+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Առակներ

Առակ: «Երեք մաղ». Սոկրատի խորհուրդը.

Մի մարդ հարցնում է Սոկրատին.

– Իսկ ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչ էր ասում քո մասին ընկերդ:

– Սպասիր, – կանգնեցնում է նրան Սոկրատը, – սկզբից երեք մաղի միջով մաղիր այն ամենը, ինչ պատրաստվում ես ինձ ասել:

– Երեք մա՞ղ:

– Այո: Միշտ, երբ ուզում ես ինչ որ բան ասել, պետք է դա անցկացնել երեք մաղի միջով: Սկզբից՝ ճշմարտության մաղի միջով: Օրինակ, դու վստա՞հ ես, որ այն, ինչ ինձ պետք է ասես՝ ճշմարտություն է:

– Ոչ, ես ուղղակի լսել եմ:

– Նշանակում է դու չգիտես՝ ճշմարտությո՞ւն է դա, թե՞ սուտ: Այժմ մաղենք երկրորդ մաղով՝ բարության մաղով: Դու այժմ ուզում ես իմ ընկերոջ մասին որևէ լավ, բարի բա՞ն ասել:

– Ոչ, լրիվ հակառակը:

– Ուրեմն, – շարունակեց Սոկրատը, – դու ուզում ես նրա մասին ինչ-որ վատ բան ասել, ընդ որում վստահ էլ չես՝ ճի՞շտ է դա, թե՞ սխալ: Ժամանակը եկավ կիրառել երրորդ մաղը՝ օգտակարության մաղը: Արդյո՞ք այդքան կարևոր է այն, ինչ ուզում ես ինձ ասել, որ ես իմանամ:

– Ոչ, դրա կարիքը ամենայն հավանականությամբ չկա:

– Եվ այսպես, – եզրափակեց Սոկրատը, – Նրանում, ինչ ուզում էիր ինձ ասել՝ չկա ո՛չ ճշմարտություն, ո՛չ բարություն և ո՛չ էլ օգտակարություն: Այդ դեպքում ինչո՞ւ ասել…

Հուսալքությունը կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան կարծում եք. առակ

Շատ տարիներ առաջ, սատանան որոշում է պարծենալ և ցուցադրել իր մասնագիտության բոլոր գործիքները։ Սատանան դրանք խնամքով տեղավորում է ապակյա ցուցափեղկի տակ և բոլոր գործիքներին ամրացնում պիտակ, որպեսզի բոլորն իմանան ինչ է դա և որքան է գինը։

Գործիքների մեջ էին՝ նախանձի փայլփլուն դաշույնը, բարկության մուրճը և ագահության թակարդը։ Դարակների վրա գեղեցիկ դասավորված էին՝ վախի, գոռոզության և ատելության բոլոր գործիքները։ Բոլոր գործիքները տեղավորված էին գեղեցիկ բարձիկների վրա և հիացմունք էին առաջացնում դժողքի այցելուների մոտ։

Իսկ ամենավերջին դարակի վրա դրված էր փոքրիկ, բոլորովին աչքի չընկնող և բավականին մաշված մի փայտե սեպ, որի պիտակի վրա նշված էր. «Հուսալքություն»։ Զարմանալին այն էր, որ այս գործիքը շատ ավելի թանկ արժեր, քան բոլոր գործիքները միասին վերցված։ Այն հարցին, թե ինչո՞ւ է սատանան այսքան բարձր գնահատել այս գործիքը՝ նա պատասխանեց.
– Սա իմ զինանոցի միակ գործիքն է, որին կարող եմ անվերապահորեն վստահել, եթե մնացած գործիքներն իրենց չարդարացնեն, – և նա քնքշորեն շոյեց փայտյա սեպը։

– Եթե ինձ հաջողվի խրել այն մարդու գլխում՝ մարդը սկսում է բացել բոլոր դռները մնացած գործիքների համար….

