չորացած հումքի վրա ավելացնում են 500 մլ ջուր, եռացնում 3 րոպե, քամում և եռացրած ջրով ծավալն ավելացվում մինչև նախկին մակարդակը։

Ակացիայի ծաղիկների թուրմ։ Հումքին ավելացնում են սպիրտ կամ օղի և թրմում 2 շաբաթ` արևի տակ։ Օգտագործում են արտաքին։

Տերևների և երիտասարդ ընձյուղների թուրմ։ Հումքը թրմում են 40%-անոց սպիրտի մեջ` 1։10 հարաբերությամբ, 15 օր, պարբերաբար խառնելով։ Օգտագործում են օրը 3 անգամ` ուտելուց առաջ, 1 թեյի գդալ։

Ակացիայի ծաղիկների թուրմ։ 10 գ հումքի վրա ավելացնում են 200 մլ եռման ջուր, թրմում, ապա քամում։

 

     

 

Հակացուցումները և հնարավոր կողմնակի ազդեցությունները

Դեղաձևերի ներքին օգտագործման դեպքում (սերմեր, կեղև, արմատներ) պետք է պահպանել զգուշություն` նկատի ունենալով նրանց թունավոր լինելը։ Սուր թունավորումներն ուղեկցվում են թուլությամբ, սրտխառնոցով, փսխումով, գլխացավով կամ քնկոտությամբ, վատ ինքնազգացողությամբ։ Նման երևույթներ կարող են լինել նաև բնափայտի մշակման ժամանակ։

Ակացիայի ալկալոիդների հանդեպ հատկապես զգայուն են ձիերը։ Կենդանիների թունավորման ժամանակ ի հայտ են գալիս խիստ արտահայտված որովայնացավեր, դողացնում են, դառնում գերգրգռված, առաջ են գալիս ջղակծկումներ, սրտի աշխատանքի թուլություն։ Որպես առաջին օգնություն կատարվում է ստամոքսի լվացում, ադսորբող նյութերի նշանակում, ախտանշանային (սիմպտոմատիկ) բուժում (սրտային և այլ միջոցներ)։

Օգտագործումն այլ բնագավառներում

Օգտագործում են սննդի, լաքերի, ներկերի արդյունաբերությունում և պարֆյումերիայում։ Տերևները կեր են տնային կենդանիների համար։

 

Սպիտակ ակացիայի բնափայտից պատրաստված մանրահատակն իր որակով չի զիջում կաղնու փայտից պատրաստված մանրահատակին։ Լայնորեն օգտագործվում է այգիներում և պուրակներում որպես դեկորատիվ և բուրավետ բույս։

Սպիտակ ակացիան պիտանի է ափերի, կիրճերի, զառիվայրերի ամրացման, դաշտապաշտպան շերտերի համար։

Հիանալի մեղրատու բույս է։ Ծաղիկներում ամենաշատ նեկտար լինում է առավոտյան ժամերին` 18-240C-ի պայմաններում։Ծաղիկները նեկտար են անջատում 3-4 օր։ Մեկ ծաղկի նեկտարի մեջ շաքարի քանակը հասնում է մինչև 2 մգ։Ուժեղ մեղվաընտանիքը մեկ ծառից կարող է հավաքել մոտ 8 կգ մեղր։Ակացիայի ծաղիկներից ստեղծված մեղրը շատ բաց է, թափանցիկ, բյուրեղանում է շատ դանդաղ։ Ուկրաինայում սպիտակ ակացիայի 1 հա-ից ստացվում է 600-800 կգ մեղր:

 

Թարգմանությունը. Լևոն Մաշուրյանի

 

 

 

   

 

Առյուծագի հնգաբերան — Пустырник пятилопастный — Leonurus quinquelobatus Gilib

 

Ռուսերեն անվանումները՝ пустырник пятилопастный, обыкновенный, собачья крапива, сердечная трава:

Բելոռուսերեն՝ сардэчник пянцилопасцевы:

Ուկրաիներեն՝ собача кропива п’ятилопатева, глуха кропива:

 

Առյուծագի հինգթիականին բազմամյա, 2 մ բարձրությամբ, փայտային արմատներով խոտաբույս է՝ խուլեղինջազգիների ընտանիքից: Ցողունը քառանիստ է՝ կողերում կարճ գանգրամազիկներով: Տերևները կանաչ են, ծածկված են փափուկ մազիկներով: Ցողունային տերևները երկարապոչ են, կլորացած, սրտանման: Ծաղկում է հուլիս-օգոստոսին, ծաղկման տևողությունը 15-20 օր է: Պտուղները հասնում են օգոստոս-սեպտեմբերին: Բազմանում է հիմնականում սերմերով: Աճում է թարմ ավազային և կավային հողերի վրա փշատերև և խառը անտառներում: Գերադասում է հումուսով հարուստ հիմքեր լուսավոր վայրերում: Առյուծագու՝ բուժական նպատակներով կիրառելու տվյալները պատկանում են 10-րդ դարին: Այն օգտագործում էին «սրտխփոցի», «ստամոքսի ծանրության» ժամանակ, ինչպես նաև որպես հանգստացնող միջոց:

 

Հումքի հավաքն ու չորացումը

 

Բուժական նպատակներով կիրառվում է առյուծագու խոտը (Herba Leonuri): Հավաքում են մինչև 30-40 սմ երկարությամբ ցողունների վերին հատվածները՝ 5 մմ-ից հաստ ցողունների կտրումը թույլ չտալով, երբ ստորին հատվածի ծաղիկների 2/3-ը ծաղկում են, իսկ վերին հատվածի ծաղիկները գտնվում են բուրբոնիզացման փուլում: Հումքը հավաքում են չոր եղանակին, ցողն իջնելուց հետո: Չորացնում են բացօթյա և ստվերի պայմաններում: Առյուծագու ճիշտ հավաքի դեպքում միևնույն տեղում հումքը կարելի է հավաքել մի քանի տարի շարունակ, որից հետո թփերին 1-2 տարի հանգիստ են թողնում: Հումքի պիտանելիության ժամկետը 3 տարի է: Հումքի ունի թույլ բնորոշ հոտ, շատ դառը համ:

 

     

 

Քիմիական կազմը

 

Առյուծագու խոտը պարունակում է շաքարներ, գլիկոզիդներ, ալկալոիդներ (до 0,4%), եթերային յուղեր (до 0,05%), ֆլավոնոիդներ (կվերցետին, ռուտին և այլն), ինչպես նաև Aնախավիտամին, ասկորբինաթթու, դաբաղանյութեր (մինչև 2,14%), ներկանյութեր, դառնանյութեր և հանքային աղեր: Այժմ բույսի քիմիական կազմը դեռ շարունակում են ուսումնասիրել: Առյուծագու մեջ կենսաբանորեն ակտիվ նյութերի քանակական պարունակությունը կախված է վեգետացիայի փուլից, (առավելագույն քանակություն կուտակվում է ծաղկման փուլում), ինչպես նաև աճեցման պայմաններից: Ազդող նյութերի առավելագույն քանակություն պարունակվում է այն բույսերում, որոնք աճել են չափավոր խոնավեցված կավային հողերի վրա: Այսպես, ծաղկման փուլում խոնավ կավային հողերից հավաքված առյուծագու տերևներում միջինում պարունակվում է 3,19%, իսկ թարմ ավազի վրա աճածի տերևներում՝ 2,56%: Սերմերում պարունակվում է մինչև 30% արագ չորացող ճարպայուղ:

