Բամբասանքի Էվոլուցիան — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Բամբասանքի Էվոլուցիան

 

Որքան էլ տղամարդիկ պնդեն,թե կանայք իսկական ընկերություն անել չգիտեն,միևնույն է,մենք հո քաջ գիտենք,որ այդպես չէ։ Չէ՞որ կարող ենք միմյանց վստահել մեր «ամենասարսափելի» գաղտնիքները։ Իսկ տղամարդի՞կ։ Իսկ տղամարդիկ թող շարունակեն քննարկել,թե որ թիմն է ֆուտբոլ լավ խաղում…

Ուզենք-չուզենք,ճշմարտությունն այս է. այո՛, մենք բամբասել սիրում ենք։ Ընդ որում,դա բոլորիս է վերաբերում՝ անկախ տարիքից,կարգավիճակից ու բնակության վայրից։ Եվ այսպես է ամբողջ աշխարհում ու բոլոր ժամանակներում։ Օրինակ՝ հակառակ սեռը հստակ հիշում է,որ օրն ունի 24 ժամ,և ժամանակի մեծ մասը ջանում է ծախսել արդյունավետ աշխատանքի վրա։ Իսկ մենք զրուցելիս կարող ենք և կորցնել ժամանակի զգացողությունը։ Եվ սա ունի իր տրամաբանական բացատրությունը։ Համարվում է, որ տղամարդկանց ավելի մասշտաբային խնդիրներ են հուզում,քան,կանանց։ Նրանք իրենց ուսերին են վերցրել ամբողջ աշխարհի հոգսը։ Հայաստանի տղամարդկանց հուզում է, թե ո՛վ կդառնա Ռուսաստանի նախագահ հաջորդ ընտրություններում, Ռուսաստանի տղամարդկանց հուզում է,թե որքան է ԱՄՆ բյուջեն և այլն։ Իսկ մենք՝ կանայք,առօրյա խնդիրների վրա ենք գլուխ կոտրում՝ երեխաների ուսումը,ընտանիքի անդամների առողջությունն ու տրամադրությունը,ընկերուհու հարսանիքին նվեր գնելու հարցը և այլն։ Աշխարհը փրկել մենք չենք շտապում,ուստի «օրվա անցուդարձը» քննարկելու ժամանակ միշտ էլ գտնում ենք։

Բամբասանքը՝ Էվոլյուցիայի արդյունք

Նույնիսկ բամբասանք-երևույթն է անցել էվոլյուցիոն բոլոր փուլերով և հասել մեր օրերը։ Ի սկզբանե այն պետք է եղել, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն ցեղախմբում կատարվող իրադարձություններին։ Դա գոյատևման պայքարի կարևոր կողմերից էր։

Իսկ ու՞մ էր ավելի հարմար փոխանցել տեղեկությունները։ Իհարկե,նրան,ով ավելի քիչ ժամանակ էր անցկացնում քարանձավի սահմաններից դուրս։ Սնունդ հայթայթելու գլխավոր պարտականությունն ուժեղ սեռի ներկայացուցիչների ուսերին էր։ Նրանք մշտապես կա՜մ որսի էին,կա՛մ փախչում էին արժանիք վագրերից։ Այնտեղ զրուցելու ժամանակ չկար։ Իսկ ահա կանայք,որոնք խնամում էին երեխաներին և հոգ տանում քարանձավում կրակը վառ պահելու մասին,կարող էին իրենց թույլ տալ զրուցել դեսից-դենից։ Վերջին հաշվով,այսօր էլ այդպես է. Տղամարդիկ զբաղվում են լուրջ գործերով,իսկ կանայք՝ ընկերուհիների հետ շաղակրատելով։ Եվ թող որ դրա անունը «բամբասանք» դնեն։

Բամբասանքը մեր օրերում

Իհարկե,այսօր հանուն գոյատևման կարիք չկա տեղեկություններ փոխանակել։ Ուրեմն ինչու՞ են կանայք մինչ օրս սիրում զնգզնգացնել շշուկ-բամբասանք-ցնցադեպ շղթան։ Անգամ ամենակարգապահ, ազնիվ և լուրջ աղջիկը դեմ չէ երբեմն-երբեմն մասնակցել ընկերուհիների բամբասանքներին։ Ի վերջո, հոգեբաններին (հավանաբար հատկապես տղամարդ հոգեբաններին) սկսեց հետաքրքրել, թե որոնք են այդ դատապարտելի, սակայն հաճելի զբաղմունքից չհրաժարվելու պատճառները։ Եվ ահա թե ինչ պարզեցին։ Բամբասանքն այլ մարդկանց հետ միաբանվելու զգացողություն է առաջացնում։ Երբ որևէ մեկին գաղտնի բան ենք պատմում,դրանով ցույց ենք տալիս,որ վստահում ենք նրան։ Իսկ վստահության հիման վրա ստեղծված հաղորդակցությունը մտերիմ ընկերուհու ձեռք բերելու երաշխիք է։ Ո՞ր կինը կհրաժարվի դրանից։