Առակ ընկերության մասին

Մի անգամ անապատում երկու ընկեր վիճում են և մեկը մյուսին ապտակ է հասցնում: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով, ավազի վրա գրում է. «Այսօր իմ ամենալավ ընկերն ինձ ապտակեց»:
Շարունակում են ճանապարհը, գտնում մի օազիս և որոշում լողալ: Նա, ով ապտակ էր հասցրել, փրկում է ընկերոջը խեղդվելուց: Երբ փրկված ընկերն ուշքի է գալիս, գրում է քարի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: 
Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցնում է.
— Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա քարի վրա: Ինչո՞ւ:
Ընկերը պատասխանում է.
— Երբ մեզ նեղացնում են, պետք է ավազի վրա գրենք, որ քամին քշի, տանի Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա գրենք, որ ոչ մի քամի չկարողանա ջնջել:

Առակ 3 ընկերների մասին

Մի մարդ 3 ընկեր ուներ: Առաջին երկուսին նա շատ էր հարգում և սիրում, իսկ երրորդին վերաբերվում էր  արհամարհանքով:
Եվ ահա, մի օր, այդ մարդու մոտ եկան թագավորի ծառաները և փոխանցեցին թագավորի հրամանը` ներկայանալ իրեն և հաշիվ տալ 10.000 տաղանդ պարտքի համար: Այդքան գումար չունենալով` մարդը դիմեց ընկերներին:
Առաջինը պատասխանց հետևյալ կերպ.
-Ես առանց քեզ էլ շատ ընկերներ ունեմ,գնում եմ նրանց հետ զվարճանալու: Տվեց նրան 2 մանրադրամ, — ավել ոչինչ քեզ տալ չեմ կարող:
Երկրորդն ասաց.
-Ես ինքս գտնվում եմ դժբախտության մեջ և, թերևս, միակ բանը, որ կարող եմ անել, քեզ մինչև թագավորի մոտ ուղեկցելն է: Ավելին ինձանից մի սպասիր:
Եվ միայն երրորդ ընկերը, ում օգնությանը  նա նույնիսկ հույս չէր դնում, պատասխանեց:
-Այն փոքր բանի համար էլ, որ արել էս ինձ համար, ես հետ կվճարեմ  քեզ ամբողջությամբ: Ես ինքս քեզ հետ թագավորի մոտ կգամ, որպեսզի խնդրեմ, որ քեզ քո թշնամիների ձեռքը չտա:
Առաջին ընկերը — կործանանար կիրքն է դեպի հարստության կուտակումը: Այն ոչինչ չի տալիս մարդուն: Միայն թաղման վերնաշապիկ և սավան:
Երկրորդ ընկերը – մարդու հարազատներն ու մոտիկներն են: Միայն դրանք էլ կարող են ճանապարհել մինչև գերեզման:
Իսկ երրորդ ընկերը – մեր բարի գործերն են. միայն նրանք են դառնում Աստծո առաջ մեր միջնորդները, օգնում  հասնել  երկային արքայություն և աղոթում Աստծուն մեզ համար:
 

Ուժասպառ ճամփորդը քարշ էր գալիս ծովափով։ Հետ նայելով՝ նա ավազի վրա տեսնում էր իր ոտնահետքերի միայնակ հետագիծը։ Գիտակցությունը կորցնելով՝ ճամփորդը հանկարծ տեսավ ոտնահետքերի ևս մի շարան։ Նա բարձրացրեց աչքերը և իր կողքին տեսավ Աստծուն։ «Մի՛ հուսահատվիր։ Ես քեզ երբեք չեմ լքի։ Քո գոյության ամեն մի ակնթարթ, նույնիսկ ամենածանր պահերին ես միշտ կողքիդ կլինեմ»։
Կյանքն արագ անցավ։ Ալեհեր ու տանջահար ճամփորդն էլի թափառում էր Կյանքի Օվկիանոսի ափով։ Վերջին անգամ հետադարձ հայացք գցելով իր տարիներին՝ նա տեսավ, որ երբեմն ոտնահետքերի երկու շավիղներն ընդհատվում են, և միայնակ ձգվում է միայն մի ոտնահետքը. միայնակություն կյանքի ամենադժվարին պահերին։ Այնժամ ճամփորդը գոռաց Աստծո վրա. «Աստվա՜ծ իմ, դու ստախո՛ս ես։ Դու լքե՛լ ես ինձ։ Նայի՛ր իմ կյանքի ամենավտանգավոր օրերին. այնտեղ միայն ի՛մ ոտնահետքերն են»։
«Սիրելի՛ս,- հանգիստ պատասխանեց Աստված,- Դու սխալվում ես. Դրանք ոչ թե քո ոտնահետքերն են, այլ իմ, որովհետև կյանքիդ ամենադժվարին պահերին ես քեզ ձեռքերիս վրա եմ տարել»։