 

Դեղաբանական հատկությունները

 

Առյուծագու պրեպարատներն օժտված են սեդատիվ հատկությամբ (ավելի ուժեղ, քան կատվախոտի պրեպարատները), կարգավորում են կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակը, իջեցնում են զարկերակային ճնշումը, նվազեցնում են սրտի կծկումների հաճախականությունը և մեծացնում դրանց ուժը: Բարենպաստ ազդեցություն են ցուցաբերում ածխաջրային և ճարպային փոխանակության վրա, նվազեցնում գլյուկոզի, կաթնաթթվի, պիրոխաղողաթթվի, խոլեստերինի, ընդհանուր լիպիդների մակարդակն արյան մեջ, կարգավորում սպիտակուցային փոխանակության ցուցանիշները: Բացի այդ, բույսն օժտված է սպազմոլիտիկ, հակաջղակծկումային ազդեցությամբ:

 

Առյուծագու պրեպարատները բժշկության մեջ սկզբում կիրառվում էին որպես կարդիոտոնիկ և սրտի ռիթմը կարգավորող միջոց սիրտանոթային նևրոզների, ստենոկարդիայի և հիպերտոնիկ հիվանդության ժամանակ: Եվ միայն 20-րդ դարի սկզբին առյուծագին սկսեցին կիրառել որպես սեդատիվ միջոց:

 

Կիրառությունը բժշկության մեջ

 

Արմատներից պատրաստված եփուկն օգտագործում են դիզենտերիայի ժամանակ:

 

Վերգետնյա մասը բժշկության մեջ կիրառվում է կարդիոսկլերոզների, միոկարդիտի և միոկարդիոդիստրոֆիայի, նևրաստենիայի, սրտի արատների և բազեդովյան հիվանդության ժամանակ: Գինեկոլոգիայում կիրառվում է հիպոմենստրուալային համախտանիշի և վեգետատիվ անոթների արտահայտված դիստոնիայով ուղեկցվող պաթոլոգիկ կլիմաքսի ժամանակ: Ավանդական բժշկությունում կիրառվում է որպես հանգստացնեղ, սեդատիվ միջոց սրտի հիվանդությունների, հիպերտոնիկ հիվանդության ժամանակ, միզամուղ, հեմոստատիկ միջոց, էպիլեպսիայի, անեմիայի, իմպոտենցիայի, հևոցի ժամանակ, թուրմը՝ ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ: Հյութը՝ սիրտանոթային հիվանդությունների, սրտի արատների, հիպերտոնիկ հիվանդության, կարդիոսկլերոզի, սրտամկանի բորբոքման ժամանակ, որպես հանգստացնող միջոց՝ անքնության, հիստերիայի ժամանակ, բազեդովյան հիվանդության թեթև ձևերի դեպքում: Մտնում է հանգստացնող թեյի կազմի մեջ: Կիրառվում է նաև հոմեոպաթիայում:

 

     

 

Տերևներից պատրաստված թուրմը, ոգեթուրմը, հեղուկ մզվածքը փոխարինում են կատվախոտի ոգեթուրմին:

 

Դեղաձևերը, կիրառման եղանակները և դեղաչափերը

 

Առյուծագու խոտի թուրմ (Infusum herbae Leonuri)- հումքի 15 գ.-ը (4 ճաշի գդալ) տեղավորում են էմալապատ ամանի մեջ, լցնում 200 մլ տաք եռացրած ջուր, կափարիչով փակում և 15 րոպե տաքացնում եռացող ջրում (ջրային բաղնիքի վրա)՝ հաճախակի խառնման պայմաններում, 45 րոպեի ընթացքում սառեցնում սենյակային ջերմաստիճանում, ֆիլտրում, մնացած հումքը ճզմում: Ստացված թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնում են 200 մլ-ի: Ընդունում են 1/3 բաժակ օրը 2 անգամ ուտելուց 1 ժամ առաջ:

 

Առյուծագու ոգեթուրմ (Tinctura Leonuri)- պատրաստում են 70% սպիրտով 1:5 հարաբերությամբ: Իրենից ներկայացնում է կանաչագորշավուն գույնի թափանցիկ հեղուկ՝ դառը համով և թույլ հոտով: Ընդունում են 30-50 կաթիլ օրը 3-4 անգամ: Կատվախոտի կաթիլներից ուժեղ է ազդում:

 

Առյուծագու հեղուկ էքստրակտ (լուծամզվածք) (Extractum Leonuri fluidum)- գորշականաչավում հեղուկ է՝ դառը համով և յուրօրինակ թույլ հոտով: Պատրաստում են 70% սպիրտով: Ընդունում են 15-20 կաթիլ օրը 3-4 անգամ:

 

Առյուծագու խոտի հյութը քամում են թարմ խոտից, ընդունում են 30-40 կաթիլ 2 ճաշի գդալի համար օրը մի քանի անգամ ուտելուց 30 րոպե առաջ:

 

Հակացուցումները և հնարավոր կողմնակի էֆեկտները 

 

Առյուծագու պրեպարատները չի կարելի կիրառել զարկերակային հիպոտենզիայի, բրադիկարդիայի ժամանակ:

 

 

Կիրառությունն այլ բնագավառներում

 

Սերմերից ստացված ճարպայուղը պիտանի է բարձրորակ լաքերի պատրաստման համար, ինչպես նաև թղթի և գործվածքների տոգորման համար՝ դրանք անջրանցիկ դարձնելու նպատակով: Բույսից կարելի է ստանալ վուշին և չինական կանեփին որակով նման մանրաթել: Վերգետնյա մասը գործվածքները ներկում է մուգ կանաչավուն գույնի: Անասնաբուժությունում առյուծագու խոտի թուրմը կիրառվում է որպես միզամուղ միջոց:

 

Աճեցման գյուղատնտեսական տարրեր

 

Առյուծագին նախընտրում է բերքատու, դրենաժացված հողատարածքներ: Մշակման համար անհրաժեշտ է ընտրել անստվեր հողեր: Նպատակահարմար է ցանքսը կատարել շարքերով ձմռան շեմին՝ աշնանացան  (հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին): Սերմերը ցանում են 1-2 սմ խորության վրա: Գարնանացանքսի ժամանակ օգտագործում են շերտավորված սերմեր, ինչի համար դրանք խառնում են խոնավ գետային ավազի հետ 1:3 հարաբերությամբ և ձմռանը պահում ձյան տակ 30-40 օր: Հողամասի մշակումը սկսվում է հողի փխրեցմամբ և մոլախոտի հեռացմամբ:

 

 

Գնարբուկ (gnarbuk) — Первоцвет- Primula L.

