ԱԼՅՈՒՐ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԱԼՅՈՒՐ

Ալյուրը ցորենի, աշորայի, վարսակի, գարու, կորեկի, եգիպտացորենի, սևաձավարի, սոյայի, սիսեռի հատիկների աղալուց ստացված մթերք է: Ցորենի ալյուրը լինում է շարմաղ, բարձր, առաջին, երկրորդ տեսակների և թեփախառը: Ալյուրի տեսակ՝ հասկացությունը ոչ թե բնութագրվում է ալյուրի որակը, այլ ցույց է տալիս, թե որքանով է այն պիտանի սննդի մեջ որոշակի նպատակով օգտագործելու համար: Սպիտակուցների, ինչպես նաև B, PP, E վիտամինների պարունակությամբ երկրորդ տեսակի և թեփախառն ալյուրը առավել լիարժեք են շարմաղի, բարձր և առաջին տեսակի համեմատությամբ, ունեն ավելի մուգ գույն: Վարսակի ալյուրից երեխաների համար պատրաստում են սնուցիչ խառնուրդներ: Գարու ալյուրից բլիթներ են թխում: Եգիպտացորենի ալյուրը խառնում են ցորենի և աշորայի ալյուրին հաց և հրուշակեղեն թխելիս:
. Ալյուրը պահում են օդափոխվող չոր, զով տեղում, սուր հոտ ունեցող մթերքից հեռու, քանի որ այն խոնավություն և հոտ կլանելու հատկություն ունի:
. Ալյուրը նախընտրելի է պահել ապակե ամաններում:
. Ալյուրը, ձավարեղենը տոպրակի մեջ երկար պահելուց բզեզներ են հայտնվում: Կտավից տոպրակ կարեք, 20-30 րոպե եռացրեք թունդ աղաջրի մեջ, չորացրեք և տաք արդուկով արդուկեք: Նման տոպրակի մեջ բզեզներ չեն առաջանա:
. Ալյուրի և ձավարեղենի մեջ են բազմանում շտեմարանային վնասատուները: Դրանցից խուսափելու համար հարկավոր է այն ամանի մեջ, որտեղ դրանք պահվում են, դնել որևէ ցիտրուսային պտղի՝ կիտրոն, մանդարին, նարինջ, չորացրած կեղև:
. Որպեսզի որդեր և միջատներ չառաջանան ալյուրի մեջ, անհրաժեշտ է մաքրած և բլթակների բաժանած 2-3 գլուխ սխտոր դնել պարկի մեջ: Սակայն ուշադիր հետևեք, որ կեղևները մաքրելիս բլթակները վերին թաղանթը չվնասվի, քանի որ սխտորը դրանից նեխում է:

Comments