Ահա մեր դաժան իրականությունը փայլուն կերպով արտացոլող մի առակ…

Մի վիշապ է հայտնվում ու փակում քաղաքի ջրի ակունքը։ Ջրի դիմաց բնակիչներից ամեն անգամ պահանջում է գեղեցիկ աղջիկներ, թանկարժեք իրեր ու այլևայլ ընծաներ։ Ամեն տարի քաղաքի ամենաքաջազուն երիտասարդը գնում է կռվելու նրա դեմ, բայց վիշապը միշտ հաղթում է։ Այսպես՝ շատ տարիներ, մինչև որ քաղաքում հայտնվում է մի իմաստուն։ Իմանալով ողբերգության մասին՝ նա ընտրում է մի ճշմարտասեր պատանու և սկսում նրան ուսուցանել։ Իմաստունը հիմնական ուշադրությունը բևեռում է բարոյական, հոգևոր դաստիարակության վրա, այնուհետև ուսուցանում է ռազմական արվեստ։ Պատանին առնականանում է, և երբ գալիս է կռվելու նրա հերթը, գնում ու հաղթում է վիշապին։ Ցնծացող համաքաղաքացիներն ապշում են, երբ վիշապի քարանձավում հայտնաբերում են բազում այլ վիշապների դիակներ։ Մարդիկ գլխի են ընկնում, որ ամեն անգամ հաղթել է իրենց ընտրած մարտիկը, բայց գայթակղվել է վիշապի արքայական կենցաղով, քաղաքի հանդեպ անսահման իշխանությամբ և ինքն է վերածվել վիշապի՝ դավաճանելով քաղաքին, բարեկամներին, ծնողներին… Եվ դեռ շատ ուրիշ բաներ են հասկանում նրանք…

Ամեն անգամ այս առակը կարդալիս կամ հիշելիս մտածում եմ. տեսնես մարդկանց քանի՞ տոկոսն է ի վիճակի վիշապ չդառնալ դրա հնարավորությունն ունենալու դեպքում… Հեռվից ազնիվ ու բարոյական լինելն այնքան հեշտ է…

Զրույց Մեխերի Մասին

Ժուկով-ժամանակով ապրում էր մի դյուրաբորբոք ու անզուսպ երիտասարդ։ Եվ ահա մի անգամ հայրը նրան մի պարկ մեխ տվեց և պատժեց. ամեն անգամ, երբ նա չկարողանար զսպել բարկությունը, պետք է ցանկապատի գերանին մի մեխ խփեր։ 
Առաջին օրը գերանի մեջ հայտնվեցին մի քանի տասնյակ մեխեր։ Հաջորդ շաբաթվա ընթացքում երիտասարդը սովորեց զսպել իր բարկությունը, և օր օրի գերանի մեջ խրվող մեխերի քանակը սկսեց նվազել։ Տղան հասկացավ, որ ավելի հեշտ է սեփական բարկությունը զսպել, քան մեխել գերանը։
Վերջապես եկավ այն օրը, երբ նա այլևս չկորցրեց ինքնատիրապետումը։ Տղան դրա մասին պատմեց հորը, և նա ասաց, որ այսուհետև յուրաքանչյուր օր, երբ տղային հաջողվեր զսպել իր բարկությունը, նա պետք է մի մեխ հաներ գերանից։
Ժամանակ անցավ, եկավ այն օրը, երբ որդին կարող էր հայտնել հորը, որ գերանի մեջ ոչ մի մեխ չի մնացել։ Այնժամ հայրը բռնեց որդու ձեռքը և մոտեցավ ցանկապատին.
— Դու հանձնարարությունս վատ չկատարեցիր, բայց տեսնու՞մ ես, գերանի վրա որքա՜ն անցքեր կան։ Այն էլ երբեք առաջվանը չի լինի։ Երբ մարդուն ինչ-որ չար բան ես ասում, նրա ներսում մնում են այնպիսի սպիներ, ինչպիսիք այս անցքերն են։ Եվ կարևոր չէ, թե դրանից հետո դու քանի անգամ ես ներողություն խնդրելու, սպին կմնա։