 

 

Հայկական տարանունները — գարնանածաղիկ, գինարբուկ, թավրնջուկ, լախ-լախ, կովածաղիկ, կովացնծուկ, սոսուն

 

Դեղաբույսի նկարագրությունը

 

Գնարբուկազգիների ընտանիքին պատկանող, 15-30 սմ բարձրության բազմամյա խոտաբույս է: Տերևները պարզ են, ձվաձև, կնճռոտ: Ծաղիկները երկսեռ են, պսակը` ոսկեդեղին, հոտավետ: Պտուղը տուփիկ է: Գնարբուկի բազմաթիվ տեսակներից մեր հանրապետությունում աճում են միայն 13-ը` անտառային և վերին անտառային գոտիներում, գլխավորապես անտառի բացատներում, հովիտներում, այգիներում, ճամփեզրերին, թփուտներում և այլուր: Ձմեռում է լավ, պտղակալում` ոչ կանոնավոր: Տարածվում է սերմերով: Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղակալում` հունիս-օգոստոսին: Բույսը բավականաչափ լուսասեր է, պահանջկոտ խոնավության և պարարտ հողերի նկատմամբ: Հնում գնարբուկը համարվել է գարնան դռների բացման ոսկե բանալի, իսկ հույները այն համարել են Ոլիպոսի դեղաբույս և անվանել դոդեկատեոն, որը նշանակում է 12 աստվածների ծաղիկ: ՈՒկրաինայում դեղաբույսը համրավում է կյանքի պաշտպան:

 

     

 

Քիմիական բաղադրությունը

 

Ծաղիկները պարունակում են սապոնիններ, ֆենոլային գլիկոզիդներ, սալիցիլաթթվային եթեր, ֆերմենտ պրիմվերազա, ֆլավոններ, C, E վիտամիններ և կարոտին: Արմատում, բացի վերոհիշյալ բաղադրատարրերից, կան նաև դաբաղանյութեր: C վիտամինի քանակը առանձին տեսակների մեջ հասնում է մինչև 1000-1713 մգ%-ի, իսկ չոր տերևահումքում` մինչև 6%-ի: Դեղաբույսը հարուստ է մանգանով:

 

Բուժական նշանակությունը

 

Բուժման նպատակով կիրառվում է ամբողջական բույսը: Լայն ճանաչում ունեն գնարբուկի գարնանային և խոշորաբաժակ տեսակները: Ծաղիկները և տերևները հավաքում են ծաղկման սկզբում, իսկ արմատը և կոճղարմատը հանում են գարնանը կամ աշնանը, երբ բույսը սկսում է թառամել: Հումքը չորացնում են բացօթյա կամ քամհարվող սենյակում: Նրա պիտանելիությունը 2 տարի է:

 

     

 

Գնարբուկը ժողովրդական բժշկություն հին դեղամիջոց է: Ծաղիկների եփուկը կիրառվել է նյարդերն ամրապնդելու համար, հազի և հևոցի ժամանակ: Որպես խուխամուղ այն լայն կիրառում ունի բրոնխիտների, թոքաբորբերի, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, ցրտառական մի շարք հիվանդությունների, գրիպի, ռևմատիկ ցավերի ժամանակ և այլն: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներն օգտագործվում են անքնության, գլխացավերի և նևրասթենիայի ժամանակ: Հոմեոպաթիայում բույսը օգտագործվում է երիկամային հիվանդությունների և նևրալգիաների ժամանակ: Բույսը օֆիցինալ է Ռումինիայում, Չեխոսլովակիայում և Գերմանիայում: Մեզ մոտ արմատը ճանաչվում է խուխամուղ միջոց և օգտագործվում է գալենյան պատրաստուկների (եփուկ, մզվածք, թեյ) ձևով: Գիտականորեն պարզված է, որ գնարբուկի դեղամիջոցները խուխամուղ հատկությամբ գերազանցում են Ամերիկայից ներմուծվող սենեգային և փսխարմատին: Ահա թե ինչու որոշ երկրներում այդ խուխամուղ դեղամիջոցները լիովին փոխարինված են գնարբուկով: Բույսը նաև միզամուղ, քրտնամուղ, հանգստացնող, սպազմալիտիկ, լուծողական և վիտամինակիր է: Վերջին հատկանիշով գնարբուկը լայն կիրառում ունի C և A հիպո- կամ ավիտամինոզների ժամանակ: Ծաղկեպսակները ընդունում են որպես թեյ` միգրենի, գլխապտույտների, անդամալուծության, անքնության, ֆիզիկական գերլարվածության հողի վրա առաջ եկած ասթենիայի ժամանակ և այլն: Բույսի արմատի և կոճղարմատի ջրիկ մզվածքը մտնում է բրոնխիալ ասթմայի և բրոնխիտների բուժման նպատակով լայն ճանաչում գտած չեխոսլովակյան սոլութան պատրաստուկի բաղադրության մեջ:

 

     

 

Ծաղիկներից պատրաստված եփուկը ցրտառական հիվանդությունների ժամանակ նշանակվում է ոչ միայն ըմպելու, այլև քթանցքները ողողելու համար: Այս եփուկը օգտակար է քրոնիկական փորկապության ժամանակ, համապատասխան դոզայով օգտագործելիս երեխաների մոտ առաջանում է քուն: Պարզված է, որ գնարբուկի պատրաստուկներն ուժեղացնում են ստամոքսի հյութազատությունը, միաժամանակ բարձրացնում ընդհանուր նյութափոխանակությունը: Ամբողջ բույսը օժտված է մանրէասպան հատկությամբ: Ըստ Ս. Յա. Զոլոտնիցկայայի տվյալների, մեր հանրապետության գնարբուկի ռեսուրսները հնարավորություն կտան տարեկան պահեսավորել 10 տ-ից ավելի չորացրած հումք: Մեր կողմից դեղաբույսը` եփուկի ձևով, կիրառվել է վերին շնչուղիների կատառի, սուր և քրոնիկական բրոնխիտների և թոքաբորբերի ժամանակ: Բոլոր դեպքերում ստացել ենք արտահայտված խուխամուղ, հազը փափկացնող և հանգստացնող արդյունք: Բուժումը` համակցելով հակաբակտերիալ պատրաստուկների հետ, ավելի է բարձրացել դեղաբույսի ներգործությունը հիվանդների ընդհանուր վիճակի վրա:

Գնարբուկի կիրառումից հիվանդների մոտ կողմնակի երևույթներ չեն նկատվել:

 

     

 

Կիրառման եղանակները

 

Արմատից և կոճղարմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը 0,5 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Չոր ծաղիկներից ջրաթուրմ պատրաստելու համար 10 գ հումքը 1 բաժակ եռման ջրում թրմում են 15 րոպե, ապա ընդունում օրվա մեջ 3 անգամ: Արմատից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 20 րոպե եռացնում են 400 մլ ջրում, ապա ըմպում 1/2 բաժակ` օրական 2-3 անգամ, կամ 30-40 գ արմատը 20 րոպե եռացնում են 1 լ ջրում, ապա ըմպում վերոհիշյալ եղանակով, կամ 5 գ մանրացրած չոր արմատը 1 բաժակ ջրում եռացնում են 15 րոպե, ապա, ըստ ճաշակի, ավելացնում են շաքար կամ մեղր և ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 1 լ ջրում եռացնում են 20 րոպե, ապա ըմպում 1- ական ճաշի գդալ` օրական 3 անգամ:

Տերևներից եփուկ պատրաստելու համար 15 գ հումքը 20 րոպե եռացնում են 200 մլ ջրում և ըմպում վերոհիշյալ ձևով, կամ 5 գ (1 թեյի գդալ) տերևափոշին կես բաժակ ջրում փակ ամանի մեջ եփում են 20 րոպե, ապա ըմպում օրվա մեջ 2 նվագով:

 

Արմատից և կոճղարմատից կարելի է պատրաստել նաև ոգեթուրմ` 1:4 հարաբերությամբ, 70 աստիճանի սպիրտով, այն ընդունելով ջրով` 30-ական կաթիլ, օրական 2-3 անգամ:

 