Բամբասանքը օգնում է հաղթահարելու ձանձրույթը կամ ընդհատելու անհարմար լռությունը,երբ բոլոր թեմաները սպառված են։

Երբ վատ նորություն ենք լսում ուրիշների մասին,մեզ ակամա ավելի ապահով ենք զգում։ Ո՛չ,իհարկե,մեզ չի երջանկացնում այն,որ այսինչ լքել է ամուսինը։ Մենք պարզապես ուրախանում ենք, որ մեր կյանքը,պարզվում է,շատերի կյանքից ավելի լավ է դասավորվել։ Արգելված պտուղը քաղցր է։ Բոլորս էլ գիտենք,որ ուրիշի հետևից չարախոսելու մեջ ոչ մի

լավ բան չկա։ Այդուհանդերձ, երբեմն-երբեմն մեզ թույլ ենք տալիս «վայելել» արգելված հաճույքը։ Դա նման է թխվածքաբլիթի ուտելուն,երբ դիետա ես պահում։ Բամբասանքն օգնում է կենսափորձ կուտակելու։ Ցանկացած կին ներքին պահանջ ունի այլ աչքերով գնահատելու իր համար կարևոր իրադարձությունը՝ անկախ այն հանգամանքից՝ դա իր հե՞տ է կատարվել,թե՞ մեկ ուրիշի։ Բամբասանքն օգնում է կանանց վերլուծելու և հասկանալու,թե մարդիկ ինչ կարծիք ունեն իրենց մասին։ Եթե տղամարդկանց համար,վերջին հաշվով,միևնույն է, թե ինչպես են իրենց վերաբերվում հարևանները, ծանոթները, սիրելիի ընկերուհիներն ու նրանց ամուսինները,ապա գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար դա չափազանց կարևոր է։ Եվ հենց բամբասանքն է, որ նրանց հնարավորություն է տալիս հնարավորինս շատ բան իմանալու ներանձնային փոխհարաբերությունների մասին։

Մենք բամբասում ենք,որպեսզի ազատվենք բացասական լիցքերից, հատկապես,երբ ինչ-որ բանից խիստ անհանգստացած ենք,սիրահարված ենք,խանդում ենք, լքված ենք և այլն։ Վերջապես, մենք շատ հուզական էակներ ենք,և զգացմունքների, ապրումների փոխանակումը մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է։

Կեղտոտ բամբասանք

Այո,կանայք ավելի շատ են բամբասում,քան տղամարդիկ. Սա ոչ ոք չի հերքում։ Բայց դա չի նշանակում,որ տղամարդիկ «սուրբ» են այս հարցում։ Նրանք էլ են բամբասում։ Պարզապես նրանց բամբասանքի թեմաներն անհամեմատ անվնաս են՝ սպորտ,բիզնես,քաղաքականություն…

Սա մանկական թոթովանք է այն թեմաների համեմատությամբ, որոնց շուրջ երբեմն բամբասում են որոշ կանայք։ Ճիշտ է, կանայք էլ իրենց մշտական թեմաներն ունեն՝ նորաձևություն,դիմահարդարում, գնումներ,տղաներ կամ ամուսիններ,սակայն հանուն արդարության հարկ է խոստովանել,որ երբեմն ոմանք դուրս են գալիս թույլատրելիի սահմաններից։ Կան կանայք, որոնք մեկ ուրիշին վարկաբեկելու, վատ լուրն ուռճացրած ներկայացնելու և տարածելու առիթը բաց չեն թողնում։ Նրանք, որպես կանոն, ցածր ինքնագնահատականով, բարդույթավորված անձինք են, և ուրիշների հաշվին մշտապես ինքնահաստատվելու խնդիր ունեն։ Այդպիսի կանանցից պետք է զգուշանալ։

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ

Ինչ էլ ասենք,գրենք,քննարկենք,միևնույն է, բամբասանքը եղել և մնալու է կնոջ ամենասիրած զբաղմունքներից մեկը։ Ի վերջո,եթե նույնիսկ վերը չթվեինք հոգեբանների բացահայտումները,պարզից էլ պարզ է՝ կանայք բամբասում են, որովհետև «այդ են անում բոլորը»։ Դժվար է շրջանցել բամբասանքը,երբ այն ամենուր է՝ յուրաքանչյուր դպրոցում, ինստիտուտում,գրասենյակում,անգամ տանը։ Միայն թե չմոռանանք, որ ցեխի մեջ թաթախվելով՝ ինքներդ ենք ցեխոտվում։ Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

Comments