Ֆշշոց

Մի գյուղում օձին չէին սիրում։ Հենց օձը մտնում էր գյուղ, բոլորը վախենում–փախնում էին, բոլորը զզվում էին իրանից։ Վերջը օձը չի դիմանում ու գնում է գյուղի իմաստունի մոտ և հարցնում.
— Այ դու իմաստուն ես, ասա, ի՞նչ անեմ, որ մարդիկ էլ չատեն ինձ։ 
Իմաստունն էլ պատասխանում է.
— Հերիք է մարդկանց կծես։
Օձն էլ որոշում է, որ էլ չի կծի։ Գյուղի ժողովուրդն էլ նկատում է, որ այս օձը էլ չի կծում ու էլ չեն վախենում իրանից։ Երբ տեսնում են, գալիս են թքում են վրան, քարով խփում, երեխաներն էլ որպես խաղալիք են օգտագործում, հետը ինչ ուզում անում են։ 
Վերջը օձը չի դիմանում, ջղայնացած գնում է իմաստունի մոտ և հարցնում.
— Այս ի՛նչ հիմար խորհուրդ տվեցիր, ու դու էլ իմաստուն ես համարվո՞ւմ։
Իմաստունն էլ պատասխանում է.
— Այո, ես քեզ ասեցի, որ չկծես մարդկանց, բայց ես չեմ ասել, որ չֆշշացնես իրանց վրա։

Միշտ սկսիր քեզնից

Ամուսնական մի զույգ նոր տուն տեղափոխվեց։ Առավոտյան նրանք հազիվ էին արթնացել, երբ կինը նայեց պատուհանից ու տեսավ հարևանուհուն, ով լվացած սպիտակեղենը կախել էր չորանելու համար։

— Տե՛ս, թե ինչ կեղտոտ է նրա սպիտակեղենը,- կինն ասաց ամուսնուն։
Ամուսինը թերթ էր կարդում և ուշադրություն չդարձրեց նրան։ 
— Երևի նա վատ օճառ ունի կամ էլ նա ընդհանրապես լվացք անել չգիտի։ Նրան պետք է սովորեցնել։

Եվ այսպես ամեն անգամ, երբ հարևանուհին կախում էր լվացքը, կինը զարմանում էր, թե որքան կեղտոտ է այն։

Մի հրաշալի առավոտ, պատուհանից դուրս նայելով, նա բացականչեց.

— Օ՜, հարևանուհու սպիտակեղենն այսօր մաքուր է։ Երևի նա վերջապես սովորել է լվացք անել։
— Դե,  չէ, — ասաց ամուսինը,- պարզապես այսօր ես վաղ եմ արթնացել ու լվացել պատուհանը։

Այն մասին, թե ինչով է լցված հոգին

Մի անգամ մի քանի մարդիկ սկսեցին դիտմամբ բարձրաձայն քննադատել մի իմաստուն մարդու, երբ նա քայլում էր նրանց փողոցով։ Նա ամեն ինչ լսեց, սակայն նրանց պատասխանեց ժպիտով և առողջություն մաղթեց։ Ինչ-որ մեկը հարցրեց նրան.

— Դու ժպտացիր ու այս մարդկանց առողջություն մաղթեցիր, մի՞թե նրանց նկատմամբ չարություն չես զգում։

Տղամարդը պատասխանեց.

— Երբ ես շուկա եմ գնում, ես կարող եմ ծախսել միայն այն, ինչ կա իմ դրամապանակում։ Այդպես է նաև մարդկանց հետ շփման ժամանակ. ես կարող եմ ծախսել միայն այն, ինչով լցված է հոգիս։

Իմաստուն առակ տրամաբանության և կյանքի իմաստի մասին

– Դու արամերեն գիտե՞ս, – հարցնում է րաբբին:

– Ոչ:

– Իսկ եբրայերեն:

– Ոչ:

– Իսկ մանուկ ժամանակ ուսումնասիրե՞լ ես Թոուր:

– Ոչ րեբբե: Բայց դուք մի անհանգստացեք: Ես ավարտել եմ Բերկլիի փիլիսոփայության ֆակուլտետը և նոր եմ պաշտպանել փիլիսոփայությունից գիտական ատենախոսությունս՝ Սոկրատի փիլիսոփայության տրամաբանություն թեմայով: Եվ այժմ,  որպեսզի լրացնեմ իմ գիտելիքներում մնացած բաց տեղերը՝ ուզում եմ մի փոքր Թալմուդ ուսումնասիրել:

– Դու պատրաստ չես Թալմուդ սովորել, – պատասխանում է րաբբին, – սա մարդու կողմից գրված ամենախորը գիրքն է: Բայց քանի որ դու պնդում ես, ես հատուկ քո համար կկազմակերպեմ տրամաբանության թեստ: Կկարողանաս լուծել այն՝ ես կպարապեմ քո հետ:

Երիտասարդը համաձայնվում է և րաբբին շարունակում է.

– Երկու մարդ իջնում են ծխատար խողովակով: Մեկը դուրս է գալիս մաքուր դեմքով, մյուսը՝ մրոտված: Նրանցից ո՞վ կգնա լվացվելու:

Երիտասարդ փիլիսոփայի աչքերը զարմանքից «դուրս են պրծնում».