№ 4 հավաքածուն, որն իր մեջ հավասարաչափ պարունակում է տատրակի տերևներ, գնարբուկի և Հեղինեի կղմուխի արմատներ, կիրառվում է տրախեիտների և բրոնխիտների ժամանակ որպես հազը հանգստացնող միջոց: Այս խառնուրդից 2 թեյի գդալ ավելացնում են 1 բաժակ եռման ջրին, եռացնում 5 րոպե, քամում 15 րոպե հետո և ըմպում կումերով` 1 օրվա մեջ: Որպես խուխամուղ և հանգստացնող միջոց վերցնում են հավասարաչափ գնարբուկ, եզան լեզու, մեղրածուծ և բերենիկե: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 10 րոպե եռացնում են 1 բաժակ ջրում, հովացնում, քամում ու ըմպում օրվա ընթացքում 3 անգամ:

 

Այլ օգտակար հատկանիշներ

 

Բույսի տերևներից պատրաստում են սալաթ, որն ունի դուրեկան համ և հոտ, օգտակար է հատկապես C հիպովիտամինոզի ժամանակ: Այս նպատակով Հոլանդիայում և Անգլիայում գնարբուկն ունի լայն կիրառում, իսկ արմատը, որն ունի անիսոնի հոտ, օգտագործվում է որպես համեմունք: Տերևները կարող են ծառայել նաև որպես թեյի փոխարինիչ:

 

Գնարբուկը նեկտարատու է, միաժամանակ` կերախոտ, պուրակները, ծաղկաթմբերը և մայթեզրերը գեղազարդող ծաղկաբույս: Բույսի վերգետնյա մասն ունի գործվածքները գորշ ձիթապտղագույն ներկելու հատկություն:

 

Հեղինակ. Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր. «Հայաստանի դեղաբույսերը»

 

 

Եզան լեզու մեծ (ezan lezu) — Подорожник большой- Plantago major L.

 

 

Հայկական տարանունները — գաղտիկ, գաղտիկուր, գաղտնկուր, գառնալեզու, եզան լեզու, լեզվախոտ, լեզվակ, կաթնկոռնի, ճաղաթփիկ, մալի լեզու, ջղաթուփ, ջղախոտ

 

Դեղաբույսի նկարագրությունը

 

Ջղախոտազգիների ընտանիքին պատկանող, 10-40 սմ բարձրության բազմամյա խոտաբույս է, 3-9 խոշոր, ձվաձև տերևներով: Հասակը պարզ է, գլանաձև, պտուղը տուփիկ` 8-10 սերմիկներով: Տարածված են բույսի մեծ, միջին, նշտարատերև և այլ տեսակները, որոնցով շատ հարուստ է մեր հանրապետությունը: Բույսը բազմանում է սերմերով, ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են ամռան ամիսներին: Բույսը տալիս է ցաք ու ցրիվ բուսուտներ: Բավականաչափ պահանջկոտ է հողի ու խոնավության նկատմամբ: Չոր եղանակին տերևները փռվում են գետնին, դրանով իսկ պահպանում արմատի խոնավությունը, մինչդեռ խոնավ եղանակին տերևները բարձրանում են: Բույսը աճում է ճամփեզրերին, աղբուտներում, ամայի տեղերում, տնամերձ հողամասերում, մարգագետիններում, ցանքերի մեջ և այլուր:

Բույսի լատինական անունը նշանակում է ուղեկից, որն առաջացել է այն բանից, որ եզան լեզվի սերմերը հաճախ տարածվում են կոշիկներին կպած հողի և ցեխի հետ, այսպես ասած, ուղեկցում են մարդուն:

 

Քիմիական բաղադրությունը

 

Տերևներում հայտնաբերված են ինդիկանային աուկուբին գլիկոզիդը, դառը և դաբաղիչ նյութեր, կարոտին, C և K վիտամիններ, ֆլավոնոիդներ, մաննիտ, սորբիտ, կիտրոնաթթու, օլեինաթթու, պանտոտենաթթու, ադենին, ֆիտոնցիդներ, սեմերում` մինչև 44% լորձ, մոտ 22% ճարպայուղ, ածխաջուր, ստերոիդ սապոնիններ, ֆակտոր T, որը բարձրացնում է արյան մակարդելիությունը:

 

Բուժական նշանակությունը

 

Բուժման նպատակով հիմանականում օգտագործում են բույսի տերևներն ու սերմերը, որոշ դեպքում նաև` արմատը:

 

Տերևները հավաքում են կոթուններով, ծաղկման սկզբից մինչև բույսի թառամելը և չորացնում բարակ շերտով` միջանցուկ քամու տակ կամ բացօթյա: Ստացված չոր հումքը սովորաբար կազմում է նախնականի 22-23%-ը: Բուժման համար պիտանի են նաև միջին և նշտարատերև տեսակները: Տերևները կարելի է հավաքել տարեկան 2 անգամ, իսկ օգտագործման համար պիտանի են մինչև 2 տարի: Սերմերը հավաքում են լիովին հասունանալուց հետո: Եզան լեզուն ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման շատ հին պատմություն: Այն օգտագործվել է բրոնխիտների, թոքերի պալարախտի, կապույտ հազի, ստամոքսաաղիքային տրակտի մի շարք հիվանդությունների ժամանակ: Դեռևս հին հույներն ու հռոմեացիները բույսի սերմերն օգտագործել են դիզենտերիայի ժամանակ: Ավիցեննան նշում է եզան լեզվի բոլոր տեսակների օգտակարությունը վերքերի, ուռուցքների, քրոնիկական չարորոկ խոցերի, աչքերի, լյարդի, երիկամների հիվանդությունների ժամանակ: Նա բույսի տերևահյութը և սերմերը հաջողությամբ օգտագործել է ականջաբորբի, լնդերի ախտահարման, արյունախխումների և արյունային փսխումների ժամանակ` այս դեղամիջոցները խառնելով վարդաջրի և նույնատիպ ներգործող այլ դեղաբույսերի հետ:

 

Մխիթար Հերացին որպես փափկացնող միջոց բույսի սերմերը օգտագործել է սերմերի լավ ներգործության մասին: Տերևահյութի և սերմերի ազդեցությունն ավելի կատարյալ դարձնելու նպատակով Հերացին դրանք խառնել է գազի խեժի և օձագալարի հետ: Քսուքի ձևով բույսի հյութն օգտագործել է արտաքին ձևով` կարմիր քամու և ֆլեգմոնայի ժամանակ: Տարբեր բնույթի ջերմերի և աղիքային հիվանդությունների ժամանակ նա դեղաբույսն օգտագործել է թե՜ ներքին ընդունման, և թե՜ հոգնայի ձևով:

 

Դեղաբույսի ազդեցության վերաբերյալ հարուստ տվյալներ է բերում Ամիրդովլաթը: Նա նշում է, որ եզան լեզվի տերևահյութը և սերմերը օգնում են երիկամների և միզապարկի հիվանդություններին, հատկապես արյունամիզության դեպքում, այրվածքներին, մոլոքորին, ջերմից առաջացած գլխացավերին, միջին ականջի թարախաբորբին, բացում են լյարդի և փայծաղի »կալուածը», նպաստում արգանդի մի շարք հիվանդությունների բուժմանը, լավ արդյունք տալիս զանազան դեղորայքային թունավորումների և սիբիրախոցի դեպքերում: Ըստ Ամիրդովլաթի, Գալենը եզան լեզուն օգտագործել է թոքաբորբերի, գաստրիտների և ոսկրահոդացավային մի շարք հիվանդությունների ժամանակ, Էհանան` չոր հազի, տղամարդկանց սեռական թուլության և աղիքային նքոցների, Մասրճուեն` ստամոքսասրտային կապակցված ցավերի և մատնաշնչի (հյութը քացախով խառնած, թրջոցի ձևով դնում է մատին), Սապիթ Կուռանը` դիսուրիայի, Ըռուֆոսը` իշիասի (հյութը քացախով խառնած ծեփում է բորբոքված նյարդի շրջանում) և չոր էկզեմայի, Սահակը` մկնատամի բուժման և դաշտանի բացման (հոգնայի ձևով) համար:

 

     

 

Չինական ժողովրդական բժշկության մեջ եզան լեզվի տերևները կիրառվում են քրոնիկական բրոնխիտների, պլևրիտների, վերքերի բուժման համար, միաժամանակ որպես միզամուղ և արյունահոսությունը դադարեցնող միջոց, իսկ սերմերը` շաքարախտի, դիսպեպսիաների, տղամարդկանց և կանանց անարգասավորության դեպքում և այլն: Ֆրանսիայում տերևները օգտագործում են էնտերոկոլիտների, պալարախտային բնույթի լուծերի, քրոնիկական նեֆրիտի դեպքում: Գերմանիայում տերևներից պատրաստված թեյը օգտագործում են վերին շնչուղիների բորբերի ժամանակ, իսկ տերևահյութի կոմպրեսը` միջատների կծելու, ֆուրունկուլյոզի և ետպատվաստումային ռեակցիաների դեպքում: Հնդկական բժշկության մեջ սերմերը լայն ճանաչում են գտել ամեոբային դիզենտերիայի, երեխաների ամառային լուծի և ստամոքսաաղիքային այլ հիվանդությունների բուժման մեջ: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ տերևների եփուկը հանրահայտ է արյունախխումների, դիզենտերիայի, բղկոցների, ստամոքսային այրոցների, լյարդի, լեղապարկի, տարբեր ծագման դեղնուկների, լնդերի և ատամների հիվանդությունների, ակնաբորբի, թաց էկզեմայի, օձի և միջատների կծածների ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ ընդունված է բույսի թարմ տերևը խորասուզել եռացող ջրի մեջ և դնել բորբոքված հոդի, նյարդի, մատնաշնչով ախտահարված մատի, ֆուրունկուլի վրա և այլն: Սերմերը թրջում են 3-4 անգամ ավելի քանակով տաք ջրի մեջ, տրորում և կոմպրեսի ձևով դնում բորբոքված աչքերին: Ստամոքսի քաղցկեղի դեպքում տերևներից պատրաստում են բանջարապուր, տերևակոթերից` թեյ:

 

Տրորված տերևներն ունեն ցավ հանգստացնող և հյուսվածքների այտուցումը կանխելու հատկություն: Տերևահյութը, խառնված մանրացրած կավճի հետ, դրականապես է ազդում կարմիր քամու ժամանակ, երբ այս խառնուրդը քսում են մաշկի ախտահարված մասին:

 

Ֆարմակոլոգիական և կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ տերևների պատրաստուկներն արագացնում են վերքերի ամոքումը (Միրզոյան Ա. Հ. և ուրշներ, Ալիև Ռ.Կ.): Հեղինակները ուշագրավ տվյալներ են ներկայացնում ստուգիչ և փորձնական խմբի ճագարների վերքերի բուժման առումով: Այսպես, կիրառելով բույսի տերևների 20%-անոց մզվածքը, նկատել են, որ կարճ ժամանակում վերացել է վերքի իխորոզ (շարավոտ) հոտը, թարախարտադրությունը, արագացել են նրա հատիկավորումը և փոխարինող մաշկի գոյացումը: Մինչդեռ ստուգիչ խմբի կենդանիների վերքից շարունակվել է նեյտրոֆիլային բջիջներով, թարախածին կոկերով, մեռուկացված հյուսվածքների կտորներով հարուստ թարախային արտադրությունը: Ըստ Ս. Հ. Միրզոյանի և նրա աշխատակիցների, ջղախոտազգի տեսակների մեջ ամենամեծ ֆարմակոլոգիական ակտիվությամբ օժտված են մեծ եզան լեզուն (տերևները և արմատը), որն ըստ հեղինակների, պայմանավորված է ալկալոիդներով: Հեղինակների տվյալներով, նույն մզվածքը կատվի և ճագարի աղիների կենդանի գալարների վրա առաջ է բերում աղիքի տոնուսի բարձրացում, ռիթմիկ կծկման ամպլիտուդների մեծացում: Հեղինակները ռենտգենով նկատել են շների ստամոքսի տոնուսի բարձրացում, գալարակծկման խորացում: Մզվածքը կենդանիների վրա թողել է հանգստացնող և արյան ճնշումը կարգավորող ազդեցություն: Կլինիկական պայմաններում տերևների 20%-անոց մզվածքը խոցային հիվանդների վրա կիրառելիս նկատել են ցավերի մեղմացում, փսխման և փորկապության վերացում, հիվանդների ընդհանուր վիճակի կանոնավորում, քաշի ավելացում: Կուրսային բուժման հետևանքով այս բնույթի 45 հիվանդներից դրական արդյունք է նկատվել 32-ի մոտ, իսկ 17-ի մոտ վերացել է նիշան: Հեղինակների տվյալներով արդյունքը բավարար է եղել նույնիսկ բարձր թթվայնության պայմաններում:

 

Ըստ Բ. Ս. Նիկոլսկայայի տվյալների, բույսի թարմ հյութը արդյունավետ է աչքի երջրաթաղանթի վերքի բուժման դեպքում: Գիտականորեն հիմնավորված է տերևների (հյութի, թուրմի և մզվածքի ձևով) ֆարմակոդինամիկական ակտիվությունը` որպես արյունահոսությունը դադարեցնող, մանրէասպան, վերքամոքիչ, խուխամուղ և հիպոտենզիվ միջոց: Ֆիտոքիմիական հետազոտությունները ցույց են տվել տերևների հակախոցային և խոլեսթերինային փոխանակությունը կարգավորող բնույթը: Դեղաբույսի պատրաստուկներն ակնհայտորեն ներգործում են վերքերի միկրոբների, հեմոլիտիկ ստրեպտակոկերի, ստաֆիլակոկերի, կապտաթարախային բացիլի, աղիքային ցուպիկի և նախակենդանիների վրա: Տերևները օժտված են արտահայտված հակաբորբոքիչ, ցավազրկող, շնչուղիներում կուտակված թանձր խուխը ջրիկացնելու, միզարձակումը և աղիների գործունեությունը կարգավորող հատկություններով: Տերևներից պատրաստված ոգեթուրմը մեղմացնում է ատամնացավը: Սերմերը` հարուստ լինելով լորձով, թաղանթապատում են աղիների բորբոքված մակերեսը և մի կողմից ներգործում են որպես հակաբորբոքիչ, իսկ մյուս կողմից` պահպանում աղիքի ախտահարված մակերեսը աղիքի պարունակության ներգործությունից: Սերմերը թունավոր չեն, սակայն մեծ դոզայով ընդունելիս կարող են լուծ առաջացնել: Սերմերի մեջ պարունակվող լորձն ունի նաև մանրէները և դրանց թույները աբսորբցող հատկություն: Կլինիկորեն հիմնավորված է եզան լեզվի դրական ազդեցությունը նևրասթենիայի, աթերոսկլերոզի, քրոնիկական խոլեցիստիտների, շնչուղիների և միզուղիների մի շարք սուր և քրոնիկական հիվանդությունների ժամանակ:

 

