Պոզիտիվ Հոգեթերապիա — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Պոզիտիվ Հոգեթերապիա

Մեզնից յուրաքանչյուրը կարող է հիվանդանալ, լուրջ խնդիրների առաջ կանգնել, սակայն, եթե կյանքին նայենք պոզիտիվ հոգեթերապիայի տեսանկյունից, ապա այն կարելի է  դրականորեն ընկալել:
Պոզիտիվ հոգեթերապիան հոգեբանության ժամանակակից և շատ հետաքրքիր ուղղություններից մեկն է: Այն կարճաժամկետ մեթոդ է, որի հիմքում ընկած է անձի դինամիկան` իր տրանսմշակութային առանձնահատկություններով: Այս մեթոդն օգնում է մարդուն մոբիլիզացնել իր ռեսուրսները դրական որոշումներ կայացնելու նպատակով: Այն մարդուն սովորեցնում է ընդունել  աշխարհն այնպիսին, ինչպիսին կա, այլ ոչ թե պայքարել նրա դեմ:
Այս ուղղությունը սկիզբ է առել 1969 թվականին, Գերմանիայում բնակվող, սակայն ազգությամբ սիրիացի հոգեբան Նոսրատ Պեզեկշիանի կողմից: Վերջինս եկավ այն համոզման, որ բոլոր մարդկանց չի կարելի միևնույն ձևով բուժել, քանի որ կա մշակութային տարբերության հիմնահարցը: Սեփական անձի վրա զգալով այդ տարբերությունը` նա ապացուցեց, որ տարբեր մշակույթներին պատկանող մարդիկ միևնույն երևույթները տարբեր կերպ են ընկալում և, հետևապես, տարբեր կերպ արձագանքում այդ ամենին:
Այս մեթոդի անվանումը ծագել է լատինական «պոզիտում» բառից, որը նշանակում  է տվյալ պահին առկա, ներկայումս գոյություն ունեցող:
Պոզիտիվ հոգեթերապիան ոչ միայն հոգեբանության ուղղություն է, այլ նաև առանձնահատուկ մոտեցում կյանքի, շրջապատող մարդկանց նկատմամբ: Այն դիտարկում է մարդուն որպես մի ամբողջական համակարգ: Համաձայն այս մեթոդի, նույնիսկ հիվանդություններն ու կոնֆլիկտները կարող են հիմք հանդիսանալ մարդու զարգացման համար: Եթե հիվանդությունն արդեն առկա է, ապա պետք է հիշել, որ օրգանիզմում միշտ կա մի հատված, որտեղից կարելի է էներգիա քաղել բուժվելու համար: Իրական են ոչ միայն մեր հիվանդություններն ու անհաջողությունները, այլ նաև մեզանում թաքնված հնարավորություններն ու ընդունակությունները: Պոզիտիվ հոգեթերապիան թույլ է տալիս բացահայտել այդ ամենն ու օգտագործել ի օգուտ սեփական անձի զարգացման: Պոզիտիվ հոգեթերապիայի արդյունքում մարդ սկսում է ավելի լավատեսորեն նայել կյանքին և դրական կողմեր գտնել նույնիսկ ամենաբսրդ խնդիրների մեջ:
Պոզիտիվ հոգեթերապիայի առավելություններից մեկն այն է, որ այն չունի տարիքային, սոցիալական կամ այլ սահմանափակումներ, թերապիայի լեզուն հստակ է ու պարզ, տևողությունը` կարճաժամկետ:
Պոզիտիվ հոգեթերապիայի մեթոդը հիմնվում է երեք հիմնական սկզբունքի վրա.

Հույսի սկզբունքը կենտրոնացված է մարդկային ռեսուրսների վրա: Այն թույլ է տալիս հասկանալ մարդու հնարավորությունները և պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչ կատարվում է նրա անձնական կյանքում:
Հավասարակշռության սկզբունքի էությունը կայանում է ներդաշնակության ձգտման մեջ, որը դիտարկում է այցելուի կյանքն ու զարգացումը հետևյալ չորս կարևոր կետերում.

  1. մարմին,
  2. հարաբերություններ,
  3. ձեռքբերումներ,
  4. ապագա (երևակայություն, երազանքներ, իդեալներ):

Ինքնաօգնության սկզբունքը կայանում է ինքնուրույն  սեփական խնդիրները լուծելու մեջ, որի արդյունքում մարդ սկսում է ավելի լավ ճանաչել ինքն իրեն և ապրել ավելի ներդաշնակ սեփական անձի ու շրջապատող աշխարհի հետ: Սկզբնական շրջանում այն իրականացվում է հոգեբանի օգնությամբ, այնուհետև` լիովին ինքնուրույն:
Պոզիտիվ հոգեթերապիան մարդուն սովորեցնում է հասկանալ ու ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին կա. այն մարդուն չի առաջարկում նայել աշխարհին վարդագույն ակնոցով, այլ պարզապես օգնում է դրականը տեսնել հենց այն իրականությունում, որտեղ ապրում ենք: Պոզիտիվ հոգեթերապիայի միջոցով մարդ սկսում է հասկանալ, որ ցանկության դեպքում նա կարող է հասնել այն ամենին, ինչին ձգտում է, անհրաժեշտ է միայն շատ ցանկանալ, հավատալ և ձգտել դրան: Իրականում մարդու մեջ է թաքնված այն ամենն, ինչ անհրաժեշտ է կյանքում հաջողության հասնելու համար, պարզապես հարկավոր է բացահայտել այդ ամենն ու ճիշտ օգտագործել խնդիրները լուծելու և նպատակներին հասնելու համար:

Comments