– Սա՞ է տրամաբանության թեստը:

Րաբբին գլխով է անում:

– Դե իհարկե նա, ում դեմքը մրոտ է:

– Ճիշտ չէ: Մտածիր տրամաբանորեն՝ նա, ով մրոտ դեմք ունի, կնայի մաքուր դեմքովին և կմտածի, որ իր դեմքն էլ է մաքուր: Իսկ նա, ում դեմքը մաքուր է, կնայի մրոտի դեմքին և կմտածի որ ինքն էլ է կեղտոտվել և կգնա լվացվելու:

– Խորամանկ է մտածված, – հիացմունքով ասում է երիտասարդը: – Րաբբե, տուր ինձ ևս մեկ թեստ:

– Շատ լավ երիտասարդ: Երկու մարդ իջնում են ծխատար խողովակով: Մեկը դուրս է գալիս մաքուր դեմքով, մյուսը՝ մրոտված: Նրանցից ո՞վ կգնա լվացվելու:

– Բայց դուք նոր բացատրեցիք՝ նա ում դեմքը մաքուր է:

– Ճիշտ չէ: Երկուսն էլ կգնան լվացվելու: Մտածիր տրամաբանորեն՝ նա, ով մաքուր դեմք ունի, կնայի մրոտին և կմտածի, որ իր դեմքն էլ է մրոտված: Իսկ նա, ով մրոտված է, կտեսնի որ երկրորդը գնում է լվացվելու՝ կհասկանա, որ ինքն էլ է մրոտված և նույնպես կգնա լվացվելու:

– Ես այդ մասին չէի մտածել: Ապշելու բան է: Ես տրամաբանական սխալ էի թույլ տվել: Րեբբե, խնդրում եմ, ևս մեկ թեստ:

– Շատ լավ: Երկու մարդ իջնում են ծխատար խողովակով: Մեկը դուրս է գալիս մաքուր դեմքով, մյուսը՝ մրոտված: Նրանցից ո՞վ կգնա լվացվելու:

– Դե… երկուսն էլ կգնան լվացվելու:

– Ճիշտ չէ: Նրանցից ոչ ոք էլ չի գնա լվացվելու: Մտածիր տրամաբանորեն՝ Նա, ով մրոտված է, կնայի նրան, ում դեմքը մաքուր է և չի գնա լվացվելու: Իսկ նա, ում դեմքը մաքուր է, կտեսնի որ մրոտվածը չի գնում լվացվելու՝ կհասկանա, որ իր դեմքը մաքուր է, և նույնպես չի գնա լվացվելու:

Երիտասարդ փիլիսոփան սկսում է հուսահատվել:

– Բայց հավատացեք, ես կարող եմ Թալմուդ սովորել: Հարցրեք մեկ այլ բան:

– Լավ, երկու մարդ իջնում են ծխատար խողովակով….

– Ա՜խ, Աստվա՜ծ… ոչ մեկն էլ չի գնա լվացվելու…

– Ճիշտ չէ: Այժմ դու համոզվեցիր, որ Սոկրատի փիլիսոփայության տրամաբանությունն իմանալը բավական չէ, որպեսզի Թալմուդ սովորես: Ասա ինձ, ինչպե՞ս կարող է այնպես պատահել, որ երկու մարդ իջնելով միևնույն խողովակով՝ նրանցից մեկը մրոտի դեմքը, իսկ մյուսը ոչ: Արդյո՞ք չես հասկանում: Այս հարցը ամբողջությամբ անիմաստ է: Եվ եթե դու ծախսես քո ամբողջ կյանքը՝ պատասխանելով անիմաստ հարցերի, ապա քո բոլոր պատասխանները նույնպես զրկված կլինեն իմաստից:

Իմաստուն առակ այն մասին, թե ինչպես կարող են թշնամիներն օգտակար լինել

Մի պետություն կար, որտեղ այնքան շատ էին հավատում նախախնամությանը, որ  սովորության համաձայն մահվանը դատապարտվածին մինչ մահապատժի ենթարկելը հնարավորություն էր տրվում մասնակցել ճակատագրի վիճակահանությանը: Պարկում կային միայն երկու թուղթ «կյանք» և «մահ» գրությամբ: Երբ դատապարտյալը քաշում էր առաջին թերթիկը նրան ողորմում էին ու բաց թողնում,  իսկ երբ քաշում էր երկրորդը, ապա մահապատիժն անմիջապես իրականացվում էր: Այդպիսով յուրաքանչյուր դատապարտյալ մինչև վերջին րոպեն փրկության հույս էր ունենում:

Մի մարդ բացեց իր գործը, որը սկսեց ծաղկել ու հաջողություն բերել նրան: Ինչպես դա հաճախ է պատահում` հաջողության հետ մեկ տեղ նրա կյանքում հայտնվեցին նրա լավը չկամեցող շատ մարդիկ: Սկզբում նրանք զրպարտելով հասան այն բանին, որ այդ մարդուն ձերբակալեն, իսկ  հետո մահվան դատապարտեն:

Իմանալով, որ դատապարտյալը փրկվելու հնարավորություն ունի նրանք խաբեությամբ պարկի միջից գողացան «կյանք» գրությամբ թուղթը և այնտեղ գցեցին երկրորդ «մահ» գրությամբ թուղթը: Այդպիսով թշնամիներն այդ  մարդուն փրկվելու ոչ մի հնարավորություն չթողեցին՝ որ թուղթն էլ նա քաշեր նրան մահվան դատավճիռ էր սպասվում:

Այդ մարդն ուներ նաև ընկերներ, որոնք իմանալով թշնամիների արարքը բանտ ներթափանցեցին և դատապարտյալին պատմեցին ամեն ինչ՝ խորհուրդ տալով այդ մասին պատմել նաև դատավորներին, որպեսզի վերջիններս նախապես ստուգեն պարկի միջի թղթերը:

Բայց, որքան էլ որ տարօրինակ էր, դատապարտյալն այդ լուրը լսելով ուրախացավ ու խնդրեց իր ընկերներին այդ մասին չասել ոչ մեկին ու հայտարարեց, որ դա կփրկի իրեն: Ընկերներին թվաց, թե նա մահվանից առաջ խելքը թռցրել  է. բայց նրանք կատարեցին իրենց ընկերոջ ցանկությունը ու լռեցին:

Հաջորդ առավոտ այդ մարդը քաշեց վիճակահանության թուղթը և նրան ազատություն տրվեց:

Ինչպես թշնամիները, այնպես էլ ընկերները շատ զարմացան, թե նա ինչպես կարողացավ դուրս գալ այդ անելանելի վիճակից:

Մարդը վարվեց հետևյալ կերպ՝ տոպրակի միջից հանելով թերթիկը առանց կարդալու նա  անմիջապես կուլ տվեց այն: Դատավորներին ոչինչ չէր մնում, բացի ստուգելուց, թե որ գրությամբ թուղթն է մնացել պարկում:  Տեսնելով, որ պարկում մնացել է «մահ» գրությամբ թերթիկը որոշեցին, որ դատապարտյալը պարկից հանել էր «կյանք» ը: Հետևաբար մարդուն ազատ արձակեցին:

Խորիմաստ առակ. Ի՞նչ է սերը

 Ես չգիտեմ, իսկ արի գնանք սատանայից հարցնենք, – պատասխանում է հրեշտակը:

Նրանք մոտենում են սատանային և հարցնում.

– Սատանա, իսկ ի՞նչ է սերը:

Սատանան խոժոռվում է և բարկացած վռնդում նրանց: Հետո հրամայում է այլևս այդ հարցով իր մոտ չգալ.

– Գնացեք Աստծու մոտ: Դա նա է Սեր, ամենը սեր է, ամենը աստված է…: Ահա և թող պատասխանի:

Իրար ձեռք բռնած նրանք բարձրանում են դրախտ, մոտենում Աստծուն և ասում.

– Աստված պապիկ, իսկ ի՞նչ է սերը:

– Ճիշտն ասած ես առաջին անգամ եմ լսում այդպիսի բառ, բայց ես լսել եմ, որ մարդիկ հաճախ են այդ մասին խոսում, սիրո մասին, ես քեզ սիրում եմ և այլն: Նրանք որոշել են, որ դա ինչ-որ կերպ ինձ հետ է կապված: Իջեք Երկիր և մարդկանցից հարցրեք, թե ինչ է սերը, – ասում է Աստված:

Մի փոքր վշտացած, որ իրենց անընդհատ այս ու այն կողմ են ուղարկում, նրանք իջնում են Երկիր, մոտենում առաջին պատահած մարդուն, որպեսզի հարցնեն, թե ի՞նչ է սերը:

– Օ՜, սեր, ինչպես ասեմ, սերը դա այնպիսի մի բան է…, ինչ-որ անբացատրելի…, դա երբ…, դե դա կարծես նման լինի…

– Պարզ է, – ասում է սատանիկը, – գնանք այստեղից հրեշտակիկ, նրանք նույնպես չգիտեն:

Այստեղ նրանք մոտենում են անդունդին, որպեսզի ցատկեն իրենց աշխարհներ: Եվ հենց այդ պահին հրեշտակը տեսնում է տարօրինակ մի արարած…

Եվ այստեղ հրեշտակն ասում է.