     

 

Մեզ մոտ ֆարմոկոլոգիական կոմիտեի կողմից եզան լեզվի հյութը և ջրային մզվածքից ստացված պլանտագլյուցիդ պատրաստուկը առաջարկվել են մարսողական տրակտի մի շարք հիվանդությունների բուժման համար: Փորձնական եղանակով պարզվել է, որ վերջինս ունի ստամոքսի լորձաթաղանթը պաշտպանող հատկություն` կանխելով բուտադիոնային խոցի առաջացումը: Այսպես, ըստ Յա. Ի. Խաջայի (ցիտ. ըստ Ա. Դ. Տուրովայի), բուտադիոնի կիրառման պայմաններում 46 ծովախոզուկներից 14-ի մոտ առաջ է եկել ստամոքսի խոց, մինչդեռ փորձնական 17 կենդանիներից, որոնք ստացել են և՜ բուտադիոն, և՜ պլանտագլյուցիդ, խոց առաջ է եկել միայն 5-ի մոտ: Բասովյան ֆիստուլայով շների մոտ պլանտագլյուցիդը 2,5 անգամ ավելացրել է ստամոքսահյութի քանակը, բարձրացրել ազատ և ընդհանուր աղաթթուների խտությունը 20-30%-ով, 3-4 անգամ դադարացրել բարիումի շիլայի բացահանումը (էվակուացիա) ստամոքսից, իսկ կենդանու մեկուսացված աղու գալարի վրա պատրաստուկը ցուցաբերել է սպազմալիտիկ ազդեցություն: Պատրաստուկի կլինիկական փորձարկումները խոցային հիվանդության բուժման ընթացքում տվել են միանգամայն հուսալի արդյունքներ: Այսպես, դեղորայքի կիրառման 3-4-րդ օրից մեղմացել են հիվանդների ստամոքսի ցավը, 5-7-րդ օրից` լրիվ դադարել են դիսպեպտիկ երևույթները, փորկապությունը, բքնածությունը, իսկ բուժման կուրսն (3-4 շաբաթ) ավարտելուց հետո վերացել է փորի մկանների լարվածությունը, հաստ աղու սեղմված վիճակը, նորմալացել են ստամոքսի թթվարտադրող և այլ կարևոր ֆունկցիաները: Ըստ որում` անհետացել է շատ հիվանդների նիշան: Նշենք, որ այս պատրաստուկից առավել դրական արդյունք նկատվում է նորմալ կամ ցածր թթվությամբ ընթացող խոցերի բուժման դեպքում, մինչդեռ բարձր թթվության դեպքում արդյունքը եղել է նվազ շոշափելի: Պլանտագլյուցիդը լավ արդյունք է տալիս նաև քրոնիկական նորմալ և ցածր թթվությամբ ուղեկցվող գաստրիտների բուժման ժամանակ: ՈՒշագրավ է այն հանգամանքը, որ դեղամիջոցը բարձր ակտիվությամբ է օժտված նաև խոցային հիվանդության կանխարգելման գործում, երբ այն ընդունում են աշնան և գարնան ամիսներին: Մեր կլինիկական փորձը ցույց է տվել, որ պլանտագլյուցիդը դրականորեն է ներգործում նաև քրոնիկական ախիլիկ գաստրիտների բուժման ընթացքի վրա: Դեղատներում պատրաստի վիճակում բաց է թողնվում նաև եզան լեզվի հյութը, որը նշանկվում է գլխավորապես անացիդ գաստրիտների և քրոնիկական կոլիտների ժամանակ: Եզան լեզվի ջրաթուրմը, ինչպես և դեղատան բաց թողած հյութը, մենք օգտագործել ենք ինհալացիայի ձևով` շնչական օրգանների բազմաթիվ սուր և քրոնիկական հիվանդությունների ընթացքում: Յուրաքանչյուր ինհալացիա տևել է 10 րոպե, այն կրկնվել է օրվա մեջ 3-4 անգամ: Գրեթե բոլոր դեպքերում հազը փափկել է բուժման 2-3-րդ օրից, հեշտացել է խուխարտադրությունը, նվազել բարձր ջերմությունը, լավացել հիվանդի ինքնազգացումը: Եզան լեզուն լայնորեն համակցվում է իշառվույտի, անանուխի, տուղտի, տատրակի, ձիաձետի, գնարբուկի, սագաթաթի, երիցուկի և շատ այլ դեղաբույսերի հետ:

 

Կիրառման եղանակները

 

Տերևներից ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են 10 գ չոր հումք, 1 ժամ թրմում 200 մլ եռման ջրում և ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Կարելի է մեկ թեյի գդալ չոր տերևը և կտրատված ծաղկակիր ցողունը խառնել 1 բաժակ եռման ջրին, թրմել 15 րոպե, ապա ըմպել 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, կամ 30 գ չոր տերևը 1 բաժակ եռման ջրում 1 ժամ թրմելուց հետո ըմպել 1-ական ճաշի գդալ` ամեն 2 ժամը մեկ անգամ: Տաք ջրաթուրմ պատրաստելու համար 1 ճաշի գդալ չոր, մանրացրած տերևը 10 րոպե թրմել 1 բաժակ եռման ջրում և ըմպել կումերով` 1 ժամվա ընթացքում: Ջրաթուրմ պատրաստում են նաև եզան լեզվի և եղինջի տերևների հավասարաչափ խառնուրդից: 2 ճաշի գդալ հումքը 20 րոպե 1 բաժակ եռման ջրում թրմելուց հետո այն ըմպում են օրվա մեջ 3 անգամ` քթային, արգանդային և թութքային արյունահոսությունների ժամանակ:

 

Դեղաբույսը 3:4:3 հարաբերությամբ` խառնված տատրակի և մատուտակի հետ, մտնում է № 2 կրծքային թեյի մեջ, որից 1 ճաշի գդալ 20 րոպե թրմում են 2 բաժակ եռման ջրում և ըմպում կեսական բաժակ, 3 ժամը մեկ անգամ` շնչուղիների բորբոքումների ժամանակ: Տերևներից եփուկ պատրաստելու ժամանակ 10-15 գ չոր հումքը 15 րոպե եռացնում են 200 մլ ջրում և ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Սերմերից եփուկ պատրաստելու համար 10 գ տրորված սերմը 100 մլ ջրում եռացնում են 10 րոպե և ընդունում օրվա ընթացքում 3 անգամ: Թարմ տերևահյութ ստանալու համար հումքը անց են կացնում մսաղացով և քամում մառլյայով, 1:10 հարաբերությամբ խառնում են գոլ ջիր հետ, ըստ համի` ավելացնում մեղր և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, կամ տերևների հյութը խառնում են նույն քանակի մեղրի հետ, եփում 20 րոպե և ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Տերևների մանրացրած փոշին կարելի է ընդունել 1-ական գրամ, օրական 4 անգամ` գոլ ջրով: Տնային պայմաններում սերմերից սպեղանի պատրաստելու համար տրորված սերմերը` 1:2 հարաբերությամբ, խառնում են աղի, խոզի ճարպի և հացի միջուկի հետ ու դնում թարախապալարների վրա:

 