– Լսիր, այնտեղ ինչ-որ տարօրինակ արարած է, անհասկանալի, մորուքով, արի նրանից հարցնենք, թե ինչ է սերը:

– Եթե սատանան չգիտի, Աստված չգիտի, մարդիկ չգիտեն, որտեղի՞ց նա պետք է իմանա, – ասում է սատանիկը։

– Նա ինչ-որ խելացի տեսք ունի… Միգուցե նա գիտի… մենք ոչինչ չենք կորցնում… դե չգիտի՝ չգիտի.., մենք միևնույնն է եկել ենք ցատկելու… գնանք հարցնենք։

Եվ ահա նրանք մոտենում են այդ տարօրինակ արարածին և ասում.

– Ասա խնդրում եմ, ի՞նչ է սերը։

Այդ արարածը ուշադիր նայում է մեր զույգին, ժպտում և հարցնում.

– Սատանայի մոտ եղե՞լ եք։

– Այո, եղել ենք, – նյարդայնացած պատասխանում է սատանիկը։

– Իսկ ի՞նչ ասաց նա ձեզ, – հարցնում է արարածը։

– Նա մեզ ուղարկեց Աստծու մոտ, – պատասխանում է հրեշտակիկը։

– Մմմ… դուք Աստծո մոտ եղե՞լ եք։

– Դե այո, ասում է չէ՞, որ եղել ենք, – բարկացած պատասխանում է սատանիկը։

– Իսկ Աստվա՞ծ ինչ ասաց։

– Նա մեզ ուղարկեց մարդկանց մոտ, պատասխանում է հրեշտակը։

– Աաաա, փաստորեն դուք մարդկանց մոտ էլ ե՞ք եղել։

– Այո, եղել ենք, – հաստատում է սատանիկը և պատրաստվում հրաժարվել այս մտահաղացումից։

– Իսկ մարդիկ ձեզ ի՞նչ ասացին։

– Մարդիկ նույնպես չեն կարողանում բացատրել, – հիասթափված պատասխանում է հրեշտակը։

– Եվ դուք այդպես էլ չհասկացա՞ք ինչ է սերը, – ժպտալով հարցնում է արարածը։

– Ոչ, – միաժամանակ պատասխանում են սատանիկն ու հրեշտակիկը։

Այդ ժամանակ արարածը նայում է նրանց ձեռքերին և ասում.

– Պատասխանը ձեր ձեռքերում է։

– Այսի՞նքն, այդ ինչպե՞ս մեր ձեռքերում… , – տարակուսած հարցնում է սատանիկը։

– Սերը՝ սոսինձ է ձեր ձեռքերին։ Դա երբ ձեր ճանապարհի սկզբից մեկմեկու ձեռք բռնած՝ անցաք դժոխքը, դրախտը և պտտեցիք ամբողջ աշխարհը՝ առանց բաց թողնելու միմյանց ձեռքերը։

Ինչ էլ որ պատահի, բաց չթողնեք նրա ձեռքը, ում սիրում եք։

Պաուլո Կոելյո, առակ «Հիշելու ունակություն»

Չինացի ծեր մի իմաստուն քայլում էր ձնապատ դաշտով, երբ տեսավ արտասվող մի ծեր կնոջ.

– Ինչո՞ւ եք լաց լինում, հարցրեց նա:

– Որովհետև ես մտածում եմ իմ կյանքի, երիտասարդության, գեղեցկության մասին, և այն տղամարդու մասին, ում սիրում էի: Աստված դաժան է, որ հիշողություն է տվել: Նա գիտեր, որ ես կհիշեմ իմ կյանքի գարունը և լաց կլինեմ:

Իմաստունը կանգնած էր ձնապատ դաշտում, ուշադիր նայում էր մի կետի և խորասուզված էր մտքերի մեջ:

Անսպասելիորեն կինը դադարում է արտասվել.