Տերևներից 10%-անոց քսուք պատրաստելու համար լավ մանրացրած չոր հումքը խառնում են դեղձի յուղի և վազելինի հետ: Պլանտագլյուցիդը բաց է թողնվում 50 գ-անոց սրվակներով: Այն, 0,5-1 թեյի գդալ լուծում են 1/4 բաժակ գոլ ջրի մեջ, ըմպում 20-30 րոպե ուտելուց առաջ` օրական 2-3 անգամ: Մեր անձնական փորձը ցույց է տվել, որ այս դեղանյութի արդյունավետությունն ավելի է բարձրանում, երբ այն ընդունում են գոլ վիճակում, հիդրոկարբոնատային հանքային ջրերով, ինչպիսիք են «Դիլիջանը», «Բջնին», «Արզնին», «Բորջոմին» և այլն:

 

Եզան լեզվի հյութը դեղատներում բաց է թողնվում 250 մլ-անոց շշերով: Այն ընդունում են 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, ուտելուց 15-20 րոպե առաջ, լուծված 1/4 բաժակ գոլ ջրի մեջ:

 

Այլ օգտակար հատկանիշները

 

Բույսի մատղաշ տերևները երբեմն օգտագործում են սալաթի ձևով կամ սուպի մեջ: Կանաչ վիճակում բույսը ուտում են միայն ոչխարներն ու ուղտերը, իսկ խոտի հետ` գյուղատնտնեսական բոլոր կենդանիները: Դաբաղանյութերի շնորհիվ հումքը կաշվին տալիս է ճկունություն և ամրություն: Եղած պաշարներն ավելի ռացիոնալ օգտագործելու նպատակով վերջին տարիները եզան լեզուն մշակվում է առանձին տարածքներում:

 

 

Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»

 

Խնկածաղիկ սովորական (khnkathaghik) — Душица обыкновенная- Origanum vulgare L.

 

Հայկական տարանունները — զվիրակ, թորթ, թորթիկ, կատավան, սևածաղիկ, օրիկանոն

 

Դեղաբույսի նկարագրությունը: Խուլեղինջազգիների կամ շրթազգիների ընտանիքին պատկանող, 30-60 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է: Ունի ճյուղավորված, սողացող կոճղարմատ, քառանիստ, կարմրամանուշակագույն ցողուն, տերևները հակադիր են, երկարավուն-ձվաձև, ամբողջաեզր կամ ատամնավոր, թավոտ, ծաղիկները ծիրանագույն են, մանր, միասեռ կամ երկսեռ, անուշաբույր: Պտուղը բաղկացած է կլոր, դարչնագույն 4 սերմիկներից: Ծաղկում է ողջ ամռան ընթացքում, պտղակալում` օգոստոս-սեպտեմբերին: Տարածված է մեր հանրապետության չոր անտառային և հովտային մարգագետիններում, անտառների բացատներում, գետահովիտներում և այլուր` տեղ-տեղ ստեղծելով տարածուն բուսուտներ: Ձմեռում է լավ, պտղակալում կանոնավոր: Նախընտրում է սննդանյութերով հարուստ և գրեթե չեզոք ռեակցիայի հողերը: Բազմանում է սերմերով, արմատամասերով և ցողունակոթուններով: »Օռիգանոն» անունն ունի հունական ծագում. նշանակում է լեռներ զարդարող. որը հաճախ է հանդիպում Արիստոֆանի, Արիստոտելի և Դիոսկորիդի աշխատություններում: Այլ մեկնաբանությամբ, այդ անունը նշանակում է տեսողություն լավացնող, քանի որ բույսը օգտագործվել է նաև այդ նպատակով:

 

Քիմիական բաղադրությունը: Բույսը պարունակում է մինչև 1,5% եթերայուղ, դաբաղանյութեր, ֆլավոնոիդներ, սեսկվիտերպեններ, գերանիլացետատ, տույոն, պիգմենտ, C վիտամին (ցողունի մեջ` 58, ծաղիկներում` 166, տերևներում 565 մգ%): Տերևներում հայտնաբերված է նաև կարոտին, իսկ սերմերում` մինչև 28% ճարպայուղ: Եթերայուղի 20-50%-ը կազմում են թիմոլը և նրա իզոմեր կարվակրոլը:

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործվում է բույսի ամբողջ վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղիկները լրիվ բացվելուց հետո, չորացնում բացօթյա` լավ է կախված վիճակում: Այնուհետև տրորում են մետաղյա մաղի մեջ` ստանալով ծաղիկների և տերևների փոշետիպ խառնուրդը, իսկ ցողունային կոշտ մասերը հեռացնում են: Պատրաստի հումքը լավ պահպանման պայմաններում չի կորցնում պիտանելիությունը մինչև 3 տարի: Այն հոտավետ է, դառն ու դուրեկան համով: Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն` որպես մարսողությունն աշխուժացնող, աղիների ատոնիան և ստամոքսի սպազմը վերացնող միջոց: Լայնորեն օգտագործվում է նաև հեպատիտների, դեղնուկների, սուր և քրոնիկական բրոնխիտների, բրոնխէկտազիաների, հազի, ցավոտ դաշտանի, սեռական բարձր գրգռվածության դեպքերում:

Ավիցեննան, դեղաբույսը խառնելով այլ դեղամիջոցների հետ, օգտագործել է որպես հակափսխեցուցիչ միջոց: Ամիրդովլաթը »սահթար» անվան տակ, նշում է, որ այն օգտակար է ականջի ցավի, ատամնացավի, վերջույթների գանգրենայի, արցունքահոսության, ճիճվակրության, լերդացավի, սակավ դաշտանի, ստամոքսի հիվանդությունների, առատ քրտնարտադրության, կոքսալգիայի դեպքերում: Դեղաբույսը մեղրով ընդունելով, կտրում է հազը, լոգանքի ձևով` վերացնում միզակապությունը, էկզեման և մաշկի քորը: Քնելուց առաջ պարբերաբար օգտագործելով մեղրով` բերում է »զորացն միտք և զգայունություն»:

 

 

 

Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ խնկածաղիկը կիրառվում է սուր և քրոնիկական բրոնխիտների, կապույտ հազի, նյարդային լարվածության, վատ ախորժակի ժամանակ, իսկ լոգանքների ձևով` մաշկի քորի և թարախային վերքերի բուժման համար: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը լայն ճանաչում ունի ցրտառական հիվանդությունների, հազի, թոքային պալարախտի, ռևմատիզմի, անդամալուծության, ընկնավորության, աղեխիթի և սակավ դաշտանի բուժման մեջ: Արտաքին ձևով օգտագործվում է գլխացավերի (լվացման եղանակով), գեղձախտի և մաշկային ցանավորումների ժամանակ: ՈՒկրաինական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի եփուկը օգտագործվում է ստամոքսաաղիքային տրակտի, կոկորդի և կանացի մի շարք հիվանդությունների ժամանակ: Թուրմը տալիս են հոգեկան ընկճվածության, թախիծի և ընդհանուր կարկամածության ժամանակ, իսկ եփուկը` կոմպրեսի ձևով, դնում են թարախապալարների և ուռուցքների վրա: Չեխական ժողովրդական բժշկության մեջ խնկածաղիկը օգտագործվում է գլխացավերի և վերին շնչուղիների կատառի ժամանակ որպես ցավը հանգստացնող, հազը փափկացնող և քրտնամուղ միջոց: Գերմանիայում դեղաբույսը օգտագործում են կծկումնային չոր հազի և մարսողական տրակտի մի շարք հիվանդությունների ժամանակ:

 

Ավստրիայում բույսի ջրաթուրմը և եթերայուղը օգտագործում են ներքին օրգանների կծկողական ցավերի, ընդհանուր գրգռվածության, վատ ախորժակի և մարսողական օրգանների որոշ հիվանդությունների ժամանակ: Ֆրանսիայում դեղաբույսի էսենցիան քսում են ռևմատիզմով ախտահարված հոդերին: Լեհաստանում բույսը` ներքին ընդունման ձևով, համարվում է ընդհանուր հանգստացնեղ, լեղամուղ և խուխամուղ միջոց: Հնդկաստանում խնկածաղիկից ստացվող եթերայուղն օգտագործվում է որպես օրգանիզմի որոշ ֆունկցիաներն ակտիվացնող և ընդհանուր կազդուրիչ միջոց: Դեղաբույսը օֆիցինալ է Չեխոսլովակիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Ավստրիայում և մեզ մոտ: Իվանո-Ֆրանկովսկի բժշկական ինստիտուտում փորձնական եղանակով հիմնավորվել է դեղաբույսի ուժեղ միզամուղ հատկությունը, իսկ կլինիկորեն պարզվել է, որ այն ունի կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող, խուխը արտազատող, ախորժակը լավացնող, մարսողությունը կանոնավորող, լեղամուղ և քրտնամուղ հատկություններ. օգտագործվում է առանձին, ինչպես նաև այլ դեղաբույսերի հետ, կազմելով որոշ փքահան, կրծքային և քրտնամուղ թեյերի բաղադրիչ մասերից մեկը: Խնկածաղկի եթերայուղն օգտագործվում է ատամնաբուժության պրակտիկայում որպես ախտահանիչ և ցավազրկող միջոց, միաժամանակ ցրտառական հիվանդությունների, շնչարգելության և օրգանների սպաստիկ (ջղաձիգ) վիճակի ժամանակ: Արտաքին ձևով այն օգտագործում են կոկորդի ողողումների, կոմպրեսների և լոգանքաջրերին բուրմունք տալու համար: Ըստ որում` հիմնավորված է դեղաբույսի հակամիկրոբային ակտիվությունը: Այն հակացուցված է հղիներին:

 

 

Ն. Գ. Կովալևայի տվյալներով, դեղաբույսը դրական է ներգործում հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, երիկամների որոշ ախտահարումների ժամանակ:

 

Մեր տվյալներով պարզվել է, որ քրոնիկական թերսեկրետոր գաստրիտով տառապող հիվանդների մոտ խնկածաղիկն ունի ցավը հանգստացնող և ախորժակը կանոնավորող հատկություն, միաժամանակ առաջ բերելով ստամոքսահյութի ժամային լարվածության և աղաթթվի դեբիտ-ժամի ավելացում, հյութի պրոտեոլիտիկ ակտիվության բարձրացում: Ջրաթուրմի 3-4 շաբաթ տևողությամբ ընդունումը, միաժամանակ, դրականապես է անդրադարձել այդ հիվանդների մոտ հաճախ արձանագրվող այնպիսի վեգետանևրոտիկ երևույթների վրա, ինչպիսիք են տախիկարդիան, հիպոտոնիկ վիճակը, գլխացավերը, անքնությունը, ապատիան (հոգեկան անտարբերությունը), քրտնոտությունը և այլն: Ստացված արդյունքն ավելի շոշափելի է դարձել, երբ խնկածաղիկը հավասար չափով զուգորդել ենք եզան լեզվի տերևների հետ: Այս հավաքածուն օգտագործել ենք թուրմի ձևով` 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմելով 1 բաժակ եռման ջրում: Հիվանդներն այն ընդունել են օրվա մեջ 3 անգամ:

 

Կիրառման եղանակները; Ջրաթուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ հումքը 15-20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում տաք վիճակում, կեսական բաժակ, օրական 3-4 անգամ` ուտելուց 15-20 րոպե առաջ, կամ 1 թեյի գդալ հումքը 2 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, կամ 10 գ հումքը 30 րոպե թրմում են 300 մլ եռման ջրում, ապա ըմպում 100-ական մլ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ, 3 տարի տևողությամբ` ընկնավորության ժամանակ, կամ 2 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա օրվա ընթացքում ընդունում 4 անգամ: Եփուկ պատրաստելու համար 10-15 գ հումքը եռացնում են 1 բաժակ եռման ջրում 10 րոպե, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ:

 

 

 

Ոգեթուրմը, որ հիմնականում օգտագործվում է ատամնաբուժության մեջ, պատրաստում են չոր հումքը 1/2-ի հարաբերությամբ` խառնելով 70 աստիճանի սպիրտի հետ: Այն ըմպում են նաև 20-ական կաթիլ` ջրով, օրական 3 անգամ: Փոշին շնչում են հարբուխի ժամանակ, կամ հենց մտցնում քթի խոռոչ: Յուղային մզվածք ստանալու համար մեկ բուռ հումքը 8 ժամ թրմում են 0,5 լ ձիթապտղի կամ արևածաղկի յուղի մեջ, ապա քամում: Ստացված դեղամիջոցը օգտագործում են ատամնացավի ժամանակ կամ ընդունում խմելու ձևով` 2-5-ական կաթիլ: Լոգանքի համար 50 գ հումքը խառնում են 1 դույլ եռման ջրին, ապա այն ավելացնում ընդհանուր լոգանքաջրին, կամ 100 գ հումքը թրմում են 2 լ եռման ջրում, ապա խառնում ընդհանուր լոգանքաջրին: Փքահան № 3 թեյի մեջ խնկածաղիկը հավասար չափով խառնված է երիցուկի հետ: Այն օգտագործում են թուրմի ձևով` 2 թեյի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում 20 րոպե թրմելուց հետո. ընդունում են 1-ական բաժակ` օրական 2 անգամ:

 

Կրծքային № 1 թեյի մեջ խնկածաղիկը, տատրակը և տուղտը իրար են խառնված 1:2:2 հարաբերությամբ: 1 ճաշի գդալ հումքը խառնում են 2 բաժակ եռման ջրին, թրմում 20 րոպե, ապա ըմպում կեսական բաժակ` 3 ժամը մեկ անգամ:

 

Քրտնամուղ № 2 թեյի մեջ ազնվամորու պտուղները, տատրակի տերևները և խնկածաղիկը իրար են խառնված 2:2:1 հարաբերությամբ, իսկ նույնատիպ № 4 թեյի մեջ, նույն հարաբերությամբ, իրար են խառնված ուռենու կեղևը, տատրակի տերևը և խնկածաղիկը: Այս թեյը օգտագործում են թուրմի ձևով, 2 ճաշի գդալ հումքը 2 բաժակ եռման ջրում 20 րոպե թրմելուց հետո ըմպում են միանվագ` որպես թեյ:

 

Այլ օգտակար հատկանիշներ: Խնկածաղիկը վերջին տասնամյակներում մշակում են ոչ միայն դեղորայքային, այլև որպես եթերայուղային և մեղրատու բույս: Տերևներն օգտագործվում են որպես համեմունք զանազան ճաշերի մեջ, խառնում են երշիկին, սալաթին և թեյըմպելիքներին: Եթերայուղը օգտագործվում է լիկյորի, թրմօղու և գարեջրի մեջ, ինչպես նաև պարֆյումերիայում: Տերևները փոխարինում են թեյին, դրանցով համեմում են կվասը, վարունգի թթուն: Ծաղկաբույլերով բուրդը ներկում են նարնջակարմիր: Եթերայուղն օժտված է միջատասպան հատկությամբ, այն փեթակից վանում է ցեցերին և մրջյուններին: Օգտագործվում է լաքերի և ներկերի արտադրության մեջ:

 

Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»