– Ի՞նչ եք տեսնում այնտեղ, – հարցնում է նա:

– Վարդերի դաշտ, – պատասխանում է իմաստունը: – Աստված առատաձեռն էր իմ հանդեպ, երբ ինձ հիշելու ունակություն տվեց: Նա գիտեր, որ ձմռանը ես միշտ կկարողանամ հիշել գարունը և կժպտամ:

Առակ այն մասին, թե որքան կարևոր է մտածել լավատեսորեն

Խոսում են երկու հրեշտակ՝ ղեկավարը լսում է իր ենթակայի հաշվետվությունը:

– Բացատրիր երկու բառով՝ կարճ և կոնկրետ:

– Նա ողջ է, աշխատում է, ինչ-որ հույսեր ունի:

– Եվ ի՞նչ հույս:

– Չեմ կարող ասել: Արդեն երկու անգամ ցուցադրել եմ նրան բարի երազ: Ասում է, որ չի տեսնում: Իբր շատ է հոգնում աշխատավայրում:

– Իսկ այնտեղ ի՞նչ:

– Ինչպես բոլորի մոտ: Ղեկավարություն, հանձնարարություններ, շատ սուրճ և բանբասանք:

– Ղեկավարությունը նրան հանգիստ չի՞ տալիս:

– Չէի ասի: Բայց նա միևնույնն է վախենում է, ամեն ինչի հետ համաձայնվում է, իր կարծիքը չի պնդում:

– Դու նրա վախերը ցրե՞լ ես:

– Որքան կարողացել եմ: Նա աշխատանքի էր գնում, իսկ ես նրա գլխավերևում թևերս էի թափահարում: Ցրում էի ամպերը, ցույց տալիս արևը: Բայց նա նույնիսկ չնկատեց: Ստիպված էի կսմթել:

– Իսկ ի՞նչ կասես գրավիչ անծանոթուհու մասին: Գեղեցիկ կազմվածք, հաճելի պարֆյում:

– Տրորեց նրա ոտքը մետրոյում:

– Աշխատե՞ց:

– Ցավոք: նա շարունակում էր ուսումնասիրել իր հեռախոսի պարունակությունը:

– Իսկ աշխատանքից հետո ի՞նչ էր տեղի ունենում:

– Ուտում է, հեռուստացույց դիտում, մտնում է ինտերնետ, իսկ հետո պառկում է քնելու:

– Հեռուստացույցը խափանվե՞լ է:

– Այն էլ ինչպես: Բայց նա գնաց և նորը գնեց:

– Իսկ ինտերնետը կորե՞լ է:

– Ուղիղ մեկ շաբաթ: Իսկ նա սովորույթ դարձրեց աշխատավայրում ավելի երկար մնալ: Պարզվում է նրանց մոտ արգելված չէ:

– Հանգստյան օրերի՞ն:

– Քնում է մինչև ճաշ: Հետո փոշեկուլով վազում է բնակարանով մեկ: Երեկոյան ընկերների հետ պիցցա է ուտում և օղի խմում: Միայն լսեիք, թե ինչ դատարկություններ են քննարկում: Տուն է գալիս լուսաբացին մոտ: Նոր օրը նրա մոտ սկսում է զանգակները գլխում, իսկ վերջանում է հեռուստացույցով կամ համակարգչով:

– Իսկ սիրո առումով ի՞նչ:

– Կողքին է: Ապրում է երեք տուն այն կողմ: Օգտվում են նույն սուպերմարկետից:

– Հանդիպեցրե՞լ ես:

– Եվ հերթի մեջ, և մետրոյի մուտքի մոտ, և այգում: Ես նույնիսկ գերակատարել եմ հրահանգները:

– Բախտի գծերը նայե՞լ ես:

– Համապատասխանում են… Բայց ես այլևս չեմ կարող: Անհնարին խնդիր է սա:

– Դե, դե… Ուժեղ ազդող միջոցների ցուցակը քեզ մո՞տ է:

– Ահա այն: Գրիպ, կոտրվածք, աշխատանքից ազատում, հրդեհ, տնտեսական ճգնաժամ, հեղափոխություն, պատերազմ…

– Հանուն սիրո թույլ եմ տալիս գնալ ծայրահեղ քայլերի: Միայն ընտրիր դրանցից մեկը: Կատարի՛ր:

– Լսում եմ և կատարում…

Առակը կցուցանե. Նկատեք հնարավորությունները, արևը գլխավերևում և թռչունների դայլայլը, երազեք և մտածեք միայն լավի մասին: Այդ դեպքում հրեշտակները ստիպված չեն լինի ձեզ համար տարատեսակ ցնցումներ և անհաջողություններ կազմակերպել: